ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 սեպտեմբերի 2016 թ. |
1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՈՎԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1948 թվականի մարտի 6-ին Ժնևում ստորագրված՝ Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 1948 թվականի մարտի 6-ին` Ժնևում:
Միջազգային ծովային կազմակերպության նպատակներն են, մասնավորապես.
- մեխանիզմներ մշակել կառավարությունների միջև համագործակցության համար միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող բոլոր տեսակի տեխնիկական հարցերի վերաբերյալ պետական կանոնակարգման և գործելակերպերի ոլորտում, խրախուսել և դյուրացնել գործնականում կիրառելի բարձր ստանդարտների ընդունումը ծովային անվտանգությանը, նավարկության արդյունավետությանը և նավերից ծովի աղտոտման կանխմանն ու վերահսկմանը վերաբերող հարցերում,
- խրախուսել միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող՝ կառավարությունների խտրական գործողությունների և անհարկի սահմանափակումների վերացումը` խթանելու համար առանց խտրականության նավափոխադրման ծառայությունների մատչելիությունը համաշխարհային առևտրում,
- ապահովել նավափոխադրող ընկերությունների անարդար, սահմանափակող գործելակերպերին վերաբերող հարցերի քննարկումը Միջազգային ծովային կազմակերպության կողմից,
- ապահովել Միջազգային ծովային կազմակերպության իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կառավարությունների միջև:
Միջազգային ծովային կազմակերպությունը բաղկացած է Ասամբլեայից, Խորհրդից, Ծովային անվտանգության կոմիտեից, Իրավական կոմիտեից, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեից, Տեխնիկական համագործակցության կոմիտեից, Դյուրացման կոմիտեից և այնպիսի օժանդակ մարմիններից, որոնք Միջազգային ծովային կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ անհրաժեշտ համարել, և Քարտուղարությունից:
2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) հարգել գլխավոր քարտուղարի և անձնակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չփորձել ազդել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ընթացքում,
բ) հոգալ Միջազգային ծովային կազմակերպության կողմից անցկացվող նիստերին մասնակցող իր պատվիրակության աշխատավարձի, ուղևորության և այլ ծախսերը:
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 13-րդ հոդվածի դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1948 թվականի մարտի 6-ին Ժնևում ստորագրված՝ Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
27 սեպտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1309 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|