Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1322
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266) Հոդ.1142
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.11.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.11.2016
Дата вступления в силу
22.11.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 նոյեմբերի 2016 թ.

 

ԺԱԿԼԻՆ ԱՅԱՆՅԱՆԻ, ԾԱՂԻԿ ԱՅԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԱՅԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

 մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

 դիմողների ներկայացուցիչներ Կ. Մեժլումյանի, Զ. Հայրապետյանի,

 գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

 համաձայն ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

 դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ժակլին Այանյանի, Ծաղիկ Այանյանի և Կարինե Այանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Ժակլին, Ծաղիկ և Կարինե Այանյանների՝ 2016թ. հուլիսի 14-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013թ. դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ մտել 2014թ. հունվարի 7-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» վերտառությամբ 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանում է.

«2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոք բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ` …

4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Ժակլին, Ծաղիկ և Կարինե Այանյանները (այսուհետ`դիմողներ) դիմել են ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ անշարժ գույքի նկատմամբ երրորդ անձանց անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով (ՎԴ/7463/05/13):

ՀՀ վարչական դատարանը 2015թ. մայիսի 14-ի վճռով հայցը մերժել է: Դիմողների ներկայացուցչի կողմից նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2015թ. հոկտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է և վարչական դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 2015թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է վարչական վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, որ «... բողոքաբերը բերված վճռաբեկ բողոքում թեև վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2006թ. թիվ 3-204(ՎԴ), 20.06.2008թ. թիվ 3-402(ՎԴ), 03.12.2010թ. թիվ ՎԴ2/0091/05/10, 12.03.2010թ. թիվ ՎԴ/0562/05/09 և 26.12.2013թ. թիվ ՎԴ3/0233/05/12 որոշումները, կատարել է որոշակի համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտում և վկայակոչված դատական ակտերում միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ, սակայն չի հիմնավորել, թե սույն գործով ստորադաս դատարանների կողմից նորմերին տրված մեկնաբանությունն ինչով է հակասում բողոքում նշված որոշումներում միևնույն նորմերին տրված մեկնաբանություններին»:

3. Դիմողները, վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը, գտնում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 92-րդ հոդվածին:

Դիմողները պնդում են, որ վիճարկվող իրավադրույթի` «կատարելով համեմատական վերլուծություն» արտահայտությունը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և իրավակիրառ պրակտիկայում տեղիք է տալիս կամայական և տարածական մեկնաբանության` հանգեցնելով դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և անձի` արդար դատաքննության իրավունքի խախտման: Դիմողները պատճառաբանում են, որ իրավունքն իրացնողի համար վիճարկվող դրույթի այդ պահանջն անհասկանալի և անկանխատեսելի է, քանի որ օրենսդիրը չի սահմանել, թե համեմատական վերլուծությունն ինչպես պետք է կատարել, այն ինչ չափանիշների և պայմանների պետք է համապատասխանի, որպեսզի վճռաբեկ դատարանի համար բավարար հիմք հանդիսանա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Այսինքն, ըստ դիմողների՝ «համեմատական վերլուծություն» արտահայտությունը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որի արդյունքում իրավունքն իրացնող սուբյեկտը չի կարողանում իր վարքագիծը կարգավորել այդ իրավանորմին համապատասխան:

Դիմողները, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, եզրակացնում են, որ վճռաբեկ դատարանի նախադեպերում նույնպես չի բացահայտվում, թե որոնք են բավարար «համեմատական վերլուծության» չափանիշները, ինչն էլ հնարավորություն է տալիս հայեցողական և սուբյեկտիվ մեկնաբանություն տալ բողոքում համեմատական վերլուծություն կատարած լինելու փաստին:

Հղում կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) իրավական դիրքորոշումներին՝ դիմողները կարծում են, որ «համեմատական վերլուծություն» արտահայտության ընդհանուր և վերացական ձևակերպված լինելը հանգեցնում է դիմումատուի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքի խախտմանը, քանի որ վճռաբեկ բողոքում համեմատական վերլուծություն կատարված լինելու դեպքում էլ հնարավոր է, որ այդ վերլուծությունը բավարար չհամարվի բողոքը վարույթ ընդունելու համար:

4. Պատասխանող կողմը պնդում է, որ «կատարելով համեմատական վերլուծություն» արտահայտության մեկնաբանությունը և կիրառությունը գործնական հարց է, և օրենսդիրն օբյեկտիվորեն չի կարող այս դեպքերում ապահովել իրավական որոշակիության ավելի բարձր աստիճան: Պատասխանողը նշում է, որ տվյալ դեպքում «համեմատական վերլուծություն» արտահայտությունն օգտագործվել է «օրենքի միատեսակ կիրառություն» հասկացության բացահայտման և մասնավորեցման նպատակով:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը` պատասխանողը գտնում է, որ իրավական դրույթների հնարավոր տարըմբռնումների նկատմամբ միասնական դիրքորոշումն ապահովվում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում:

Պատասխանողի կարծիքով` նման դեպքում «համեմատական վերլուծության» բավարար աստիճան պետք է համարվի ենթադրյալ հակասող դատական ակտերում տեղ գտած միևնույն իրավական դրույթների մեկնաբանությունների համադրման և իրավական վերլուծությունների այնպիսի մակարդակը, որը գործի ելքով չշահագրգռվածներին օբյեկտիվորեն կհամոզի, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանության և վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանության միջև առկա է հակասություն:

Ըստ պատասխանողի` խնդրո առարկա դրույթն ամբողջությամբ համապատասխանում է իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Դատարանի մատչելիության խնդրի կապակցությամբ պատասխանող կողմը վկայակոչելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում հաստատված դիրքորոշումը` արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքը կարող է օրենքով ենթարկվել իրավաչափ սահմանափակումների:

Պատասխանողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված` օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտության հիմնավորման պարտականության բեռը վճռաբեկ դատարանից բողոքաբերին փոխանցելն իրավաչափ է, քանզի պայմանավորված է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ սահմանադրաիրավական ինքնատիպ կարգավիճակով, ՀՀ դատական համակարգում ունեցած ուրույն դերով և բխում է նաև միջազգային լավագույն պրակտիկայից:

Պատասխանողի կարծիքով` գործող իրավակարգավորումների պայմաններում դատարանի մատչելիությունն արդյունավետ է, քանզի բողոք բերող անձն ունի հստակ և գործնական հնարավորություն բողոքարկելու իր իրավունքները շոշափող դատական ակտը, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

5. ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դիմողը, խնդրելով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, բարձրացնում է միայն «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթի սահմանադրականության հարցը, և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ է պարունակում միայն այդ եզրույթի վերաբերյալ: Հետևաբար, հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ Սահմանադրական դատարանը գործը քննության է առնում միայն «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթի սահմանադրականության բացահայտման շրջանակներում:

ՀՀ սահմանադրական դատարանը, ելնելով նաև դիմումում առաջադրված հարցադրումների բովանդակությունից, անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի` «... կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթի սահմանադրականությունը գնահատել իրավական որոշակիության սահմանադրական պահանջներին համապատասխանության (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներ) և դրա հետ կապված` արդար դատաքննության սահմանադրական իրավունքի ու վերջինիս կարևոր տարր հանդիսացող` դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորվածության (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներ) տեսանկյունից:

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 79-րդ հոդվածի` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 և այլն):

ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1176 և ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտած իր հետևյալ իրավական դիրքորոշումները. «… իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը կարևորում է իր ՍԴՈ-1270 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումներն առ այն, որ «… Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով։» և «… իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես գտել է, որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է («Busuioc v. Moldova», application no. 61513/00, 21/12/2004):

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, եթե բողոք բերած անձը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ապա պետք է, մասնավորապես, հիմնավորի, որ.

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ,

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի որոշման մեջ բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը,

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վիճարկվող դրույթի վերլուծությունից հետևում է, որ վճռաբեկ դատարանի որոշման միջոցով օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը նպաստելու հանգամանքը հիմնավորելու համար օրենսդիրը բողոքաբերին հստակ պահանջ է առաջադրում՝ մեջբերել բողոքարկվող դատական ակտի և վճռաբեկ դատարանի որոշման հակասող մասերը և կատարել համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ինքնին պետք է գնահատման առարկա դառնա իրավակիրառի կողմից, սակայն այդ գնահատումը պետք է իրացվի միայն հայեցողության իրավաչափության շրջանակներում` այնպես, որ այդպիսի գնահատումը հնարավորինս օրինական և արդարացի ընկալվի:

Ելնելով վերոհիշյալից, ինչպես նաև հաշվի առնելով Եվրոպական դատարանի այն իրավական դիրքորոշումը, որ օրենքի կանխատեսելիության, որոշակիության և հստակության սկզբունքի երաշխավորումը, ի թիվս այլնի, կոչված է նաև կանխելու, բացառելու «կամայականության վտանգը» («Hilda Hafsteinsdottir v. Iceland», application no.40905/98, 08.06.2004, p. 56), ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթի կամայական մեկնաբանությունը գործնականում կարող է ստեղծել միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման վտանգ:

Հաշվի առնելով ՀՀ դատական իշխանության համակարգում վճռաբեկ դատարանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղը և դերը` խնդրի առավել կանոնակարգված և կանխատեսելի լուծումը կարող էր իրականացվել նաև վճռաբեկ դատարանի կողմից` «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթի ընկալման չափանիշների վերաբերյալ նախադեպային որոշման շրջանակներում: Նման պարագայում կհստակեցվեին նաև դատարանի հայեցողության սահմանները և դատարանի մատչելիության հարցում կերաշխավորվեր կանխատեսելիությունը:

7. ՀՀ սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է նաև դատարանի մատչելիության երաշխավորման խնդրին՝ այն դիտարկելով որպես դատական պաշտպանության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների (ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ և 63-րդ հոդվածներ) անհրաժեշտ բաղադրատարր:

Սահմանադրական դատարանի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում պարզորոշ հաստատված է, որ դատարանի մատչելիությունը ենթադրում է դատական բոլոր ատյանների մատչելիություն:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր այն դիրքորոշումները, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (ՍԴՈ-1192), և որ ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (ՍԴՈ-1257):

Սահմանադրական դատարանը միաժամանակ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ դատարանի մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, և դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով (ՍԴՈ-1257), և որ իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (ՍԴՈ-1192):

Անդրադառնալով վերադաս դատական ատյանում դիմումի թույլատրելիության պահանջներին՝ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ՝ «Այլ է իրավիճակը վերադաս դատական ատյաններում, որոնցում դիմումի թույլատրելիության պահանջները կարող են ավելի խիստ լինել։ Սակայն այս ատյաններում ևս դիմումների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել կամայականորեն» (ՍԴՈ-719):

 ՄԻԵԴ-ը նույնպես գտնում է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով («Luordo v. Italy», application no. 32190/96, 17/10/2003, «Staroszczyk v. Poland», application no. 59519/00, 09/07/2007, «Stanev v. Bulgaria», application no. 36760/06, 17/12/2012 և այլն)։

Պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» («Khalfaoui v. France», application no. 34791/97, 14/03/2000):

ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներում նշել է, որ վճռաբեկ դատարան տրվող գանգատին ներկայացվող պահանջները կոչված են ապահովելու արդարադատության լավագույն կառավարում, սակայն ազգային դատարանների կողմից գանգատների ձևակերպման նկատմամբ չափազանց ձևական մոտեցումը վճռաբեկ գանգատների ընդունման հարցում կարող է հանգեցնել դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Վճռաբեկ գանգատի հստակ ձևակերպված չլինելու հիմքով վարույթ չընդունելը, ըստ ՄԻԵԴ-ի, կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման («Kemp v. Luxembourg», application no.17140/05, 24/04/2008, § 50, «Reichman v. France», application no. 50147/11, 12/07/2016, «Viard v. France», application no. 71658/10, 09/01/2014, § 36):

 Հարկ է նշել, որ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից հետևում է, որ պետք է խուսափել ավելորդ ֆորմալիզմից, բայց միաժամանակ չլինել չափազանց ճկուն, որպեսզի վճռաբեկ գանգատին ներկայացվող պահանջները չդառնան անիմաստ («Walchli v. France», application no. 35787/03, 26/07/2007, §§ 31-37, «Dumitru Gheorghe v. Romania», application 33883/06, 12/04/2016, § 28):

ՄԻԵԴ-ը հնարավոր է համարում, որ ներպետական դատավարական կարգի համաձայն դիմողից պահանջվի հայցը կամ գանգատը, այդ թվում փաստական հիմքերն ու իրավական փաստարկները, ներկայացվեն գրավոր` որոշակի ձևանմուշին համապատասխան: Այդուհանդերձ, այս պահանջը չպետք է հանգեցնի ծայրահեղ ֆորմալիզմի, և հարկ է, որ ներպետական դատարանները սեփական նախաձեռնությամբ գործի հանգամանքների որոշակի ուսումնասիրություն կատարեն՝ դիմողի փաստարկներն ըստ էության prօpriօ mօtս կարգով գնահատելու համար, եթե նույնիսկ դրանք ձևակերպված չեն եղել բացարձակ պարզորոշ կամ ճշգրիտ կերպով («Dattel-2 v. Luxembourg», application no.18522/06, 10/12/2009, §§ 36-47):

8. ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորումը՝ վճռաբեկ բողոքում հիմնավորում ներկայացնելու, համապատասխան դատական ակտը կցելու, հակասող մասերը մեջբերելու և համեմատական վերլուծություն կատարելու պահանջների մասով ընդհանուր առմամբ համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1293 որոշմամբ քննության առարկա դարձած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համանման իրավակարգավորմանը:

 Հետևաբար, ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով ՍԴՈ-1293 որոշմամբ քննության առարկա իրավակարգավորման և սույն գործով իրավակարգավորման` անձի վրա դրված պարտականությունների մասով բովանդակային համարժեքությունը` գտնում է, որ նշված որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա իրավակարգավորման նկատմամբ:

Սահմանադրական դատարանը հիշյալ որոշման մեջ նշել է, որ «… օրենսդրի` վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում պատշաճ իրավական հիմնավորում ներկայացնելու պահանջն իրավաչափ է, քանզի այն ներառում է այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք են բողոքարկվող դատական ակտի` վկայակոչվող դատական ակտին հակասող մասերը մեջբերելը, բողոքարկվող դատական ակտի և վկայակոչվող դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծություն կատարելը: Հիշյալ համատեքստում հիմնավորում ներկայացնելու իրավական պահանջն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն չի հանգեցնում նաև իրավունքի էության խախտման»:

Հետևաբար, բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծության պահանջն ինքնին իրավաչափ է:

Այլ է հարցը, թե որքանո՞վ է այդ պահանջն իրավակիրառ պրակտիկայում ընկալվում դրա սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան:

«Կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության իրավաչափ ընկալման համար կարևոր է, որ բողոքաբերի կողմից վկայակոչվող` վճռաբեկ դատարանի դատական ակտերը վերաբերելի լինեն, այսինքն, բողոքարկվող դատական ակտը և վճռաբեկ դատարանի վկայակոչվող դատական ակտը կամ ակտերն ունենան նույնանման փաստական հանգամանքներ: ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նման պարագայում հակասող մասերի մեջբերում կատարելը և բողոքարկվող դատական ակտի ու նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծությունը` դրանց համադրման արդյունքում անհամապատասխանության փաստումը, ինքնին հանդես են գալիս որպես հիմնավորում առ այն, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը, ըստ բողոքաբերի, հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Իսկ իրական հակասության առկայությունը պարզելու և գնահատելու իրավական հնարավորությունը տվյալ դեպքում վճռաբեկ դատարանի բացառիկ իրավասության շրջանակներում է: Ուստի անընդունելի է իրավակիրառ պրակտիկայում այս դրույթի այնպիսի ընկալումը, որի պարագայում ստացվում է, որ հակասող մասերի մեջբերում կատարելը և առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Բողոքի հիմնավորվածության վերաբերյալ դատարանի բացարձակ հայեցողական գնահատականն իրական վտանգ է անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման համար: Վեճի առարկա իրավանորմի` «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթն ինքնին վճռաբեկ բողոքի հիմնավորման պահանջի իրացումն է: Դիմումը քննության ընդունելու փուլում նման վերլուծության բնույթի ըստ էության գնահատմամբ չի կարող մերժվել` արգելափակելով դատարանի մատչելիությունը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք ապահովման և վճռաբեկ դատարանի մատչելիության երաշխավորման նպատակով անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցում խուսափել հայեցողության բացարձականացումից ու ավելորդ ձևականությունից և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորումը կիրառել վերը շարադրված իրավական դիրքորոշմանը համապատասխան:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, համաձայն որի` բողոքարկվող դատական ակտի և նույնաբնույթ փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծությունը կամ դրանց համադրման արդյունքում անհամապատասխանության փաստումն ինքնին հանդես է գալիս որպես հիմնավորում առ այն, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը, ըստ բողոքաբերի, հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Դիմումը քննության ընդունելու փուլում նման վերլուծության բնույթի ըստ էության գնահատմամբ չի կարող մերժվել` արգելափակելով դատարանի մատչելիությունը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

   Նախագահող

Գ. Հարությունյան

 

22 նոյեմբերի 2016 թ.

        ՍԴՈ-1322