Գլխավոր տեղեկություն
Номер
N 1055-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2016-16.12.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.998
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2005
Дата вступления в силу
18.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի  2005  թվականի  N 1055-Ն

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե», և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 29.12.05 N 2289-Ն, 15.05.08 N 533-Ն, 26.08.10 N 1089-Ն)

4. Սահմանել, որ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության կազմակերպում,

բ) ուսումնական կենտրոնների գործունեության, դասընթացների կազմակերպում,

գ) հետազոտություններ և մշակումներ` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում,

դ) հրատարակչական գործ,

ե) ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում և տվյալների բազաների հետ կապված գործունեություն`քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում,

զ) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, շախմատի, ասմունքի կազմակերպում,

է) արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության ոլորտի թանգարանային հավաքածուի ցուցադրություն,

ը) ուսումնառողների, փրկարարական ծառայողների և նախարարության համակարգի աշխատողների համար կուլտուր-մասսայական միջոցառումների, ճամբարների, հանգստի այլ միջոցառումների կազմակերպում:

(5-րդ կետը լրաց. 19.05.16 N 696-Ն)

6. Սահմանել, որ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վերագրանցման և կնիքի փոխման հետ կապված ծախսերը կատարվում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 22
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 29-ի N 1055-Ն որոշման


 
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ակադեմիա) կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը` բարձրագույն, միջին ու հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:

2. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Ակադեմիան շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական ոչ  առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական ու գիտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:
Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիք և այլ անհատականացման միջոցներ:

4. Ակադեմիայի անվանումն է`
 հայերեն լրիվ` «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ`«ՃԿՊԱ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` «Государственная академия кризисного управления»  государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` ГАКУ ГНО,

անգլերեն լրիվ` «Crisis management state academy» state non profit organization,

անգլերեն կրճատ` CMSA SNPO:

5. Ակադեմիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375040, Աճառյան 1:

II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. Ակադեմիայի հիմնական խնդիրներն են`

ա) բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.

բ) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից),  ղեկավար անձնակազմի, մասնագետների, Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում այդ հիմնահարցերը դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար.

գ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգում կրտսեր սպայական անձնակազմի բազայի վրա երկամյա կրթական ծրագրերի իրականացումը.

դ) Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով ուսուցման քաղաքականության  մշակումը և իրականացման աշխատանքների համակարգումը.

ե) արտակարգ իրավիճակներին դիմակայելու, քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացումը.

զ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների իրականացումը.

է) ուսումնական և գիտատեխնիկական գրականության ստեղծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը։

(6-րդ կետը փոփ. 29.12.05 N 2289-Ն, 15.05.08 N 533-Ն, 25.09.14 N 1039-Ն)

7. Ակադեմիան, առաջադրված խնդիրներին համապատասխան, իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը,  պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմելու ուսումնական պլաններ ու առարկայական ծրագրեր.

բ) կազմակերպելու ուսանողների, մասնագետների, ասպիրանտների, հայցորդների ընդունելությունը, այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից ուսանողների փոխադրումն ակադեմիա, ընդունելությունը` երկրորդ մասնագիտությամբ,  ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերով ուսուցման նպատակով.

գ) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ.

դ) համագործակցելու հանրապետության և օտարերկրյա պետությունների ուսումնական, գիտահետազոտական հաստատությունների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ, իրականացնելու համատեղ աշխատանքներ (ուսանողների ուսուցում, կադրերի վերապատրաստում, այլ ուսումնագիտական  գործունեություն).

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում համագործակցելու միջազգային կառույցների հետ ուսումնական, գիտական-մեթոդական հարցերով.

զ) օրենքով սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը.

է) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:

8. Ակադեմիան իրավասու է ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի  իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում.

գ) ուսումնական կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

դ) հետազոտություններ և մշակումներ` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.

ե) հրատարակչական գործ.

զ) ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում և տվյալների բազաների հետ կապված գործունեություն` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.

է) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, շախմատի, ասմունքի կազմակերպում.

ը) արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության, ոլորտի թանգարանային հավաքածուի ցուցադրություն.

թ) ուսումնառողների, փրկարարական ծառայողների և նախարարության համակարգի աշխատողների համար կուլտուր-մասսայական միջոցառումների, ճամբարների, հանգստի այլ միջոցառումների կազմակերպում:

(8-րդ կետը լրաց. 19.05.16 N 696-Ն)

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Ակադեմիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

10. Ակադեմիայի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին), ակադեմիայի ռեկտորը, ինչպես նաև կոլեգիալ կառավարման մարմինները` ակադեմիայի  խորհուրդը, գիտական խորհուրդը:

(10-րդ կետը փոփ. 29.12.05 N 2289-Ն, 15.05.08 N 533-Ն, 26.08.10 N 1089-Ն)

11. Լիազորված պետական մարմինը`

ա) ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.

բ) իրականացնում է ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) կասեցնում  կամ ուժը կորցրած է ճանաչում ակադեմիայի ռեկտորի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

դ) լսում է ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրանց վերստուգման արդյունքները.

ե) վերահսկողություն է իրականացնում ակադեմիային ամրացված` պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ.

զ) վերահսկողություն է իրականացնում ակադեմիայի սեփականությունը հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ, համաձայնության գալիս դրա օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է) հաստատում է ակադեմիայի պահպանման ծախսերի նախահաշիվը.

ը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

12. Ակադեմիայի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա, կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը կոլեկտիվի մասնակցության սկզբունքների հիման վրա:

13. Ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմինն ակադեմիայի խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, այդ թվում` դրա անդամների մասնակի շրջափոխությամբ:

14. Ակադեմիայի խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) քննարկում, լիազորված պետական մարմին է ներկայացնում ակադեմիայի կանոնադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ակադեմիայի զարգացման գլխավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ.

գ) քննարկում և ընդունում է ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի վերաբերյալ առաջարկությունները.

դ) քննարկում և հաստատում է ռեկտորի հաշվետվությունը տարեկան ֆինանսական գործունեության մասին.

ե) քննարկում է հանրապետության հասարակական, կրթական, գիտական ու մշակութային կյանքին և կարևորագույն իրադարձություններին վերաբերող հարցերը.

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող հարցերը.

է) մասնագետների վերամասնագիտացման գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություն է նեկայացնում լիազորված պետական մարմին.

ը) ընտրում է խորհրդի քարտուղարին:

15. Ակադեմիայի խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել կոլեկտիվի անդամների թվի 15 տոկոսը: Ակադեմիայի խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում է ռեկտորը, պրոռեկտորը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական բաժնի պետը, գլխավոր հաշվապահը, ամբիոնների վարիչները, գիտահետազոտական բաժնի պետը, գրադարանի վարիչը, ինչպես նաև ակադեմիայի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդի առնվազն 25 տոկոսը կազմում են ակադեմիայի ուսանողները:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամանով:

Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ։ Արտահերթ նիստերը հրավիրվում են ռեկտորի կամ խորհրդի առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

16. Ակադեմիայի գիտական խորհուրդն ակադեմիայի ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող մարմին է և գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

17. Ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ)`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) քննարկում է ակադեմիայի ուսումնական գործունեությունը, մասնագիտությունների և մասնագիտացումների անվանումների անվանացանկը.

գ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ  ակադեմիայում կատարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների մասին.

դ) որոշում է ֆակուլտետի դեկանների (բացառությամբ սույն կանոնադրության 22-րդ կետում նշված ծառայողների) ընտրության ընթացակարգը և ժամկետները.

ե) իրականացնում է ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից։

18. Գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազնացել 45-ը: Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ռեկտորի խորհրդատուները գիտական քարտուղարը, ուսումնական բաժնի պետը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի գրադարանի ղեկավարը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետության գիտության և կրթության բնագավառի առաջատար մասնագետները:

19. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և իրագործվում ռեկտորի հրամանով:

20. Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորությունների սահմաններում քննարկում է ակադեմիայի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, խորհրդի գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:

Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորը, ռեկտորի խորհրդականները, ուսումնական բաժնի պետը, գլխավոր հաշվապահը, արհկոմիտեի կազմակերպության նախագահը, ֆակուլտետի դեկանները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

21. Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում է ռեկտորը: Ռեկտորն առանց լիազորագրի`  ակադեմիայի անունից ներկայացնում է նրա շահերը, կնքում պայմանագրեր, այդ թվում` նաև` աշխատանքային, սահմանված կարգով խրախուսում է  ակադեմիայի աշխատողներին կամ նշանակում կարգապահական տույժեր, արձակում է հրամաններ և կարգադրություններ:

Ռեկտորի պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը կատարվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ռեկտորը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, առնվազն 5 տարվա գիտամանկավարժական ստաժ:

(21-րդ կետը խմբ. 29.12.05 N 2289-Ն, փոփ. 26.08.10 N 1089-Ն, 25.09.14 N 1039-Ն)

22. Ռեկտորի, մասնագիտացված գծով ռեկտորի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության, փրկարարական մասնագիտությունների գծով տեղակալների, այդ մասնագիտությունների գծով ֆակուլտետների, ամբիոնների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ առարկաները դասավանդող պրոֆեսորադասախոսական անձնակազմին համապատասխան պաշտոններում նշանակումը և ազատումը կատարվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(22-րդ կետը խմբ. 29.12.05 N 2289-Ն, փոփ. 26.08.10 N 1089-Ն, 25.09.14 N 1039-Ն)

23. Ռեկտորը`

ա) ղեկավարում է ակադեմիայի խորհուրդը, կրթական, գիտական, մեթոդական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, տնօրինում է ակադեմիայի գույքն ու ֆինանսական միջոցները, բանկերում բացում հաշվարկային հաշիվներ.

բ) կազմակերպում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է ակադեմիայի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

դ) տարեկան հաշվետվություն է ներակայացնում խորհուրդ.

ե) ապահովում է ակադեմիայի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) հաստատում է ակադեմիայի կառուցվածքը.

է) սահմանում է ակադեմիայի աշխատողների հաստիքացուցակը, լիազորությունները, պաշտոնական պարտականությունները, ամբիոնների վարիչների, դասախոսների և աշխատողների հետ (բացառությամբ սույն կանոնադրության 22-րդ կետով նշված պրոֆեսորադասախոսական անձնակազմի) կնքում է աշխատանքային պայմանագրեր.

ը) միջնորդում է լիազորված պետական մարմնի ղեկավարին` սույն կանոնադրության 22-րդ կետում նշված հաստիքներում պաշտոնի նշանակելու, պաշտոնից ազատելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, արձակուրդ տրամադրելու համար.

թ) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճաններ շնորհելու մասին.

ժ) արձակում է հրամաններ ուսումնական խմբերում ունկնդիրների ընդգրկման, դասընթացներն ավարտելու և ունկնդիրներին  դասընթացներից հեռացնելու մասին.

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ակադեմիայի պրոռեկտորներին, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին (բացառությամբ սույն կանոնադրության 22-րդ կետում նշված աշխատողների).

ժբ) կատարում է աշխատանքի բաշխում պրոռեկտորների միջև: Իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա:

(23-րդ կետը փոփ. 29.12.05 N 2289-Ն)

24. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

25. Ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով  ակադեմիային պատճառված վնասի համար:

26. Ակադեմիայի պրոռեկտորներն իրականացնում են  ակադեմիայի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարումը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

27. Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, ուսումնական, գիտահետազոտական, մեթոդական բաժինները, լաբորատորիաները, գրադարանը, ընթերցարանը և մյուս բաժիններն ու ստորաբաժանումները, այդ թվում` նաև` տարածքային: Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:

28. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական ու գիտական այլ ստորաբաժանումներից: Ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան: Ֆակուլտետը, ելնելով իր խնդիրների պահանջներից մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

29. Ֆակուլտետն ունի խորհուրդ: Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում գիտական խորհուրդ` հաստատման, լսում է ֆակուլտետի դեկանի ամենամսյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը:

30. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբոիններ, բաժիններ, լաբորատորիաներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ.

բ) քննարկում է ֆակուլտետի ուսումնական, գիտական, աշխատանքները, միջազգային գործունեության հետ կապված հարցերը.

գ) ռեկտորին նեկայացնում է ֆակուլտետի ուսումնական պլանները` գիտական խորհրդում հաստատելու համար.

դ) ընտրում է գիտական խորհրդում ֆակուլտետների ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

31. Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը պարտադիր է ֆակուլտետի աշխատողների, ունկնդիրների և ուսանողների համար:

32. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում ու ղեկավարում է ֆակուլտետի դեկանը: Ֆակուլտետի դեկանն ընտրվում է խորհրդի կողմից` ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի խորհրդի նիստն իրավազոր է` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Ֆակուլտետի խորհրդում ընտրված  դեկանի հետ ռեկտորը կնքում է աշխատանքային պայմանագիր:

33. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, մեթոդական, միջազգային և այլ գործունեությունը,

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը, սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ունկնդիրներին և ուսանողներին հեռացնելու, ուսանողներին կուրսից կուրս տեղափոխելու, կուրսում թողնելու, վերականգնելու և համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

34. Ակադեմիայի ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ուսումնագիտական աշխատանքը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության, ֆակուլտետների, ամբիոնների կանոնադրությունների հիման վրա:

Ամբիոնը կազմված է պրոֆեսորներից, դոցենտներից, ավագ դասախոսներից, դասախոսներից, ասիստենտներից և լաբորանտներից:

35. Ակադեմիայի ամբիոների, բաժինների, լոբորատորիաների և այլ ստորաբաժանումների աշխատողներն աշխատանքի ընդունվում են պայմանագրային կարգով:

V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

36. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է բարձրագույն կրթության երկաստիճան համակարգով` բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհմամբ (ակադեմիայում շնորհվում է նաև դիպլոմավորված մասնագետի աստիճան ):
Ակադեմիան իրականացնում է նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ,  նշված հարցերով բնակչության ուսուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ակադեմիան իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագրեր` կրտսեր մասնագետի որակավորման աստիճանի շնորհմամբ:

37. Բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով  ակադեմիայի ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` քաղաքացիների անձնական դիմումների համաձայն, ընդունելության կանոններին համապատասխան:

38. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

39. Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:

40. Վերապատրաստման և որակավորման բարձրացման կրթական ծրագրերով նախատեսված ունկնդիրների համալրումը, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերը և ուսուցման բովանդակությունը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

41. Ակադեմիայում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար), լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա: Ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնական մեթոդը համագործակցային ուսուցման եղանակն է:

42. Ուսուցման բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը տարբերակվում են ըստ ուսումնական մասնագիտությունների: 
Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որը որոշում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների և առարկաների, ինչպես նաև` տարեկան ուսումնական ժամանակացույցով:

Ակադեմիայի ֆակուլտետներն ու ամբիոնները, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, կազմում են ուսումնական պլանները, որոնք հաստատվում են  ակադեմիայի գիտական խորհրդի կողմից և ներկայացվում լիազորված պետական մարմին:

43. Համապատասխան կրթական ծրագրով սովորող ուսանողներին, ովքեր լրիվ ծավալով ուսումնասիրել և մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից հանձնել են ստուգարքներ ու քննություններ, ինչպես նաև ամփոփիչ քննություն, թույլատրվում է մասնակցել ամփոփիչ պետական ատեստավորմանը, որն իրականացվում է ամփոփիչ պետական քննությունների և դիպլոմային (ավարտական)  աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանության միջոցով:

44. Ակադեմիայի` ամփոփիչ պետական ատեստավորում անցած շրջանավարտներին  սահմանված կարգով շնորհվում է մասնագիտական  որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում մասնագիտական որակավորման շնորհված աստիճանը հավաստող ավարտական վկայական` պետական նմուշի դիպլոմ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ավարտական վկայականում նշվում են ուսումնասիրված դասընթացներն ու մասնագիտությունը:

45. Ձեռնարկատիրական գործունեությունն ըստ տեսակների ակադեմիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

46. Ձեռնարկատիրական գործունեության աշխատանքներին կարող են մասնակցել  ակադեմիայի աշխատողները, ունկնդիրները, ուսանողները, հետազոտողները, հրավիրված այլ մասնագետներ, ինչպես նաև օտարերկրյա մասնագետները` պայմանագրային հիմունքներով:

47. Ակադեմիան կազմակերպում է գիտական համաժողովներ, սեմինարներ, մրցույթներ և այլ միջոցառումներ:

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

48. Ակադեմիայի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ավագ դասախոսները, ասիստենտները, գիտական, վարչական և մյուս աշխատողները, մասնագիտական որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների ունկնդիրները, ինչպես նաև ուսանողները:

Ակադեմիայի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, ուսումնական, արտադրական, օժանդակ և այլ տարակարգերի:

Ակադեմիայի աշխատողների, ունկնդիրների և ուսանողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոնակարգերով և այլ նորմատիվ ակտերով:

49. Ակադեմիայի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ակադեմիայի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը.

գ) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.

դ) օգտվելու ակադեմիայի գիտական, մեթոդական, սոցիալ-կենցաղային ծառայություններից և գրադարանից,

ե)  ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

50. Ակադեմիայի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները.

բ) ապահովել ակադեմիայի բոլոր ուղղություններով գործունեության արդյունավետությունը,

գ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը,

դ) պահպանել և արդյունավետ օգտագործել ակադեմիայի գույքը.

ե) հոգ տանել ակադեմիայի հեղինակության բարձրացման համար:

51. Ակադեմիայի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է գիտության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

52. Ակադեմիայի գիտամանկավարժական աշխատողներն ունեն իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման, գիտական հետազոտության ակադեմիական ազատության, հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան դասընթացների բովանդակության և կրթական ծրագրերի ազատ որոշման, իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդող մեթոդների ու միջոցների ազատ ընտրության, համատեղությամբ գիտական, մանկավարժական բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

53. Գիտության և մանկավարժական բնագավառներում ակնառու նվաճումների համար  ակադեմիայի աշխատողներին շնորհվում են  ակադեմիայի մրցանակներ, որոնց շնորհմանը վերաբերող կանոնադրությունը հաստատում է ակադեմիայի գիտական խորհուրդը:

54. Ակադեմիայի ուսանողներ (սովորողներ) համարվում են բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն (ինչպես նաև կրտսեր մասնագետի կրթական ծրագրով միջին մասնագիտական կրթություն) ստանալու համար ակադեմիա ընդունված և ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

55. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ակադեմիայի ուսանող` մրցութային ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով հարցազրույց անցնելու դեպքում:

56. Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է` համաձայն կնքված պայմանագրի, կրթության և գիտության  բնագավառում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

57. Ակադեմիայի վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ունկնդիրներ կարող են դառնալ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից գործուղված անձինք:

58. Ակադեմիայի ուսանողը (սովորողը) իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) մասնակցելու  ակադեմիայի գիտական աշխատանքներին.

գ) գնահատելու  ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

դ)  ակադեմիայի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

ե) օգտվելու ակադեմիայի գրադարանի, լաբորատորիաների, մարզական բազաների և այլ ծառայություններից,

զ) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ.

է) մեկ ուսումնական տարում ստանալու առնվազն 7 շաբաթ արձակուրդ:

59. Ակադեմիայի ուսանողը պարտավոր է`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) ապահովել սույն կանոնադրության և ներքին կանոնակարգերի պահանջների կատարումը.

գ) հաճախել դասախոսությունների, գործնական ու լաբորատոր պարապմունքների, ուսումնական և արտադրական պրակտիկաներին.

դ) վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ակադեմիայի գիտական խորհուրդը.

ե) բարձր պահել  ակադեմիայի հեղինակությունը.

զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

60. Ուսանողը (սովորողը), որը չի կատարում ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված պահանջները, ցուցաբերում է անբավարար ակադեմիական առաջադիմություն, խախտում է ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կողմից կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող է ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև  ակադեմիայից հեռացվելը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել  ակադեմիայից:

61. Պետությունն ապահովում է օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում), լրիվ և մասնակի զեղչ (կրթական դրամաշնոհների, վարկերի տրամադրում):

62. Ակադեմիայի ուսանողների շահերը պաշտպանող ինքնակառավարման մարմինն ուսանողական խորհուրդն է:

63. Ակադեմիայի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի և հայցորդության ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

64. Ակադեմիայի գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրն ակադեմիային հատկացնում է անհրաժեշտ գույք` սարքեր, սարքավորումներ, մեքենաներ, տեխնիկական միջոցներ ու գործիքներ և գույքի այլ տեսակներ:

65. Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է իր հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից  ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող գույքից, որը հետագայում կարող է համալրվել  ակադեմիայի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:

66. Ակադեմիան իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

67. Հիմնադիրը սեփականության իրավունքով  ակադեմիային պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ  ակադեմիայի լուծարումից հետո մնացած գույքի:

68. Ակադեմիայի սեփականության պահպանման պարտականությունը կրում է ակադեմիան:

69. Ակադեմիայի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

70. Ակադեմիայի սեփականության ձևավորման աղբյուրներն են`

ա)  ակադեմիայի` սեփականության իրավունքով հանձնված գույքը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սահմանված կարգով ֆինանսական հատկացումները.

գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները:

71. Հիմնադրի կողմից  ակադեմիային անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

72. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից  ակադեմիային ամրացված գույքը:

73. Ակադեմիան իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

74. Ակադեմիան պետության անունից իրավունք ունի օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներն  ակադեմիայի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

75. Հիմնադրի կողմից  ակադեմիային գույքի ամրացումը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երկրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

76. Ակադեմիան ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջից.

բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող աղբյուրներից:

Ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազման:

77. Ակադեմիայի տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`

ա) ընթացիկ ծախսեր.

բ) կապիտալ ծախսեր:

78. Ակադեմիան հարկերը, տուրքերը վճարում և այլ վճարները կատարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված կարգով և չափով:

79. Ակադեմիայի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ակադեմիան` օրենքով նախատեսված և իր կանոնադրական նպատակներին համապատասխան` հետևյալ ուղղություններով`

ա) աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում, ակադեմիայի գործունեության ուղղությունների զարգացում.

բ) աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.

գ)  ակադեմիայի տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

դ) լիազորված պետական մարմնի կողմից և օրենքով նախատեսված այլ ուղղություններով:

80. Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է ֆինանսական վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

VIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

81. Ակադեմիան իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

82. Ակադեմիան պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

IX. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

83. Ակադեմիան կարող է վերակազմակերպվել (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

84. Ակադեմիան կարող է դատական կարգով վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

85. Ակադեմիայի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

86. Ակադեմիան կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ակադեմիան կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

87. Ակադեմիան կարող է  դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

88. Ակադեմիայի լուծարման դեպքում  ակադեմիայի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ., խմբ. 29.12.05 N 2289-Ն, փոփ. 15.05.08 N 533-Ն, 26.08.10 N 1089-Ն, 25.09.14 N 1039-Ն, լրաց. 19.05.16 N 696-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան