Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.05/73(1253) Հոդ.910.14
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.07.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.07.2016
Վավերացնող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Дата вступления в силу
22.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/2775/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/2775/02/14

2016թ.

Նախագահող դատավոր` Գ. Կարախանյան  

Դատավորներ`

Ն. Տավարացյան
 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

ռ. Հակոբյանի

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Իչմիլյանի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Արթուր Իչմիլյանի` գործարար համբավն արատավորող զրպարտիչ արտահայտության վերացման և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Արթուր Իչմիլյանին փոխհատուցելու Ընկերության գործարար համբավին պատճառված վնասը` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, վերացնել վերջինիս մեքենայի վրա առկա` Ընկերությանը զրպարտող գրությունը և ապրանքային նշանը, ինչպես նաև Արթուր Իչմիլյանից բռնագանձել նախապես վճարված 4.000 ՀՀ դրամ պետական տուրքը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Արթուր Իչմիլյանին պարտավորեցնել փոխհատուցել Ընկերության գործարար համբավին պատճառված վնասը` 1.800.000 ՀՀ դրամի չափով, վերացնել «BMW 525I» մակնիշի «19 OO 264» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնապակու վրա զետեղված «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ» արտահայտությունը և Ընկերության ապրանքային նշանը, Արթուր Իչմիլյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 36.000 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի մասով պետական տուրքի փոխհատուցում, Ընկերությունից հօգուտ Արթուր Իչմիլյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.06.2015 թվականի որոշմամբ Արթուր Իչմիլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.03.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Իչմիլյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը, 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունն ընդունել է այն փաստը, որ իր հասցեին զրպարտիչ արտահայտության մասին իմացել է 12.08.2014 թվականին, սակայն դատարան է դիմել 16.10.2014 թվականին` բաց թողնելով դատարան դիմելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ սույն գործով որպես հայցային վաղեմության ժամկետի վերականգնման սուբյեկտ հանդես է եկել Ընկերությունը, որը չի հանդիսանում ֆիզիկական անձ, իսկ բաց թողնված հայցային վաղեմության ժամկետի վերականգնման սուբյեկտ կարող է հանդես գալ բացառապես ֆիզիկական անձը: Բացի այդ, Ընկերությունը, 12.08.2014 թվականին իմանալով իր հասցեին կատարված զրպարտչական գործողությունների մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում դատարան դիմելու փոխարեն, իր իրավունքների պաշտպանությունը փորձել է իրականացնել արտադատական կարգով, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներով արտահայտված դիրքորոշումների համաձայն` հարգելի ճանաչելու համար հիմք հանդիսացող հանգամանքները պետք է լինեն այնպիսին, որ զրկեն անձին դատարան դիմելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի և 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի մեկնաբանությունները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով 02.04.2010 թվականին, թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին, թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով 25.12.2012 թվականին և թիվ ԱՎԴ3/0144/02/12 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականին կայացված որոշումներում տվյալ նորմերին տրված մեկնաբանություններին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` Դատարանի 03.03.2015 թվականի վճռով հայցադիմումի բավարարված մասը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Արթուր Իչմիլյանը վերաքննիչ բողոքում չի վկայակոչել այն փաստը, որ Ընկերությունը խախտել է դատարան դիմելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը: Վերաքննիչ բողոքը բերվել է միայն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել դատարան դիմելու վեցամսյա ժամկետը, և որ տարածված տեղեկությունը չունի զրպարտության հատկանիշներ, ուստի վաղեմության մեկամսյա ժամկետի քննարկման մասով վճռաբեկ բողոք ընդհանրապես չէր կարող ներկայացվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը վերաբերում է հայցվորի անձի հետ կապված հանգամանքներին, որպիսի հանգամանք է նաև Ընկերության կողմից իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար ՀՀ ոստիկանապետին դիմելը, որը կարող է ընդգրկվել նշված հոդվածում ներառված «և այլն» թվարկման մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Ա. Գալստյանին հասցեագրված 01.09.2014 թվականի թիվ Ն/ՏՍ-06/1-5070 գրությամբ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Արթուր Իչմիլյանին վերացնել կանխամտածված կեղծ գովազդը և լուծել «BMW 525I» մակնիշի «19 OO 264» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ վարչական պատասխանատվության հարցը (հատոր 1-ին, գ.թ. 24):

2) Ընկերությանն ուղղված 19.09.2014 թվականի թիվ 17-2-15486 գրությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը նշել է, որ կանխամտածված կեղծ գովազդի և (կամ) անբարեխիղճ գովազդի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի որևէ նորմով պատասխանատվություն նախատեսված չէ (հատոր 1-ին, գ.թ. 25):

3) 16.10.2014 թվականին Ընկերության կողմից Դատարան ներկայացված հայցադիմումում Ընկերությունը նշել է, որ 12.08.2014 թվականին իրենց աշխատակիցները Երևանի փողոցներից մեկով երթևեկելիս նկատել են Արթուր Իչմիլյանին պատկանող «BMW 525I» մակնիշի «19 OO 264» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի հետնապակու վրա զետեղված է եղել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ» արտահայտությունը և Ընկերության ապրանքային նշանը:

Միաժամանակ Ընկերությունը միջնորդել է հարգելի համարել Դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բացթողումն այն հիմնավորմամբ, որ 12.08.2014 թվականին տեղեկանալով իր հասցեին կատարված զրպարտչական գործողությունների մասին` Ընկերությունը 01.09.2014 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը, որից պատասխանը ստացվել է շուրջ մեկ ամիս անց` 24.09.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-7):

4) 23.12.2014 թվականին Դատարանին հասցեագրված դիմումով Արթուր Իչմիլյանի ներկայացուցիչ Դավիթ Սրապիոնյանը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել հայցը մերժելու մասին վճիռ (հատոր 2-րդ, գ.թ. 4-5):

5) Արթուր Իչմիլյանի ներկայացուցիչ Դավիթ Սրապիոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 03.03.2015 թվականի վճռի դեմ նաև այն հիմքով, որ հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված մեկամսյա ժամկետը` Դատարան դիմելով տեղեկանալու պահից ավելի, քան երկու ամիս անց (հատոր 2-րդ, գ.թ. 81-82):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի և 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով 02.04.2010 թվականի, թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի, թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով 25.12.2012 թվականի և թիվ ԱՎԴ3/0144/02/12 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի և 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) վիրավորանքի կամ զրպարտության դեպքում անձի կողմից իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու համար դատարան դիմելու ժամկետներն ինչպե՞ս են հարաբերակցվում միմյանց և հայցային վաղեմության ժամկետի հետ,

2) արդյո՞ք իրավաբանական անձը կարող է ներկայացնել հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն:

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` նույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն` բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմելու բոլոր դեպքերում` ոչ ուշ, քան մինչև վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը (տե՛ս, Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ ժամկետներն այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետևաբար այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները (տե՛ս, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ մեկամսյա ժամկետը, որպես հայցային վաղեմության ժամկետ ներառված լինելով վեցամսյա ժամկետում, ենթակա է վերականգնման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչդեռ վեցամսյա ժամկետի բացթողնման դեպքում այն վերականգնման ենթակա չէ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրական նման ձևակերպումը ենթադրում է, որ վիրավորանքի և զրպարտության դեպքում դրա տարածման մակարդակը նվազում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, որից հետո առարկայազուրկ է դառնում նման պահանջի ներկայացումը: Մյուս կողմից հատկանշական է այն, որ բոլոր դեպքերում վեցամսյա ժամկետում հայցի ներկայացումը դեռևս չի նշանակում հայցային վաղեմության ժամկետի պահպանում, քանի որ այդ դեպքում իմաստազուրկ է դառնում մեկամսյա ժամկետի նախատեսումը: Ընդհանրացնելով վերոնշյալ եզրահանգումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության հարց բարձրացնելիս դատարանները նախևառաջ պետք է գնահատեն վեցամսյա ժամկետի պահպանված լինելու հանգամանքը, ապա դրա շրջանակներում անդրադառնան մեկամսյա ժամկետի պահպանված լինելու հարցին:

Հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու կամ չլինելու փաստի ապացուցումը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասների հատուցման գործերով առանձնահատուկ է այնքանով, որքանով ժամկետի հաշվարկման սկիզբը կապված է տուժողի տեղեկացված լինելու հետ: Այս առումով գրեթե անհնար է պատասխանողի (հայցային վաղեմություն վկայակոչող անձի) կողմից այնպիսի ապացույցների ներկայացումը, որոնք կհաստատեն նշված փաստերի առկայությունը: Այսինքն` օբյեկտիվորեն տուժողին է հայտնի կոնկրետ տեղեկատվությունն իրեն հասու լինելու ժամանակը, հետևաբար տուժողի կողմից այլ բան ապացուցված չլինելու դեպքում հայցային վաղեմության սկիզբ է համարվում համապատասխան տեղեկատվության հրապարակման օրը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն (տե՛ս, Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանն ընդդեմ Պարույր Հայրիկյանի թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով դատարանին հնարավորություն է ընձեռել հարգելի ճանաչելու հայցային վաղեմության ժամկետի բացթողումը բացառիկ դեպքերում: Ընդ որում, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության միայն այն հանգամանքների պայմաններում, երբ բացառիկ դեպքը կապված է հայցվորի անձի հետ, այն է` հայցվորի ծանր հիվանդությունը, անօգնական վիճակը, անգրագիտությունը և այլն: Ավելին, հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե բացթողման պատճառները տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսվա ընթացքում, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա վաղեմության ժամկետի ընթացքում (տե'ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու պահով: Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, որպիսի պահից մեկամսյա ժամկետում իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմում դատարան չներկայացնելու դեպքում բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը: ՎՃռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձն իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու համար դատարան կարող է դիմել վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ընդ որում, միայն այն դեպքում, եթե վիրավորանքի կամ զրպարտության պահից չի անցել վեց ամսից ավելի: Այլ կերպ ասած` մեկամսյա ժամկետը պետք է ընդգրկված լինի վեցամսյա ժամկետի մեջ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեցամսյա ժամկետի բացթողնման դեպքում անձը զրկվում է դատարան դիմելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է մեկամսյա ժամկետին, ապա այն ենթակա է վերականգնման վերը նշված հիմքերի առկայության դեպքում:

2) 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման դրույթ է պարունակում նաև 06.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Համանման դրույթ է պարունակում նաև 06.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածը, որի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Եվրոպական դատարանի վերը նշված դիրքորոշումից հետևում է, որ դատարանի մատչելիության իրավունքը մարմնավորում է ոչ միայն հայց հարուցելու, այլև արդեն իսկ հարուցված հայցով գործի ըստ էության քննության և լուծման իրավունքը:

Վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո գնահատելով հայցային վաղեմության ժամկետը վերականգնելու հնարավորությունը, գտնում է, որ օրենսդրական այս կառուցակարգն ուղղակիորեն կապված է դատարանի մատչելիության իրավունքի հետ: Մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար, որպիսի պայմաններում դատարան դիմած շահագրգիռ անձը զրկվում է իր պահանջը հարկադրաբար իրականացնելու, իր խախտված իրավունքները դատարանի միջոցով պաշտպանելու հնարավորությունից: Մինչդեռ հայցային վաղեմության ժամկետի բացթողումը կարող է և պայմանավորված լինել նաև օբյեկտիվ հանգամանքներով: Այդ իսկ նկատառումով էլ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածում նախատեսել է հայցային վաղեմության ժամկետի բացթողումը դատարանի կողմից հարգելի ճանաչելու կառուցակարգ: Օրենսդրական նշված դրույթի տառացի մեկնաբանությունից, սակայն, հետևում է, որ նման հնարավորություն վերապահված է միայն քաղաքացի հայցվորին: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ3/0144/02/12 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշմամբ ևս արձանագրել է, որ որպես հայցային վաղեմության ժամկետի վերականգնում հայցող սուբյեկտ կարող են հանդես գալ բացառապես ֆիզիկական անձինք, որպիսի եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքների բնույթով, որոնք օրենսդիրը համարել է հարգելի ճանաչելու հիմք: Վճռաբեկ դատարանը, իրացնելով իրեն վերապահված օրենքի միատեսակ կիրառության ապահովման, իրավունքի զարգացմանը նպաստելու գործառությունները, գտնում է, որ վերը նշված ընթացակարգը կիրառելի է նաև իրավաբանական անձանց պարագայում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության այն դրույթից, ըստ որի` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն անձի հիմնական իրավունքներից են, որոնք վերապահված են նաև իրավաբանական անձանց: Այսպես, օրենսդիրը, իրավաբանական անձանց դասելով քաղաքացիական իրավունքի սուբյեկտների շարքը, ընձեռելով քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու, քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու հնարավորություն, միաժամանակ նախատեսել է այդ իրավունքների դատական պաշտպանության կարգ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրելով, որ հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով դատական պաշտպանության իրավունքի իրացման հարցում հայցային վաղեմության ինստիտուտի նշանակությունը, մասնավորապես այն, որ նշված ինստիտուտը որոշակիորեն սահմանափակում է շահագրգիռ անձի դատարանի մատչելիության իրավունքը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը հարկ է մեկնաբանել վերը նշված սահմանադրաիրավական դրույթների լույսի ներքո, որի արդյունքում իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ իրավաբանական անձը ևս կարող է օգտվել հայցային վաղեմության ժամկետը վերականգնելու հնարավորությունից` հաշվի առնելով, որ այն դատարանի մատչելիության իրավունքի իրացման դրսևորումներից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով նշել է, որ «հայցային վաղեմության ժամկետի վերականգնում» եզրույթը նշանակում է ոչ թե հայցային վաղեմության ժամկետի հոսքի վերսկսում, այլ անձի խախտված իրավունքների պաշտպանության տրամադրում` հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերի առկայության դեպքում: Հայցային վաղեմության ժամկետի վերականգնումը կիրառելի է որպես բացառիկ միջոց, և եթե առկա են մի շարք հանգամանքներ: Նախևառաջ` հարգելի համարելու պատճառները պետք է կապված լինեն հայցվորի անձի հետ: Բոլոր այն հանգամանքները, որոնք կապված են այլ անձանց հետ և թեկուզ իրականում խոչընդոտել են հայցվորի` իր իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինելուն, չեն կարող համարվել հարգելի: Երկրորդ` հարգելի ճանաչելու համար հիմք հանդիսացող հանգամանքները պետք է լինեն այնպիսին, որ զրկեն անձին դատարան դիմելու հնարավորությունից: Ընդ որում, նշված շրջանակում չեն կարող ներառվել այն դեպքերը, երբ անձն ի վիճակի չլինելով դատարան դիմել անձամբ` ունեցել է ներկայացուցչի միջոցով հանդես գալու հնարավորություն (տե'ս, Գագիկ Հարությունյանն ընդդեմ Արա Նահապետյանի թիվ ԱՎԴ3/0144/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո գնահատելով իրավաբանական անձի կողմից հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու հարցը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավաբանական անձի նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի իրավակարգավորումը, այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համատեքստում, միայն այն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնց պատճառով իրավաբանական անձը զրկվել է դատարան դիմելու հնարավորությունից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է այն, որ օրենսդրի կողմից նման հանգամանքների սպառիչ ցանկ չի նախատեսվել: Ուստի յուրաքանչյուր դեպքում դատարանների կողմից գնահատման է արժանի տվյալ հանգամանքի` իրավաբանական անձի համար դատարան դիմելուն խոչընդոտ հանդիսանալու աստիճանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Ա. Գալստյանին 01.09.2014 թվականին հասցեագրված թիվ Ն/ՏՍ-06/1-5070 գրությամբ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Արթուր Իչմիլյանին վերացնելու կանխամտածված կեղծ գովազդը և լուծել «BMW 525I» մակնիշի «19 OO 264» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ վարչական պատասխանատվության հարցը: Ընկերությանն ուղղված 19.09.2014 թվականի թիվ 17-2-15486 գրությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը նշել է, որ կանխամտածված կեղծ գովազդի և (կամ) անբարեխիղճ գովազդի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի որևէ նորմով պատասխանատվություն նախատեսված չէ: 16.10.2014 թվականին Ընկերության կողմից Դատարան ներկայացված հայցադիմումում Ընկերությունը նշել է, որ 12.08.2014 թվականին իրենց աշխատակիցները Երևանի փողոցներից մեկով երթևեկելիս նկատել են Արթուր Իչմիլյանին պատկանող «BMW 525I» մակնիշի «19 OO 264» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի հետնապակու վրա զետեղված է եղել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ» արտահայտությունը և Ընկերության ապրանքային նշանը: Միաժամանակ Ընկերությունը միջնորդել է հարգելի համարել Դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բացթողումը: 23.12.2014 թվականին Դատարանին հասցեագրված դիմումով Արթուր Իչմիլյանի ներկայացուցիչ Դավիթ Սրապիոնյանը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել հայցը մերժելու մասին վճիռ:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու և հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ մինչ Դատարան դիմելն Ընկերությունը ձեռնարկել է ակտիվ քայլեր իր իրավունքների պաշտպանության համար, ուստի մեկամսյա ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը հիմնավոր է, և բացի այդ, հայց ներկայացնելու վեցամսյա ժամկետն Ընկերության կողմից պահպանվել է, որի պարագայում Արթուր Իչմիլյանի միջնորդությունն անհիմն է:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով բաց է թողնվել հայցային վաղեմության ժամկետը: Գնահատելով դատարան դիմելու համար սահմանված հայցային վաղեմության ժամկետի պահպանված լինելու հարցը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չի ներկայացվել որևէ ապացույց գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածելու ստույգ օրը հաստատված համարելու համար: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլ բան ապացուցված չլինելու պայմաններում վեցամսյա ժամկետի սկիզբ պետք է համարել Ընկերության կողմից այդ տեղեկությունների մասին տեղեկանելու օրը` 12.08.2014 թվականը:

Տվյալ դեպքում իր գործարար համբավն արատավորող տեղեկությունների տարածման մասին տեղեկացված լինելով դեռևս 12.08.2014 թվականին` Ընկերությունը Դատարան է դիմել միայն 16.10.2014 թվականին` տեղեկացված լինելուց հետո ավելի, քան երկու ամիս անց, հետևաբար բաց է թողել հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ընկերությունը կարող էր ներկայացնել հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, և արդյոք այդ միջնորդությունը ենթակա էր բավարարման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը կարող էր ներկայացնել հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, ուստի անհիմն է վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ Ընկերությունը նման միջնորդություն չէր կարող ներկայացնել: Միաժամանակ, սակայն, անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմք սույն գործով առկա չէ, Վճռաբեկ դատարանն այն համարում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ. սույն գործով Ընկերությունը, 16.10.2014 թվականին հայցադիմում ներկայացնելով Դատարան, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բացթողումը` պատճառաբանելով, որ Ընկերությունն իր խախտված իրավունքների մասին իմացել է 12.08.2014 թվականին, որից հետո խախտված իրավունքները վերականգնելու համար 01.09.2014 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին, իսկ պատասխան գրությունը ստացել է միայն 24.09.2014 թվականին:

Ստորադաս դատարանները, պատճառաբանելով, որ մինչ դատարան դիմելն Ընկերությունը ձեռնարկել է ակտիվ քայլեր իր իրավունքների պաշտպանության համար, մեկամսյա ժամկետի բացթողումը հարգելի են որակել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դեպքում դատական կարգով իրավունքները պաշտպանելու հնարավորություն` որպես արտադատական կարգով իրավունքների պաշտպանության միակ եղանակ նախատեսելով նույն հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքը, այն է` անձը չի կարող օգտվել նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:

Վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վիրավորանքից կամ զրպարտությունից պաշտպանելու հարաբերություններում անձի իրավունքների պաշտպանության դատական պաշտպանության եղանակը` արտադատական կարգով իրավունքների պաշտպանության հնարավորություն ընձեռելով միայն մեկ կոնկրետ դեպքում և կոնկրետ եղանակով, այն է` «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում պահանջելու միջոցով (որպիսի գործողության կատարման դեպքում ևս հայց ներկայացնելու մեկամսյա ժամկետը պետք է պահպանվի), մինչդեռ սույն գործով Ընկերությունը, դատարան դիմելու փոխարեն, իր իրավունքների պաշտպանությունը փորձել է իրականացնել այլ եղանակով, այն է` ոստիկանություն դիմելու միջոցով, ինչի արդյունքում դատարան է դիմել սահմանված մեկամսյա ժամկետի ավարտից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով 25.12.2012 թվականի` վերը նշված որոշմամբ արդեն իսկ նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով նախատեսված վեճերի համար հատուկ` կրճատ հայցային վաղեմության ժամկետի սահմանումը պայմանավորված է նրանով, որ վիրավորանքի և զրպարտության դեպքում դրա տարածման մակարդակը նվազում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, որից հետո առարկայազուրկ է դառնում նման պահանջի ներկայացումը: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով նախատեսված կրճատ ժամկետը պայմանավորված է երկու կողմերի իրավունքներով և օրինական շահերով` նպատակ ունենալով ապահովելու արդարացի հավասարակշռություն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ընկերության կողմից Դատարան ներկայացված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդության մեջ նշված հանգամանքները կապված չեն դատարան դիմելու հնարավորությունից զրկված լինելու հետ, քանի որ Ընկերությունը հնարավորություն ուներ դիմելու դատարան` անկախ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին դիմելու հանգամանքից: Հետևաբար առկա չէր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված բացառիկ դեպք, որը հիմք կհանդիսանար հայցային վաղեմության ժամկետը վերականգնելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության առկայության պայմաններում հայցը ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի ստորադաս դատարանների կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը և 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը, որն ազդել է գործի ելքի վրա:

 

Վերը շարադրված պատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը` հայցային վաղեմության ժամկետի վերականգման հիմքի առկայության վերաբերյալ: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանի այն փաստարկին, թե վաղեմության մեկամսյա ժամկետի քննարկման մասով Արթուր Իչմիլյանը չէր կարող վճռաբեկ բողոք ներկայացնել, քանի որ նշված հիմքով վերաքննիչ բողոք չի ներկայացրել, ապա Վճռաբեկ դատարանն այն համարում է անհիմն, քանի որ Արթուր Իչմիլյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքի հիմքերից մեկը վերաբերել է հենց մեկամսյա ժամկետի խախտմամբ հայց ներկայացնելուն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է`հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, իսկ Ընկերության հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Արթուր Իչմիլյանի պետք է բռնագանձել 64.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 74.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Արթուր Իչմիլյանի` 1.800.000 ՀՀ դրամ բռնագանձելու, ինչպես նաև «BMW 525I» մակնիշի «19 OO 264» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնապակու վրա զետեղված «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ» արտահայտությունը և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի ապրանքային նշանը վերացնելու պահանջների մասով, մերժել:

2. «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ից հօգուտ Արթուր Իչմիլյանի բռնագանձել 64.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք, և 74.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

    Ս. Անտոնյան
    Վ. Ավանեսյան
    Մ. Դրմեյան
    Գ. Հակոբյան
    Ռ. Հակոբյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան