Գլխավոր տեղեկություն
Номер
N 378-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2017-13.07.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.12.21/26(569) Հոդ.335
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
30.11.2016
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.11.2016
Дата вступления в силу
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 378-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 30-ի

N 378-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Մատակարարի կողմից Բաժանորդին Խմելու ջրի մատակարարման (այսուհետ` ջրամատակարարում) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ` Ծառայություններ) մատուցման, ինչպես նաև Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման հետ կապված Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի փոխհարաբերությունները (այսուհետ` Կանոններ):

2. Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Խմելու ջուր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876-Ն հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերին և կանոններին համապատասխանող որակի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2003 թվականի ապրիլի 17-ի «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 047-Ն հրամանով հաստատված` ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնների 4-րդ կետով սահմանված պահանջներին բավարարող ճնշմամբ ջուր.

3) Պայմանագիր` Մատակարարի և Բաժանորդի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված Ծառայությունների մատուցման պայմանագիր.

4) Մատակարար` անձ, որը Բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր, Միացման պայմանագիր կամ որին Բաժանորդը դիմել է Պայմանագրի, Միացման պայմանագրի կնքման համար.

5) Բաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, կամ անհատ ձեռնարկատեր, որը Մատակարարի հետ կնքել է Պայմանագիր կամ դիմել է Պայմանագրի կնքման համար.

6) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմանագրով կամ այլ իրավական հիմքով Մատակարարի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ: Սույն հասկացության կիրառումը հավասարապես վերաբերում է Մատակարարի և՛ ջրամատակարարման համակարգին, և՛ ջրահեռացման համակարգին.

7) Նոր միացում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացում կամ կատարված միացման փոփոխություն.

8) Նոր համակարգ` Նոր միացման դեպքում Դիմող անձի հաշվին Մատակարարի կողմից կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ.

9) Միացման պայմանագիր` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման ու Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դրա միացման համար Մատակարարի և Դիմող անձի միջև Կանոններով սահմանված կարգին և ձևին համապատասխան կնքված պայմանագիր.

10) Ներքին ցանց` Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ.

11) Սահմանազատման կետ` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, իսկ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման դեպքում` Մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը, բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը, ցայտաղբյուրի դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է Առևտրային հաշվառքի սարքը, իսկ Առևտրային հաշվառքի սարք տեղակայված չլինելու դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին փականը.

12) Տեխնիկական պայմաններ` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից առաջադրվող պայմաններ, որոնք սահմանվում են` ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և Դիմող անձի Նոր միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից.

13) Դիմող անձ` Մատակարարին Նոր միացման համար դիմում ներկայացրած անձ.

14) Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.

15) Առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.

16) Առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված Առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ Առևտրային հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.

17) Բակային ծորակ` Բաժանորդին ջրամատակարարման Ծառայության մատուցման նպատակով տեղակայված ընդհանուր օգտագործման ծորակ, որը տեղակայվել է բնակեցված այն վայրում, որտեղ չկա Մատակարարի ջրամատակարարման համակարգի բաշխիչ ցանց.

18) Ջրամատակարարման ընդհատում` Բաժանորդի հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի այն խախտումն է, որը պայմանավորված է Սահմանազատման կետում Խմելու ջրի չապահովմամբ.

19) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.

20) Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Մատակարարի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջինիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքերն ու հանգամանքներն են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները և ապստամբությունները: Սույն ենթակետը չի սահմանափակում Մատակարարի իրավունքը նշվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք Ֆորս մաժոր ճանաչելու համար:

3. Մատակարարը պարտավոր է Ծառայություններ մատուցել յուրաքանչյուր Բաժանորդի, որի հետ Կանոններով սահմանված կարգով կնքել է Պայմանագիր: Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում և Պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան:

4. Պայմանագիրը և Միացման պայմանագիրը կնքվում են թղթային, իսկ Բաժանորդի կամ Դիմող անձի համաձայնության դեպքում` էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է Բաժանորդի էլեկտրոնային ստորագրությամբ` Մատակարարի պաշտոնական կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով:

5. Մատակարարը պահպանում է Նոր միացման համար ներկայացված դիմումը` ներկայացման պահից, Միացման պայմանագիրը` կնքելու պահից, Պայմանագիրը` լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

6. Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի Ներքին ցանցի միացման յուրաքանչյուր կետի համար, մատուցված Ծառայության հաշվառման նպատակով, Մատակարարը Կանոններով սահմանված կարգով տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք և Բաժանորդին մատուցվող Ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ` հաշվառման քարտ): Հաշվառման քարտում պահպանվում են Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված) Ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը Մատակարարը պահպանում է Պայմանագրի լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

7. Չի թույլատրվում Բաժանորդից կամ Դիմող անձից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն Կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

8. Բաժանորդը իր Ներքին ցանցը ներառող տարածքը օտարելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Մատակարարին` Պայմանագիրը լուծելու համար:

9. Մատակարարի և Բաժանորդի միջև Կանոններով կարգավորվող հարաբերությունների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ նրանցից մեկի դիմելու դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն դրույթը չի սահմանափակում նրանց իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն   II

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ՈԼՈՐՏՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑՈՒՄԸ

 

10. Նոր համակարգի կառուցումը` այդ թվում Առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը, և դրա միացումը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին իրականացնում է Մատակարարը` Միացման պայմանագրի հիման վրա` համաձայն հավելվածի: Նոր միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված Նոր համակարգը, որն ընդգրկում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև Սահմանազատման կետն ընկած հատվածը, հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս:

11. Դիմող անձից Նոր միացման համար գանձվում է միացման վճար: Միացման վճարի մեծությունը հավասար է Նոր համակարգի կառուցման և Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման աշխատանքների իրականացման նպատակով Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո` Միացման պայմանագրով սահմանված կարգով:

12. Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Նոր միացման ծախսային հնարավոր բոլոր բաղադրիչների համար կիրառվող գները, որոնք կիրառելի են միայն Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո:

13. Ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, Նոր միացման դեպքում Մատակարարն իրավունք ունի կառուցել Միացման պայմանագրով նախատեսված Նոր համակարգի կառուցման պահանջները գերազանցող համակարգ` գերազանցող մասով կատարված ծախսերը չներառելով միացման վճարի հաշվարկում:

14. Նոր միացման համար Դիմող անձը կամ, Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում` առաջադրանք տվող իրավասու մարմինը, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Մատակարարին:

15. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) Ֆիզիկական անձանց համար`

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,

բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` նաև վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,

գ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը,

դ. Տեխնիկական պայմանների և խոշորացված նախահաշվի կազմման համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) Իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` իրավաբանական անձ) համար`

ա. ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.

բ. հարկ վճարողի հաշվառման համարը.

գ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթի պատճենները.

դ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը.

ե. միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը.

զ. Տեխնիկական պայմանների և խոշորացված նախահաշվի կազմման համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

է. Արտադրական գործունեության դեպքում` Խմելու ջրի պահանջվող քանակի հաշվարկը.

ը. Արտադրական գործունեության դեպքում` հեռացվելիք ջրի (մաքրվելիք կեղտաջրերի) քանակը և բաղադրությունը:

16. Դիմումն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված Միացման պայմանագիրը` կցելով մշակված Տեխնիկական պայմանները և խոշորացված նախահաշիվը:

17. Դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում Կանոնների 15-րդ կետով սահմանված պահանջներին: Դիմումի մերժման դեպքում Մատակարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Դիմող անձին: Դիմումի մերժման դեպքում Կանոնների 15-րդ կետի համաձայն Դիմող անձի վճարած 2000 դրամ գումարը չի վերադարձվում:

18. Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Միացման պայմանագիրը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Միացման պայմանագրի մեկ օրինակը` կցելով Միացման պայմանագրում ամրագրված միացման վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Դիմող անձի կողմից նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Միացման պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:

19. Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել`

1) 30 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը ֆիզիկական անձ կամ ոչ արտադրական նպատակով Ծառայությունների մատուցման համար դիմած իրավաբանական անձ է.

2) 90 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը արտադրական նպատակով Ծառայությունների մատուցման համար դիմած իրավաբանական անձ է.

3) 120 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատող է:

Մատակարարի և Դիմող անձի փոխհամաձայնությամբ Միացման պայմանագրում կարող է սահմանվել Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամանակահատված:

20. Մատակարարը Կանոնների 19-րդ կետով սահմանված ժամկետում`

1) կազմում է Նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման նախագծանախահաշվային փաստաթղթերը.

2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումներն իրավասու մարմինների և այլ անձանց հետ.

3) իրականացնում է Նոր համակարգի կառուցման աշխատանքները.

4) Դիմող անձի հետ կատարում է միացման վճարի վերջնահաշվարկ` նվազեցնելով նաև Կանոնների 15-րդ կետով սահմանված և միացման վճարում ներառված` Դիմող անձի Տեխնիկական պայմանների և խոշորացված նախահաշվի կազմման համար վճարած 2000 դրամը.

5) Դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկ:

21. Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը` կցելով ճշգրտված միացման վճարի չվճարված մասի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Դիմող անձի կողմից նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:

22. Մատակարարը Պայմանագիրը կնքելու օրվանից` 5, իսկ Երևան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում սկսում է Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

23. Հանձնաժողովը, Դիմող անձի և Մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում, Մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա, վերջիններիս համաձայնության դեպքում կարող է ընդունել Նոր միացման վերաբերյալ անհատական որոշումներ:

24. Մատակարարը սույն գլխում նշված ծանուցումներն իրականացնում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` իր հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՊԱՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Նոր միացման դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետող տարածքից դուրս` Սահմանազատման կետում, իսկ դրա անհնարինության դեպքում` Սահմանազատման կետին հնարավոր ամենամոտ կետում: Բազմաբնակարան շենքի դեպքում Առևտրային հաշվառքի սարքը կարող է տեղակայվել Ներքին ցանցում` այդ թվում բնակարանի ներսում:

26. Առևտրային հաշվառքի սարք չունեցող Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է 30 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք:

27. Մատակարարը կնքում է տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը համարակալված հոլոգրաֆիկ կնիքով, որը կարող է լրացուցիչ կնքել Բաժանորդը: Մատակարարի դրած հոլոգրաֆիկ կնիքը`

1) վթարի դեպքում Բաժանորդն իրավունք ունի պոկել` այդ մասին Մատակարարին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց հետո, որը Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման Բաժանորդի կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում Բաժանորդի` կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև Մատակարարի վերակնքելու ժամանակահատվածի, բայց ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա համար Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին ամսական քանակով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.

2) մնացած դեպքերում իրավունք ունի պոկել միայն Մատակարարը` այդ մասին իրեն Բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, որը Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման կնիքը պոկելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Մատակարարը նշված ժամանակահատվածում կնիքը չի պոկում, ապա Բաժանորդն իրավունք ունի պոկել այն: Այս դեպքում կնիքը պոկելու պահից մինչև վերակնքելու ժամանակահատվածի, բայց ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրվա համար Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին ամսական քանակով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.

3) պոկված լինելու մասին Բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Այս դեպքում կնիքը պոկված լինելու մասին տեղեկացնելու պահից մինչև վերակնքելու ժամանակահատվածի, բայց ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա համար Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին ամսական քանակով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն:

28. Առևտրային հաշվառքի սարքը Կանոնների 27-րդ կետով սահմանված ժամկետում չվերակնքելու դեպքում վերակնքելու համար սահմանված ժամանակահատվածը լրանալու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի համար Բաժանորդին`

ա. Բաժանորդի մեղքով չվերակնքելու դեպքում` մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` Կանոնների 49-րդ կետի համաձայն.

բ. Մատակարարի մեղքով չվերակնքելու դեպքում` մատուցված Ծառայության քանակ չի հաշվարկվում:

29. Հիդրանտով, ինչպես նաև Նոր միացման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:

30. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ Մատակարարի կամ Բաժանորդի մոտ կասկած առաջանալու դեպքում, Մատակարարի կամ Բաժանորդի նախաձեռնությամբ անցկացվում է Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում` Մատակարարի կողմից Բաժանորդին արտահերթ ստուգաչափման մասին ծանուցման կամ Բաժանորդի դիմումի ստացման օրվանից 10 օրվա ընթացքում:

31. Անկախ պատկանելությունից, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը իրականացնում է Մատակարարը` իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման արդյունքում Առևտրային հաշվառքի սարքի խախտում չի արձանագրվել: Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը` Չափագիտական մարմնի պաշտոնական եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

32. Մատակարարը ստուգաչափման արդյունքում Առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման դեպքում Կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով կատարում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ` Չափագիտական մարմնի պաշտոնական եզրակացությունը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

33. Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել Բաժանորդին:

34. Այն դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս, Բաժանորդն իրավունք ունի պահանջել, որ Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ` ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան Մատակարարի կողմից այդ մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում պատշաճ ձևով ծանուցված Բաժանորդի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են առանց Բաժանորդի ներկայության:

35. Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում Մատակարարը`

1) արտաքին զննության արդյունքում կազմում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, Առևտրային հաշվառքի սարքի խախտված լինելու մասին արձանագրություն, որը ստորագրում են Մատակարարը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը: Բաժանորդի չներկայանալու կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում այդ մասին Մատակարարը արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն արձանագրությանը կցում է Բաժանորդին ծանուցելու մասին գրությունը: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար.

2) իր հաշվին տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում և որը հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս: Բաժանորդի սեփականություն հանդիսացող ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափումից հետո վերադարձվում է Բաժանորդին` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված Ծառայությունների մատուցման սակագներով` յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար, բացառությամբ Կանոնների 37-րդ կետով սահմանված դեպքերի:

37. Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումն անվճար է`

1) հիդրանտով` հակահրդեհային նպատակով իրականացվող ջրամատակարարման դեպքում.

2) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կառուցված ցայտաղբյուրների համար.

3) սկսած 2017 թվականի հունվարի 1-ից համայնքի թույլտվությամբ և ջրային համակարգի կառավարման մարմնի ու Մատակարարի համաձայնությամբ կառուցված ցայտաղբյուրների համար:

38. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի չափով: Ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում Պայմանագրով կարող է սահմանվել, որ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:

39. Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցման դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով: Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը նվազեցվում է իր Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցեղ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի չափով:

40. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդի պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարել Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ` Բաժանորդի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի չներկայանալու դեպքում Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է առանց նրա:

41. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարի ներկայացուցիչը` ծառայողական վկայականը ներկայացնելուց հետո Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հեռախոսազանգով կամ էլեկտրոնային եղանակով ճշտում է Մատակարարը կամ հաղորդում է Բաժանորդը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարի ներկայացուցչի կողմից Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով ցուցմունքի գրանցումը պետք է իրականացվի առնվազն 6 ամիսը 1 անգամ:

42. Առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարման դեպքում`

1) բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30մ3, բացառությամբ Կանոնների 43-րդ կետի.

2) ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 100մ3, բացառությամբ Կանոնների 43-րդ կետի.

3) ոչ բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկով, բացառությամբ Կանոնների 43-րդ կետով սահմանված դեպքի:

43. Մատակարարի կողմից Կանոնների համաձայն Առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին ամսական քանակի 10%-ի չափով: Բաժանորդին մատուցված Ծառայության միջին ամսական քանակը հաշվարկվում է վերջին մեկ տարում Ծառայության մատուցում ունեցած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին ամսական քանակի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություն չի մատուցվել, ապա Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսվա մատուցված Ծառայության քանակի չափով:

44. Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ Բաժանորդի առարկության դեպքում Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը վճարել է մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի` իր կողմից չվիճարկվող մասը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին:

45. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ: Մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվա դրությամբ գործող Ծառայությունների մատուցման սակագների արտադրյալով:

46. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ

1) հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

      ԱՏօր  * Ս%  
Վվք = Մմօծ * --------------- ,
      100 ± Ս%  
   

 որտեղ`

Վվք-ն մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակն է (մ3): Մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում` ելնելով վերահաշվարկի արդյունքից կամ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին, կամ նվազեցնում դրանից, կամ ներկայացնում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ,

Մմօծ-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3): Մատուցված Ծառայության միջին օրական քանակի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

   

Հջք

Մմօծ =  -----------,
   

Տօր

 

որտեղ`

Հջք -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայության քանակն է (մ3),

Տօր -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է (օր), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում Ծառայության մատուցում ունեցած օրերի քանակն է,

ԱՏօր-ն վերահաշվարկի ժամանակահատվածն է (օր), որը հավասար է Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածին: Եթե վերահաշվարկի ժամանակահատվածը գերազանցում է 60 օրը, ապա այն կատարվում է 60 օրվա համար` ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում վերահաշվարկի համար կիրառել ավելի կարճ ժամանակահատված,

Ս% -ն Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից մատուցված Ծառայության քանակի շեղումն է (%), Ս%-ն բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական «-» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքը դանդաղ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է, և` դրական «+» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է.

2) հնարավոր չի եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

  Վվք  = ՆՄմօծ  * ԱՏօր ,

 

որտեղ`

ՆՄմօծ-ն վերջին մեկ տարում վերահաշվարկվող Ծառայության մատուցում ունեցած Հաշվարկային ամիսներին մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3):

47. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է Բաժանորդի գործողություններով, ապա Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարել տուժանք` մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի չափով: Տուժանք վճարելու պահանջին Բաժանորդի համաձայնելու դեպքում Մատակարարը տուժանքն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում` ավելացնելով Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին: Տուժանք վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով:

48. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է Մատակարարի գործողություններով, ապա Մատակարարը Բաժանորդին վճարում է տուժանք` մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կրկնապատիկի չափով: Մատակարարը տուժանքն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում` նվազեցնելով Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից:

49. Մատակարարը Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման դեպքում կազմում է խախտման մասին արձանագրություն` համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի և իրականացնում վերահաշվարկ շրջանցմամբ միացված ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկով` բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում` 30 օրվա, ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում` 60 օրվա, իսկ ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում 180 օրվա համար, բացառությամբ այն դեպքի, երբ սույն կետով սահմանված ժամանակահատվածներից կարճ ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ վերահաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածի համար: Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման դեպքում Խմելու ջրի վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և ավելացնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին կամ ներկայացնում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:

50. Մատակարարը պարտավոր է Բաժանորդից մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ առարկություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին` պարզաբանելով մատուցված Ծառայության վերահաշվարկի արդյունքի հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Մատակարարի և Բաժանորդի միջև մատուցված Ծառայության վերահաշվարկի արդյունքի վերաբերյալ տարաձայնության դեպքում Բաժանորդը մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում վճարման ենթակա գումարի հետ վճարում է նաև մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի` իր կողմից չվիճարկվող մասը: Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը մինչև վեճի վերջնական լուծումը:

51. Մատակարարը պարտավոր է`

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղակայել նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը: Ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում Մատակարարը սույն կետում նշված ժամկետում կազմում և Բաժանորդին է ներկայացնում նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ.

2) Բաժանորդի գրավոր պահանջի կամ Պայմանագրով նման պահանջ նախատեսված լինելու դեպքում, սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության տեղակայելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել այդ տեղեկատվությունը փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը փոստով ներկայացնելու ծառայության համար վճարում է Բաժանորդը.

3) Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց տրվող վճարումը հավաստող փաստաթղթում (անկախ վճարման ձևից) ներառել տվյալ Բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ ու վերջին ցուցմունքները և դրանց գրանցման օրերը, նախորդ ամսում վճարած գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ), նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ Հաշվարկային ամսվա սկզբին և ավարտին պարտքի մնացորդը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարման ամսաթիվը, հաջորդ Հաշվարկային ամսվա ջրամատակարարման գրաֆիկով երաշխավորված ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ` __ ժամ» բառերը և ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

52. Բաժանորդը Հաշվարկային ամսում մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը պարտավոր է վճարել մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 22-ը ներառյալ, իսկ հաշվարկային փաստաթղթում մատուցված Ծառայությունների վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումար և (կամ) տուժանք ներառված լինելու դեպքում` նաև այդ գումարը և (կամ) տուժանքը:

53. Մատուցված Ծառայությունների դիմաց Կանոնների 52-րդ կետով սահմանված ժամկետում վճարման ենթակա գումարը չվճարելու դեպքում ոչ բնակիչ Բաժանորդը Մատակարարին յուրաքանչյուր ուշացված օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար, վճարում է տուժանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:

 

 Գ Լ ՈՒ Խ  5

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

54. Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) պատասխանատվությունն` անկախ դրա պատկանելությունից, կրում է Մատակարարը, բացառությամբ Կանոնների 31-րդ և 55-րդ կետերով սահմանված դեպքերի:

55. Բաժանորդը պատասխանատվություն է կրում այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ուղղված են Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը:

56. Մատակարարը Բաժանորդին վճարում է տուժանք` Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց Բաժանորդի վճարած միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, հետևյալ դեպքերում.

1) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման համար.

2) Մատուցված Ծառայությունների քանակների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման ու վերահաշվարկման և վճարման կարգի ու ժամկետների խախտման համար.

3) Ջրամատակարարման ընդհատման և Ծառայությունների մատուցման դադարեցման կարգի ու ժամկետների խախտման, այդ թվում` Կանոնների 68-րդ կետով սահմանված ժամկետների գերազանցման համար.

4) Դիմումի ներկայացման և քննարկման կարգի ու ժամկետների խախտման համար:

57. Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց Բաժանորդի վճարած միջին ամսական գումարը հաշվարկվում է վերջին մեկ տարում Ծառայությունների մատուցում ունեցած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայությունների դիմաց Բաժանորդի վճարած միջին ամսական գումարի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություններ չեն մատուցվել, ապա Ծառայությունների մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսվա մատուցված Ծառայությունների դիմաց Բաժանորդի վճարած գումարի չափով:

58. Մատակարարը Կանոնների 56-րդ կետով հաշվարկված տուժանքը առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և նվազեցնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից:

59. Մատակարարը և Բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մատակարարը Բաժանորդի մեղքով Բաժանորդի կրած վնասի համար պատասխանատվություն չի կրում:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

 

60. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ապահովել ամենօրյա ջրամատակարարմամբ:

61. Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների 15-25-ն ընկած ժամանակահատվածներում, Բաժանորդին հասանելի առնվազն մեկ թերթում և իր պաշտոնական կայքում հրապարակել տվյալ Բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը` համապատասխանաբար մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ և հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ գործողության ժամկետներով: Մատակարարն իրավունք ունի` Հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, ջրամատակարարման գրաֆիկը թերթի փոխարեն հրապարակել այլ տեղեկատվական միջոցով: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:

62. Մատակարարը պարտավոր է մինչև մարտի 1-ը Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել տվյալ տարվա ապրիլին, իսկ մինչև օգոստոսի 1-ը` տվյալ տարվա սեպտեմբերին հրապարակվելիք Բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը: Մատակարարը հրապարակվելիք գրաֆիկում փոփոխությունը կատարում է Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

63. Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկը պետք է ներառի Բաժանորդին ջրամատակարարմամբ ապահովելու երաշխավորված ժամանակահատվածը: Մինչև 17 ժամ տևողությամբ ջրամատակարարում ունեցող Բաժանորդի ջրամատակարարումը պետք է իրականացվի ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում:

64. Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Մատակարարը պարտավոր է Բաժանորդին հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երեք օր անընդմեջ, օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, իրազեկել ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների մասին:

65. Կանոնների 60-64-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:

66. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ: Սպասարկման տարածքում նոր բնակավայրի ավելացման դեպքում Հանձնաժողովի կողմից սահմանվում է այդ բնակավայրի Բաժանորդի ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշների բարելավման անցումային ժամանակաշրջան:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

67. Ջրամատակարարման ընդհատումներն են Պլանային ընդհատումը, Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը: Պլանային ընդհատումը պլանային աշխատանքների կատարման նպատակով ջրամատակարարման նախատեսված ընդհատումն է, իսկ Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը ջրամատակարարման չնախատեսված ընդհատումներն են:

68. Պլանային ընդհատման, Վթարային ընդհատման և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը` բացառությամբ այն դեպքերի, երբ նշված ժամկետում ջրամատակարարման վերականգնումը տեխնիկապես հնարավոր չէ: Նշված բացառիկ դեպքերում Մատակարարը` նախապես գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցելով Հանձնաժողովին, ջրամատակարարման վերականգնման ժամկետ կարող է նախատեսել 72 ժամը: Նշված բացառիկ դեպքերի քանակը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի ջրամատակարարման բոլոր ընդհատումների 5 տոկոսը:

69. Պլանային ընդհատման և Վթարային ընդհատման սկզբի ժամ է համարվում հրապարակված ջրամատակարարման գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո ջրամատակարարում չի իրականացվել, Ֆորս մաժորի հետևանքով ընդհատման սկզբի ժամ է համարվում Ֆորս մաժորի ավարտի ժամը, իսկ ջրամատակարարման վերականգնման ժամը կարող է չհամընկնել հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի հետ: Մատակարարը պարտավոր է պահպանել Պլանային ընդհատման համար նախապես հայտարարված սկզբի ժամը:

70. Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, դրա իրականացման օրվանից առնվազն 3 օր առաջ, իր պաշտոնական կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն` մինչև Պլանային ընդհատման նախորդ օրը ներառելով դրանում կատարված փոփոխությունները, իսկ մեկ օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, իրազեկել Բաժանորդին:

71. Եթե Մատակարարի գնահատմամբ Վթարային ընդհատման տևողությունը կգերազանցի 17 ժամը, ապա Մատակարարը պարտավոր է Վթարային ընդհատման մասին տեղեկանալու պահից 12 ժամվա ընթացքում տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով, առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով Բաժանորդին իրազեկել Վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին:

72. Կանոնների 68-71-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին ջրամատակարարման ընդհատման տեսակի, օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:

73. Մատակարարն իրավունք չունի Պլանային ընդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ աշխատանքային օր համարվող տոներին և հիշատակի օրերին, բացառությամբ, երբ Պլանային ընդհատումն իրականացնում է.

1) Բաժանորդի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով` պայմանով, որ այն չի հանգեցնի այլ Բաժանորդի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման.

2) համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությամբ, եթե ջրամատակարարման Պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա:

74. Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը Բաժանորդի կողմից`

1) մատուցված Ծառայությունների կամ մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տուժանքի չվճարման դեպքում Մատակարարի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդին զգուշացնելու պահից սկսած 3 օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում,

2) Մատակարարի ներկայացուցչին Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում:

75. Մատակարարը դադարեցնում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունները`

1) Պայմանագրի լուծման դեպքում.

2) Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման դեպքում` կազմելով արձանագրություն` համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի: Բաժանորդը պարտավոր է հատուցել Ծառայությունների մատուցման դադարեցման, այդ թվում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի խախտված պահպանման գոտիների վերականգնման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը: Բաժանորդի կողմից Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ կատարված միացումը Բաժանորդի Պայմանագրի հիման վրա մատուցվող Ծառայությունների դադարեցման համար հիմք չէ.

3) Բաժանորդի դիմումի հիման վրա` Բաժանորդի առաջադրած ժամկետում, բայց ոչ շուտ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում.

4) Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ: Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում մատուցվող Ծառայությունների դադարեցման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո.

5) օրենքով սահմանված այլ դեպքերում:

76. Բաժանորդի կողմից Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով` Բաժանորդի կողմից վճարումն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

77. Մատակարարը չի դադարեցնում Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը ներկայացրել է Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` իր կողմից վճարման ենթակա գումարի` Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ Մատակարարի հետ կազմել է դրա մարման ժամանակացույց: Բաժանորդի կողմից սույն կետով նախատեսված երաշխիքները կամ ժամանակացույցը խախտվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

78. Բաժանորդի Ծառայությունների մատուցման դադարեցման կարգը չպահպանելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից պահանջել իր կրած վնասի հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

 

79. Մատակարարը պարտավոր է գործարկել Բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:

80. Շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է իրազեկել առնվազն իր սպասարկման գրասենյակների և էլեկտրոնային կապի հասցեների մասին, որոնցով Բաժանորդը կկարողանա տեղեկատվություն հաղորդել կամ ստանալ դիմումի, դրա ընթացքի, ջրամատակարարման ընդհատման պատճառի և վերականգնման ժամկետի, Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակների, դրանց դիմաց վճարման ենթակա գումարի և դրա վճարման ժամկետի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

81. Մատակարարը պարտավոր է գործարկել պաշտոնական կայք, որը Բաժանորդին հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ ինչպես Մատակարարի կողմից իրականացվող ծրագրերի, այնպես էլ ջրամատակարարման գրաֆիկի, սպասարկման գրասենյակների աշխատաժամերի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

82. Մատակարարը պարտավոր է գործարկել համակարգ, որը հնարավորություն կտա իր պաշտոնական կայքի միջոցով Բաժանորդից ընդունել դիմում: Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքի միջոցով հնարավորություն ընձեռել Բաժանորդին` անվճար ծանոթանալ իր Ծառայությունների մատուցմանն առնչվող առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը, այդ թվում` Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքին և կատարած վճարմանը, գրանցման միջոցով հաղորդել Առևտրային հաշվառքի սարքի նախորդ Հաշվարկային ամսվա ցուցմունքը: Նշված համակարգը պետք է երաշխավորի Բաժանորդի անհատական տվյալների գաղտնիությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

83. Մատակարարը պարտավոր է ընդունել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով ներկայացված դիմումները և Բաժանորդի դիմումին պատասխանել այն եղանակով, ինչ եղանակով ստացել է:

84. Մատակարարը պետք է ունենա ներքին իրավական ակտերով հաստատված` Ծառայությունների մատուցման գործառույթներին վերաբերվող դիմումների, այդ թվում` բողոքների քննարկմանը և ընկերության ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ ընդունելության կազմակերպմանը վերաբերող ընթացակարգեր, որոնք պետք է տեղադրված լինեն մատակարարի պաշտոնական կայքում և սպասարկման կենտրոններում:

85. Մատակարարը պարտավոր է դիմումին պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ ժամկետ սահմանված չէ: Եթե Բաժանորդը Մատակարարին ուղղված դիմումի պատճենը հասցեագրել է նաև Հանձնաժողով, ապա Մատակարարը պարտավոր է դիմումի պատասխանի պատճենը ուղեկցող գրությամբ ներկայացնել Հանձնաժողով: Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխանել Բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, Մատակարարի և Բաժանորդի իրավունքներն ու պարտականությունները:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  10

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

86. Կանոնների 29-րդ կետով սահմանված դրույթը հիդրանտի մասով ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

87. Մատակարարը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը իրականացնում է ցայտաղբյուրների գույքագրում և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող ցայտաղբյուրների ցանկը ներկայացնում է Հանձնաժողով և ջրային համակարգերի կառավարման մարմին:

88. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը տեղակայված` Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը պահպանում է իր կարգավիճակը` մինչև դրա փոխարինումը: Մատակարարն իրավունք ունի փոխարինել Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը` իր հայեցողությամբ և իր հաշվին կամ ներդրումային ծրագրերի շրջանակում:

89. Սկսած 2019 թվականի հունվարի 1-ից` ցայտաղբյուրով, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի հաշվառումը պետք է իրականացվի Առևտրային հաշվառքի սարքի միջոցով: Այս նպատակով Առևտրային հաշվառքի սարքը ձեռք է բերում և տեղակայում Մատակարարը` իր հաշվին:

90. Կանոնների 42-րդ կետը գործում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

91. 2017 թվականի հունվարի 1-ից նոր Բակային ծորակների տեղակայումն արգելվում է, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից «Բակային ծորակ» հասկացությունն ուժը կորցնում է, և համայնքը դառնում է Բաժանորդ: Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Առևտրային հաշվառքի սարքով Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքով մատակարարված Խմելու ջրի քանակը բաժանելով տվյալ Բակային ծորակով ջրամատակարարում ունեցող Բաժանորդների թվի վրա, իսկ առանց Առևտրային հաշվառքի սարքի Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում` Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 5մ3:

92. Մատակարարի սպասարկման տարածքի համար հրապարակված 2016 թվականի հոկտեմբերի 1-ից գործող գրաֆիկներն ուժի մեջ են մինչև Կանոնների 61-րդ կետով սահմանված` հրապարակվելիք գրաֆիկի գործելը:

93. Կանոնների 66-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2019թ. հոկտեմբերի 1-ից, իսկ Կանոնների 79-րդ կետով սահմանված դրույթը` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

94. Կանոնների 81-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը Բաժանորդին տրամադրվող տեղեկատվության ձևը Մատակարարը պետք է համաձայնեցնի Հանձնաժողովի հետ:

95. Կանոնների 84-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հավելված
Խմելու ջրի մատակարարման և
ջրահեռացման
(կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման
կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  N ___

 

_________________

(կնքման վայրը)

«___» _________ 20   թվական

 

Կատարողը (այսուհետ` Մատակարար)`

_____________________________________________________________________________,

 (կազմակերպության անվանումը)

_____________________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը)

ի դեմս _______________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է _________________________________________________________ հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

մի կողմից

և պատվիրատուն (այսուհետ` Դիմող անձ)`

____________________________________________________________________________,

(անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը)

 

ի դեմս

_______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը (լրացվում է իրավաբանական անձի և լիազորված անձի դեպքում))

 

որը գործում է

________________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը

(լրացվում է իրավաբանական անձի դեպքում)

հիման վրա,

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն` Մատակարարը կատարում է սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները, իսկ Դիմող անձը վճարում է միացման վճար:

2. Սույն պայմանագրի շրջանակում Մատակարարը`

1) կազմում է իր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր համակարգի (այսուհետ` նոր համակարգ) միացման նախագծանախահաշվային փաստաթղթերը.

2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները իրավասու մարմինների և այլ անձանց հետ.

3) իրականացնում է նոր համակարգի կառուցման աշխատանքները.

4) Դիմող անձի հետ կատարում է միացման վճարի վերջնահաշվարկ.

5) Դիմող անձին է ներկայացնում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելու վերաբերյալ առաջարկ:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ` Կանոններ), Հանձնաժողովի հաստատած այլ իրավական ակտերով:

4. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարումը` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

2) Ավարտել նոր համակարգի կառուցման աշխատանքները մինչև _____________.

3) Կազմել և Դիմող անձին ներկայացնել միացման վճարի վերջնահաշվարկ սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

4) Դիմող անձի հետ փոխհամաձայնեցված եղանակով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի` Դիմող անձի կողմից ավելի վճարված մասը:

5. Դիմող անձը պարտավոր է`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում Մատակարարի բանկային հաշվին վճարել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի մնացած գումարը.

2) թույլատրել Մատակարարի ներկայացուցչի մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` Կանոններով սահմանված կարգով և դեպքերում:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն պայմանագրի 2-րդ կետում նշված նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը` միացման վճարը, կազմում է ______________, որը որոշվում է Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված` սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի հիման վրա:

7. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը ճշգրտում և Դիմող անձին է ներկայացնում միացման վճարի վերջնահաշվարկը` փաստացի կատարված աշխատանքների արժեքից նվազեցնելով սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի արժեքի 80%-ը (որի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվել է սույն պայմանագիրը կնքելիս) և Դիմող անձի N 2 հավելվածով նախատեսված տեխնիկական պայմանների ու N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի կազմման համար վճարած 2000 դրամը:

8. Ճշգրտված միացման վճարը համարվում է սույն պայմանագրի գինը, որի չվճարված մասը սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Դիմող անձը վճարում է Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում` ներկայացնելով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը և իր կողմից կնքված Պայմանագրի մեկ օրինակը:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

10. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում Մատակարարը Դիմող անձին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գինը:

11. Սույն պայմանագրի 8-րդ կետի խախտման դեպքում Դիմող անձը Մատակարարին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գնի 20 տոկոսը:

12. Մատակարարն ազատվում է սույն պայմանագրի 10-րդ կետով սահմանված տուժանքից, եթե պարտավորությունները չկատարելը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կամ այլ անձանց կողմից Մատակարարին իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի տրամադրմամբ, որոնց արդյունքում անհնար է դարձել ավարտել նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները: Նման հանգամանքներ ի հայտ գալու դեպքում Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղյակ պահել Դիմող անձին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:

 

 5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

13. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն ֆորս մաժորի հետևանք է: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

14. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

(լրացնում են Կողմերը)

 

15. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

16. _____________________________________________________________:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

17. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

19. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր Կողմի համար:

20. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Մատակարար` Դիմող անձ`
_____________________________ _____________________________
Գտնվելու վայրը` Բնակության վայրը (գտնվելու վայրը)`
___________________________ ___________________________  
Հեռախոս ___________________

Ծանուցման հասցեն`

Էլ. փոստ ______________________ ___________________________
ՀՎՀՀ _________________________ Էլ. փոստ ______________________
Հ/հ ___________________________ Հեռախոս _______________________
Բանկ _________________________ ՀՎՀՀ _________________________
Գործունեության լիցենզիա N _______

Բանկ ___________________________

Ղեկավար

Հ/հ______________________________

__________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`
  ________________________________
 
Ղեկավար (ֆիզիկական անձ)

Կ.Տ.

(առկայության դեպքում)

__________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Միացման պայմանագրի

 

Խոշորացված նախահաշիվ

 

Հավելված N 2

Միացման պայմանագրի

 

Տեխնիկական պայմաններ