Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.8
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.06.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
24.06.2016
Дата вступления в силу
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0038/01/15

Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0038/01/15

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

Գ. Մելիք-Սարգսյան
Կ.Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Ե. դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ

Հ. Չախոյանի

պաշտպան

 Կ. ՔաՄԱԼՅԱՆԻ

ամբաստանյալ

Ս. ԱԲՈՎՅԱՆԻ

ամբաստանյալի օրինական ներկայացուցիչ

Ս. ԱԲՈՎՅԱՆԻ

 

 

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Սերգեյ Սերոբի Աբովյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2015 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10109515 քրեական գործը:

2015 թվականի փետրվարի 23-ին Սերգեյ Աբովյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

2015 թվականի փետրվարի 28-ին Ս.Աբովյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: 2015 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Ս.Աբովյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հունիսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով Ս.Աբովյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

Ս.Աբովյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված հսկողության հանձնելը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը: Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 3-ի որոշմամբ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ս.Աբովյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա 2015 թվականի փետրվարի 22-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում, հանդիպել է իր ծանոթ Վարդգես Մարտիրոսյանին, ով զանգահարելու համար խնդրել է նրա բջջային հեռախոսը: Հեռախոսով զրուցելով քայլել են Երևան քաղաքի Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում գտնվող թիվ 195-րդ միջնակարգ դպրոցի բակ, որտեղ հանդիպել են Բենիկ Նիկողոսյանին: Վերջինս և նրա ընկերները մտածել են, որ Ս.Աբովյանը եկել է իրենց հետ վիճելու ու դրա հետ կապված միմյանց սկսել են քաշքշել: Բ.Նիկողոսյանը դիմել է փախուստի, իսկ Ս.Աբովյանը, հետապնդելով և հասնելով նրան, իր մոտ գտնվող դանակով հարվածել է Բ.Նիկողոսյանի կրծքավանդակի ձախ հատվածին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքի ձևով, որն ուղեկցվել է ձախ թոքի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 286):

5.1. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ ամբաստանյալ Ս.Աբովյանի կատարած արարքը, բացի նրա ինքնախոստովանական ցուցմունքներից, հիմնավորվել է նաև քրեական գործով ձեռք բերված, ի թիվս այլնի, տուժող Բ.Նիկողոսյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված նույնաբովանդակ ցուցմունքներով այն մասին, որ. «(...) [Ն]կատելով, որ այդ տղան [ամբաստանյալը] ձեռքը տարել է ծոցագրպանը և գրպանից դանակ է հանել [՝ի]նքը գոռալով զգուշացրել է ընկերներին, որ նրա մոտ դանակ կա և վախենալով դրանից բոլորով հետ են քաշվել: Դրանից հետո այդ տղան դանակը բացելով վազել է իր ետևից, իսկ ինքն էլ փախուստի է դիմել, սակայն վայրը այնպիսին է եղել, որ փախչելու տեղ չի եղել: Իրեն մոտենալուց հետո այդ տղան հարվածել է կրծքավանդակի ձախ հատվածին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 463):

6. Արդյունքում Առաջին ատյանի դատարանն եզրահանգել է. «(...) [Հ]աշվի առնելով Սերգեյ Աբովյանի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը` մասնավորապես այն, որ ութ ամսից ավելի գտնվելով ազատության մեջ գիտակցել է կատարած հանցանքի վտանգավորությունը և մինչ օրս զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, անչափահաս է, դպրոցական է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ընդունել է մեղքը, զղջացել է կատարածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, հանցանքի կատարմանը նպաստել է տուժողի հակաօրինական վարքագիծը, տուժողը որևէ բողոք չի ներկայացրել, նաև այն, որ անչափահասների մեկուսացման բացասական հետևանքների վտանգը շատ ավելի մեծ է, դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ Սերգեյ Աբովյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը ու հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում դրանով կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման ու պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 466):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը (...) հիմնավորված կերպով հանգել է այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` հիմնավորված որոշում է կայացրել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով համապատասխան փորձաշրջան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 32-33):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի պնդմամբ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել դատական սխալ` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Մասնավորապես` ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում չեն հետազոտել և գնահատել ամբաստանյալի դիտավորության տեսակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը: Թվարկված մեղմացնող հանգամանքները զուտ դատարանների սուբյեկտիվ գնահատման արդյունք են և իրականում չեն նվազեցնում կատարված արարքի վտանգավորության աստիճանն այն չափով, որ նրա նկատմամբ կիրառելի լինի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

Մասնավորապես, պատշաճ գնահատականի չի արժանացվել հանցավորի անձը բնութագրող այնպիսի հանգամանք, որ հանցանքը կատարելու պահին վերջինս դանակ է կրել` պատրաստ լինելով ցանկացած ժամանակ այն գործադրելու: Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի` արարքի վտանգավորության աստիճանի գնահատման համար էական նշանակություն ունի կատարված արարքի և դրա հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքի վերլուծությունը: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել դատաքննության ընթացքում ամբաստանյալի տված ցուցմունքներն այն մասին, որ վիճաբանությունը սկսելուն պես գրպանից հանել է դանակը և տեսնելով, որ որևէ մեկն իրեն այլևս չի քաշքշել և չի հարվածել, այլ, ընդհակառակը, բոլորը փախուստի են դիմել՝ հետապնդել է տուժողին և դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ հատվածին:

Ավելին` հանցավորը վնասը պատճառելուց հետո որևէ միջոց չի ձեռնարկել տուժողին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք ամբաստանյալ Ս.Աբովյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15 և այլն):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը (…)

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ա.Շահբազյանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված] հանրորեն վտանգավոր արարքների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում: Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն, այլև դրանց գործնական կիրառման հնարավորության ապահովում:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…):

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

[Ա]ռանց նշված հանգամանքների գնահատման առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը):

13. Վերահաստատելով Ա.Շահբազյանի որոշմամբ արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում առանձնանում է իր առավել բարձր հանրային վտանգավորությամբ, ինչը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում՝ պատժողական քաղաքականության իրականացում: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող սույն հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները (այդ թվում՝ հանցագործությանը նախորդող և ուղեկցող (տե՛ս, mutatis mutandis, Հրանտ Պարանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 13-րդ կետը)), եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն: Ընդ որում, մարմնական վնասվածքների բնույթը գնահատելիս պետք է նկատի ունենալ, որ առողջությանը պատճառված ծանր վնասը կարող է տարբեր լինել` կյանքի համար վտանգ ներկայացնող և կյանքի համար թեև վտանգ չներկայացնող, սակայն օրենքում հատուկ նշված հետևանքների առաջացմամբ արտահայտվող (օրինակ` տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ դեմքի անջնջելի այլանդակում, մասնագիտական աշխատունակության լրիվ կորուստ և այլն): Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կյանքի համար վտանգ չներկայացնող վնասի համեմատությամբ այդպիսի վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, որպես կանոն, իրենից առավել բարձր հանրային վտանգավորություն է ներկայացնում: Հետևաբար պատիժ նշանակելիս և պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը որոշելիս սույն հանգամանքը ևս պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանանա դատարանի կողմից:

13.1. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս, mutatis mutandis, Սարգիս Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14 որոշումների համապատասխանաբար 14-րդ, 13-րդ և 15-րդ կետերը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Աբովյանի և Բ.Նիկողոսյանի ու նրա ընկերների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում վերջիններս սկսել են միմյանց քաշքշել: Այնուհետև Բ.Նիկողոսյանը դիմել է փախուստի, իսկ Ս.Աբովյանը հետապնդել և հասել է նրան, իր մոտ գտնվող դանակով հարվածել Բ. Նիկողոսյանի կրծքավանդակի ձախ հատվածին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ձախ թոքի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ս.Աբովյանի կատարած արարքը հիմնավորված է համարել, ի թիվս այլնի, տուժող Բ. Նիկողոսյանի ցուցմունքով առ այն, որ երբ վերջինս նկատել է, որ ամբաստանյալը ձեռքը տարել է ծոցագրպանը և գրպանից դանակ հանել, գոռալով զգուշացրել է ընկերներին, որ նրա մոտ դանակ կա, և վախենալով դրանից՝ բոլորով հետ են քաշվել: Դրանից հետո Ս.Աբովյանը, դանակը բացելով, վազել է իր ետևից, իսկ ինքն էլ փախուստի է դիմել, սակայն վայրն այնպիսին է եղել, որ փախչելու տեղ չի եղել: Իրեն մոտենալուց հետո ամբաստանյալը հարվածել է կրծքավանդակի ձախ հատվածին (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը):

Պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ Ս.Աբովյանն անչափահաս է, դպրոցական, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, բացի այդ, հանցանքի կատարմանը նպաստել է տուժողի հակաօրինական վարքագիծը, տուժողը որևէ բողոք չի ներկայացրել: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ Ս.Աբովյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավորված հետևության է հանգել ամբաստանյալ Ս.Աբովյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները համադրելով սույն որոշման 11-13.1.-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Ս.Աբովյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Մասնավորապես` ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել`

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է առողջության և այն ապահովող այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև մահ,

- հանցագործության առանձնահատուկ հանգամանքները, մասնավորապես այն, որ փոխադարձ քաշքշուկի ընթացքում ամբաստանյալը գրպանից հանել է դանակը և տեսնելով, որ տուժողը փախուստի է դիմում, հետապնդել է վերջինիս: Վայրն այնպիսին է եղել, որ տուժողը փախչելու տեղ չի ունեցել, իսկ Ս.Աբովյանը, հասնելով նրան, հարված է հասցրել (տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը),

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

- ամբաստանյալի մոտ դանակի առկայության և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելու հանգամանքը,

- պատճառված մարմնական վնասվածքի տեղակայումը և բնույթը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարվածը հասցրել է կրծքավանդակի ձախ հատվածին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ձախ թոքի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ինչ վերաբերում է ամբաստանյալի անչափահաս լինելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միայն այն հանգամանքը, որ հանցավորը հանցանք կատարելու պահին եղել է անչափահաս, չի կարող մեխանիկորեն հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմանը, այլ այդ դեպքում նշյալ հոդվածի կիրառման հնարավորությունը պետք է քննարկվի, ի թիվս այլնի, հանցագործության` հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում (տե՛ս mutatis mutandis, Նարեկ Մադյանի և Դավիթ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ2/0045/01/14 որոշման 14.1.-րդ կետը):

15.1. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Աբովյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարաններն ինչպես առանձին վերցրած, այնպես էլ իրենց համակցության մեջ պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, հանցավոր վարքագծի դրսևորմանն ուղեկցող հանգամանքներին, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, պատճառված մարմնական վնասվածքի տեղակայմանն ու բնույթին:

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Աբովյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարան

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերգեյ Սերոբի Աբովյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Սերգեյ Աբովյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց հսկողության հանձնելը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան