Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1315
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.997
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
18.10.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
18.10.2016
Дата вступления в силу
18.10.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 հոկտեմբերի 2016 թ.

 

ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 176-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Հայկ Մաշուրյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ռ. Ռևազյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայկ Մաշուրյանի՝ 20.06.2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (ՀՕ-139-Ն) (այսուհետ՝ օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող 176-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

 

«Հոդված 176. Գործի նոր քննության կարգը

...

2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց»։

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը փոփոխության և լրացման չի ենթարկվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը 12.09.2013թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել դիմողին` ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելու համար: Վարչական դատարանը 07.10.2013թ. որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ:

Վարչական դատարանը 08.10.2014թ. որոշմամբ ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ դիմողի` վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, բավարարել է, և դիմողը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50.000 (հիսուն հազար) դրամի չափով: Նշված որոշումը դիմողի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որն իր` 25.02.2015թ. որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը, բեկանել է ՀՀ վարչական դատարանի 08.10.2014թ. որոշումը և թիվ ՎԴ/8125/05/13 վարչական գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան` լրիվ ծավալով նոր քննության:

Դիմողի կողմից 12.06.2015 թվականին ներկայացված հակընդդեմ հայցի ընդունումը ՀՀ վարչական դատարանի 16.06.2015թ. որոշմամբ մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը, սահմանելով գործի նոր քննության կարգը, բացառում է գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունը»: Միևնույն ժամանակ, դատարանը նշել է, որ հակընդդեմ հայցադիմումում ներկայացված հիմքերի ու հիմնավորումների շրջանակներում շահագրգիռ անձն իր իրավունքներն ու օրինական շահերը կարող է պաշտպանել առանձին հայցի ներկայացման միջոցով:

Դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որն իր` 07.08.2015թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և ՀՀ վարչական դատարանի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ:

Դիմողը 11.09.2015 թվականին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/8125/05/13 գործով «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որն էլ 02.12.2015թ. կայացրել է որոշում` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին»:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավազորության ներքո գտնվող անձանց, ի թիվս այլոց, երաշխավորում է դատական պաշտպանության, իրավահավասարության, խտրականությունից զերծ լինելու իրավունքներ: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ` դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանը դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր է համարել արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորումը:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը սահմանում են անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման երաշխիքներն ու չափորոշիչները: Վերջիններս իրենց ամբողջության մեջ կոչված են ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք ու ամբողջական վերականգնումը:

Դիմողը նշում է, որ Եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ու պարտականություներին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` «քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու» իրավունքը:

Դիմողը վկայակոչում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոգրյալի հիման վրա դիմողը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելով` սահմանափակել է դիմողի` հակընդդեմ հայցով դատարան դիմելու իրավունքը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը որևէ տարբերակում չի նախատեսում, սակայն, ըստ դիմողի` պետք է ընդունել, որ կարող են լինել էականորեն տարբեր իրավիճակներ: Մասնավորապես, սույն գործի շրջանակներում դիմողն ընդհանրապես հնարավորություն չի ունեցել իր դեմ հարուցված հայցի վերաբերյալ ներկայացնել հակընդդեմ հայց: Իր նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ տեղեկացել է միայն Վարչական դատարանի վերջնական դատական ակտն ստանալուց հետո: Խնդիրն այլ կլիներ, եթե դիմողը տեղեկացված լիներ, որ իր դեմ հայց է հարուցված, և նա օբյեկտիվորեն հնարավորություն ունենար հանդես գալու հակընդդեմ հայցով: Սակայն էապես տարբեր իրավիճակներում գտնվող հանգամանքներում օրենսդիրը սահմանել է նույն ընթացակարգը:

Դիմողի համոզմամբ, չսահմանելով որևէ տարբերակում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը պարունակում է իրավական բաց, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 61 և 63-րդ հոդվածներին:

Բացի դրանից, ըստ դիմողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող ընթացակարգային նորմերը խոչընդոտում են մարդու` ընդհանրապես, և դիմողի՝ մասնավորապես, «դատարանի մատչելիության իրավունքի» իրացմանը, ինչը խախտում է սահմանադրական իրավունքի հիմնարար սկզբունքներից՝ «իրավունքի ընթացակարգային նորմը չի կարող նյութական նորմի ամբողջական ու լիարժեք իրացման խոչընդոտ հանդիսանալ» սկզբունքը:

 

4. Պատասխանող կողմը, վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթները, ինչպես նաև Եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումները արդար դատաքննության բաղադրատարր համարվող դատարանի մատչելիության վերաբերյալ (Սիալկովսկան ընդդեմ Լեհաստանի (Sialkowska v. Poland) 2007թ. մարտի 22-ի վճիռ), եզրահանգում է, որ հիշյալ իրավական սկզբունքի խախտում կարող է առկա լինել, երբ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվի այնչափ, որ սահմանափակվի անձի դատական պաշտպանությունից գործնականում օգտվելու իրավունքը:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի` 2016 թվականի հունիսի 23-ի ՍԴՈ-1289 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին` պատասխանողը նշում է, որ հակընդդեմ հայցը` հանդիսանալով պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց, նպատակ ունի նպաստել արդյունավետ դատական պաշտպանության` նրա իրավունքի իրացմանը և ապահովել արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության` անձի իրավունքի իրականացումը: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը վարչական դատավարությունում հակընդդեմ հայցի ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակության բաղկացուցիչ է համարում հակընդդեմ հայցն սկզբնական հայցի հետ համատեղ քննելու արդյունավետ կառուցակարգի սահմանումը, որով լիարժեք կերաշխավորվի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

Իրավական որոշակիության կապակցությամբ պատասխանողն անդրադարձ կատարելով Եվրոպական դատարանի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, նշում է, որ «(...) որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»:

Պատասխանողի կարծիքով` օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը հակընդդեմ հայցի ներկայացման համար հստակ ժամկետային սահմանափակում (արգելք) է պարունակում վարչական դատավարության որոշակի փուլում, ինչն իրավաչափ լուծում է:

Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողը գտնում է, որ այդ մասով խնդրո առարկա դրույթն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի կարգադրագրերի պահանջներին համապատասխանեցնելու գործնական, ռեալ հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին: Խնդիրն այն է, որ հասարակական հարաբերությունները խիստ բազմազան են և որևէ իրավական ձևակերպմամբ օբյեկտիվորեն հնարավոր չէ օրենքներում ապահովել բոլոր դեպքերի համար լուծումներ:

Սակայն, պատասխանողի կարծիքով, կոնկրետ դեպքում` հանգամանքների որոշակի զուգորդմամբ, անձն օբյեկտիվորեն զրկվել է հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից, ինչը չի բխում ոչ միայն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման նպատակից, այլև ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2016 թվականի հունիսի 23-ի ՍԴՈ-1289 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների տրամաբանությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթն այնքանով, որքանով չի ապահովում իրենից անկախ պատճառներով հակընդդեմ հայց չներկայացրած անձի կողմից գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

5. Սույն գործով վիճարկվող իրավադրույթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հիմնախնդիրներին.

- արդյո՞ք վերադաս դատարանի կողմից բողոքի բավարարման հետևանքով գործը լրիվ ծավալով նոր քննության ուղարկելու դեպքում հակընդդեմ հայց ներկայացնելու արգելքը չի սահմանափակում անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով երաշխավորված` արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացման հնարավորությունը,

- արդյո՞ք վիճարկվող դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդարացի դատաքննության սկզբունքներից մեկի` կողմերի ելակետային պայմանների հավասարության սկզբունքին,

- արդյո՞ք ինքնուրույն հայցադիմում հարուցելու հնարավորության պայմաններում վիճարկվող դրույթում առկա է իրավական բաց՝ հաշվի առնելով նաև վերջինիս վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

6. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է մի շարք պայմաններ, որոնց առկայության պարագայում հնարավոր է դառնում հակընդդեմ հայցադիմումի ընդունումը քննության: Դրանք են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները, այն է՝

1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծում։

Բացի դրանից, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել վիճարկման և պարտավորեցման հայցերով, ինչպես նաև օրենսգրքի 26-րդ և 28-րդ գլուխներով նախատեսված գործերով։

Դիտարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հակընդդեմ հայցի ինստիտուտի՝ անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրագործման տեսանկյունից` ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր` ՍԴՈ-1289 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը շեշտել է, որ`

- «սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով հակընդդեմ հայցի ինստիտուտն իմաստազրկվում է, եթե անհրաժեշտ ու բավարար դատավարական ընթացակարգեր նախատեսված չեն այն սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար»,

- «հակընդդեմ հայցը` հանդիսանալով պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց, նպատակ ունի նպաստել արդյունավետ դատական պաշտպանության` նրա իրավունքի իրացմանը և ապահովել արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության` անձի իրավունքի իրականացումը»:

Վերոգրյալից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորության սահմանափակումներն ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում անձի դատական պաշտպանության հնարավորությունը, քանի որ ցանկացած պարագայում նա իրավասու է վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ինքնուրույն հայց ներկայացնել դատարան, այնուամենայնիվ, նման սահմանափակումները կոնկրետ իրավահարաբերության շրջանակներում համաչափության սկզբունքին չհամապատասխանելու պարագայում կարող են համահունչ չլինել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

 

7. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելուց և գործը նոր քննության ուղարկելուց հետո հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու օրենսդրական արգելքն անհրաժեշտ է դիտարկել գործի նոր քննության ինստիտուտի ողջ համատեքստում:

Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի իրավակարգավորումների` գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական կամ վերաքննիչ դատարանում գործերի քննության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով: Միաժամանակ, օրենսդիրը, ելնելով գործի նոր քննության առանձնահատկություններից, նախատեսել է մի շարք բացառություններ.

նախ` ստորադաս դատարանում գործի քննություն իրականացրած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի նոր քննությանը /հոդվ. 175/,

երկրորդ` գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը /հոդվ. 176/,

երրորդ` գործի նոր քննության ժամանակ չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց /հոդվ. 176/,

չորրորդ` ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով /հոդվ. 177/,

հինգերորդ` գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ, երբ դատարանը մատնանշում է ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջում է ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ, ինչպես նաև լսում է մյուս կողմի առարկությունները բեկանման հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ /հոդվ. 177/:

Վերոնշյալ առանձնահատկությունների առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերադաս դատարանի կողմից բողոքը բավարարվելու արդյունքում գործի նոր քննության փուլն ուղղված է դատական սխալի հիմքով (նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը) վեճն ըստ էության լուծող դատական ակտի վերանայմանը: Այսինքն` բողոքի բավարարման հետևանքով գործի նոր քննությունը նպատակ ունի ուղղել արդեն իսկ կայացված դատական ակտի հետ կապված նյութաիրավական և/կամ դատավարական թերությունները:

Բացի դրանից, հայցի հիմքի, առարկայի, հայցային պահանջի չափի փոփոխման, հակընդդեմ հայց հարուցելու, որոշակի բացառություններով նոր ապացույցներ ներկայացնելու արգելքն ուղղված է անձի՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքի ապահովմանը: Այն դեպքերում, երբ վերադաս դատարանն իրացնելով իր լիազորությունը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը, բեկանված մասով գործն ուղարկում է համապատասխան դատարան՝ նոր քննության, և սահմանում նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ, վերոնշյալ սահմանափակումները դառնում են անհրաժեշտ և արդյունավետ:

Հարկ է նշել, որ գործի նոր քննության շրջանակներում հակընդդեմ հայց հարուցելու արգելքը փոխկապակցվում է հայցվորի կողմից հայցի հիմքի, առարկայի կամ հայցային պահանջների չափը փոփոխելու հնարավորության բացակայության հետ: Օրենսդրի կողմից այսպիսի սահմանափակումներ նախատեսելն ընդհանուր առմամբ հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` ապահովել ողջամիտ հավասարակշռություն դատավարության ընթացքում կողմերի ունեցած հնարավորությունների միջև:

 

8. Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այլ է խնդիրը, երբ դատական ակտը բեկանվում է նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանողի՝ պատշաճ ծանուցված չլինելու արդյունքում դատավարությանը չմասնակցելու պատճառով, ինչի հետևանքով նա փաստացի զրկված է լինում արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքների իրականացման, այդ թվում՝ հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու հնարավորություններից:

Ըստ գործի նյութերի` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, բեկանելով Վարչական դատարանի որոշումը և գործն ուղարկելով ամբողջ ծավալով նոր քննության, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, որը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է:

ՀՀ սահմանադրական դատարանը, կոնկրետ վերահսկողության շրջանակներում չանդրադառնալով բեկանման հիմքերի կիրառման իրավաչափության հարցերին, գտնում է, որ տվյալ պարագայում գործի նոր քննության կարևորագույն նպատակներից է հնարավորություն ընձեռել պատասխանողին մասնակցելու դատավարությանը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով օրենքով նախատեսված դատավարական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ հակընդդեմ հայցադիմում ներկայացնելը: Դրանով իսկ ապահովվում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված` կողմերի իրավահավասարության սկզբունքը, համաձայն որի` յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով դատավարության ընթացքում կողմերի իրավահավասարության սկզբունքին, Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռում վերահաստատել է իր այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «... դատավարությունում կողմերի իրավահավասարության պահանջը, որը արդար դատաքննության հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի համեմատ չեն դնում էականորեն անբարենպաստ վիճակում» (Nikoghosyan and Melkonyan v. Armenia, app. no. 11724/04):

Այդ առումով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1289 որոշման մեջ արտահայտված իրավական այն դիրքորոշումը, համաձայն որի` «… օրենսդրորեն հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավակարգավորման հիմնական խնդիրն է դատավարական անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ նախատեսել դրա իրավաչափ իրացումը երաշխավորելու համար», կիրառելի է նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանողի պատշաճ ծանուցված չլինելու հիմքով դատական ակտը բեկանելուց հետո գործի լրիվ ծավալով նոր քննության պարագայում:

 

9. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցի ինստիտուտը հնարավորություն է տալիս մեկ դատավարության ընթացքում մեկ դատական ակտով լուծել կողմերի փոխադարձ պահանջները և դատավարական նվազագույն ուժերի ու միջոցների կիրառմամբ դատական գործընթացն իրականացնել առավել արդյունավետությամբ:

Այն փաստարկը, որ հակընդդեմ հայցի մերժման դեպքում պատասխանողն իրավունք ունի ինքնուրույն հայցադիմում ներկայացնելով իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը, չի կարող լիարժեք հիմնավոր համարվել պատասխանողի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության տեսանկյունից` հետևյալ պատճառաբանությամբ.

նախ` ՀՀ դատական օրենսգրքի` «Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման կարգը» վերտառությամբ 21.2-րդ հոդվածը կանոնակարգում է դատարաններում, այդ թվում` վարչական դատարանում գործերի բաշխման գործընթացը: Ի տարբերություն հակընդդեմ հայցադիմումի, պատասխանողի կողմից ինքնուրույն հայցադիմում ներկայացվելու դեպքում վերոհիշյալ կանոնակարգումը չի երաշխավորում այդ հայցի քննումը վարչական դատարանի նույն նստավայրում,

երկրորդ` ինքնուրույն հայց ներկայացնելու դեպքում ակնհայտորեն ավելանում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58 և 59-րդ հոդվածներով նախատեսված դատական ծախսերը,

երրորդ` հակընդդեմ հայցը հիմնական հայցի հետ քննելու արդյունքում կայացվում է մեկ դատական ակտ, ինչն առավել մատչելի և արդյունավետ է այդ ակտի բողոքարկման, ինչպես նաև կատարման տեսանկյուններից:

 

10. Անդրադառնալով վիճարկվող դրույթում գործի նոր քննության պարագայում հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու որևէ հնարավորության բացակայության խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթը դիտարկել, մի կողմից, հակընդդեմ հայց ներկայացնելու ինստիտուտի, մյուս կողմից` օրենսդրական բացի վերաբերյալ դիմող կողմի հարցադրումների համատեքստում:

2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը` վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում /մասնավորապես` ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190 և ՍԴՈ-1222/ արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ. «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ»: Շեշտվել է նաև, որ «...ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում... »:

Օրենսդրական բացի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք իրավական դիրքորոշումներ (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-933, ՍԴՈ-1143), որոնք, մասնավորապես, հանգում են հետևյալին.

- «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք» (ՍԴՈ-864),

- «... օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը» (ՍԴՈ-914),

- «… օրենսդրական բացը չի կարող մեխանիկորեն նույնացվել սոսկ այս կամ այն եզրույթի օրենսդրորեն ամրագրված սահմանման բացակայության հետ: Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը» (ՍԴՈ-1143):

Ամփոփելով վերոշարադրյալը` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով նախատեսված սահմանափակումը` կապված գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելը ցանկացած պարագայում բացառելու հետ, թերի իրավակարգավորման արդյունքում ոչ իրավաչափորեն սահմանափակում է արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այն դեպքերում, երբ չի ապահովվում իրենից անկախ պատճառներով հակընդդեմ հայց չներկայացրած անձի կողմից գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու և այն ամբողջ ծավալով քննության առարկա դարձնելու հնարավորություն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով չի ապահովվում իրենից անկախ պատճառներով հակընդդեմ հայց չներկայացրած անձի կողմից գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 հոկտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1315