Գլխավոր տեղեկություն
Номер
N 982-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2016-20.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.05/72(1252) Հոդ.932
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2016
Дата вступления в силу
15.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 982-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) պատվիրատուներն իրենց կարիքների համար կանոնավոր չվերթերով ավիափոխադրման ծառայությունների գնումներ կատարելու նպատակով կատարում են ավիափոխադրումների գնային առաջարկների համեմատություն www.govtravel.am միասնական կայքում իրենց համար հատկացված անհատական վավերապայմաններով հասանելի ավիատոմսերի վաճառքի միջազգային էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա և անմիջապես ավիաընկերությունների կողմից զետեղված գնառաջարկների միջև (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրն էլեկտրոնային հարթակը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում)՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգի պահանջները:».

2) որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 5-րդ ենթակետի 31-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
31. www.govtravel.am միասնական ինտերնետային կայքի օպերատորի հետ կնքված պայմանագրի համաձայն ավիատոմսերի գնում կամ բացառապես բանկային քարտերի կիրառմամբ ցանկացած ինտերնետային կայքից հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերում, եթե տվյալ ավիափոխադրումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգի պահանջներին, և դրա արժեքն ավելի ցածր է օպերատորի կողմից նույն երթուղով գնանշված ավիափոխադրման արժեքից
»:

 

2. Հաստատել ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչել որպես www.govtravel.am ինտերնետային հասցեում զետեղված ավիափոխադրումների ծառայությունների գնման համար որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատվիրատու հանդիսացող անձանց կողմից պաշտոնական գործուղումների ընթացքում կանոնավոր չվերթերով ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչների կիրառման կարգը:

2. Ավիատոմսը պետք է ամրագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված օպերատորի կողմից սպասարկվող www.govtravel.am ինտերնետային հասցեում զետեղված որոնողական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ համակարգ) միջոցով՝ ոչ ուշ, քան տվյալ գործուղման վերաբերյալ համապատասխան իրավական ակտի ընդունմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ դեռ ընդունված չէ իրավական ակտը, տվյալ մարմնի կամ կազմակերպության վերադասության կարգով ղեկավարի բանավոր կամ գրավոր հանձնարարության դեպքում, պատվիրատուի ղեկավարի կամ լիազորված անձի միջնորդությամբ կարող է կատարվել ավիատոմսի ամրագրում կամ դուրսգրում՝ մինչև իրավական ակտի ընդունումը:

3. Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից կամ այլ հիմնավոր և ողջամիտ պատճառի առաջացման դեպքում արդեն իսկ գնված ավիատոմսի պայմանների ժամկետի փոփոխությունների կամ չեղարկումների հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են օպերատորի հետ կնքված պայմանագրի դրույթներով՝ հաշվի առնելով տվյալ ավիափոխադրողի կողմից սահմանված ավիատոմսի սակագնային դասի պայմանները և սահմանափակումները, իսկ դրա հետևանքով առաջացող ֆինանսական կորուստները հիմնավորված են համարվում, եթե նման փոփոխության կամ չեղարկման համար հիմք են հանդիսանում պատվիրատուի կողմից հավաքագրված ողջամիտ ապացույցների, փաստաթղթերի առկայությունը և պատշաճ պատճառաբանված գրավոր եզրակացությունը:

4. Ավիատոմսերի ամրագրում կատարելիս՝ ավիատոմսերը ձեռք են բերվում կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ցանկացած երկրում գրանցված ավիաընկերությունից՝ բացառությամբ Թուրքիայում, Ադրբեջանում և Պակիստանում գրանցված ավիաընկերությունների:

5. Ավիափոխադրումների ծառայություններ գնելու նպատակով, առանց գնահատող հանձնաժողով կազմավորելու, պատվիրատուի լիազորված անձի կողմից իրականացվում է համեմատություն ավիատոմսերի միջազգային շուկայում գործող գլոբալ բաշխիչ (դիստրիբյուտիվ) համակարգում որոնման պահին առկա և անմիջապես փոխադրող ավիաընկերությունների կողմից զետեղված գնառաջարկների միջև, և ընտրվում է տնտեսապես առավել շահավետ ավիափոխադրումը՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված ընտրության չափորոշիչները և կանոնները:

6. Պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայություններ գնելիս, որպես կանոն, թույլատրվում է ձեռք բերել փոխադրող ավիաընկերությունների կողմից առաջարկվող «Էկոնոմ» կարգի բոլոր տեսակի դասերի ավիատոմսերը՝ համաձայն սույն կարգով սահմանված ավիատոմսերի ընտրության չափորոշիչների: Պատվիրատուն իր միջոցներից կարող է ֆինանսավորել միայն սույն կարգի համաձայն տնտեսապես առավել շահավետ համարվող ավիափոխադրումը՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված ընտրության չափորոշիչները, թույլատրելի շեղումները և կիրառելի կանոնները:

7. Պատվիրատուների կողմից «Էկոնոմ» կարգից բարձր կարգերով, առանց սակագնային դասերի սահմանափակումների, թույլատրվում է ավիափոխադրման ծառայություններ ֆինանսավորել Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար, իսկ այլ անձանց դեպքում՝ միայն սույն կարգով սահմանված ուղենիշներից թույլատրելի շեղումների և բացառությունների կիրառման կանոններով սահմանված դեպքերում:

8. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պատվիրատուի ղեկավարը: Օպերատորը www.govtravel.am ինտերնետային կայքում հրապարակում է պատվիրատուների կողմից նախորդ ժամանակաշրջանում գնված ավիատոմսերի մասին տեղեկությունները (բացառությամբ Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի):

 

II. ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Ավիափոխադրման ծառայություններ ձեռք բերելու նպատակով պատվիրատուներն օպերատորի հետ կնքում են համապատասխան պայմանագիր, որի պայմանները զետեղված են www.govtravel.am ինտերնետային կայքում: Պայմանագրի համաձայն օպերատորը հանդիսանում է համակարգն սպասարկող օպերատոր և փոխադրում իրականացնող ավիաընկերությունների գործակալ կամ ենթագործակալ:

10. Պատվիրատուների կողմից ավիափոխադրումների ծառայությունների գնառաջարկների առաջնային համեմատությունները կատարվում են համակարգում որոնում կատարելու եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի օպերատորի կողմից:

11. Համակարգում բոլոր տեսակի որոնումները և ամրագրումները, որպես կանոն, պատվիրատուների կողմից պետք է կատարվեն ինքնուրույն՝ համաձայն համակարգի օգտագործման հրահանգների և օպերատորի հետ կնքված պայմանագրի պայմանների: Տեխնիկական կամ ժամանակային բնույթի սահմանափակումների առաջացման դեպքում պատվիրատուներն ավիափոխադրման ծառայությունների ամրագրման նպատակով կարող են դիմել օպերատորի հետ կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային փոստին հասցեագրված պատվեր կազմելով, որում պետք է նշվեն պատվերն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր վավերապայմանները: Ի լրումն անկանխատեսելի իրավիճակների՝ տեխնիկական կամ ժամանակային բնույթի սահմանափակումների շարքն են դասվում, մասնավորապես, հետևյալ հնարավոր դեպքերը՝

1) պլանավորված մեկնման ժամանակից մնացել է 72 ժամից կարճ ժամանակ, և համակարգը թույլ չի տալիս ավտոմատ հաստատել ամրագրումը.

2) նախատեսվում է փոքրահասակների համար ավիափոխադրման ծառայությունների գնում.

3) տվյալ ուղղությամբ ուղիղ չվերթերով ավիափոխադրումն իրականացվում է միայն համակարգում գնառաջարկներ չներկայացնող ավիաընկերությունների կողմից.

4) մեկնման վերջնակետ հասնելու համար տնտեսապես շահավետ և անհրաժեշտ է ձեռք բերել այլ տեսակի կանոնավոր տրանսպորտային փոխադրողի տոմս:

11.1. Սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ տվյալ ուղղությամբ որոշակի նախընտրելի ավիափոխադրող ընդհանրապես չի իրականացնում ավիատոմսերի վաճառք որևէ էլեկտրոնային հարթակի միջոցով, պատվիրատուին կամ գործուղման մեկնող անձին թույլատրվում է ձեռք բերել իր համար նախընտրելի ավիատոմսը ցանկացած անձից, սակայն հետևյալ պայմանով՝ պատվիրատուն կարող է ֆինանսավորել տվյալ ուղղությամբ ավիափոխադրման արժեքը ոչ ավել, քան համակարգում որոնում կատարելու արդյունքում նույն օրը և նույն ուղղությամբ ցանկացած այլընտրանքային չվերթով ավիափոխադրման նվազագույն արժեքով կամ նվազագույն արժեքի նկատմամբ մինչև 10 տոկոս տարբերություն ունեցող արժեքով: Ընդ որում, գերազանցող տարբերությունը կարող է ֆինանսավորվել ուղևորի անձնական միջոցների հաշվին: Նման եղանակով ավիափոխադրում ձեռք բերելիս պատվիրատուն պետք է պատշաճ հավաքագրի և պահպանի անմիջապես համակարգից տպված կամ օպերատորի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված կիրառելի գնանշումները և դրանք երրորդ անձից գնված ավիատոմսի, դրա արժեքը հիմնավորող փաստաթղթերի պատճենի հետ մեկտեղ երեք օրվա ընթացքում ուղարկի օպերատորի էլեկտրոնային հասցեով՝ ավիատոմսերի արժեքների կենտրոնացված հաշվառում կատարելու համար:

(11.1-ին կետը լրաց. 01.12.16 N 1231-Ն)

12. Համակարգում որոնում կատարելու արդյունքում տնտեսապես շահավետ նախընտրելի տարբերակներ չգտնելու դեպքում պատվիրատուները կարող են ցանկացած այլ ինտերնետային կայքից ձեռք բերել նախընտրելի ավիատոմսեր՝ բացառապես բանկային քարտերով, եթե նման ավիափոխադրման ծառայություն գնելու արդյունքում դրա արժեքն ավելի ցածր է, քան նույն օրը ժամանման վայր հասնելու համար ցանկացած երթուղով համակարգում կանոնավոր չվերթերով արտացոլված ավիափոխադրման արժեքը, կամ առկա է օպերատորին էլեկտրոնային փոստի միջոցով կատարված հարցմանն ի պատասխան գնանշված այնպիսի արժեք, որն ավելի բարձր է, քան այլ ինտերնետային աղբյուրից գնման արժեքը: Նման դեպքում ավիափոխադրում ձեռք բերող պատվիրատուն պետք է պատշաճ հավաքագրի և պահպանի անմիջապես համակարգից տպված կամ օպերատորի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված կիրառելի գնանշումները: Նման եղանակով այլ ինտերնետային աղբյուրներից գնում կատարելու դեպքում գնված ավիատոմսի էլեկտրոնային օրինակը և գնման արժեքը հավաստող էլեկտրոնային փաստաթղթերը երեք օրվա ընթացքում ուղարկվում են օպերատորի էլեկտրոնային հասցեով՝ ավիատոմսերի արժեքների կենտրոնացված հաշվառում կատարելու համար:

13. Հաշվի առնելով սույն կարգում նշված որոնման ուղենիշները՝ տնտեսապես շահավետ է դիտարկվում տվյալ օրվա դրությամբ որոնման համակարգում առկա որոշակի երթուղով իրականացվող ավիափոխադրումների համար ավիատոմսերի ձեռքբերումը՝ նվազագույն արժեքով կամ նվազագույն արժեքի նկատմամբ մինչև 10 տոկոս տարբերություն ունեցող արժեքով կամ սույն կարգով սահմանված թույլատրելի շեղումների և բացառությունների կիրառմամբ ձևավորված ավիափոխադրման արժեքով: Ընդ որում, նվազագույն արժեքով ավիատոմսեր են համարվում ինչպես գրանցվող ուղեբեռի տեղափոխում նախատեսող, այնպես էլ՝ չնախատեսող ավիատոմսերի սակագնային դասերը:

14. Բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի, համակարգում ամրագրման որոնում կատարելիս, համակարգն արտացոլում է որոնման կարգաբերումների համաձայն տվյալ պահին առկա, բացառապես «Էկոնոմ» կարգի բոլոր սակագնային դասերի ավիատոմսերը՝ դրանք տարանջատելով երկու հիմնական խմբի՝

1) «կանաչ» պիտակով նշվածները համապատասխանում են տնտեսապես շահավետ ավիատոմսերի գնման սկզբունքին.

2) «կարմիր» պիտակով նշվածները շեղվում են ավիատոմսերի գնման սկզբունքից:

15. «Կարմիր» պիտակով ավիատոմսեր ամրագրելիս, այդ թվում՝ թույլատրելի շեղումներով և բացառություններով, տվյալ ամրագրումը հաստատող անձը պարտավոր է համակարգից տպել և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին պահպանել տվյալ ամրագրման արժեքի համեմատ ցածր արժեք ունեցող ավիափոխադրումների համեմատական տվյալներ պարունակող էջերը:

16. Եթե գնված ավիատոմսի սակագնային դասով չի նախատեսվում գրանցված ուղեբեռի տեղափոխում, իսկ նախատեսված է, որ գործուղվող անձը ժամանման վայրում պետք է գտնվի 24 ժամից ավելի, ապա պատվիրատուն գործուղման փոխհատուցման ծախսերով լրացուցիչ ֆինանսավորում է նաև մեկ կտոր գրանցված ուղեբեռի վճարումը՝ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

17. Համակարգում որոշակի երթուղով ամրագրում կատարելիս՝ պետք է որոնում կատարվի միաժամանակ՝ նույն ուղղությամբ մեկնելու և վերադարձի օրերով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայտնի չէ կամ նախապես որոշված չէ վերադառնալու օրը, կամ գործուղումը նախատեսում է բարդ (մեկից ավելի մեկնման կամ վերադարձի քաղաքներ կամ օդանավակայաններ) երթուղով ուղևորություն կամ մեկ ուղղությամբ (այդ թվում՝ տարբեր փոխադրողների) ավիափոխադրումները տնտեսապես առավել շահավետ են՝ դրանց արժեքների հանրագումարը (ներառյալ տարանցիկ վայրերում հարկադրված գիշերավարձի և օրապահիկի առավելագույն չափաքանակը) չի գերազանցում միաժամանակ մեկնման և վերադարձի ավիափոխադրման արժեքը (նման դեպքում պատվիրատուն համակարգից պետք է տպի և պատշաճ պահպանի համեմատության համար կիրառելի որոնման արդյունքները):

18. Համակարգում որոնում կատարելիս՝ թույլատրվում է սահմանել մեկնման որոշակի ժամից ժամանակային շեղում՝ հետևյալ սահմանաչափերով՝

1) հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների, օրենքով ստեղծված մարմինների ղեկավարների և տեղակալների, ինչպես նաև իրավաբանական անձանց գործադիր մարմինների ղեկավարների դեպքում՝ ոչ պակաս, քան 3 ժամ.

2) մնացած դեպքերում՝ ոչ պակաս, քան 6 ժամ:

19. Համակարգում որոնում կատարելիս՝ մեկնման և ժամանման վայր կարող է նշվել բնակավայրի անվանումը կամ օդանավակայանի միջազգային եռանիշ կոդը, եթե տվյալ բնակավայրում գործում է կանոնավոր չվերթեր սպասարկող միայն մեկ օդանավակայան: Մեկնման կամ ժամանման բնակավայրում կանոնավոր ավիաչվերթեր սպասարկող մեկից ավելի օդանավակայան լինելու դեպքում թույլատրվում է բնակավայրի անվանման փոխարեն, համակարգում որոնում կատարելիս, մեկնման և ժամանման վայր բացառապես նշել որոշակի օդանավակայանի միջազգային եռանիշ կոդը, եթե տվյալ օդանավակայանը մյուսից ցամաքային տրանսպորտային ճանապարհով գտնվում է ավելի քան 50 կմ հեռավորության վրա:

 

III. ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ՇԱՀԱՎԵՏ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Տնտեսապես առավել շահավետ ավիատոմսի գնման ընթացքում թույլատրելի են համարվում ընդհանուր չափորոշիչներից որոշակի շեղումները և բացառությունների կիրառումը՝ միայն հետևյալ կանոնների կիրառմամբ՝

1) ուղիղ չվերթի կանոնը

Այն դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, առկա է ուղիղ չվերթով մեկ այլ ավիատոմս, որը որոնման համակարգում թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 40 տոկոսի չափով, ապա թույլատրելի է համարվում այդպիսի ուղիղ չվերթով ավիատոմսի ամրագրումը, եթե պատվիրատուի կողմից նշանակված հաստատողը համակարգում կատարում է նշում՝ «Կիրառվել է ուղիղ չվերթի կանոնը»՝ միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող տվյալները և փաստաթղթերը.

2) առավելագույն տարանցիկ ժամանակի կանոնը

Այն դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումներով նախատեսվում է տարանցիկ կանգառ՝ ավելի քան 6 ժամով, ապա թույլատրվում է ձեռք բերել 6 ժամից պակաս տարանցիկ կանգառ նախատեսող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 25 տոկոսի չափով:

Հանրապետական գործադիր մարմնի և օրենքով ստեղծված մարմնի ղեկավարների գործուղման կազմակերպման դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, առկա և ընտրության ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող բոլոր ավիափոխադրումներով նախատեսվում է յուրաքանչյուր ժամանման վայրում տարանցիկ կանգառ՝ ավելի քան 4 ժամով, ապա թույլատրվում է ձեռք բերել 4 ժամից պակաս տարանցիկ կանգառ նախատեսող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 40 տոկոսի չափով:

Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում կատարում է նշում՝ «Կիրառվել է առավելագույն տարանցիկ ժամանակի կանոնը»՝ միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող տվյալները և փաստաթղթերը.

3) առավելագույն տարանցիկ կանգառների կանոնը

Այն դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, ընտրության ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող և առկա բոլոր ավիափոխադրումները նախատեսում են միայն երկուսից ավելի տարանցիկ կանգառ, ապա թույլատրվում է ձեռք բերել մեկ տարանցիկ կանգառով կամ ուղիղ չվերթով նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 25 տոկոսի չափով: Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում կատարում է նշում՝ «Կիրառվել է առավելագույն տարանցիկ կանգառների կանոնը»՝ միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող տվյալները և փաստաթղթերը.

4) տարանցիկ վիզայի սահմանափակման կանոնը

Այն դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, ընտրության ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող և առկա բոլոր ավիափոխադրումներով նախատեսվում է տարանցիկ վիզայի առկայության պարտադիր պայման՝ տվյալ երկրով տարանցում կատարելու համար, ապա թույլատրվում է ձեռք բերել նման տարանցիկ վիզայի պահանջ չունեցող՝ հաջորդող նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով: Այլ կանոնների կիրառման նպատակով նման ավիափոխադրումը դիտարկվում է որպես նվազագույն արժեք ունեցող: Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում կատարում է նշում՝ «Կիրառվել է տարանցիկ վիզայի սահմանափակման կանոնը»՝ միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող տվյալները և փաստաթղթերը.

5) ավիափոխադրողի նվազագույն որակի կանոնը

Այն դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, արտացոլված և ընտրության ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները կամ դրանց մի մասը փաստացի կատարվում են այնպիսի ավիաընկերությունների կողմից, որոնց որակի` միջազգային դասակարգման հttp://www.airlinequality.com-ի կողմից վարվող «Skytrax» դասակարգչով շնորհված է որակի 2 աստղից պակաս դաս, կամ ընդհանրապես բացակայում է դասակարգումը, ապա թույլատրվում է ձեռք բերել նույն որակի դասակարգչով որակի 2 և ավելի աստղեր ունեցող ավիափոխադրողի կողմից առաջարկվող հաջորդ նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև որոնման համակարգում նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 20 տոկոսի չափով: «Skytrax» դասակարգչով ավիափոխադրողներին շնորհված որակի դասակարգիչը հրապարակվում է նաև որոնման www.govtravel.am ինտերնետային կայքում: Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում կատարում է նշում՝ «Կիրառվել է ավիափոխադրողի նվազագույն որակի կանոնը»՝ միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող տվյալները և փաստաթղթերը.

6) բացառիկ դեպքի կանոնը

Այն դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, ընտրության ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող և առկա բոլոր ավիափոխադրումները նախատեսում են այնպիսի փոխադրման եղանակ, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում տվյալ իրավիճակի համար կիրառելի բացառիկ դեպքին, ապա, մինչև տվյալ ամրագրման հաստատումը, պետք է առկա լինի՝ օրենքով ստեղծված մարմինների դեպքում՝ այդ մարմնի ղեկավարի թույլտվությունը, հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությունը, իսկ այլ պատվիրատուների դեպքում՝ համապատասխան վերադաս լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությունը՝ ուղևոր հանդիսացող տվյալ անձի նկատմամբ ընդհանուր կանոններին համապատասխանող ավիափոխադրման սկզբունքից շեղվելու և բացառիկ դեպքի կանոն կիրառելու համար: Երբ շեղումը ենթադրում է «Բիզնես» կամ ավելի բարձր կարգի ավիատոմսի գնում, ապա տվյալ միջնորդությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, իսկ օրենքով ստեղծված մարմինների ղեկավարների դեպքում՝ այդ մարմնի ղեկավարին: Նման դեպքում ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում կամ համակարգի օպերատորին ուղղված ավիատոմսի դուրսգրման պատվերում կատարում է հստակ նշում՝ «Կիրառվել է բացառիկ դեպքի կանոնը»՝ նշելով տվյալ դեպքի նկատմամբ կիրառելի պատճառաբանված հիմնավորումը: Նման տեսակի ամրագրում հաստատողն իր մոտ պահպանում է սույն կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող հիմնավորող փաստաթղթերը, իսկ համակարգի օպերատորը www.govtravel.am ինտերնետային կայքում պարբերաբար հրապարակում է բացառիկ դեպքի կանոնի կիրառմամբ գնված ավիատոմսերի վերաբերյալ պատվիրատուի կողմից իր պատվերում նշված պատճառաբանությունը:

(հավելվածը լրաց. 01.12.16 N 1231-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան