Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1328
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.16/90(1270) Հոդ.1178
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
13.12.2016
Дата вступления в силу
13.12.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 դեկտեմբերի 2016թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի հոկտեմբերի 17-ին և 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված` «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին (հատուկ գործառնություններ)» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին (հատուկ գործառնություններ)» նամակ-համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է` Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) կողմից 2016 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից 2016 թվականի նոյեմբերի 11-ին:

2. Քննության առարկա Համաձայնագրի կողմերի կողմից ստորագրման նախապատմությունը հանգում է հետևյալին.

ա) 2014 թվականի օգոստոսի 15-ին ԱԶԲ Տնօրենների խորհուրդը հաստատել է, որ պաշտոնապես ավարտվել է Ասիական զարգացման հիմնադրամից (այսուհետ՝ ԱԶՀ) արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետությանը վարկային միջոցների տրամադրումը, և որոշումն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից (1-ին կետ),

բ) նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության՝ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը 2010-2014թթ. գերազանցել է ԱԶԲ-ի կողմից սահմանված շեմը, ուստի 2006 թվականի հունվարի 1-ով թվագրված՝ ԱԶԲ Հատուկ գործառնությունների վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի դրույթների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Վարկառու, պետք է ԱԶՀ-ից ստացված վարկային միջոցները մարի արագացված ժամանակացույցով,

գ) 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշման արդյունքում 2016 թվականի փետրվարի 2-ին ԱԶԲ Տնօրենների խորհուրդը լիազորել է ԱԶԲ-ին՝ կատարելու Վարկառուին տրված կամ նրա կողմից երաշխավորված՝ ԱԶՀ չմարված վարկերի մարման պայմանների վերանայում՝

կամ 100%-ով ավելացնելով այսուհետև վճարման ենթակա յուրաքանչյուր մարման գումարը՝ մինչև այդ վարկի մայր գումարի ամբողջական մարումը,

կամ էլ ԱԶՀ վարկից առհանված և չմարված մայր գումարի նկատմամբ գանձելով տարեկան տոկոսադրույքով տոկոսավճար այնպիսի եղանակով և այն չափով, որպեսզի ապահովվի նոմինալ և փաստացի արժեքների նույն տարբերությունը, որը կստացվեր մարման գումարի ավելացման հետևանքով (1-ին կետ),

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2016 թվականի ապրիլի 22-ին ԱԶԲ-ին հասցեագրված նամակով նախընտրել է չմարված վարկերի մարման հիշատակված տարբերակներից երկրորդը՝ տոկոսադրույքների ճշգրտման տարբերակը, և արդյունքում` ԱԶԲ-ն համաձայնել է փոփոխել Հայաստանի Հանրապետությանը տրված կամ նրա կողմից երաշխավորված՝ ԱԶՀ չմարված յուրաքանչյուր վարկի նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը:

3. Համաձայնագրով փոփոխություններ են կատարվում Առդիրում նշված թվով 11 վարկային համաձայնագրերում: Այսպես՝

Ա) 2007թ. հոկտեմբերի 31-ին և 2007թ. նոյեմբերի 15-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր (հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-724, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականի փետրվարի 5-ին՝ Ազգային ժողովի Ն-038-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.93% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Բ) 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2363-ARM (SF) վարկային համաձայնագրի (ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր) (ՍԴՈ-738, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականի ապրիլի 10-ին` Ազգային ժողովի Ն-071-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.93% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Գ) 2008 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային պայմանագրի (գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր (լրացուցիչ) (ՍԴՈ-785, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ի` Ազգային ժողովի Ն-119-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.93% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Դ) 2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-820, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2009 թվականի սեպտեմբերի 16-ին` Ազգային ժողովի Ն-159-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկային հաշվից ժամանակ առ ժամանակ առհանված և չմարված Ա Վարկի առնչությամբ` Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.85% տոկոսադրույքով: բ) Վարկային հաշվից ժամանակ առ ժամանակ առհանված և չմարված Բ Վարկի առնչությամբ` Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.96% տոկոսադրույքով»,

Ե) 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-1095, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2013 թվականի հունիսի 20-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-073-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.18% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Զ) 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրի (հատուկ գործառնություններ) (ՍԴՈ-1183, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-134-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.90% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Է) 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի (հատուկ գործողություններ) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ԾՐԱԳԻՐ 1) (ՍԴՈ-861, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2010 թվականի փետրվարի 2-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-187-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.69% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Ը) 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-978, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2011 թվականի հունիսի 23-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-282-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.51% տոկոսադրույքով՝ ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Թ) 2012 թվականի մայիսի 3-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-1032, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2012 թվականի հունիսի 22-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-018-ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.31% տոկոսադրույքով՝ ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Ժ) 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրի (հատուկ գործառնություններ) (ՍԴՈ-1182, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-135-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 3.14% տոկոսադրույքով՝ ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Ի) 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագրի (ՍԴՈ-1245, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-193-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.91% տոկոսադրույքով՝ ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»:

4. Համաձայնագրի 3-րդ կետը սահմանում է, որ՝ բացառությամբ վարկային համաձայնագրերի՝ սույն Համաձայնագրի առդիրում սահմանված և նախկինում համաձայնեցված փոփոխությունների՝ Վարկային համաձայնագրերը մնում են անփոփոխ:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված 04/5-2/27290-16 թվակիր բացատրության բովանդակությունից հետևում է, որ՝ եթե ներկայիս մարման ժամանակացույցի համաձայն Հայաստանի Հանրապետությունն իր պարտքի մարումը պետք է ավարտեր 2044 թվականին, ապա.

1) վարկի մայր գումարի կրկնապատիկի չափով՝ մինչև վարկի ամբողջական մարման դեպքում, պարտքի մարումը ավարտվելու է 2032 թվականին՝ տոկոսավճարի գծով տնտեսումը կազմելով շուրջ 40.1 մլն ԱՄՆ դոլար,

2) յուրաքանչյուր վարկի համար սահմանված տոկոսադրույքի փոփոխման դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը 2016-2044 թվականների համար պետք է վճարի լրացուցիչ տոկոսավճար շուրջ 61,5 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Միաժամանակ, նշյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն ընդունում է ի գիտություն Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հետևյալ բացատրությունը, ըստ որի՝ «ՀՀ կողմից ընտրվել է երկրորդ տարբերակը, քանի որ առաջին տարբերակի ընտրության դեպքում առաջ կգան պարտքի վերաֆինանսավորման հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝

1. Առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի մարման գծով վճարումները շեշտակիորեն աճելու են. ՀՀ կառավարության արտաքին պարտքի մայր գումարի մարումները սփռված են մինչև 2054 թվականը և 2020 թվականից մինչև 2030 թվականը մարումների տարեկան ծավալներն արդեն իսկ գերազանցում են 250 մլն ԱՄՆ դոլարը: Հիշյալ ժամանակահատվածում առկա են նաև մարումների պիկային տարիներ՝ 2020թ. և 2025թ., որոնք պայմանավորված են արտարժութային պետական պարտատոմսերի մարումներով: Մինչդեռ I տարբերակի ընտրության դեպքում՝ 2017-2029թթ. մայր գումարների մարումների տարեկան բեռը կավելանա միջին հաշվով մոտ 13 մլն ԱՄՆ դոլարով, այդ թվում 2020-2025թթ. համար՝ 17 մլն ԱՄՆ դոլարով:

2. Քանի որ տարիներ շարունակ Հայաստանը հանդիսանում է պարտք ներգրավող երկիր և այդ միտումն առաջիկա տարիներին կունենա շարունակական բնույթ, I տարբերակի ընտրության դեպքում ՀՀ կառավարությունը հարկադրված կլինի վերաֆինանսավորել նաև արագացված ժամանակացույցով մարվող պարտքը, որի վերաֆինանսավորման այլընտրանքային լավագույն աղբյուր կարող են հանդիսանալ Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի (ՎԶՄԲ) ու ԱԶԲ-ի Սովորական կապիտալ ռեսուրսների միջոցներից (ԱԶԲ/OCR) տրամադրվող վարկերը: Հաշվի առնելով, որ առ 31.12.2015թ. ձևավորված ԱԶՀ-ի վարկերի գծով պարտքի մինչև մարումը մնացած միջին ժամկետը կազմում է 12.8 տարի, ապա հիշյալ վարկատուների կողմից վերը նշված ժամկետայնությամբ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների ֆիքսման (17.02.2016թ. դրությամբ) պարագայում ՎԶՄԲ-ի և ԱԶԲ-ի Սովորական կապիտալ ռեսուրսների միջոցներից վարկերի տոկոսադրույքները կկազմեն համապատասխանաբար` մոտ 3,1% և 2,4%, մինչդեռ II տարբերակի ընտրության դեպքում՝ առ 31.12.2015թ. գործող ԱԶՀ-ի վարկերի միջին տոկոսադրույքը կկազմի մոտ 2,8%:

ԱԶՀ-ի վարկերի վճարման ժամանակացույցի վերանայման երկրորդ տարբերակի ընտրության դեպքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի սպասարկման ծախսերն էականորեն չեն շեղվի գործող վճարման ժամանակացույցով նախատեսված ծախսերից և չեն ծանրացնի ՀՀ կառավարության պարտքի սպասարկման բեռը պետական բյուջեի վրա առաջիկա տարիների ընթացքում»:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, նախընտրելով 2006 թվականի հունվարի 1-ով թվագրված՝ ԱԶԲ Հատուկ գործառնությունների վարկային կանոնակարգի 3.05 կետով նախատեսված երկրորդ, այն է՝ տոկոսադրույքների ճշգրտման տարբերակը, համաձայնում է փոփոխություններ կատարել ԱԶԲ-ի հետ կնքված և Համաձայնագրի Առդիրում թվարկված թվով 11 վարկային համաձայնագրերից յուրաքանչյուրում, պարտավորվելով վարկային տոկոսները վճարել ԱԶԲ-ին նոր՝ փոփոխված տոկոսադրույքներով, ընդ որում, ԱԶԲ-ի Հատուկ գործառնությունների կանոնակարգի 3.05 կետի համաձայն.

ա) եթե Ասիական զարգացման բանկն իր տնօրենների խորհրդի որոշմամբ սահմանում է, որ (I)Վարկառուի` հինգ տարի անընդմեջ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը գերազանցում է ԱԶԲ-ի կողմից մեկ շնչի հաշվով ԱԶԲ հատուկ ֆոնդերի միջոցների առնչությամբ սահմանված օպերատիվ շեմը և (II)Վարկառուն հասել է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից վարկ վերցնելու ունակությանը, ԱԶԲ-ն տեղեկացնելով Վարկառուին` կարող է փոփոխել վճարման պայմանները` 100%-ով ավելարցնելով այնուհետև վճարման ենթակա յուրաքանչյուր մարման գումարը` մինչև Վարկի մայր գումարի ամբողջական մարումը։

Այնուամենայնիվ, Վարկառուի խնդրանքով, ԱԶԲ-ն կարող է մարման գումարը նման կերպ ավելացնելու փոխարեն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ վարկից առհանված և չմարված մայր գումարի նկատմամբ գանձել Վարկառուի և ԱԶԲ-ի մինչև համաձայնեցված տարեկան տոկոսադրույքով տոկոսավճար այնպիսի եղանակով և այն չափով, որպեսզի ապահովվի գումարի այն չափը, որը կստացվեր մարման գումարի վերոնշյալ ավելացման հետևանքով,

բ) եթե ա) պարագրաֆի համաձայն վարկավորման պայմանների փոփոխությունից հետո ցանկացած պահի ԱԶԲ-ի տնօրենների խորհրդի կայացված որոշմամբ սահմանվի, որ Վարկառուի տնտեսական պայմաններն էականորեն վատթարացել են, ԱԶԲ-ն կարող է Վարկառուի խնդրանքով վերականգնել վարկավորման նախնական պայմանները Վարկի մայր գումարի մնացած չափի նկատմամբ։

Քննության առարկա Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ Առդիրի 7, 8, 9, 10 և 11-րդ կետերով Վարկառուն ընդունում և համաձայնում է, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի նոր հաշվարկված տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է։

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ԱԶԲ Տնօրենների խորհրդի 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշման ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում, երբ արդեն իսկ հաստատվել էր, որ պաշտոնապես ավարտվել է արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետությանը վարկային միջոցների տրամադրումը, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել են թվով 3 վարկային համաձայնագրեր (3.10.2014թ., 5.09.2014թ. և 19.10.2015թ.), որոնցով նախատեսված վարկի տոկոսադրույքների չափերը ևս ենթակա են ավելացման: Սույն համաձայնագրի վավերացման նպատակահարմարության հարցը քննարկելիս այս հանգամանքը պետք է ուշադրության արժանանա։

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները վերաբերելի են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին:

Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին։ Սույն Համաձայնագրի առնչությամբ կարևորվում է այն հանգամանքը, թե ինչպես է կառավարության կողմից հիմնավորվում տարբերակների ընտրության նպատակահարմարությունը։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի հոկտեմբերի 17-ին և 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված` «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին (հատուկ գործառնություններ)» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 դեկտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1328

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան