ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 986-Ն
«ԳՈՐԻՍԻ N 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գորիսի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 03Ա057044) վերանվանել «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ` տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի`
1) նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.
2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.
2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.
4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի կազմի ճշտման գործընթացը:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ապահովել կազմակերպությունում սովորող աշակերտների` հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը:
8. Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 30 Երևան |