Գլխավոր տեղեկություն
Номер
N 105-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.140
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.2017
Дата вступления в силу
25.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2017 թվականի N 105-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ընդունված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 12 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ձեռնարկել քայլեր Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների կողմից սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգին համապատասխան պլանների մշակման և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համաձայնեցման ուղղությամբ:

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում ընդգրկված մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում մշակել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգից բխող իրենց գերատեսչության պլանը և համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 2-ի N 105-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և ՀՀ պետական կառավարման մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները՝ ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաև ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների՝ այլ երկիր ուղարկման հիմնահարցերում:

2. Կարգում ընդգրկված մարմինները և օգտագործվող հասկացություններն ու հապավումներն են՝

1) կարգում ընդգրկված մարմիններն են՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը - քաղավիացիա,

գ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը - ՀՀ ԱԻՆ,

դ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը - ՀՀ ԱՆ,

ե. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը - ՀՀ ԳՆ,

զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը - ՀՀ ՊՆ,

է. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը - ՀՀ ԱԳՆ,

ը. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը - ՀՀ ՏԿՏՏՆ,

թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը - ՀՀ ՖՆ,

ժ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը - ՏԿԶՆ,

ժա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը - ՀՀ ԿԱ ԱԱԾ,

ժբ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը - ոստիկանություն,

ժգ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն - ՀՀ ՊԵԿ.

2) կարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները և հապավումները՝

ա. օդանավակայանի անձնակազմ - օդանավակայանի հաստիքացուցակով հաստատված անձնակազմ, օդանավակայանում գործող՝ ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ստորաբաժանումների անձնակազմ,

բ. ԱԻ - արտակարգ իրավիճակ,

գ. ՓԾ - ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայություն,

դ. ՃԿԱԿ - ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (վարչություն),

ե. անձինք և ապրանքներ - ՀՀ պետական սահմանը հատող անձինք, բեռներ, ապրանքներ, ուղեբեռներ, փոստային առաքանիներ, մարդկանց դիակներ, կոնտեյներներ, տրանսպորտային միջոցներ,

զ. ՕՀԿ - օպերատիվ համակարգման կենտրոն,

է. ՃՔԿՄ- ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգ,

ը. ՀԱԷԿ - Հայկական ատոմային էլեկտրակայան,

թ. ՆՊՄԻ գոտի - նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի (ՀԱԷԿ-ից 0-5 կմ շառավղով),

ժ. ՇՊՄՊ գոտի - շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի (ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով),

ժա. ԵՊԳՊ գոտի - երկարաժամկետ պաշտպանական գործողությունների պլանավորման գոտի` ՀԱԷԿ-ին հարակից տարածք, որտեղ պլանավորվում են տեղական արտադրության սննդամթերքի և խմելու ջրի օգտագործման սահմանափակումներից ելնող, ինչպես նաև բնակչության քրոնիկ ճառագայթահարումը բացառող միջոցառումներ, որոնք կիրականացվեն վթարային հակազդման ազգային համակարգողի հրահանգների համաձայն` կարգավորող մարմնի առաջարկությունների հիման վրա,

ժբ. ՄԱԿ - Միավորված ազգերի կազմակերպություն,

ժգ. ԱՀԿ - Առողջապահության համաշխարհային կազմակերպություն,

ժդ. աղետ - բնակչության շրջանում կորուստների, ինչպես նաև լայնամասշտաբ նյութական, տնտեսական կամ բնապահպանական կորուստների պատճառ հանդիսացող պատահար, որը լրջորեն խաթարում է հասարակության և համայնքի կենսագործունեությունը ու գերազանցում է հասարակությանը կամ համայնքին սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը:

 

II. ԱԻ-Ի ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՄ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

2.1. Օդանավակայանի անձնակազմի և ուղևորների ազդարարումը

 

3. Օդանավակայանի շենք-շինություններում և տարածքում ԱԻ-ի սպառնալիքի կամ ծագման դեպքում իրականացվում է օդանավակայանի անձնակազմի ազդարարում և ուղևորների իրազեկում:

4. Օդանավակայանի անձնակազմի (որը տվյալ պահին գտնվում է օդանավակայանում) ազդարարումն իրականացվում է առկա կապի միջոցներով (ռադիոկապ, բջջային, քաղաքային հեռախոսակապ, օդանավակայանի ներքին հեռախոսակապ և այլն):

5. Զուգահեռ իրականացվում է օդանավակայանի այն անձնակազմի ազդարարումը, որը տվյալ պահին չի գտնվում օդանավակայանում: Օդանավակայանի անձնակազմի անդամներից յուրաքանչյուրը, զգալով ուժեղ երկրաշարժ կամ տեսնելով ավերվածություններ կամ այլ աղբյուրներից տեղեկանալով աղետի մասին (ՀԱԷԿ-ի վթար), չազդարարվելու դեպքում, եթե չկան անձնական բնույթի խոչընդոտող հանգամանքներ (վիրավորվածություն, ընտանիքի անդամների վիրավորվածություն կամ կորուստ), կապ է հաստատում իր ստորաբաժանման ղեկավարի հետ կամ ժամանում է օդանավակայան:

6. Ուղևորների, դիմավորող/ճանապարհող քաղաքացիների և օդանավակայանի վարչական շենքում գործող կազմակերպությունների (սրճարաններ, մանրածախ առևտրի կետեր, բանկերի և ապահովագրական հիմնարկների մասնաճյուղեր, ծառայություններ մատուցող ձեռնարկությունների ու ավիաընկերությունների գրասենյակներ և այլն) աշխատողների իրազեկումն իրականացվում է օդանավակայանում գործող ընդհանուր հայտարարությունների համար նախատեսված ռադիոցանցի միջոցով (բարձրախոսային համակարգով և տեղեկատվական հեռուստացույցներով՝ հատուկ տեքստով): Ռադիոցանցի միջոցով հաղորդվում է տեղի ունեցած կամ սպառնացող ԱԻ-ի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև առաջարկվող վարվելակերպի մասին տեղեկատվությունը:

7. Անձնակազմի ազդարարումը չի նախատեսվում իրականացնել օդանավակայանի՝ հայտարարությունների համար նախատեսված միջոցներով (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է անհապաղ ազդարարել բոլորին՝ շտապ տարահանում իրականացնելու նպատակով)՝ ուղևորների շրջանում չհիմնավորված կամ լրացուցիչ խուճապի երևույթներից խուսափելու համար:

8. Օդանավակայանի անձնակազմի ազդարարման և ուղևորների իրազեկման համար պատասխանատու է օդանավակայանի համապատասխան ստորաբաժանումը: Ազդարարումն ու իրազեկումն իրականացվում է ներքին կապի միջոցների և ընդհանուր հայտարարությունների համակարգի միջոցով:

 

2.2. Շահագրգիռ մարմինների ազդարարումը և տեղեկատվության փոխանակումը

 

9. Օդանավակայանի շենք-շինություններում և տարածքում ԱԻ-ի սպառնալիքի կամ ծագման դեպքում անվտանգության ազդարարմանը և իրազեկմանը զուգահեռ իրականացվում է տեղեկատվության հաղորդում` քաղավիացիա և ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ՝ համաձայն նախապես մշակված սխեմայի:

10. Օդանավակայանի քաղավիացիայի կենտրոնական կարգավորման ծառայությունը կապ է հաստատում ՀՀ ՊՆ-ի օդանավակայանների հետ` տեղեկատվության փոխանակման, իրավիճակի պարզաբանման և թռիչքուղու օգտագործման հնարավորության նպատակով:

11. Օդանավակայանում գործող ՀՀ պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների պատասխանատու աշխատողները կազմակերպում են ենթակա անձնակազմի ազդարարում և հավաք (նախապես որոշված վայրում), օդանավակայանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը հաղորդում են ըստ վերադասության:

12. Սույն կարգի 11-րդ կետին զուգահեռ իրականացվում է օդանավակայանում գործող ՀՀ պետական կառավարման մարմինների այն անձնակազմի ազդարարումը, որը տվյալ պահին չի գտնվում օդանավակայանում: Յուրաքանչյուրը, զգալով ուժեղ երկրաշարժ կամ տեսնելով ավերվածություններ կամ այլ աղբյուրներից տեղեկանալով աղետի մասին (ՀԱԷԿ-ի վթար), չազդարարվելու դեպքում, եթե չկան անձնական բնույթի խոչընդոտող հանգամանքներ (վիրավորվածություն, ընտանիքի անդամների վիրավորվածություն կամ կորուստ), կապ է հաստատում իր ստորաբաժանման ղեկավարի հետ կամ ժամանում է օդանավակայան:

13. Ազդարարում իրականացնելն անհնար լինելու և ԱԻ-ի ակնհայտ հետևանքների առկայության դեպքում օդանավակայանի անձնակազմը հավաքվում է աշխատանքի վայրում կամ շինության հարակից անվտանգ տարածքում:

2.3. Օդանավակայանի անխափան աշխատանքի կազմակերպումը

 

14. Օդանավակայանի ստորաբաժանումներն ամենօրյա գործունեության ժամանակ պետք է իրականացնեն միջոցառումներ ԱԻ-ում օդանավակայանի անխափան աշխատանքների ապահովման ուղղությամբ: Այդ միջոցառումներն իրավական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և ապահովման միջոցառումների համալիր են: Այդ միջոցառումները պլանավորվում են յուրաքանչյուր տարվա սկզբում ընթացիկ տարվա համար:

15. Օդանավակայանի անխափան աշխատանքների ապահովման միջոցառումները պետք է ուղղված լինեն ԱԻ-ի դեպքում օդանավակայանի ստորաբաժանումների գործունեության անընդհատությունն ապահովելուն կամ դրանց խափանման դեպքում արագ վերականգնելուն:

 

III. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

3.1. Հնարավոր իրավիճակներ և եզրակացություններ երկրաշարժի դեպքում

 

16. Ուժեղ երկրաշարժի դեպքում չվերթները դադարեցվում են մինչև օդանավակայանի համապատասխան ծառայությունների կողմից թռիչքուղին, օդանավակայանի օդային երթևեկության կառավարման կետը, օդանավակայարանային և բեռնային համալիրները, վառելիքաքսայուղային նյութերի պահեստը, գազի կաթսայատունը ստուգվելը:

17. Ուժեղ երկրաշարժի դեպքում օդանավակայանի կողմից պետք է ապահովվի «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատանքների անընդհատությունը` այլ օդանավակայաններ չվերթների անհապաղ վայրէջքի անվտանգ կազմակերպման համար:

 

3.2. Տարահանման կազմակերպումը

 

18. Ուժեղ երկրաշարժի դեպքում օդանավակայանի ուղևորների, ճանապարհող/դիմավորող քաղաքացիների և անձնակազմի տարահանումն իրականացվում է հետևյալ սկզբունքով` տարահանվում են օդանավակայանի վարչական շենք-շինությանը հարակից անվտանգ և ազատ տարածք՝ համաձայն տարահանման սխեմաների (մշակվում է օդանավակայանի բոլոր շինությունների համար):

19. Յուրաքանչյուր շենք-շինությունից տարահանման տարածքները որոշվում են նախապես՝ համաձայն անվտանգության նորմերի` տվյալ շենքին հարակից ազատ տարածքներում, ինչպես նաև նախատեսվում են պահուստային շինություններ և տարածքներ` օդանավակայանի տարահանված անձնակազմի աշխատանքները շարունակելու համար:

20. Սպասասրահի ուղևորները, ճանապարհող/դիմավորող քաղաքացիները օդանավակայանի անվտանգության անձնակազմի ուղեկցմամբ տարահանվում են օդանավակայանի տարածքից դուրս:

21. Ավիացիոն անվտանգության զննման գոտում գտնվող և այդ գոտիով արդեն անցած ուղևորները տարահանվում են թռիչքուղու անվտանգ տարածք օդանավակայանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների ուղեկցմամբ:

 

3.3. Տարահանվողների հաշվառում

 

22. Տարահանվողների հաշվառումն իրականացվում է տարահանման վայրում (վարչական շենք-շինության հարակից տարածք) հետևյալ կերպ՝

1) օդանավակայանի անձնակազմի՝ օդանավակայանի յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավարն ըստ հաստիքացուցակի և հերթափոխի ցուցակների իրականացնում է տարահանված անձնակազմի հաշվառում (անձնակազմի այն անդամները, ովքեր տվյալ պահին գտնվում են օդանավակայանի այլ ստորաբաժանումում, տարահանվում են այդ ստորաբաժանման անձնակազմի հետ, այնուհետև իրենց մասին տեղեկատվությունը հաղորդում են իրենց ստորաբաժանման ղեկավարին).

2) սպասասրահի ուղևորների, ճանապարհող/դիմավորող քաղաքացիների տարահանման հաշվառումն իրականացվում է իրենց ուղեկցող օդանավակայանի անձնակազմի կողմից հարցման միջոցով.

3) ավիացիոն անվտանգության զննման գոտում գտնվող և այդ գոտիով արդեն անցած ուղևորների տարահանման հաշվառումն իրականացվում է օդանավակայանի պատասխանատու անձնակազմի և չվերթի համար պատասխանատու ավիաընկերության ներկայացուցչի կողմից` չվերթի ցուցակներին համապատասխան.

4) ճանապարհող/դիմավորող քաղաքացիները և ՀՀ պետական սահմանը չհատած ուղևորները տարահանվում են օդանավակայանից դուրս՝ ազատ տարածքներ.

5) ճանապարհող/դիմավորող քաղաքացիների և ՀՀ պետական սահմանը չհատած ուղևորների տարահանումն ուղղորդվում է չվերթները սպասարկող ծառայության կողմից, այնուհետ տարահանման վայրերում ամփոփվում է բացակա անձանց թիվը, և այդ տվյալները փոխանցվում են ժամանած ՀՀ ԱԻՆ-ի ստորաբաժանումներին՝ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման համար:

 

3.4. Վնասված շենք-շինությունների, այլ տարածքների հետագա շահագործման որոշումը և մուտքի ու ելքի արգելափակումը

 

23. Երկրաշարժի ցնցումներից հետո տարահանման միջոցառումներին զուգահեռ կազմակերպվում է օդանավակայանի շենք-շինությունների ինժեներական վիճակի գնահատում:

24. Վիճակի գնահատման ղեկավարը օդանավակայանի համապատասխան ստորաբաժանման պետն է: Վիճակի գնահատումն իրականացվում է շահագործման ստորաբաժանման անձնակազմի ուժերով: Այդ նպատակով օդանավակայանում ստեղծվում են խմբեր, որոնց անդամները պետք է ունենան շինարար-ճարտարագետի կրթություն և նախապես անցած լինեն համապատասխան վերապատրաստում:

25. Վիճակի գնահատումն իրականացվում է՝ համաձայն հաստատված սխեմայի՝ ըստ օդանավակայանի հանգույցների կարևորության (այս նպատակով յուրաքանչյուր օդանավակայան մշակում է վիճակի գնահատման սխեմա՝ հավելվածի տեսքով):

26. Վիճակի գնահատման յուրաքանչյուր խմբի ղեկավար զեկուցում է ընդհանուր ղեկավարին գնահատում անցած շենք-շինության վիճակի մասին, այնուհետև ներկայացնում առաջարկություններ տվյալ շենք-շինության հետագա շահագործման կամ այդ շինությունում ժամանակավոր գործունեության դադարեցման մասին, որի հիման վրա օդանավակայանի ղեկավարը որոշում է ընդունում նշված շինության շահագործման կամ այդ շինությունում գործունեության դադարեցման մասին:

27. Հետագա շահագործմանը ոչ ենթակա շինությունը սահմանազատվում է ժապավենով, որտեղ արգելվում է անձնակազմի և քաղաքացիների մուտքն ու ելքը (շենք-շինության երևացող հատվածում նշվում է մուտքը արգելող նշանը և շենքում վտանգավոր նյութերի առկայության մասին տեղեկատվություն, եթե այդպիսին կա):

28. Հետագա շահագործմանը ոչ ենթակա այն հանգույցների համար, որոնց գործունեության արագ վերականգնումն անհրաժեշտ է օդանավակայանի գործելու համար, նախապես որոշվում են պահեստային/լրացուցիչ գործունեության իրականացման տարածքներ (նաև վրանների ծավալման եղանակով): Այդ տարածքները նախապես ապահովվում են համապատասխան հաղորդակցության միջոցներով (էլեկտրամատակարարման գծեր, համակարգչային ներքին ցանցի գծեր, ջրամատակարարում և գործունեության համար անհրաժեշտ այլ պարագաներ):

 

3.5. Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը

 

29. Օդանավակայանում տուժածների որոնողափրկարարական աշխատանքները մինչև ՀՀ ԱԻՆ-ի ուժերի ժամանումը պետք է իրականացնեն օդանավակայանի հրշեջ ծառայությունը և նախապես ստեղծված որոնողափրկարարական խմբերը:

30. ՀՀ ԱԻՆ-ի ուժերի ժամանումից հետո որոնողափրկարարական աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ-ը, իսկ օդանավակայանի հրշեջ ծառայության և օդանավակայանում նախապես ստեղծված որոնողափրկարարական խմբերն անցնում են ՀՀ ԱԻՆ-ի օպերատիվ ենթակայության տակ:

31. Օդանավակայանում չվերթների վերականգնումից հետո դադարեցվում է օդանավակայանի հրշեջ ծառայության ներգրավվածությունը որոնողափրկարարական աշխատանքներում:

32. Օդանավակայանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԱԻՆ-ի յուրաքանչյուր ստորաբաժանմանը կցվում է օդանավակայանի պատասխանատու աշխատող:

 

3.6. Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը

 

33. Օդանավակայանում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացվում են օդանավակայանի համապատասխան ստորաբաժանումների ուժերով:

34. Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացվում են ըստ նախապես սահմանված հերթականության և առաջնահերթ ուղղված են օդանավակայանի բնականոն աշխատանքային ռեժիմի վերականգնմանը, որը նախատեսում է օդանավակայանի այն հանգույցների վերականգնումը, որոնք պատասխանատու են կամ ապահովում են չվերթների ընդունումն ու ճանապարհումը:

35. Սույն կարգի 34-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով օդանավակայանում նախապես ստեղծվում են նյութական միջոցների պաշարներ, որոնք ենթակա են պարբերաբար թարմացման: Օդանավակայանի այն հանգույցների վթարները, որոնք չեն ազդում թռիչքների իրականացման կամ ապահովման վրա, կարող են չներառվել անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների մեջ՝ դրանց անդրադառնալով աղետի հետևանքների վերացման ժամանակ:

36. Վթարի ծավալների մեծ լինելու դեպքում օդանավակայանը հայտ է ներկայացնում ԱԻ-ի հանրապետական հանձնաժողով լրացուցիչ ուժեր և միջոցներ ներգրավելու մասին: Օդանավակայանի անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում կարող են ներգրավվել նաև այլ կազմակերպություններ՝ համաձայն ՀՀ ԱԻՆ-ի հետ փոխհամագործակցության պլանների կամ պայմանագրերի:

 

IV. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. ԱԻ-ի առաջացման ժամանակ օդանավակայանում հիմնվում է օպերատիվ համակարգման կենտրոն (ՕՀԿ):

38. ՕՀԿ-ի նպատակն է բարձրացնել ԱԻ-ում իրականացվող գործողությունների արդյունավետությունը:

39. ՕՀԿ-ի խնդիրներն են`

1) արձագանքող (օդանավակայանում գործունեությունը շարունակող) ծառայությունների միջև համագործակցության կազմակերպումը.

2) ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունմանը նպաստելը.

3) օդանավակայանի անխափան աշխատանքի ապահովումը:

40. ՕՀԿ-ն ղեկավարում է քաղավիացիայի ներկայացուցիչը, որի տեղակալն է ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչը: ՕՀԿ-ի կազմում ներգրավվում են օդանավակայանի պատասխանատու ստորաբաժանումների և օդանավակայանում գործունեություն իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

41. Ազդարարումն ստանալուց հետո ՕՀԿ-ի ներկայացուցիչները ժամանում են օդանավակայան:

42. ՕՀԿ-ն իր գործունեությունն իրականացնում է օդանավակայանի տարածքում՝ նախապես որոշված աշխատանքային սենյակից, որը կահավորվում է անհրաժեշտ քանակի սարքավորումով և գույքով, ապահովվում է բոլոր տեսակի կապի միջոցներով, այդ թվում՝ նաև ինտերնետային՝ օդանավակայանի բոլոր ծառայությունների աշխատանքն այդ վայրից համակարգելու և վերադաս, համագործակցող ու ենթակա ստորաբաժանումների հետ կապ ունենալու համար:

43. ՕՀԿ-ն կարող է գործել անընդմեջ: Խորհրդակցությունները կարող են հրավիրվել ՕՀԿ-ի ղեկավարի կամ այլ ծառայությունների կողմից անհապաղ լուծում պահանջող խնդիրների առկայության դեպքում:

44. ՕՀԿ-ն գործում է շուրջօրյա, այդ իսկ պատճառով ապահովվում են ՕՀԿ-ի անձնակազմի անդամների հերթափոխերը, և կազմակերպվում է նրանց հանգիստը:

45. ԱԻ-ի առաջացման ժամանակ օդանավակայանում շուրջօրյա ուժեղացված աշխատանքները կազմակերպվում են օդանավակայանում գործող բոլոր ստորաբաժանումների և ծառայությունների համար, այդ իսկ պատճառով նախատեսվում է լրացուցիչ անձնակազմի ներգրավում:

46. Անհրաժեշտության դեպքում, համաձայն միջազգային պայմանագրերի, դիտարկվում է նաև փորձագետների ներգրավումն օդանավակայանի տարբեր օղակների աշխատանքներում:

47. Աղետի դեպքում օդանավակայանի գործունեության ընդհանուր կառավարումն իրականացվում է օդանավակայանի ՕՀԿ-ի կողմից:

 

V. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

48. ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում սույն բաժնում նշված գործողությունները վերաբերում են քաղաքացիական ավիացիայի այն օդանավակայաններին, որոնց տեղակայման վայրը գտնվում է ՀԱԷԿ-ի ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում, մնացած քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում իրականացվում են ԵՊԳՊ պահանջներով սահմանված գործառույթներ (ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշում):

49. ՀԱԷԿ-ում արտանախագծային վթարի առաջացման դեպքում շրջակա միջավայր արտանետված ռադիոակտիվ նյութերը (ռադիոակտիվ ամպ), տեղափոխվելով օդանավակայանի ուղղությամբ, կառաջացնեն օդանավակայանի շենք և շինությունների, օդանավերի, տեխնիկայի և օդանավակայանում գտնվող մարդկանց ռադիոակտիվ աղտոտվածություն, մարդկանց շրջանում կառաջանա վահանաձև գեղձի ռադիոակտիվ նուկլիդներով կլանման վտանգ:

50. Սույն կարգի 49-րդ կետում նշված իրավիճակում իրականացվում են ճառագայթային պաշտպանությանն ուղղված հետևյալ միջոցառումները`

1) ազդարարում/իրազեկում.

2) ռադիոակտիվ մոնիթորինգի իրականացում.

3) վահանաձև գեղձի պաշտպանում ռադիոակտիվ նուկլիդների կլանումից (կալիում յոդի հաբերի ընդունում).

4) օդանավակայանում աշխատանքները շարունակող անձնակազմի անհատական պաշտպանության միջոցներով ապահովում.

5) ուղևորների և աշխատակիցների պատսպարում, հետագա տարահանում տրանսպորտային միջոցներով.

6) գամմա ճառագայթման դոզայի հզորության հսկողության իրականացում.

7) տարահանվող մարդկանց սանիտարական մշակում.

8) տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ նաև օդանավերի) հատուկ մշակում:

51. Ուղևորների, դիմավորող/ճանապարհող քաղաքացիների և օդանավակայանի գործունեությունն ապահովող ստորաբաժանումների ու վարչական շենքում գործող կազմակերպությունների (սրճարաններ, խանութներ, գրասենյակներ և այլն) աշխատողների իրազեկումն իրականացվում է`

1) օդանավակայանում գործող ընդհանուր հայտարարությունների համար նախատեսված բարձրախոս համակարգով.

2) տեղեկատվական հեռուստացույցներով.

3) հատուկ տեքստով` «Ճառագայթային վտանգ: Օդանավակայանը դադարեցնում է գործունեությունը: Հետևեք հրահանգներին:», հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

52. Օդանավակայանի համապատասխան ստորաբաժանման ուժերով մեկնման, ժամանման սրահներում հիմնվում են կայուն յոդի պատրաստուկի բաշխման կետեր: Կայուն յոդի անհրաժեշտ քանակները նախօրոք հաշվարկվում են օդանավակայանի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ առավել ծանրաբեռնված ժամանակահատվածի համար (ուղևորների, դիմավորող/ճանապարհող քաղաքացիների, վարչական շենքում գործող կազմակերպությունների աշխատողների հնարավոր առավելագույն թիվը): ՀԱԷԿ-ի ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող օդանավակայաններում վահանաձև գեղձի արգելափակման միջոցառումների համար կայուն յոդի պատրաստուկներով ապահովումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ սահմանված կարգով:

53. Օդանավակայանի գործունեությունն ապահովող ստորաբաժանումների աշխատողները կայուն յոդի պատրաստուկը և անհատական պաշտպանության միջոցներն ստանում են իրենց ստորաբաժանումներում:

54. Ճառագայթային մոնիթորինգն իրականացնում է ՀՀ ԱԻՆ ՃՔԿՄ-ի խումբը:

55. Պատսպարման համար օգտագործվում են օդանավակայանի հերմետիկ փակվելու հնարավորություն ունեցող շենքերը և տարածքները, որոնք իրենց նշանակությամբ բավարարում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

56. Օդանավակայանում գտնվող մարդկանց տարահանումն իրականացվում է հետիոտն և (կամ) ՀՀ ԱԻՆ-ի կողմից տրամադրված ավտոտրանսպորտով (համաձայնությամբ կարող են տարահանվել նաև սեփական մեքենաներով):

57. Սույն կարգի 56-րդ կետում նշված բոլոր մեքենաներն անցնում են դոզաչափական հսկողություն, որն իրականացվում է օդանավակայանի ավտոկայանատեղի մուտքի և ելքի անցագրային կետերում:

58. Տարահանվողներն իրենց ցանկությամբ նույնպես կարող են ենթարկվել դոզաչափական հսկողության՝ անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը կազմակերպելու համար:

59. Մարդկանց սանիտարական մշակման և ավտոտրանսպորտի ապաակտիվացման (ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 1297-Ն որոշում) համար հիմնվում են սանիտարական և հատուկ մշակման կետեր ՀՀ ԱԻՆ-ի, ՀՀ ՊՆ-ի և ոստիկանության ուժերով, ներգրավվում է ՀՀ ԱՆ-ն:

60. Օդանավերի ու ավտոտրանսպորտի հատուկ մշակումն իրականացվում է օդանավերի լվացման համար նախատեսված մեքենաներով` հատուկ լուծույթներով:

 

VI. ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

6.1. Հնարավոր իրավիճակը, հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը

 

61. Հրդեհի ծագման առավել հավանական վայրեր են վառելիքաքսայուղային նյութեր պարունակող պահեստները, օդանավակայանի գործունեությունը սպասարկող տեղամասերում էլեկտրակայանները, մեքենաների կայանատեղերը, անգարները, վարչական շենքերը, օդանավերի կայանատեղերը, պահեստները, սպասասրահները, բեռների տերմինալը, օդանավերը և այլն:

62. Օդանավակայանի տարածքում հրդեհի ծագման դեպքում, եթե տվյալ պահին չկան սպասարկվող չվերթներ, կամ ծագած հրդեհն առաջացրել է այնպիսի խոչընդոտներ, որոնց պատճառով հնարավոր չէ սպասարկել չվերթները, առաջնային արձագանքումը կազմակերպվում է օդանավակայանի հրշեջ ծառայության կողմից: ՀՀ ԱԻՆ-ի ուժերը ժամանումից հետո, օդանավակայանի հրշեջ ծառայության ուժերի ներգրավմամբ, իրականացնում են հրդեհաշիջման ղեկավարումը:

63. Հրդեհի ծագման դեպքում օդանավակայանի ստորաբաժանումների կողմից իրականացվում են՝

1) ազդարարում.

2) տեղեկատվության փոխանցում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ՝ համաձայն նախապես մշակված տեղեկատվության փոխանակման սխեմայի.

3) ՀՀ ԱԻՆ-ի ստորաբաժանումների դիմավորում և ուղեկցում.

4) մարդկանց տարահանում վտանգավոր տարածքից անվտանգ տարածք.

5) օդանավակայանի հրշեջ և անվտանգության ծառայությունների կողմից անմիջապես կազմակերպվում է մարդկանց փրկումը, եթե վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը.

6) վթարային վայրէջք կատարած օդանավի կողմից կամ այլ պատճառներով վնասված օդանավակայանի շենք-շինություններում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները ղեկավարում է օդանավակայան ժամանած ՀՀ ԱԻՆ-ի ստորաբաժանումների ղեկավարը: Օդանավակայանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը տվյալ դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ուղղորդող խորհրդատու է.

7) օդանավակայանի տվյալ հատվածում դադարեցվում են բոլոր աշխատանքները, եթե դա թույլատրվում է օդանավակայանի գործունեության կանոններով, բացի այն աշխատանքներից, որոնք կապված են չվերթների սպասարկման հետ (եթե հրդեհը չի խոչընդոտում չվերթների սպասարկմանը).

8) կազմակերպվում են հրդեհի մեկուսացումը և շինությունների ծխապատումը կանխող միջոցառումներ.

9) ապահովվում է հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված աշխատողների կողմից անվտանգության պահանջների կատարումը.

10) կազմակերպվում է ՀՀ ԱԻՆ-ի ստորաբաժանումների դիմավորում՝ համաձայն նախապես համաձայնեցված ցուցակի.

11) ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարական ստորաբաժանման ժամանումից հետո օդանավակայանի հրշեջ ծառայությունը ներկայացնում է ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման ղեկավարին օդանավակայանի կառուցվածքային և տեխնոլոգիական առանձնահատկությունների, հարակից շենքերի, շինությունների, պահվող, օգտագործվող նյութերի, դրանց հրդեհավտանգ հատկությունների մասին, հաղորդում է այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հրդեհաշիջման աշխատանքների համար, ինչպես նաև կազմակերպում է օդանավակայանի ուժերի և միջոցների ներգրավումը հրդեհի վերացման աշխատանքներում։

 

 6.2. Վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը

 

64. Օդանավակայանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքներն իրականացվում են օդանավակայանի ուժերով և միջոցներով:

 

6.3. Օդանավի հրդեհի դեպքում գործողությունների իրականացումը

 

65. Օդանավի վթարային վայրէջքի դեպքում ծագած հրդեհի հրդեհաշիջման և ուղևորների ու օդանավի անձնակազմի փրկարարական աշխատանքների համար պատասխանատու է օդանավակայանի հրշեջ ծառայությունը:

66. Օդանավակայանի տարածքում օդանավում բռնկված հրդեհի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներն իրականացնում է օդանավակայանի հրշեջ ծառայությունը (օդանավի հրդեհի դեպքում գործողությունները կանոնակարգվում են առանձին օպերատիվ հրդեհաշիջման պլաններով):

67. Վթարի մասին տեղեկատվությունն անհապաղ հաղորդվում է քաղավիացիա և ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ:

 

 6.4. Փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը

 

68. Օդանավակայանի տարածքում վթարված օդանավի հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են օդանավակայանի հրշեջ ծառայության ուժերով և միջոցներով:

69. Օդանավակայան ժամանած ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման և փրկարարական ուժերն անցնում են օդանավակայանի հրշեջ ծառայության ղեկավարի օպերատիվ ենթակայության տակ, եթե հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներն իրականացվում են միայն օդանավի վրա:

70. Վթարային վայրեջք կատարած օդանավի կողմից կամ այլ պատճառներով վնասված շենք-շինություններում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ-ը: Օդանավակայանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը, տվյալ դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների խորհրդատու է:

71. Փրկված ուղևորներին ՀՀ ԱՆ-ի կողմից տրամադրվում է բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում՝ նաև հոգեբանական աջակցություն, իսկ ՀՀ ԱԻՆ-ի կողմից իրականացվում է օդանավի ու աղետի վայրի ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի գնահատում՝ անկախ վթարված օդանավում վտանգավոր նյութերի առկայության մասին նախնական տեղեկատվության:

72. Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման համաձայն:

 

6.5. Վերականգնողական աշխատանքների իրականացումը

 

73. Օդանավակայանի տարածքում օդանավի վթարի դեպքում հետևանքների վերացման աշխատանքներն իրականացվում են տվյալ չվերթն իրականացնող ավիաընկերության և օդանավակայանի միջև կնքված պայմանագրի և (կամ) միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների համաձայն:

74. Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻՆ-ի միջնորդությամբ կարող են ընդգրկվել այլ ուժեր և միջոցներ, որոնց ներգրավման հետ կապված ծախսերը նույնպես կարգավորվում են չվերթն իրականացնող ավիաընկերության և միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների համաձայն:

 

VII. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ (ԱՐՏԱՀՈՍՔՈՎ/ԱՐՏԱՆԵՏՄԱՄԲ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԻ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

7.1. Հնարավոր իրավիճակը

 

75. Օդանավակայանի տարածքում կենսաբանական վտանգավոր երևույթներով, քիմիական և ռադիոակտիվ նյութերի արտահոսքով/արտանետմամբ ուղղորդվող արտակարգ իրավիճակներ են դիտարկվում կենսաբանական, քիմիական վտանգավոր և ճառագայթաակտիվ նյութեր տեղափոխող կոնտեյների ապահերմետիկացումը կամ վարակված բեռների/ուղևորների մուտքը ՀՀ տարածք:

76. Օդանավակայանում կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված ԱԻ-ի ժամանակ գործողություններն իրականացվում են` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման պահանջների:

 

7.2. Տարահանումը/պատսպարումը

 

77. Օդանավակայանի տարածքում քիմիական վտանգավոր և ռադիոակտիվ նյութերի արտահոսքով/արտանետմամբ պայմանավորված վթարի դեպքում օդանավակայանի շահագործման ծառայության կողմից իրականացվում է օդանավակայանի անձնակազմի, ուղևորների և շահագրգիռ մարմինների ազդարարում՝ սույն կարգի 2-րդ բաժնի 2.1-ին և 2.2-րդ գլուխների համաձայն:

78. Կախված արտանետված նյութից (եթե դրա մասին կա մանրամասն նկարագիր՝ փաստաթղթեր/տեղեկատվություն)՝ կազմակերպվում է օդանավակայանի անձնակազմի և մարդկանց պատսպարում, տարահանում կամ որոշակի տարածքներ մուտքի ու ելքի արգելափակում:

79. Եթե նյութի վերաբերյալ կամ այդ նյութի արտահոսքի/արտանետման ժամանակ հայտնի չեն հստակ վարվելակերպի կանոններ, ապա իրականացվում է միայն օդանավակայանի անձնակազմի և մարդկանց պատսպարում:

80. Վարակված հատվածի սահմանազատումը, ինչպես նաև դեպի օդանավակայան մարդկանց ժամանման ժամանակավոր դադարեցումը մինչև ՀՀ ԱԻՆ-ի, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի և ոստիկանության ուժերի ժամանումն իրականացվում է օդանավակայանի անվտանգության ստորաբաժանման և օդանավակայանում գործող հասարակական կարգի պահպանման ստորաբաժանման ուժերով՝ միայն անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՊՄ) առկայության դեպքում:

 

7.3. Ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի գնահատման կազմակերպումը

 

81. Օդանավակայանի անձնակազմի ազդարարման և մարդկանց իրազեկմանը զուգահեռ իրականացվում է տեղեկատվության հաղորդում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ, կազմակերպվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃՔԿՄ-ի թիմի դիմավորում և ուղղորդում վթարի վայր՝ օդանավակայանի տարածքում ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի գնահատման կազմակերպման և իրականացման նպատակով:

 

7.4. Ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացումը

 

82. Մինչև ՃՔԿՄ-ի ավարտը ՀՀ ԱԻՆ-ի և քաղավիացիայի համաձայնության դեպքում կարող են չվերթները ժամանակավոր դադարեցվել:

83. Մոնիթորինգի արդյունքում որոշվում են՝

1) վարակված հատվածը և վարակազերծման ձևը.

2) հետագա վարվելակերպի կանոնները.

3) օդանավակայանի գործունեության վերսկսման հնարավորությունն ու ժամկետը:

84. Օդանավակայանի գործունեության վերսկսման որոշումը կայացվում է օդանավակայանի ղեկավարության կողմից՝ ՀՀ ԱԻՆ-ի առաջարկությունների հիման վրա:

 

7.5. Գործողություններ՝ կենսաբանական գործոնով պայմանավորված միջադեպերի և մարդկանց զանգվածային վարակվածության դեպքերում

 

85. Օդանավակայանում՝ կենսաբանական գործոնով պայմանավորված ԱԻ-ի առաջացնող դեպքերն են`

1) ԱՀԿ-ի կողմից հրապարակված, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում ԱԻ-ի առաջացնելու ներուժ ունեցող վարակիչ հիվանդությունների (այսուհետև՝ վարակիչ հիվանդություններ) կասկածելի դեպքերի արձանագրումը.

2) փոխադրամիջոցում վարակիչ հիվանդությունների առումով անապահով տարածքներից, բռնկում, համաճարակ արձանագրած երկրներից տարանցիկ չվերթով ժամանած անձանց առկայությունը.

3) վարակիչ հիվանդությունների առումով անապահով տարածքներից, բռնկում, համաճարակ արձանագրած երկրից (երկրների)ց փոխադրամիջոցի ժամանումը.

4) վարակիչ հիվանդությունների առումով անապահով տարածքներից, բռնկում, համաճարակ արձանագրած երկրից (երկրներից) փաթեթավորման ամբողջականության խախտմամբ, նախկինում օգտագործած հագուստի, անկողնային պարագաների, սպասքի, կենցաղային օգտագործման այլ իրերի, խաղալիքների միջազգային փոստային փոխադրումը.

5) կենսաբանական գործոնով աղտոտված բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտնաբերումը:

86. ՀՀ ԱՆ-ն ուժեղացնում է սանիտարակարանտինային հսկողությունը, անհրաժեշտության դեպքում նաև իրականացնում է առողջապահական միջոցառումներ՝ բժշկական, կանխարգելիչ, սահմանափակող (համաձայնությամբ): Այս նպատակով օդանավակայանի կողմից հատկացվում է համապատասխան տարածք` միջոցառումներ իրականացնելու համար՝ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման պահանջների:

87. ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվում է վերահսկողություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ:

88. Իրականացվում է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների ախտորոշում: Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների ախտորոշումը հաստատվելուց հետո ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջարկություն է ներկայացնում տարածքային կառավարման մարմիններ՝ կարանտին սահմանելու, իսկ կարանտինային հիվանդություն չհանդիսացող հիվանդությունների դեպքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ, և իրականացվում են հակաանասնահամաճարակային համապատասխան միջոցառումներ:

89. Մարդկանց առողջության համար վտանգավոր կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչի հայտնաբերման դեպքում ՀՀ ԱՆ-ի մարմինների հետ համատեղ իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ:

90. Սույն կարգի 89-րդ կետում նշված դեպքերում անձանց և ապրանքների առաջնային հսկողությունն իրականացվում է ըստ համապատասխան սարքավորումների և աշխատանքային տարածքներում: Ամբողջ գործընթացը կազմակերպվում և հսկվում է քաղավիացիայի կողմից` օդանավակայանի համապատասխան ծառայությունների ներգրավմամբ:

 

VIII. ԱՂԵՏԻ ԴԵՊՔՈՒՄ (ԵՐԲ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՉԻ ՏՈՒԺԵԼ) ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8.1. Օդանավակայանի ճգնաժամային աշխատանքային ռեժիմի սահմանումը

(առավելագույն թվով օդանավերի ընդունումն՝ ըստ ժամերի և այլն)

 

91. ՀՀ տարածքում տեղի ունեցած աղետի դեպքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները պետք է գործեն արտակարգ իրավիճակի պայմաններում:

92. Սույն կարգի 91-րդ կետում նշված դեպքերում իր գործունեությունն է սկսում ԱԻ-ի հանրապետական հանձնաժողովը (ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և 2011 թվականի հունիսի 10-ի N 919-Ն որոշումների համաձայն), որն, ըստ ՀՀ օրենսդրության, աղետի արձագանքման, բնակչության պաշտպանության և հետևանքների վերացման վերադաս մարմինն է: Այս հանձնաժողովում գործում են մի շարք մարմիններ, որոնցից մեկը ՀՀ ազգային աջակցման մարմինն է, իսկ օդանավակայանն այս մարմնի կարևոր օղակներից է:

93. Ազգային աջակցման մարմինն իր մեջ ներառում է մի շարք պետական կառավարման մարմիններ և կազմակերպություններ, որոնց համատեղ գործունեության նպատակն է աջակցել ՀՀ միջազգային օգնության ժամանմանը/տրամադրմանը՝ այդ օգնությունն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար:

94. Ազգային աջակցման մարմնում ներառվում են ՀՀ ԱԻՆ-ը, ՀՀ ՊՆ-ն, ՀՀ ԱՆ-ը, ՀՀ ՏԿԶՆ-ն, ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ ՏԿՏՏՆ-ն, ՀՀ ՖՆ-ն, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, ՀՀ ԳՆ-ն, ոստիկանությունը, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ն:

95. Օդային տրանսպորտով ՀՀ պետական սահմանի հատման կետերով ժամանած միջազգային օգնության դեպքում ՀՀ ազգային աջակցման մարմնում ներգրավվում են նաև քաղավիացիան ու օդանավակայանը:

96. ՀՀ ազգային աջակցման մարմնի գործառույթներն են`

1) ՀՀ պետական սահմանի հատման կետերում ՀՀ օրենսդրության սահմանած նորմերի համաձայն կազմակերպել միջազգային օգնության արագ ու պարզեցված ընթացակարգերով ընդունումը.

2) ՀՀ պետական սահմանի հատման կետերում ուժեղացված ծառայության կազմակերպումը (անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերի ներգրավմամբ).

3) միջազգային օգնության ուղեկցումը կամ տեղափոխումը համապատասխան տարածքներ՝ ըստ այդ օգնության նշանակության (որոնողափրկարարական և այլ ստորաբաժանումների ուղեկցումն աղետի գոտի, նյութական օգնության տեղափոխումը պահպանման կամ բաշխման վայրեր).

4) ՀՀ պետական սահմանի հատման կետերում համապատասխան ընդունման/ մեկնման կետի հիմնումը, ինչպես նաև ժամանող միջազգային ուժերի կողմից նմանատիպ կետի հիմնման համար տարածքի հատկացումը.

5) ՀՀ ժամանած որոնողափրկարարական և այլ ստորաբաժանումների հիմնման համար համապատասխան տարածքների հատկացումը.

6) նյութական օգնության բեռնաթափման, պահեստավորման և հետագա տեղափոխման համար տարածքների և միջոցների նախապատրաստումը.

7) ՀՀ պետական սահմանի հատման կետերում ժամանած միջազգային ստորաբաժանումներին աղետի մասին թարմացված տվյալներով, քարտեզներով, թարգմանիչներով, կապով, տրասնպորտային միջոցներով, ինչպես նաև փոխհատուցման սկզբունքով վառելիքով և անհրաժեշտության դեպքում ջրով ու սննդով ապահովումը: Ժամանած ստորաբաժանումներին տեղակայման բազա ուղեկցումը.

8) երկրում միջազգային ստորաբաժանումների գործունեության համար համապատասխան անվտանգության մակարդակների ապահովումը՝ համաձայն ՄԱԿ-ի ապահովության ու անվտանգության մակարդակների պահանջների, ինչպես նաև ժամանող միջազգային ստորաբաժանումներին ազգային յուրահատկությունների/սովորույթների մասին իրազեկումը:

97. Սույն կարգի 96-րդ կետում թվարկված գործառույթները կարող են իրականացվել հարևան պետություններին միջազգային օգնության ցուցաբերման ժամանակ:

98. Սույն կարգի 96-րդ կետում թվարկված գործառույթներն իրականացվում են, երբ հարևան պետությունն աղետի պատճառած հետևանքներով չի կարողանում իր մաքսային սահմանահատման կետերում ընդունել միջազգային օգնություն, վնասված կամ ծանրաբեռնված են իր օդանավակայանները և այլն: Այս դեպքերում ՀՀ օդանավակայաններն ու տարածքը կարող են ներգրավվել ԱԻ-ի վերացման գործընթացում՝ որպես տարանցիկ/տրանզիտ տարածք:

 

8.2. Փրկարարական ուժերի և միջազգային օգնության ընդունման համար օդանավակայանի նախապատրաստումը

 

99. Աղետի դեպքում ԱԻ-ի հանրապետական հանձնաժողովի գործունեության մեկնարկին զուգահեռ գործարկվում է ՀՀ ազգային աջակցման մարմինը, որն ապահովում է օդանավակայանի համար բնականոն և անխափան աշխատանքային պայմաններ՝ փրկարարական ուժերի և մարդասիրական օգնության ընդունման համար:

100. Օդանավակայանի բնականոն աշխատանքային ռեժիմը չխախտելու, ինչպես նաև միջազգային օգնության ժամանած փրկարարական ստորաբաժանումները ժամանող/մեկնող ուղևորներից հնարավորինս տարանջատելու համար օդանավակայանի բեռների տերմինալում հիմնվում են ՀՀ պետական սահմանի հատման հսկողության շարժական կետեր՝ ժամանած միջազգային փրկարարական ուժերի և միջազգային նյութական օգնության ընդունման համար:

101. Սույն կարգի 100-րդ կետում նշված կետերը հիմնվում են՝ ժամանած փրկարարներին իրենց հետ բերվող գույքից չտարանջատելու, պարզեցված կարգով ՀՀ պետական սահմանի հատման գործընթացներն իրականացնելու և փրկարարական ստորաբաժանումների մուտքը ՀՀ տարածք հնարավորինս արագացնելու համար:

102. Ժամանած մարդասիրական օգնության նկատմամբ նույնպես կիրառվում են ՀՀ պետական սահմանի հատման գործընթացների պարզեցված ընթացակարգեր:

103. Սույն կարգի 100-րդ կետում նշված շարժական կետերում համատեղ գործունեություն են իրականացնում ՀՀ ԿԱ քաղավիացիայի, օդանավակայանի, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի մաքսային ծառայութան, ՀՀ ԱՆ-ի, ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի, ոստիկանության և ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչները:

104. Բեռնային համալիրում, անհրաժեշտության դեպքում, հիմնվում են փրկարարների ընդունման շարժական կետեր, որոնք պետք է հագեցված լինեն համապատասխան աշխատանքային պայմաններով՝ սեղան, էլեկտրականություն, ինտերնետային ու հեռախոսային կապ: Շարժական կետերում գործունեություն իրականացնող ՀՀ պետական մարմինները և օդանավակայանի ղեկավարությունը պետք է ապահովեն շուրջօրյա անխափան աշխատանքները:

 105. Սույն կարգի 104-րդ կետով նախատեսված միջոցառումներին զուգահեռ Բեռնային համալիրում և հարակից տարածքում նախատեսվում են՝

1) ՀՀ ազգային աջակցման մարմնի ընդունման/մեկնման կետ.

2) ժամանած միջազգային փրկարարների և ՄԱԿ մարդասիրական օգնության համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից ընդունման/մեկնման կետի ծավալման համար տարածք.

3) մարդասիրական օգնության բեռների ժամանակավոր տեղաբաշխման տարածքներ/պահեստներ (նաև միջազգային կառույցների կողմից՝ համաձայն ստորագրված հուշագրի).

4) մարդասիրական բեռների և փրկարարների գույքի բեռնման համար անհրաժեշտ տարածքներ` իր տեխնիկայով (նաև միջազգային կառույցների կողմից՝ համաձայն ստորագրված հուշագրի).

5) վառելիքաքսայուղային նյութերի շարժական լցակայան:

 

8.3. Օդանավերի սպասարկման կազմակերպումը

 

106. Խոշոր ԱԻ-ի դեպքում օդանավակայանի բնականոն աշխատանքների կազմակերպման միջոցառումների մեջ ներառվում է նաև միջազգային օգնություն բերող օդանավերի անխափան և ժամանակին սպասարկումը:

107. Միջազգային օգնություն բերած օդանավերը կարող են դասակարգվել`

1) օդանավեր, որոնք փրկարարների ժամանումից կամ բեռնաթափման ավարտից անմիջապես հետո կհեռանան ՀՀ տարածքից.

2) օդանավեր, որոնք կկայանեն օդանավակայանի տարածքում՝ մինչև իրենց բերած փրկարարական ստորաբաժանումն ավարտի իր գործողությունները ՀՀ տարածքում:

108. Միջազգային օգնություն բերած օդանավերի պատշաճ սպասարկումն իրականացնելու համար օդանավակայանը շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ պետք է պատրաստ լինի իրականացնել՝

1) փրկարարների ժամանակին իջեցում և սահմանահատման գործընթացի կազմակերպում: Այս նպատակով կազմակերպվում են ՀՀ պետական սահմանի հատման շարժական կետեր, որտեղ, համաձայն ՀՀ ԱԻՆ-ի նախապես տրամադրված ցուցակների, իրականացվում են ժամանած միջազգային օգնության (փրկարարներ և նյութական օգնություն) պարզեցված կարգով և արագ ՀՀ սահմանահատման գործընթացները (ՀՀ պետական մարմինների, հանրապետական նշանակության կազմակերպությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների անունով ժամանած միջազգային օգնության ստացման դեպքում պատասխանատու ստացողը ներկայացուցիչ է ուղարկում օդանավակայան կամ նյութական օգնության փաստաթղթերը ներկայացնում է ՕՀԿ).

2) օդանավերի ժամանակին բեռնաթափում: Այս նպատակով իրականացվում է`

ա) օդանավակայանի ամենօրյա հերթափոխերի անձնակազմի ավելացում,

բ) ՀՀ ԱԻՆ-ի կողմից կազմակերպվում է բեռների տերմինալի հարակից տարածքում պահեստների ձևավորում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցների ներգրավում (բեռնատարներ), կազմակերպություններից ինժեներական տեխնիկայի ներգրավում (որոնք կարող են օգտագործվել օդանավերի բեռնաթափման համար).

3) օդանավերի լիցքավորում: Այս նպատակով օդանավակայանի կողմից պետք է նախատեսվի վառելիքի հնարավոր առավելագույն քանակի մշտական պահեստավորում՝ նման իրավիճակներում օդանավերը վերալիցքավորելու համար: Վառելիքի սակավության կամ բացակայության դեպքում օդանավակայանը, քաղավիացիան և ՀՀ ԱԻՆ-ը համատեղ կազմակերպում են միջոցառումներ հետդարձի պաշարով օդանավերի ժամանման կամ հարևան պետություններում վերալիցքավորման ուղղությամբ (այս միջոցառումները կարգավորվում են միջազգային օգնություն համակարգող մարմինների և (կամ) օտարերկրյա պետությունների հետ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն և շրջանակներում).

4) օդանավերի վերգետնյա սպասարկում (նաև միջազգային կառույցների աջակցությամբ): Այս նպատակով իրականացվում է`

ա) օդանավակայանի ամենօրյա հերթափոխերի անձնակազմի ավելացում,

բ) միջազգային կառույցների օպերատիվ պահուստներից օդանավերի սպասարկման լրացուցիչ տեխնիկայի ժամանակավոր հատկացում:

109. Արտակարգ իրավիճակի դեպքում միջազգային մարդասիրական օգնություն բերող օդանավերի երթևեկության առաջնահերթությունը, օդանավերի սպասարկման, լիցքավորման և այլ ծախսերի, տուրքերի ու գանձումների չափաքանակները, ինչպես նաև դրանց փոխհատուցման կարգը որոշվում են ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն:

110. Սույն կարգի 109-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ԱԻ-ի հանրապետական հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ազգային աջակցման մարմինը պետք է նախօրոք տեղեկացնի քաղավիացիային թռիչքների ենթադրյալ ուղիների, օդանավի տիպի և կանչի տեսակի, անձնակազմի քանակի, բեռի, չվացուցակի, ուղևորների ցուցակի վերաբերյալ և պահպանի օդային թռիչքների ու վայրէջքի գործընթացների ավիացիոն համապատասխան մարմինների ցանկացած պահանջները:

 

8.4. ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների՝ այլ երկիր ուղարկման գործողությունները կամ ՀՀ տարածքը՝ որպես տարանցիկ օգնության երկիր

 

111. Այլ երկրին օգնության անհրաժեշտության պարագայում ՀՀ ազգային աջակցման մարմինը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ազգային մաքսային, միգրացիոն և տրանսպորտային մարմինները հնարավորինս արագացնեն և պարզեցնեն տարանցիկության հետ կապված իրենց տարածքով միջազգային մարդասիրական օգնության տրամադրման գործընթացները: Այս դեպքերում օդանավակայանի ծառայությունները ձևակերպումների առաջնահերթությունը պետք է տրամադրեն աջակցող կազմակերպությունների բեռներին ու սարքավորումներին:

 

IX. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԱՂԵՏԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

9.1. Ազդարարման և կապի համակարգի ներդրումը

 

112. Օդանավակայանները պետք է ձեռնարկեն միջոցառումներ` օդանավակայանի և ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ի հետ մշտական կապի առկայության համար:

113. Սույն կարգի 112-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով օդանավակայանները ձեռք են բերում և պահպանում կապի միջոցներ (ռադիոկապ, արբանյակային կապ և այլն):

 

9.2. Տարահանման կամ ժամանակավորապես տեղաբաշխման տարածքները

 

114. Օդանավակայանի վարչական շենքերի հարակից տարածքները պետք է դիտարկվեն որպես տարահանման հնարավոր/պոտենցիալ տարածքներ, որոնք նախապես հարմարեցվում են օդանավակայանից տարահանված անձնակազմի և ուղևորների կենսագործունեության ապահովման համար, մասնավորապես, օդանավակայանի անձնակազմի համար տարահանված հատվածներում նախատեսելով պայմաններ՝ աշխատանքները շարունակելու համար, ապահովելով անհրաժեշտ հաղորդակցության միջոցների (կապ, էլեկտրականություն, ինտերնետ և այլն), վրանների, տաքացման սարքերի առկայությունը:

 

9.3. Օդանավակայանի անձնակազմի և գործունեություն իրականացնող պետական մարմինների ստորաբաժանումների ԱԻ-ի գործելու պատրաստականության բարձրացումը

 

115. Օդանավակայանի ստորաբաժանումներում ստեղծել խմբեր, որոնք կիրականացնեն նախնական իրավիճակի գնահատում/մոնիթորինգ, որոնման, փրկարարական, հրդեհաշիջման և օդանավակայանի վթարավերականգնողական ստորաբաժանումներին աջակցման համար միջոցառումներ: ՀՀ ԱԻՆ-ի հետ համատեղ կազմակերպել ընտրված անձնակազմի ուսուցում և վերապատրաստում:

116. ՀՀ ԱԻՆ-ի հետ համատեղ կազմակերպել և իրականացնել օդանավակայանի ամբողջ անձնակազմի համար ուսուցում, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ և վարժանքներ: Այս բոլոր միջոցառումները դասակարգել ըստ կատեգորիաների՝ ղեկավար կազմ, ԱԻ արձագանքմանն ընդգրկված անձնակազմ և այլն:

 

X. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՂԵՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

117. ՀՀ տարածքում խոշոր աղետի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմիններին առաջարկվում են հետևյալ գործառույթները՝

1) ՀՀ քաղավիացիա՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման իրականացում.

2) ՀՀ ԱԻՆ՝

ա. օդանավակայանում ծագած ԱԻ դեպքում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում,

բ. ժամանող միջազգային օգնության գործընթացների ընդհանուր համակարգում,

գ. աջակցություն օդանավակայանի կենսագործունեության ապահովմանը.

3) ՀՀ ԱՆ՝

ա. տուժած և տարահանված անձնակազմի ու քաղաքացիների բուժսպասարկում,

բ. հիվանդանոցների և շտապ օգնության ծառայության հետ փոխհամագործակցության ապահովում,

գ. իր լիազորությունների սահմաններում ներմուծվող դեղորայքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացում,

դ. կենսաբանական անվտանգության միջոցառումների ապահովում.

4) ՀՀ ՊՆ՝ օդանավակայանի կայուն գործունեությանն աջակցություն.

5) ՀՀ ՏԿՏՏՆ՝ ժամանած միջազգային օգնության տեղափոխման, տարահանման միջոցառումների և օդանավակայանի գործունեության ապահովման համար անհրաժեշտ նյութական միջոցների տեղափոխման աջակցություն.

6) ՀՀ ԱԳՆ՝ իր լիազորությունների սահմաններում ժամանող միջազգային օգնության, փրկարարական ստորաբաժանումների՝ ՀՀ սահմանահատման միջոցառումների կազմակերպում, մասնակցություն միջազգային ուժերի և իշխանությունների միջև փոխհամագործակցության կազմակերպման, անհրաժեշտության դեպքում, ՀՀ կառավարության հանձնարարությամբ, աջակցություն միջազգային փրկարարական ստորաբաժանումներին, մարդասիրական օգնություն բերած խմբերին թարգմանիչներով ապահովման գործընթացի կազմակերպմանը և միջազգային հանրության իրազեկմանը.

7) ՀՀ ՖՆ՝ ԱԻ-ի պայմաններում ժամանող միջազգային օգնության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուրքերից ազատման կազմակերպում.

8) ՀՀ ՊԵԿ՝ ժամանող միջազգային օգնության ՀՀ սահմանահատման գործընթացների պարզեցված կարգով կազմակերպում և իրականացում.

9) ՀՀ ԳՆ՝ իր լիազորությունների սահմաններում ժամանող փրկարարական ստորաբաժանումների սննդի, փրկարարական շների և որպես մարդասիրական օգնություն բերվող սննդամթերքի ՀՀ պետական սահմանի հատման գործընթացների կարգավորում.

10) ՀՀ ՏԿԶՆ՝ իր լիազորությունների շրջանակներում մասնակցություն ազգային աջակցման մարմնի աշխատանքներին, աջակցություն տարահանված բնակչության և վերջիններիս տեղաշարժի հաշվառման միջոցառումներին.

11) ոստիկանություն՝ հասարակական անվտանգության և ՀՀ մուտքի արտոնագրերի ձևակերպման իրականացում, դեպի օդանավակայան մուտքի և ելքի երթուղիներում հսկիչ անցագրային կետի հիմնում.

12) ՀՀ ԿԱ ԱԱԾ՝ օդանավակայանի գործունեությանն աջակցություն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան