040.0767.22.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1999 թվականի N 767
քաղ. Երևան
ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը` միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը.
2) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.
4) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը: Այն դեպքում, երբ օտարերկրացին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր), ապա Հայաստանի Հանրապետության տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև ներքին անձնագիրը.
5) քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.
6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական):
(1-ին կետը փոփ., խմբ. 01.07.10 N 814-Ն, խմբ. 02.10.14 N 1064-Ն, լրաց. 16.02.17 N 128-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |