Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1302
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.09.28/70(1250) Հոդ.880
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.09.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
16.09.2016
Дата вступления в силу
16.09.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 սեպտեմբերի 2016 թ.

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

 Գործի քննության առիթը ՀՀ վարչական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

 Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող դատարանի որոշմամբ ներկայացված հիմնավորումները, վարչական գործը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, ՀՀ կառավարության գրավոր դիրքորոշումը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանի պարզաբանումները, ինչպես նաև հետազոտելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2014 թվականի փետրվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ին:

Ընդունման պահից ի վեր օրենքի 9-րդ հոդվածը փոփոխության և լրացման է ենթարկվել համապատասխանաբար՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-29-Ն, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-55-Ն, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-198-Ն և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-14-Ն ՀՀ օրենքներով:

Հիշյալ օրենքներից ՀՕ-29-Ն և ՀՕ-14-Ն օրենքներով նախատեսված փոփոխությունները և լրացումները օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին վերաբերելի չեն:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 10.06.2014 թվականին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 21.06.2014 թվականին ստորագրված և 01.07.2014 թվականին ուժի մեջ մտած՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքով օրենքի 9-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում:

Սույն մասով նախատեսված անձանց` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:

Եթե սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով»:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 01.12.2014 թվականին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 20.12.2014 թվականին ստորագրված և 01.01.2015 թվականին ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-198-Ն ՀՀ օրենքով օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

19.06.2015 թվականին Լ. Աթանյանը և Մ. Սարոյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` խնդրելով պարտավորեցնել պատասխանողին կատարել կենսաթոշակի վերահաշվարկ` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-198-Ն ՀՀ օրենքին համապատասխան:

Լ. Աթանյանի և Մ. Սարոյանի` որպես դատավորների լիազորությունները դադարել են 2015 թվականի մարտին:

Հիմք ընդունելով օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի` Լ. Աթանյանի և Մ. Սարոյանի` որպես դատավորի լիազորությունները դադարելու պահի դրությամբ գործող իրավակարգավորումը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայցվորների կենսաթոշակը հաշվարկելիս որպես ելակետ հիմք է ընդունել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուն նախորդող ամսվա` 2014 թվականի հունիսի աշխատավարձը, իսկ կենսաթոշակի առավելագույն չափը որոշելիս` 2014 թվականի հունիսին գործող՝ դատավորի պաշտոնային դրույքաչափը:

Դատարանի՝ 29.06.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է համահայցվորներին:

10.07.2015 թվականին համահայցվորները, վերացնելով դատարանի մատնանշած թերությունները, կրկին հայցադիմում են ներկայացրել դատարան:

Դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

10.02.2016 թվականին դատարանի նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր Մ. Սարոյանի կողմից կատարվել է հայցի հիմքի փոփոխություն, ինչի արդյունքում հայցապահանջը ձևակերպվել է հետևյալ բովանդակությամբ. «պարտավորեցնել պատասխանողին կատարել կենսաթոշակի վերահաշվարկ` հիմք ընդունելով հայցվորների` որպես դատավոր պաշտոնավարման վերջին ամսվա /2015թ. փետրվար/ աշխատավարձը և դրույքաչափը:

23.03.2016 թվականին հայցվորները դատարանին ներկայացրել են միջնորդություն` դիմել ՀՀ սահմանադրական դատարան` հիշյալ վարչական գործով կիրառման ենթակա՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը որոշելու խնդրանքով:

Արձանագրելով, որ դատավորի կենսաթոշակի հաշվարկի բանաձևը սահմանված է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայցվորների կենսաթոշակը հաշվարկել է այդ նորմի հիման վրա` դատարանը գտել է, որ թիվ ՎԴ/2688/05/15 վարչական գործի լուծումը կարող է իրականացվել միայն նշված նորմի կիրառմամբ և բավարարել է հայցվորների` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ հիշյալ միջնորդությունը, կասեցրել է վերը նշված վարչական գործի վարույթը և որոշում է կայացրել դիմելու ՀՀ սահմանադրական դատարան:

 

3. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են հետևյալին.

դիմողի գնահատմամբ՝ ՀՀ Սահմանադրության /2005 թվականի փոփոխություններով/ 94-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավադրույթը ենթադրում է, որ Սահմանադրությամբ և օրենքներով պետք է ստեղծվեն անհրաժեշտ սահմանադրաիրավական երաշխիքներ դատարանների անկախության ապահովման համար, իսկ դատարանների անկախությունը, ի թիվս այլնի, ենթադրում է սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ և բավարար են դատարանների և ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար:

Կենսաթոշակի` որպես դատավորի անկախության սոցիալական երաշխիքի վերաբերյալ մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դիմողը հանգում է այն եզրակացությանը, որ գործում են դատավորի` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ սահմանելու, ինչպես նաև դատավորների արդեն իսկ ձեռք բերած երաշխիքների նվազեցման արգելքի միջազգայնորեն ընդունված սկզբունքները, որոնք իրենց արտացոլումն են ստացել նաև սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության և Լիտվայի սահմանադրական դատարանների պրակտիկայում:

Դատավորի սոցիալական ապահովությանն առնչվող իրավահարաբերությունները կանոնակարգող ՀՀ օրենսդրության փոփոխությունների վերլուծության արդյունքում դիմողը հանգում է այն եզրակացությանը, որ՝ «…մինչև վիճարկվող իրավակարգավորումների ուժի մեջ մտնելը դատավորի կենսաթոշակի հետ կապված` տարբեր ժամանակահատվածներում գործած իրավակարգավորումների համար ընդհանրական և անփոփոխ է եղել մի սկզբունքային տարր, այն է` դատավորի կենսաթոշակի համար ելակետ է ընդունվել իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը: Արդյունքում, … ապահովվում էր հնարավորինս ողջամիտ հարաբերակցություն որպես դատավոր ստացած վարձատրության և կենսաթոշակի միջև, որպիսի պայմաններում կենսաթոշակը կատարում էր դատավորի կողմից անկախ արդարադատություն իրականացնելու համար անհրաժեշտ նախապայման ստեղծելու հատուկ գործառույթը»:

Դիմողի գնահատմամբ՝ դատավորի սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող գործող իրավակարգավորումը, ի տարբերություն նախկին իրավակարգավորումների, նվազեցնում է դատավորի սոցիալական պաշտպանության երաշխիքը, ինչպես նաև, դիմողի կարծիքով, դիտարկվող օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով կատարված օրենսդրական փոփոխությունը չի ապահովում ինչպես ՀՀ միջազգային պարտավորությունների, այնպես էլ ՀՀ սահմանադրական և օրենսդրական զարգացումների տեսանկյունից դատավորի սոցիալական անկախության երաշխիքի հետագա ամրապնդումը և նահանջ է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ սահմանելու սկզբունքից:

Դիմումի շրջանակներում դիմողը բարձրացնում է նաև այն հարցը, որ վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատավորների միջև, ըստ տարբեր ատյանների, տարբերակում չի կատարվում, և համաձայն վիճարկվող իրավակարգավորման` 01.07.2014 թվականի դրությամբ առաջին ատյանի դատավորի պաշտոն զբաղեցրած, հետագայում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատավոր նշանակված դատավորի կենսաթոշակի համար հիմք է ընդունվում առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձի չափը: Այս առնչությամբ դիմողը հայտնում է, որ սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում ընդունված է այն սկզբունքը, որ տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի տարբեր ատյանների դատավորների նյութական և սոցիալական երաշխիքների միջև:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկների՝ դիմողը վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ինչպես կենսաթոշակային հարաբերությունների իրավակարգավորման բնագավառի վերաբերյալ, այնպես էլ դատավորների կենսաթոշակների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, կենսաթոշակի` որպես դատավորի անկախության սոցիալական երաշխիքի վերաբերյալ մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր և օտարերկրյա պետությունների սահմանադրական արդարադատության մարմինների կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներ:

Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ թիվ ՎԴ/2688/05/15 վարչական գործով վեճի լուծման համար կիրառելի` դիտարկվող օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված իրավակարգավորումը` երկրորդ և երրորդ պարբերություններում առկա՝ «մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը» ձևակերպումների մասով հակասում է ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածին:

 

4. Պատասխանողը գտնում է, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության /2005 թվականի փոփոխություններով/ 94-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը, կասկածի տակ չդնելով դատավորների կենսաթոշակի՝ վերջիններիս անկախության սոցիալական երաշխիք լինելու հանգամանքը, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ինչպես դատավորների վարձատրության, այնպես էլ նրանց տրամադրվող կենսաթոշակի չափի՝ որպես սոցիալական երաշխիքի ապահովման պատշաճության գնահատական կարող է տրվել՝ այն համեմատելով տվյալ երկրում առկա այլ տնտեսական գործոնների հետ, ինչպիսին, օրինակ, միջին աշխատավարձն է:

Այս կապակցությամբ ընդգծելով, որ դատավորների պատշաճ վարձատրության չափանիշները սահմանվում են Արևելյան գործընկերության պետություններում դատական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում հրապարակված 2013 թվականի զեկույցում, ներկայացնելով նշված զեկույցի վերաբերյալ իր վերլուծությունները, պատասխանողն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում դատավորները բավականին բարձր են վարձատրվում, հետևաբար՝ այդ վարձատրությանը մոտ՝ դատավորի պաշտոնային դրույքաչափի՝ օրենքով սահմանված 92 տոկոսի չափն ապահովում է անհրաժեշտ սոցիալական երաշխիքներ:

Արձանագրելով, որ դիմողը որևէ վիճակագրություն կամ հաշվարկ չի ներկայացրել՝ պատասխանողը գտնում է, որ դիմողը բարձրացրել է կենսաթոշակի հաշվարկման բանաձևի նպատակահարմարության հարց: Ըստ պատասխանողի՝ դիմողը հաշվի չի առել, որ եթե նախկին իրավակարգավորմամբ աշխատանքային կենսաթոշակը սահմանվում էր որպես դատավորի վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով, ապա ներկայումս՝ 92 տոկոսի չափով, ինչը, ըստ պատասխանողի, բարելավում է, այլ ոչ թե նվազում:

Անդրադառնալով կենսաթոշակի բանաձևի ընտրությանը՝ պատասխանողը գտնում է, որ այդ բանաձևի ընտրությունը պետության հայեցողության սահմաններում է, քանի դեռ այն չի հակասում ՀՀ Սահմանադրության պահանջներին կամ Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին:

Ըստ պատասխանողի՝ եթե պետությունը դատավորի կենսաթոշակի չափը պայմանավորի ոչ թե կոնկրետ ժամանակաշրջանում դատավորի ստացած աշխատավարձով, այլ վերջին աշխատավարձի չափով, ապա յուրաքանչյուր դեպքում դատավորների աշխատավարձի անգամ չնչին բարձրացումը մեխանիկորեն բերելու է կենսաթոշակի չափի բարձրացման, ինչը կարող է չհամապատասխանել պետության ֆինանսական հնարավորություններին:

Անդրադառնալով քննարկվող նորմերի՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանության հարցին՝ պատասխանողը նկատում է, որ համապատասխան միջազգային փաստաթղթերը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Rec(2010)12 հանձնարարականը, «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիան չեն կարևորում կենսաթոշակի հաշվարկման բանաձևը, այլ կարևորում են այն հանգամանքը, որ դատավորի կենսաթոշակը գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ դատավորի պաշտոնավարման ժամանակ ստացած աշխատավարձի հետ: Հետևաբար, ըստ պատասխանողի՝ միջազգային փաստաթղթերում առկա չէ որևէ պահանջ, որ դատավորի կենսաթոշակի հաշվարկման հիմքում դրվի դատավորի պաշտոնավարման վերջին ամսում ստացած աշխատավարձը:

Միաժամանակ, պատասխանողը չի ժխտում, որ տարիներ անց դատավորների աշխատավարձի կտրուկ ավելացման պայմաններում գործող իրավակարգավորումը կարող է նվազեցնել դատավորների սոցիալական պաշտպանության երաշխիքները, ինչի պարագայում, ըստ պատասխանողի, օրենսդիրն ուշադրություն կդարձնի այդ հանգամանքի վրա և կքննարկի կենսաթոշակի՝ ներկայումս ընդունված բանաձևի փոփոխության տարբերակները:

 

5. ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարան ներկայացրած իր գրավոր դիրքորոշմամբ փաստում է, որ ՀՀ վարչական դատարանը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ իր որոշման մեջ հիմնավոր փաստարկներ չի ներկայացրել իր վարույթում գտնվող գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունը բավարարելու կապակցությամբ, պատշաճ չի հիմնավորել վիճարկվող նորմի և գործի ելքի միջև անմիջական պատճառահետևանքային կապը:

Վերը նշվածի կապակցությամբ ՀՀ կառավարությունն առաջարկում է սույն գործի քննությունը մերժել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, այն է՝ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան:

Այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ վարչական դատարանի որոշման պատճառաբանական մասին՝ ՀՀ կառավարությունը հարկ է համարում նշել, որ դատավորների կենսաթոշակին վերաբերող չափանիշների շարքում չեն ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունն իր գրավոր դիրքորոշման մեջ ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մի շարք գործերով կայացված վճիռներից առանձին հատվածներ՝ հիմնավորելու համար սույն գործով վիճարկվող իրավակարգավորման՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ լինելու հանգամանքը:

 

6. Հաշվի առնելով դիմող և պատասխանող կողմերի փաստարկները, մասնավորապես այն, որ ըստ դիմողի՝ գործող իրավակարգավորումը, ի տարբերություն նախկին իրավակարգավորումների, նվազեցնում է դատավորի սոցիալական պաշտպանության երաշխիքը, իսկ ըստ պատասխանողի՝ դիմողն իր դիրքորոշումը փաստարկել է առանց որևէ վիճակագրություն կամ հաշվարկ ներկայացնելու, սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում կատարել նախկին և գործող իրավակարգավորումների համեմատական վերլուծություն և դրա հիման վրա պարզել, թե որքանով է վեճի առարկա դրույթն ամրապնդում կամ թուլացնում դատավորի սոցիալական պաշտպանության երաշխիքը:

Այսպես, «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրել է 18.05.2007 թվականին՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի:

«Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ անմիջականորեն ուժը կորցնելուն նախորդող խմբագրությամբ տեքստի 1-ին և 2-րդ մասերի համաձայն. «Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք:

Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:

«Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ վերը նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ դիտարկվող օրենքը կենսաթոշակային հարաբերություններում դատավորի պաշտոն զբաղեցրած և կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց պայմանականորեն բաժանել էր երկու խմբի. անձինք, որոնք կենսաթոշակի անցնելիս չունեն դատավորի պաշտոնում 10 և ավելի տարվա աշխատանքային ստաժ, և անձինք, որոնք կենսաթոշակի անցնելիս ունեն դատավորի պաշտոնում 10 և ավելի տարվա աշխատանքային ստաժ: Եթե առաջին խմբի անձանց կենսաթոշակի չափը հաշվարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, ապա երկրորդ խմբի անձանց՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով հաշվարկվող կենսաթոշակի չափին ավելացվում էր ամենամսյա հավելավճար նրա՝ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտել 18.05.2007 թվականին, սակայն մինչև 01.01.2013 թվականը այն չէր պարունակում դատավորի կենսաթոշակի իրավունքը կարգավորող նորմեր. դատավորի կենսաթոշակի իրավունքը կարգավորող նորմերը նշված ժամանակահատվածում ամրագրված էին սկզբում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՕ-519-Ն ՀՀ օրենքով, որն ուժը կորցրել է 01.01.2013 թվականին, այնուհետև՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՕ-243-Ն ՀՀ օրենքով:

01.01.2013 թվականին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-246-Ն ՀՀ օրենքը, որով ՀՀ դատական օրենսգիրքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 75.1-րդ հոդվածով.

«1. Որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, նշանակվում է կենսաթոշակ՝ վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով։

2. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։

3. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` դատավորի պաշտոնային դրույքաչափը բարձրացվելու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն։

4. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 Նշված հոդվածն ուժը կորցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.07.2014 թվականից:

ՀՀ դատական օրենսգրքի 75.1-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչվելը պայմանավորված էր 01.07.2014 թվականից ուժի մեջ մտած՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն ՀՀ օրենքով: Նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է.

«1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի՝

…3) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով…»:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերլուծությունից բխում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից 10.06.2014թ. ընդունված ՀՕ-55-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014թ. փետրվարի 4-ին ընդունված ՀՕ-1-Ն ՀՀ օրենքով դատավորների համար սահմանվում էր կենսաթոշակի իրավունք` 10 տարվա ստաժի առկայության և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով: Միաժամանակ, կենսաթոշակի չափի հաշվարկման ընդհանրական հիմք էր սահմանվում հիշյալ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգը, համաձայն որի.

«1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),

Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),

ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,

ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:

3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում:

4. Մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Նման իրավակարգավորման պայմաններում ակնհայտ էր երկու խնդիր.

1. տարբերակված մոտեցում չէր դրսևորվում դատավորի պաշտոն զբաղեցրած այն անձանց նկատմամբ, ովքեր նոր օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ ունեին 10 և ավելի տարվա աշխատանքային ստաժ,

2. տեղի էր ունենում նման ստաժ ունեցող դատավորների սոցիալական ապահովության երաշխիքների կտրուկ վատացում` այն դեպքում, երբ նրանք կենսաթոշակի իրավունքն արդեն իսկ ձեռք էին բերել մինչև նոր օրենսդրական կարգավորումները:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սկզբունքորեն ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակ է հետապնդել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի լրացումը 21.06.2014թ. ՀՕ-55-Ն ՀՀ օրենքով, որով լուծվում է հետևյալ խնդիրը. կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած դատավորների համար թույլ չտալ սոցիալական պաշտպանվածության երաշխիքների թուլացում և նրանց նկատմամբ չտարածել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Տվյալ խնդիրը գործնականում լուծելի է դարձնում հիշյալ օրենքի 9-րդ հոդվածում ամրագրված այն դրույթը, համաձայն որի. «Սույն մասով նախատեսված անձանց` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով»:

Նման իրավակարգավորումը որոշակի երաշխիք է նախորդ իրավակարգավորումների պայմաններում կենսաթոշակի իրավունք ձեռք բերած դատավորների սոցիալական պաշտպանության երաշխիքները պահպանելու համար:

Այսուհանդերձ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորմամբ հանդերձ՝ առկախ մնացին որոշակի խնդիրներ՝ կապված առնվազն 10 և ավելի տարի ստաժ ունեցող դատավորների կենսաթոշակային հարցերի գործնական լուծման հետ: Մասնավորապես, օրենսդրի կողմից «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրվեց նաև հետևյալ դրույթը. «Եթե սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով»: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նախ՝ տվյալ դրույթը որոշակի անհամապատասխանության մեջ է գտնվում նույն մասում ամրագրված այն դրույթի հետ, համաձայն որի. «Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում»:

Երկրորդ` տվյալ դրույթն օրենսդրական փոփոխությունների ընդհանուր նպատակից բխող որևէ խնդիր չի լուծում և իրավակիրառ պրակտիկայում տարընթեռնումների տեղիք է տալիս:

Երրորդ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված հաշվարկները վկայում են, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ՀՀ վերաքննիչ ու ՀՀ վճռաբեկ, ինչպես նաև վարչական դատարանների դատավորների համար, ովքեր 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ 10-ից ավելի տարի ստաժ ունեն, կախված այդ պաշտոնում աշխատանքային ստաժի տևողությունից նախկին և ներկա աշխատավարձերի հիմքով կենսաթոշակն հաշվարկելիս սոցիալական ապահովության երաշխիքների ոչ համաչափ տարբերակում է առաջանում:

Նման իրավիճակը պետք է հաղթահարվի, մասնավորապես` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում՝ նկատի ունենալով, որ այն անձանց համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում, կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվարկային հիմք է ընդունվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձը` եթե այն ավելի մեծ է, քան «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված աշխատավարձի հիմքով հաշվարկված կենսաթոշակի չափը: Ընդ որում, ակնհայտ է, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «սույն օրենքի» արտահայտությունը վերաբերում է հենց այդ օրենքին:

 

7. Խնդիրը դիտարկելով նաև դատավորների անկախության սոցիալական երաշխիքների վերաբերյալ միջազգային չափորոշիչների համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ 1998թ. ընդունված` «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի` դատավորի անկախության սոցիալական երաշխիքների ապահովման մասին 6.4 կետի՝ «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է ... ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»: Նույն սկզբունքն է արտացոլված նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Rec(2010)12 հանձնարարականում:

Նշված մոտեցումներից բխում է, որ, մասնավորապես, խարտիան չի սահմանում դատավորի կենսաթոշակի առավել կոնկրետացված չափ և օգտագործելով «հնարավորինս մոտ լինի» բառակապակցությունը՝ հաշվի է առել տվյալ պետության սոցիալ-տնտեսական զարգացածության մակարդակը: Սակայն դա չի նշանակում, որ ազգային մակարդակով իրավակարգավորումը կարող է շրջանցել միջազգային իրավունքում հանրաճանաչ այս կարևոր սկզբունքը: Դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձանց սոցիալական երաշխիքների իրավական ինստիտուտը կատարում է երկու սահմանադրաիրավական գործառույթ` այն, մի կողմից, հանդիսանում է հիշյալ անձանց սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի իրացման երաշխիք, մյուս կողմից` ապահովում է դատավորների և դատարանների անկախության սահմանադրաիրավական սկզբունքի իրացումը: Ուստի իրավակարգավորման հետագա զարգացումները, դատարանի գործառութային, կառուցակարգային ու նյութական անկախության երաշխիքների ապահովման հետ մեկտեղ, պետք է միտված լինեն դատավորի անկախության սոցիալական երաշխիքների ամրապնդմանը: ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-647, ՍԴՈ-723, ՍԴՈ-881 որոշումների մեջ հանգամանալից անդրադարձել է դատավորների աշխատավարձի և կենսաթոշակի ողջամիտ հարաբերակցության վերաբերյալ միջազգային սկզբունքին: Սահմանադրական դատարանը կենսաթոշակի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքի պահպանման խնդիրներին անդրադառնալով, մասնավորապես շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ոչ թե դատավորի և դատարանների անկախության երաշխիքների եղած հավասարակշռությունը պահպանելու, այլ այն ամրապնդելու առումով: Այս առումով ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի առաջին մասի /2005թ. խմբագրությամբ/ պահանջներից ու դատավորների անկախության սոցիալական երաշխիքների միջազգային չափորոշիչներից չի բխում այն հանգամանքը, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով համարժեք երաշխիքներ չեն նախատեսվում 2014 թվականի հուլիսի մեկից հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերող դատավորների անկախության սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ, և այս հանգամանքը պահանջում է իրավակարգավորման մոտեցումների վերանայում: Բացի դրանից, հիմնախնդրի առնչությամբ 2014թ. իրականացված նոր իրավակարգավորումների փաթեթում անտեսվել է նաև դատավորի անկախության սոցիալական երաշխիքի կարևոր բաղադրատարր հանդիսացող` սոցիալական ապահովության վերաբերյալ նրա իրավաչափ սպասելիքների իրացման երաշխավորումը, ինչը նույնպես օրենսդրի կողմից սկզբունքային և համակարգային վերանայման անհրաժեշտություն ունի:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը` երկրորդ և երրորդ պարբերություններում «մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը» ձևակերպումների մասով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

16 սեպտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1302

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան