Գլխավոր տեղեկություն
Номер
N 631-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2016-02.12.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.729
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.06.2009
Дата вступления в силу
01.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2009 թվականի N 631-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 4-ի N 631-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարմանը ներկայացվող պահանջները, ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացում ներգրավված մարմինների գործառույթներն ու ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

1) երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոց՝ ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ, որը կառուցված է երկրի մակերևույթից մի քանի հարյուր մետր խորության վրա գտնվող կայուն երկրաբանական բնութագրեր ունեցող ֆորմացիաներում և ապահովում է ռադիոիզոտոպների մեկուսացումը կենսոլորտից.

2) մերձմակերեսային գերեզմանոց՝ ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ, որը կառուցված է երկրի մակերևույթին կամ երկրի մակերևույթից մինչև մի քանի տասնյակ մետր խորության վրա.

3) ռադիոակտիվ թափոնի վերամշակում՝ ռադիոակտիվ թափոնների ֆիզիկական և քիմիական բնութագրերի փոփոխմանն ուղղված գործողություն, որի նպատակը թափոնը փոխադրման, պահման կամ թաղման համար ընդունելի վիճակի հասցնելն է.

4) կարճ ապրող ռադիոակտիվ թափոն՝ 100 օրվանից ավելի և մինչև 30 տարի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն: Այս դասի թափոններում թույլատրվում է 30 տարվանից ավելի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպների այնպիսի պարունակություն, որի դեպքում ռադիոակտիվ թափոնների յուրաքանչյուր առանձին վերցրած փաթեթի տեսակարար ակտիվությունը չի գերազանցում 4000 Bq/g-ն, և ընդհանուր տեսակարար ակտիվության միջին արժեքը չի գերազանցում 400 Bq/g-ն.

5) երկար ապրող ռադիոակտիվ թափոն՝ 30 տարվանից ավելի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն.

6) ռադիոակտիվ թափոնի փաթեթ (waste package)՝ ռադիոակտիվ թափոնը կոնդիցիայի բերելու արդյունք, որը ներառում է թափոնի ձևը, տարան (տարաները) (կոնտեյները (կոնտեյներները) և ներքին արգելապատնեշները (կլանող նյութեր և այլն).

7) թափոնի ձև (waste form)՝ ռադիոակտիվ թափոնի մշակումից և (կամ) այն կոնդիցիայի բերելուց հետո թափոնի ֆիզիկական և քիմիական ձևը` մինչև փաթեթավորումը.

8) շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոն՝ մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն.

9) ռադիոակտիվ թափոնների ընդունելիության չափանիշներ՝ ռադիոակտիվ թափոնի փաթեթի և թափոնի ձևի նկատմամբ ներկայացվող ռադիոլոգիական, մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական չափանիշներ, որոնք ապահովում են ռադիոակտիվ թափոնների ընդունելի լինելը վերամշակման, պահման, փոխադրման և թաղման համար:

(2-րդ կետը փոփ., լրաց. 19.11.14 N 1291-Ն, լրաց. 01.12.16 N 1234-Ն)

 

II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

3. Ռադիոակտիվ թափոնների աղբյուրներն են՝

1) միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր օգտագործող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները.

2) ռադիոակտիվ հանքանյութեր արդյունահանող և հարստացնող օբյեկտները.

3) ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող օբյեկտները.

4) այն օբյեկտները, որտեղ առկա ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի օգտագործման ժամկետը լրացել է, կամ դադարեցվել է դրանց օգտագործմամբ գործունեությունը.

5) այն օբյեկտները, որտեղ առաջացել են հետազոտական նպատակներով ռադիոակտիվ նյութեր ներարկված կենսաբանական օբյեկտների մնացորդներ (կենդանիների դիակներ, բույսերի փորձանմուշներ և այլն).

6) այն օբյեկտները, որտեղ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների օգտագործման ժամանակ առաջացել են ռադիոակտիվ աղտոտման ենթարկված սարքավորումներ, արտահագուստ և նյութեր.

7) շահագործումից հանվող ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտները, որտեղ աշխատանքներ են կատարվել միջուկային և (կամ) ռադիոակտիվ նյութերի հետ.

8) ռադիոակտիվ աղտոտման ենթարկված շրջակա բնական միջավայրի օբյեկտները (հող, ջուր, բուսականություն):

3.1. (կետն ուժը կորցրել է 01.12.16 N 1234-Ն)

 

III. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացը բաղկացած է ռադիոակտիվ թափոնների վերամշակման (նախնական մշակման, մշակման, կոնդիցիայի բերման), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման փուլերից:

(4-րդ կետը խմբ. 19.11.14 N 1291-Ն, փոփ. 01.12.16 N 1234-Ն)

5. Ռադիոակտիվ թափոնների նախնական մշակումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի սկզբնական փուլն է, որի նպատակը ռադիոակտիվ թափոնների հավաքումն ու նախապատրաստումն է՝ դրանք ռադիոակտիվ թափոնների վերամշակման օբյեկտ և (կամ) պահեստարան և (կամ) գերեզմանոց հանձնելու համար:

(5-րդ կետը խմբ. 19.11.14 N 1291-Ն)

6. Ռադիոակտիվ թափոնների նախնական մշակման փուլը ներառում է՝

1) ռադիոակտիվ թափոնների հավաքումն առաջացման վայրում.

2) ռադիոակտիվ թափոնների բնութագրումը և տարանջատումը` ըստ ֆիզիկական, քիմիական և ճառագայթային հատկությունների.

3) ռադիոակտիվ թափոնների քիմիական բաղադրության կանոնավորումը.

4) ռադիոակտիվ թափոնների ապաակտիվացումը:

(6-րդ կետը խմբ. 19.11.14 N 1291-Ն)

7. Ռադիոակտիվ թափոնների հավաքումն իրականացվում է ռադիոակտիվ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներին համապատասխան:

8. Հավաքված ռադիոակտիվ թափոնները ենթարկվում են վերամշակման՝ թափոնների փոխադրման, պահեստարանում պահման կամ գերեզմանոցում թաղման համար ընդունելի վիճակի բերելու նպատակով:

9. Ռադիոակտիվ թափոնները վերամշակվում են ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման, լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից:

10. Ռադիոակտիվ թափոնների մշակման փուլը ներառում է գործողություններ, որոնց նպատակն է ռադիոակտիվ թափոնների բնութագրերի փոփոխմամբ բարձրացնել դրանց անվտանգությունը: Ռադիոակտիվ թափոնների մշակման եղանակներն են՝

1) ռադիոակտիվ թափոնների ծավալի փոքրացումը` գոլորշիացման, մասնատման, մանրացման, մամլման, այրման, հալման և այլ մեթոդներով.

2) ռադիոակտիվ թափոններից ռադիոիզոտոպների հեռացումը` ֆիլտրման, նստվածքագոյացման, իոնային փոխանակման, մեմբրանային տեխնոլոգիաների և այլ մեթոդներով.

3) բաղադրության փոփոխումը` քիմիական մշակման մեթոդներով:

(10-րդ կետը խմբ. 19.11.14 N 1291-Ն)

10.1. Ռադիոակտիվ թափոնները կոնդիցիայի բերելու փուլը ներառում է գործողություններ, որոնց նպատակն է փոխադրման, պահման և թաղման համար ընդունելի ռադիոակտիվ թափոնի փաթեթի ստեղծումը: Այդ փուլը ներառում է՝

1) ռադիոակտիվ թափոնների վերափոխումը կայուն պինդ վիճակի` ցեմենտավորման, բիտումավորման, ապակիացման կամ այլ մեթոդներով.

2) տեղադրումը հատուկ տարաների մեջ.

3) լրացուցիչ տարայի մեջ ռադիոակտիվ թափոնի մեկ կամ մի քանի փաթեթների տեղադրումը:

(10.1-ին կետը լրաց. 19.11.14 N 1291-Ն)

11. Ռադիոակտիվ թափոնները պահեստարաններում պահման նպատակն է ապահովել թափոնների ժամանակավոր մեկուսացումը շրջակա միջավայրից՝ մինչև դրանց թաղումը:

12. Ռադիոակտիվ թափոնները պահեստարաններում պահվում են ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից:

13. Շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնները պահվում են կիսատրոհման այլ պարբերություն ունեցող թափոններից առանձին:

(13-րդ կետը խմբ. 19.11.14 N 1291-Ն)

14. Ռադիոակտիվ թափոնների թաղումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի վերջնական փուլն է, որի նպատակն է ապահովել ռադիոակտիվ թափոնների վերջնական մեկուսացումը մարդկանցից և շրջակա միջավայրից:

15. Շատ ցածր ակտիվությամբ, ցածր ակտիվությամբ, ինչպես նաև կարճ ապրող միջին ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնները թաղվում են մերձմակերեսային գերեզմանոցներում, իսկ երկար ապրող միջին ակտիվությամբ և բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնները՝ միայն երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոցներում:

(15-րդ կետը խմբ. 19.11.14 N 1291-Ն)

 

IV. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Ռադիոակտիվ թափոնների վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման աշխատանքները պետք է իրականացվեն տարածքային առումով կենտրոնացված:

(16-րդ կետը փոփ. 19.11.14 N 1291-Ն)

17. Ռադիոակտիվ թափոնների առաջացումը` ըստ ակտիվության և ծավալի, պետք է պահվի գործնականորեն հասանելի նվազագույն մակարդակի վրա:

18. Ռադիոակտիվ թափոնների առաջացման և դրանց կառավարման բոլոր փուլերը պետք է լինեն փոխկապակցված:

19. Ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերում պետք է ներդրվեն որակի ապահովման ծրագրեր, որոնք մշակում և ներդնում են ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի կազմակերպությունները:

20. Ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում կարող են օգտագործվել միայն փորձարկված այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջները:

21. Գերակայություն պետք է տրվի այն տեխնոլոգիաներին, որոնք ապահովում են անձնակազմի, բնակչության և արտաքին միջավայրի վրա ռադիոակտիվ թափոնների վնասակար ազդեցության առավել ցածր ռիսկը:

 

V. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

22. Ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցերով լիազոր պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որը՝

1) մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման իրավական ակտերի նախագծեր, ռազմավարությունը, ռադիոակտիվ թափոնների կառավարման պետական նպատակային ծրագիրը, համակարգում է ծրագրի իրականացման աշխատանքները.

2) իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարման բնագավառում գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականություն.

3) մշակում և իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարմանը, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու գերեզմանոցների անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված միջոցառումներ:

23. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինն իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության պետական կարգավորումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

24. Ռադիոակտիվ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտը՝

1) ապահովում է օբյեկտում առաջացող ռադիոակտիվ թափոնների հավաքումը և թափոնների վերամշակման օբյեկտ, պահեստարան, գերեզմանոց դրանց հանձնումը.

2) ապահովում է օբյեկտում առաջացող` շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնների պահումը՝ մինչև դրանց տեսակարար ակտիվության համապատասխանելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի 27-րդ կետով նախատեսված արժեքներին:

(24-րդ կետը խմբ. 19.11.14 N 1291-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 19.11.14 N 1291-Ն, լրաց., փոփ. 01.12.16 N 1234-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան