ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 858-Ն
«ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Տիգրան Մարկոսյանին:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք), սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:
2. Հիմնադրամի անվանումն է`
1) հայերեն լրիվ` | «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ. |
2) հայերեն կրճատ` | ՕԶԻՀԿՀ. |
3) ռուսերեն լրիվ` | ФОНД «ЦЕНТР РАЗВИТИЯ ЗАКОНОДАТЕЛЬСТВА И ПРАВОВЫХ ИССЛЕДОВАНИЙ». |
4) ռուսերեն կրճատ` | ЦРЗПИФ. |
5) անգլերեն լրիվ` | FUND «CENTER OF LEGISLATION DEVELOPMENT AND LEGAL RESEARCHES». |
6) անգլերեն կրճատ` | COLDLRF: |
3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում:
4. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 0010:
5. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
6. Հիմնադրամի շահառուներ են Հայաստանի Հանրապետությունը (ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության), հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի աշխատողները, օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների բնագավառներում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը:
7. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:
8. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:
9. Հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է փոփոխություններ մտցնել սույն կանոնադրության մեջ:
10. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ ու բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ ռեկվիզիտներ: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:
11. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը:
12. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
13. Հիմնադրամը իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:
14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքում և կարգով:
15. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
16. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
17. Հիմնադրամը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
18. Հիմնադրամի գործունեության առարկան է`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ հիմնադրամի կանոնադրական խնդիրներին վերաբերող ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.
2) անհրաժեշտության դեպքում իր գործունեության մասին տեղեկությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ այլ հանրապետական գործադիր մարմիններին, միջազգային կամ հասարակական կազմակերպություններին.
3) իր ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների գործունեության զարգացմանն ուղղված նյութական կամ խորհրդատվական աջակցությունը:
19. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության կարգավորիչ (իրավական կարգավորման) քաղաքականության մշակմանը, կարգավորիչ կառավարման ներդրմանը և զարգացմանն աջակցելը.
2) ծավալուն հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող օրենսդրության զարգացման հայեցակարգերի մշակման աշխատանքների իրականացումը.
3) իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը.
4) օրենսդրության մշակման ու զարգացման միջազգային կազմակերպությունների և իրավաստեղծ մարմինների կողմից մշակված մեթոդական ուղեցույցների ուսումնասիրման ու փորձի փոխանակման հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացի մեթոդական կազմակերպումը և իրականացումը, այդ թվում՝ իրավական ակտերի նախագծման կազմման մեթոդական ցուցումների մշակումն ու զարգացումը.
5) իրավական ակտերի նախագծերի մշակման դեպքում դրանց հայեցակարգերի նախապատրաստումը.
6) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության վերլուծությունը.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և տվյալ բնագավառի համար պատասխանատու մարմիններին ներկայացնելը.
8) օրենսդրություն մշակելու կարողությունների ընդլայնված վերապատրաստումների իրականացումը.
9) իրավական ակտերի մեկնաբանությունների մշակումը.
10) իրավահամեմատական վերլուծությունների իրականացումը և դրանց վերաբերյալ նյութերի ու տեղեկանքների հրապարակումը.
11) նորարարական իրավական նախաձեռնությունների, վերլուծությունների իրականացումն ու արդի իրավունքի զարգացումը.
12) օրենքով պետական այլ մարմիններին չվերապահված ոլորտներում իր կողմից կազմված իրավական ակտերի ոչ պարտադիր կարգավորման ազդեցության գնահատման իրականացումը.
13) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում նորմատիվ իրավական ակտերի կիրարկման մշտադիտարկման իրականացումը.
14) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների իրականացման համար բավարար իրավական դաշտի մշակումը.
15) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման արդյունքում դրանց կրճատման, ինչպես նաև հստակեցմանը և պարզեցմանն ուղղված աշխատանքների ու ծրագրերի իրականացումը.
16) տեղական և միջազգային իրավավերլուծական տեղեկատվական շտեմարաններին, բազաներին անդամագրումն ու դրանց հասանելիության ապահովումը՝ հիմնադրամի հետ համագործակցող անձանց ու կառույցներին.
17) համագործակցությունը տարբեր երկրների օրենսդրության զարգացման կենտրոնների հետ:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
20. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:
21. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
22. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր ու օրենքով չարգելված այլ գույք:
23. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`
1) հիմնադրի կամավոր ներդրումները.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
3) ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
5) դրամաշնորհները.
6) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
24. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Հիմնադրամն, իր կանոնադրության նպատակներին համապատասխան, իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.
7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
26. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:
27. Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝
1) հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
2) ուսումնամեթոդական նյութերի մշակում և դասընթացների կազմակերպում.
3) գործարարությանն աջակցող ծառայությունների և գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում.
4) հրատարակչական գործունեություն:
28. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`
1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:
29. Հիմնադրամը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.
2) յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել՝
ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում,
բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Հիմնադրամի մարմիններն են`
1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).
2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:
31. Խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Խորհրդի 2 անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմից: Խորհրդի մեկ անդամ նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից և մեկ անդամ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմից:
32. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցմանը հաջորդող օրվանից: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
33. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Հիմնադրամի տնօրենը, խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին ներկայացրած և նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
34. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3) վերապատրաստումների վերաբերյալ հայտարարվող և անցկացվող մրցույթների մասին կանոնակարգի մշակումն ու հաստատումը.
4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
9) հիմնադրամի տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
10) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
11) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրությունը փոփոխելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.
12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
14) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.
15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
19) տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.
20) իր կազմից խորհրդի քարտուղարի ընտրությունը.
21) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը.
22) հիմնադրամի բյուջեի վերաբաշխում կատարելու մասին որոշումների ընդունումը.
23) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
35. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.
5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
36. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:
37. Հիմնադրամի տնօրենը`
1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
4) գործում է առանց լիազորագրի.
5) տալիս է լիազորագրեր.
6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.
11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
12) հաշվետու է խորհրդին.
13) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին:
38. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ միայն խորհրդի համաձայնությամբ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան 2 անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:
40. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
41. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
42. Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
43. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:
44. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:
45. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
46. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:
47. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
48. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
49. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
50. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
51. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.
7) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
52. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
53. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
54. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |