Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.08.08/59(1239).1 Հոդ.767.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2016
Дата вступления в силу
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5472/05/11

Վարչական գործ թիվ ՎԴ/5472/05/11
2016թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան  

Դատավորներ`

Ա. Աբովյան
 

Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի որոշման դեմ` ըստ «Ատլաս-Էներգո» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Նախարարության Իջևանի տարածքային հարկային տեսչության (իրավանախորդ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Իջևանի տարածքային հարկային տեսչություն) (այսուհետ` Տեսչություն)` Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Տեսչության հայցի ընդդեմ Ընկերության` 16.338.320 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետը (գործ թիվ ՎԴ/5472/05/11):

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 16.338.320 ՀՀ դրամ (գործ թիվ ՎԴ/8238/05/11):

ՀՀ վարչական դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/5472/05/11 և թիվ ՎԴ/8238/05/11 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում, և վարչական գործի քննությունը շարունակվել է թիվ ՎԴ/5472/05/11 համարի ներքո:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) 10.08.2012 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն` Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետի` 2010 թվականի շահութահարկի ապառքի գումարները սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով 1.834.302 ՀՀ դրամ տույժի հաշվարկման մասը ճանաչվել է անվավեր, իսկ մնացած մասով Ընկերության հայցը մերժվել է. Տեսչության հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից բռնագանձվել է 14.504.018 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով Տեսչության հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Բաբայան, Հ. Բեդևյան, Ա. Սարգսյան) 28.12.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 10.08.2012 թվականի վճիռը մասնակիորեն` Ընկերության հայցը մերժելու և Տեսչության հայցը մասնակիորեն բավարարելու` շահութահարկի գծով 13.435.680 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, բեկանվել է և այդ մասերով գործն ուղարկվել է նոր քննության, մնացած մասով ՀՀ վարչական դատարանի 10.08.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.02.2013 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.12.2012 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2014 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է, իսկ Տեսչության հայցը բավարարվել է` Ընկերությունից բռնագանձվել է 13.435.680 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 05.12.2014 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն` Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետը` 6.797.849,5 ՀՀ դրամ լրացուցիչ վճարման առաջադրված գումարի մասով, ճանաչվել է անվավեր, մնացած մասով Ընկերության հայցը մերժվել է, իսկ Տեսչության հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից բռնագանձվել է 6.637.830,5 ՀՀ դրամ, մնացած մասով Տեսչության հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 16-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 7-րդ և 10-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնք ներկայացված չեն եղել Տեսչության կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում և չեն կարող հիմք հանդիսանալ Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի իրավաչափության գնահատման համար:

Վերաքննիչ դատարանն Ընկերության կողմից ներկայացված ամփոփ տեղեկագրերի տվյալները չի համադրել ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների հետ և հիմք ընդունելով միայն ամփոփ տեղեկագրերը` հանգել է սխալ եզրակացության, ինչն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ Դատարանն իր վճռում իրավացիորեն արձանագրել է, որ գործով ձեռք բերված գրավոր ապացույցներով, ինչպես նաև փորձագետի եզրակացությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ առաջադրված հարկային պարտավորությունը հիմնավոր է, իսկ վիճարկվող վարչական ակտը ենթակա չէ անվավեր ճանաչման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.12.2014 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետի համաձայն` Ընկերության նկատմամբ 2009 և 2010 թվականների համար շահութահարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` ընդամենը 15.269.982,5 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 68-72):

2) ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16.05.2014 թվականի թիվ 02591409 փորձագետի եզրակացության համաձայն` եթե դատաքննությամբ ընդունվի, որ 2009-2010 թվականներին 1 հատ հիդրոտուրբինը և 1 հատ մեխանիկական ամբարձիչը եղել են ապամոնտաժված և անօգտագործելի վիճակում, ապա նման պայմաններում փորձաքննությանը տրամադրված փաստաթղթերի տվյալներով Ընկերության կողմից 2009-2010 թվականների համար լրացուցիչ հաշվառման ենթակա շահութահարկի գումարի չափը տույժ և տուգանքների գումարների հետ միասին կկազմի 19.324.119 ՀՀ դրամ: Իսկ եթե դատաքննությամբ ընդունվի, որ նշված սարքավորումները 2009-2010 թվականների ընթացքում գտնվել են պիտանի վիճակում և Ընկերության կողմից շահագործվել են, ապա նման պայմաններում փորձաքննությանը տրամադրված փաստաթղթերի տվյալներով Ընկերության կողմից 2009-2010 թվականների համար լրացուցիչ հաշվառման ենթակա շահութահարկի գումարի չափը տույժ և տուգանքների գումարների հետ միասին կկազմի 17.960.882 ՀՀ դրամ (հատոր 5-րդ, գ.թ. 10-26):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը հրապարակվում է, հետազոտվում դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ1/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Ընկերությունը վիճարկում է Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետը, որով Ընկերության նկատմամբ շահութահարկի գծով առաջադրվել է 15.269.982,5 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն 2009 և 2010 թվականների համար: Տեսչությունը, իր հերթին դիմելով դատարան, պահանջել է Ընկերությունից բռնագանձել 16.338.320 ՀՀ դրամ, որից 15.269.983 ՀՀ դրամը Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետով Ընկերության նկատմամբ շահութահարկի գծով առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորության գումարն է:

ՀՀ վարչական դատարանի 10.08.2012 թվականի վճռով Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետը` 1.834.302 ՀՀ դրամ տույժի հաշվարկման մասով, ճանաչվել է անվավեր, իսկ Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելու վերաբերյալ Ընկերության հայցը` մնացած մասով, մերժվել է, Տեսչության հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից բռնագանձվել է 14.504.018 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով Տեսչության հայցը մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 28.12.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 10.08.2012 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն` Ընկերության հայցը մերժելու մասով և Տեսչության հայցը` 13.435.680 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, և այդ մասերով գործն ուղարկվել է նոր քննության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նոր քննության վարույթում դատական քննության առարկա է Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետի իրավաչափությունը` Ընկերության նկատմամբ 2009-2010 թվականների համար շահութահարկի գծով 13.435.680 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, ինչպես նաև դրանով պայմանավորված` Ընկերությունից 13.435.680 ՀՀ դրամ բռնագանձելու մասին Տեսչության հայցապահանջի հիմնավորվածությունն ու օրինականությունը:

Սույն վարչական գործի նոր քննության արդյունքում Դատարանը մերժել է Ընկերության հայցը, իսկ Տեսչության հայցը` Ընկերությունից 13.435.680 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետով Ընկերության նկատմամբ 2009-2010 թվականների համար շահութահարկի գծով 13.435.680 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրումն իրավաչափ է, և այդ մասով վիճարկվող վարչական ակտը ենթակա չէ անվավեր ճանաչման: Դատարանը, հետազոտելով Ընկերության կողմից ներկայացված 2009 և 2010 թվականների շահութահարկի հաշվարկը, 2009 և 2010 թվականների ծախսերի վերաբերյալ կազմված ամփոփ տեղեկագրերը, 2009 և 2010 թվականների հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև ստուգման ընթացքում Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությունը, այդ թվում` Ընկերության տնօրենի կողմից տրված հայտարարությունը` 35.705.424 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացված միջոցների արժեքը հիմնավորող հաշվապահական փաստաթղթերի բացակայության վերաբերյալ, գտել է, որ ոչ իրավաչափ ծախսագրում իրականացնելու կապակցությամբ Տեսչության եզրահանգումը հիմնավոր է: Ավելին, Դատարանը, սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նկատառումներից ելնելով, նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված 16.05.2014 թվականի թիվ 02591409 փորձագետի եզրակացությամբ, ըստ էության, հաստատվել է այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ 2009-2010 թվականների համար ենթակա է առաջադրման շահութահարկի գծով լրացուցիչ պարտավորություն, որը կազմում է ավելին, քան առաջադրվել է վիճարկվող վարչական ակտով:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը և մասնակիորեն բեկանելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ Դատարանը սխալ է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16.05.2014 թվականի թիվ 02591409 փորձագետի եզրակացությունը` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ առանձին տարիների գծով փորձագետի կատարած հաշվարկը չի համապատասխանում վիճարկվող վարչական ակտով 2009 և 2010 թվականների համար առաջադրված պարտավորության չափին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը սխալ է գնահատել նաև որպես ապացույց ներկայացված` Ընկերության հաշվեկշռում առկա 1 հատ հիդրոտուրբինի և 1 հատ մեխանիկական ամբարձիչի լուսանկարները, քանի որ, ըստ Վերաքննիչ դատարանի, այդ լուսանկարներից չի երևում, որ նշված սարքավորումները 2009 և 2010 թվականներին ապամոնտաժված են եղել և Ընկերության կողմից չեն օգտագործվել:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե իրավաչափ է արդյոք Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետը` Ընկերության նկատմամբ 2009-2010 թվականների համար շահութահարկի գծով 13.435.680 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, թե` ոչ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքը պարզելու նպատակով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.

1) Ընկերության մոտ առկա է արդյո`ք 2009-2010 թվականների համար շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն, թե` ոչ,

2) այդ պարտավորության չափը համապատասխանում է արդյո՞ք Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետով առաջադրված վճարման ենթակա գումարի չափին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերով հաստատվում է Ընկերության մոտ 2009-2010 թվականների համար շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առկայության հանգամանքը:

Այսպես, սույն գործի նոր քննության ընթացքում Դատարանը նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16.05.2014 թվականի թիվ 02591409 փորձագետի եզրակացության համաձայն` 2009-2010 թվականների համար Ընկերությունն ունի շահութահարկի գծով չկատարված լրացուցիչ հարկային պարտավորություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված փորձագիտական եզրակացության համաձայն` 2009-2010 թվականների համար հաշվարկվող շահութահարկի գծով Ընկերության մոտ առկա լրացուցիչ հարկային պարտավորության ընդհանուր չափը կազմում է 19.324.119 ՀՀ դրամ կամ 17.960.882 ՀՀ դրամ. Ընկերության մոտ առկա հարկային պարտավորության չափի վերաբերյալ նման տարբերակված եզրակացությունը պայմանավորված է Ընկերության կողմից որպես հիմնական միջոց մատնանշված որոշակի սարքավորումների (1 հատ հիդրոտուրբին և 1 հատ մեխանիկական ամբարձիչ)` ապամոնտաժված ու անօգտագործելի վիճակում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքով:

Այսպես, ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16.05.2014 թվականի թիվ 02591409 փորձագետի եզրակացության համաձայն` եթե դատաքննությամբ հաստատվի, որ Ընկերության կողմից որպես հիմնական միջոց մատնանշված 1 հատ հիդրոտուրբինը և 1 հատ մեխանիկական ամբարձիչը 2009-2010 թվականներին եղել են ապամոնտաժված և անօգտագործելի վիճակում, ապա նման պայմաններում փորձաքննությանը տրամադրված փաստաթղթերի տվյալներով Ընկերության կողմից 2009-2010 թվականների համար լրացուցիչ հաշվառման ենթակա շահութահարկի գումարի չափը տույժ և տուգանքների գումարների հետ միասին կկազմի 19.324.119 ՀՀ դրամ, իսկ եթե դատաքննությամբ հաստատվի, որ նշված սարքավորումները 2009-2010 թվականների ընթացքում գտնվել են պիտանի վիճակում և Ընկերության կողմից շահագործվել են, ապա նման պայմաններում փորձաքննությանը տրամադրված փաստաթղթերի տվյալներով Ընկերության կողմից 2009-2010 թվականների համար լրացուցիչ հաշվառման ենթակա շահութահարկի գումարի չափը տույժ և տուգանքների գումարների հետ միասին կկազմի 17.960.882 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից 2009-2010 թվականների համար հիմնական միջոցների մաշվածության ավել հաշվարկ կատարվելու հանգամանքը հիմնավորելու նպատակով դատարան են ներկայացվել լուսանկարներ (հատոր 1-ին, գ.թ. 67): Նշված լուսանկարների ուսումնասիրության միջոցով հնարավոր չէ հաստատված համարել այն փաստական հանգամանքը, որ Ընկերության կողմից որպես հիմնական միջոց մատնանշված 1 հատ հիդրոտուրբինը և 1 հատ մեխանիկական ամբարձիչը 2009-2010 թվականների ընթացքում եղել են ապամոնտաժված և անօգտագործելի վիճակում: Ավելին, այդ լուսանկարներից պարզ չէ, թե դրանք երբ են կատարվել, մասնավորապես` արդյոք նշված լուսանկարները կատարվել են Ընկերությունում իրականացված ստուգման ժամանակ, թե` ոչ, իսկ վիճարկվող վարչական ակտում որևէ նշում չկա այն մասին, որ հայտնաբերված խախտման փաստն արձանագրելիս այն ամրագրվել է նաև համապատասխան լուսանկարներով: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ սույն գործի նոր քննության ընթացքում Տեսչությունը չի հիմնավորել, որ Ընկերության հաշվեկշռում առկա 1 հատ հիդրոտուրբինը և 1 հատ մեխանիկական ամբարձիչը 2009 և 2010 թվականներին ապամոնտաժված են եղել և Ընկերության կողմից չեն օգտագործվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Ընդ որում, միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են համապատասխան փաստի գոյությունը հերքված (չապացուցված) համարելուն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերության հաշվեկշռում առկա քննարկվող սարքավորումների (1 հատ հիդրոտուրբին և 1 հատ մեխանիկական ամբարձիչ)` 2009-2010 թվականների ընթացքում ապամոնտաժված և անօգտագործելի վիճակում լինելու փաստական հանգամանքը պետք է համարել հերքված (չապացուցված): Նման պայմաններում, ըստ ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16.05.2014 թվականի թիվ 02591409 փորձագետի եզրակացության, Ընկերության նկատմամբ 2009-2010 թվականների համար շահութահարկի գծով լրացուցիչ հաշվարկման ենթակա հարկային պարտավորությունը կկազմի 17.960.882 ՀՀ դրամ:

Վերոգրյալ փաստական հանգամանքերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ 2009-2010 թվականների ընթացքում շահութահարկի գծով Ընկերության հարկային պարտավորության չափն իրականում ավելի է, քան սույն գործով վիճարկվող վարչական ակտի` Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետով առաջադրված գումարի չափը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Դատարանը սխալ է գնահատել Ընկերության հաշվեկշռում առկա 1 հատ հիդրոտուրբինի և 1 հատ մեխանիկական ամբարձիչի լուսանկարները, չէր կարող հիմք հանդիսանալ սույն գործով վիճարկվող վարչական ակտի 1-ին կետը` 6.797.849,5 ՀՀ դրամ լրացուցիչ վճարման առաջադրված գումարի մասով, անվավեր ճանաչելու համար: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն է սխալ գնահատել սույն գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16.05.2014 թվականի թիվ 02591409 փորձագետի եզրակացությունը, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) Ընկերության մոտ իրականում առկա է 2009-2010 թվականների համար շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն,

2) Ընկերության մոտ 2009-2010 թվականների համար առկա շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության չափն իրականում ավելի է Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետով առաջադրված վճարման ենթակա գումարի չափից:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետով Ընկերության նկատմամբ 13.435.680 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրումը հիմնավոր է, և սույն գործով վիճարկվող վարչական ակտն այդ մասով ենթակա չէ անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Դատարանը, սույն գործի նոր քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած ապացույցները, իրավացիորեն հանգել էր այն եզրակացության, որ Տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին կետը` Ընկերության նկատմամբ 13.435.680 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, անվավեր ճանաչման ենթակա չէ, ուստի Ընկերության հայցը ենթակա էր մերժման, իսկ Տեսչության հայցը` Ընկերությունից 13.435.680 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ենթակա էր բավարարման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 223.936 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից: Բացի այդ, սույն գործով վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 413.070,4 ՀՀ դրամ (13.435.680x3%+10.000), Ընկերությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ մնացած մասը Վերաքննիչ դատարանի 10.04.2015 թվականի որոշմամբ հետաձգվել է, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 10.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը` 403.070,4 ՀՀ դրամի չափով, ենթակա է բռնագանձման Ընկերությունից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 05.12.2014 թվականի վճիռը մասնակիորեն` «Ատլաս-Էներգո» ՍՊԸ-ի հայցը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության 10.08.2011 թվականի թիվ 1000076 ակտի 1-ին` «Շահութահարկ» կետը` 6.797.849,5 ՀՀ դրամ լրացուցիչ վճարման առաջադրված գումարի չափով անվավեր ճանաչելու մասով, մերժելու և ՀՀ ֆինանսների նախարարության Իջևանի տարածքային հարկային տեսչության հայցը` «Ատլաս-Էներգո» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե 6.797.849,5 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, բավարարելու ու դրանց հետ կապված` կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանելու և փոփոխելու մասերը, և այդ մասերով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 05.12.2014 թվականի վճռին:

2. «Ատլաս-Էներգո» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 223.936 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

«Ատլաս-Էներգո» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 403.070,4 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան