Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.03/70(1250).1 Հոդ.910.3
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.07.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.07.2016
Дата вступления в силу
22.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3086/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3086/02/13
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝  

Ա. Հունանյան

Գ. Կարախանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Դավիթ Ստեփանյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Դավիթ Ստեփանյանը պահանջել է վերացնել Ընկերության գլխավոր տնօրենի՝ 27.11.2013 թվականի «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 3662-Կ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) 02.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է՝ անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 3662-Կ հրամանը, Դավիթ Ստեփանյանին վերականգնել վաճառքի և սպասարկման գրասենյակների ծառայության վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի պաշտոնում, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ Դավիթ Ստեփանյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.05.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ, 113-րդ և 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 119-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակում Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը` որպես առանձին կառուցվածքային միավոր, բացակայում է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վաճառքի և սպասարկման գրասենյակների ծառայությունում առկա Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղությունը թե՛ Ընկերության 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակում և թե՛ 02.09.2013 թվականի թիվ 14/13 հաստիքացուցակում ընդգրկում է վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի պաշտոնը, ընդ որում, թե՛ Ընկերության 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակում և թե՛ 02.09.2013 թվականի թիվ 14/13 հաստիքացուցակում նշված ստորաբաժանման հաստիքները և քանակները չեն փոփոխվել, հետևաբար վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի հաստիքը որևէ կապ չունի Դավիթ Ստեփանյանի զբաղեցրած պաշտոնի հետ:

Սույն քաղաքացիական գործով որպես ապացույց Ընկերության կողմից ներկայացվել են և՛ թիվ 14/13, և՛ թիվ 17/13 հաստիքացուցակները, ինչպես նաև վերաքննիչ բողոքում նշվել է վիճահարույց պաշտոնների ոչ նույնական լինելու հանգամանքը, մինչդեռ հիշյալ հանգամանքները ստորադաս դատարանների կողմից պատշաճ հետազոտման և անհրաժեշտ իրավական գնահատման չեն արժանացել: Մասնավորապես` նշված ապացույցներով հիմնավորվում է, որ թիվ 17/13 հաստիքացուցակով Շարժական բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով հաստիքների քանակը կրճատվել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաճառքի ուղղությամբ սպասարկող աշխատողների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել, այլ ընդհակառակը` ավելացում է կատարվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 05.08.2013 թվականին Ընկերության և Դավիթ Ստեփանյանի միջև կնքվել է թիվ 6383 աշխատանքային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), համաձայն որի՝ Դավիթ Ստեփանյանն Ընկերությունում զբաղեցրել է Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Արևմուտքի վաճառքի ուղղություն ստորաբաժանման տարածքային մասնագետի պաշտոնը (աշխատանքի վայրը՝ ք. Աշտարակ)` անմիջականորեն ենթարկվելով Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Արևմուտքի վաճառքի ուղղության ղեկավարին (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

2) «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» 27.11.2013 թվականի ծանուցմամբ Դավիթ Ստեփանյանը տեղեկացվել է Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշման հիման վրա աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով 29.11.2013 թվականից իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Ծանուցմամբ միաժամանակ հայտնվել է, որ Ընկերությունում Դավիթ Ստեփանյանին այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 14):

3) «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» Ընկերության գլխավոր տնօրենի 27.11.2013 թվականի թիվ 3662-Կ հրամանով Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով 29.11.2013 թվականից լուծվել է 05.08.2013 թվականին Դավիթ Ստեփանյանի հետ կնքված թիվ 6383 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 10):

4) Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշման համաձայն` ըստ Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակի քաղվածքի` Շարժական կապի բլոկն ունեցել է, մասնավորապես՝ Կոմերցիոն տնօրինություն, որում ներառված է եղել Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը: ԱԱՑ ծառայությունն իր մեջ ներառել է Երևանի վաճառքի բաժինը, Արևելքի, Արևմուտքի, Կենտրոնի, Հյուսիսի և Հարավի վաճառքի ուղղությունները: Արևմուտքի վաճառքի ուղղությունում առկա են եղել Արևմուտքի վաճառքի ուղղության ղեկավարի, ավագ տարածքային մասնագետի, տարածքային մասնագետի 1-ական հաստիքներ: Շարժական կապի բլոկն ունեցել է նաև Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) միջոցով վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղությունները (հատոր 1-ին, գ.թ. 42-46):

5) 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում առկա հաստիքների քանակը կազմում է 507 միավոր, իսկ 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում՝ 420 միավոր (հատոր 1-ին, գ.թ. 74, 77):

6) Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշման համաձայն` ըստ Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակի քաղվածքի` Շարժական կապի բլոկում առկա չէ Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայություն: Շարժական կապի բլոկում առկա է Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղությունները (հատոր 1-ին, գ.թ. 47-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 265-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու պարագայում աշխատողին աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով իր կողմից նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես`

1. պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով.

2. պայմանագրի լուծումը պետք է պայմանավորված լինի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ.

3. պետք է կրճատված լինեն աշխատողների քանակը և (կամ) հաստիքները.

4. գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկած լինի նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը պետք է հրաժարված լինի առաջարկված աշխատանքից, կամ

5. գործատուի մոտ պետք է բացակայեն աշխատողին` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունները:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործատուի մոտ միայն արտադրության ծավալների, տնտեսական պայմանների, տեխնոլոգիական պայմանների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությունն ինքնին բավարար չեն աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել աշխատողների թվաքանակի կրճատմանը (տե՛ս Արտակ Մուրադյանը և մյուսներն ընդդեմ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/3613/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկություններին, փաստել է, որ գործատուն չի կարող աշխատողին առաջարկել ցանկացած աշխատանք, այլ պարտադիր պայման է համարվում, որ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին: Միայն աշխատողի կողմից մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան առաջարկված աշխատանքից հրաժարումը կարող է հանգեցնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեն` հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն, որ օրենքի վերոնշյալ հոդվածը նպատակ է հետապնդում պաշտպանության տակ առնելու աշխատողներին այն բոլոր դեպքերում, երբ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն նույն գործատուի մոտ դեռևս առկա է (կամ առաջանում է) նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք (տե՛ս Գայանե Դանիլովան ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/2378/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հարցին այն դեպքերում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք: Մասնավորապես, Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում աշխատողներ Անաստաս Գիշյանի և Նորայր Եղիկյանի նախկին հաստիքային միավորը գոյություն չունի, իսկ գործող գյուղական մոդեռնիզացված անալոգային կոորդինատային կայանների սպասարկման համար նախկին աշխատակիցների անհրաժեշտությունը չլինելու, ինչպես նաև չսպասարկվող կայանները կարիքն առաջանալու դեպքում կայանային խմբի ղեկավարի և ճարտարագետի կողմից սպասարկվելու պայմաններում, գործատուի մոտ բացակայում են նաև նրանց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքներ, իսկ հայցվորները չեն ապացուցել, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում իրենց նախկին հաստիքային միավորի գոյություն ունենալու, ինչպես նաև Ընկերությունում իրենց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք լինելու փաստերը, գտել է, որ հայցվորների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (ներկայիս գործող խմբագրությամբ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի) և 3-րդ մասի պահանջների պահպանմամբ (տե՛ս Անաստաս Գիշյանը և Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատարանը պետք է վերականգնի աշխատողին իր նախկին պաշտոնում այն դեպքում, երբ Ընկերության գործող վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է հայցվորը, ըստ էության, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` աշխատողին աշխատանքում չվերականգնելու հիմքի առկայության պայմաններում դատարանի կողմից Ընկերության վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, և նման դեպքերում դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը: Նշվել է նաև, որ այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը՝ կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին` արձանագրելով, որ`

1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.

2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնելու նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է նաև տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն՝ դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով.

3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ (տե՛ս Քրիստինա Նեբիշն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 05.08.2013 թվականին Ընկերության և Դավիթ Ստեփանյանի միջև կնքվել է թիվ 6383 աշխատանքային պայմանագիրը, համաձայն որի՝ Դավիթ Ստեփանյանն Ընկերությունում զբաղեցրել է Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Արևմուտքի վաճառքի ուղղություն ստորաբաժանման տարածքային մասնագետի պաշտոնը (աշխատանքի վայրը՝ ք. Աշտարակ)` անմիջականորեն ենթարկվելով Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Արևմուտքի վաճառքի ուղղության ղեկավարին: 27.11.2013 թվականի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցմամբ Դավիթ Ստեփանյանը ծանուցվել է Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշման հիման վրա աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով 29.11.2013 թվականից իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Ծանուցմամբ միաժամանակ հայտնվել է, որ Ընկերությունում Դավիթ Ստեփանյանին այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով: «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» Ընկերության գլխավոր տնօրենի 27.11.2013 թվականի թիվ 3662-Կ հրամանով Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով 29.11.2013 թվականից լուծվել է Դավիթ Ստեփանյանի հետ կնքված 05.08.2013 թվականի թիվ 6383 աշխատանքային պայմանագիրը:

Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշմամբ` ըստ Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի` Շարժական կապի բլոկն ունեցել է, մասնավորապես՝ Կոմերցիոն տնօրինություն, որում ներառված է եղել Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը: ԱԱՑ ծառայությունն իր մեջ ներառել է Երևանի վաճառքի բաժինը, Արևելքի, Արևմուտքի, Կենտրոնի, Հյուսիսի և Հարավի վաճառքի ուղղությունները: Արևմուտքի վաճառքի ուղղությունում առկա են եղել Արևմուտքի վաճառքի ուղղության ղեկավարի, ավագ տարածքային մասնագետի, տարածքային մասնագետի 1-ական հաստիքներ: Շարժական կապի բլոկն ունեցել է նաև Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) միջոցով վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղությունները: Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշմամբ` ըստ Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի` Շարժական կապի բլոկում առկա չէ Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայություն: Շարժական կապի բլոկում առկա է Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղությունները:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ գործով չեն հաստատվել հայցվորի նախկին հաստիքի կրճատման, ինչպես նաև հայցվորին նոր աշխատանք առաջարկելու համապատասխան հնարավորության բացակայության հանգամանքները: Մասնավորապես՝ Դատարանը, համադրելով 02.09.2013 թվականի և 13.11.2013 թվականի հաստիքացուցակները, արձանագրել է, որ 02.09.2013 թվականի հաստիքացուցակով նախատեսված է եղել Երևանի, Կենտրոնի, Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի վաճառքի ուղղություններում յուրաքանչյուրի դեպքում երեք հաստիք՝ ուղղության ղեկավար, ավագ մասնագետ և տարածքային մասնագետ, իսկ 13.11.2013 թվականի հաստիքացուցակով նախատեսված է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի և Հարավի վաճառքի սպասարկման գրասենյակների համապատասխանաբար բաժին և ուղղություն՝ յուրաքանչյուրի դեպքում վեց հաստիքով՝ ղեկավար կամ պետ, սեկտորի առաջատար մասնագետ, մենեջեր, առաջատար մասնագետ, ավագ մասնագետ և մասնագետ: Նման պայմաններում Դատարանը հաստատված է համարել, որ «13.11.2013 թվականի հաստիքացուցակով վաճառքի և սպասարկման ծառայությունը ներառում է 17 հաստիք, այսինքն՝ տվյալ բաժինն ավելացել է 3 հաստիքով»: Միաժամանակ Դատարանը պատճառաբանել է, որ նախկին «տարածքային մասնագետի» հաստիքն անվանափոխվել է և նոր՝ 13.11.2013 թվականի հաստիքացուցակով ստացել է «մասնագետ» անվանումը, որը չի կարող ընկալվել որպես նախկին հաստիքի կրճատում և նոր աշխատանք առաջարկելու «համապատասխան հնարավորության բացակայություն»: Միաժամանակ Դատարանը նշել է, որ հայցվորին չի առաջարկվել ոչ միայն իր՝ նախկինում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոն, այլ նաև վաճառքի գրասենյակի ուղղություններում նոր հաստիքացուցակում տեղ գտած աշխատանք:

 Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել վերը նշված եզրահանգումները՝ միաժամանակ արձանագրելով, որ նախկին և գործող հաստիքացուցակների համադրումից ակնհայտ է դառնում, որ վաճառքի ուղղությամբ սպասարկող աշխատողների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել, այլ ընդհակառակը՝ կատարվել է ավելացում: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Դատարանը Դավիթ Ստեփանյանին վերականգնել է ոչ թե իր նախկին աշխատանքում, այլ նույն բաժնում առկա այլ թափուր հաստիքում:

Մինչդեռ համադրելով սույն գործի փաստերը վերը նշված իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ․

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը զբաղեցրել է Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Արևմուտքի վաճառքի ուղղություն ստորաբաժանման տարածքային մասնագետի պաշտոնը, որն առկա է եղել Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում: Ավելին, թե՛ 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում, և թե՛ 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում առկա է եղել նաև Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայությունը, որն իր մեջ ներառում է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղությունները՝ յուրաքանչյուրը համապատասխան հաստիքներով և թվաքանակով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում առկա` Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը, որն իր մեջ ներառում է Երևանի վաճառքի բաժինը, Արևելքի, Արևմուտքի, Կենտրոնի, Հյուսիսի և Հարավի վաճառքի ուղղությունները և Շարժական կապի բլոկում առկա Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայությունը, որն իր մեջ ներառում է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղությունները, միևնույն բլոկի երկու առանձին ծառայություններ են՝ համապատասխանաբար առանձին հաստիքացուցակներով: Ընդ որում, 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինությունում ներառված Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունն ամբոջությամբ՝ դրանում ներառված Արևմուտքի վաճառքի ուղղություն ստորաբաժանմամբ (որտեղ հայցվորը զբաղեցրել է տարածքային մասնագետի պաշտոնը), 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում ընդհանրապես գոյություն չունի:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակով, ըստ էության, դադարել է գոյություն ունենալ Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը, որն իր մեջ ներառել է նաև Արևմուտքի վաճառքի ուղղությունը, որպիսի պայմաններում կրճատվել են նաև այդ ծառայությունում առկա բոլոր հաստիքները, այդ թվում նաև՝ հայցվորի հաստիքը:

Բացի այդ, 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում առկա հաստիքների քանակը կազմել է 507 միավոր, իսկ 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում՝ 420 միավոր, որպիսի փաստը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վկայում է աշխատողների թվաքանակի կրճատման մասին, հետևաբար անհիմն են ստորադաս դատարանների այն հետևությունները, որ հաստիքների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է Ընկերության Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայությունում ավելացած հաստիքներին, ապա դրանք հետևանք են վարչակազմակերպչական կառուցվածքի փոփոխության և չեն կարող հերքել Ընկերությունում աշխատողների թվաքանակի կրճատման փաստը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հաստիքներն ավելացել են հայցվորի կողմից նախկինում զբաղեցրած պաշտոնն ընդգրկող ստորաբաժանումից տարբերվող այլ ստորաբաժանումում, այն է՝ Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայությունում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով Դատարանը, անվավեր ճանաչելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության 27.11.2013 թվականի թիվ 3662-Կ հրամանը և Դավիթ Ստեփանյանին վերականգնելով Ընկերությունում վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի պաշտոնում, իսկ Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի եզրահանգումները, չեն նշել այն ապացույցները, որոնք կհաստատեն վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի պաշտոնը հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան լինելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չեն իրականացրել, ինչն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան