ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 սեպտեմբերի 2016 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Տարասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 28 հուլիսի 2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրն (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում` Կողմերի համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցություններ հաստատելու և միջազգային օդային հաղորդակցություններում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով:
Համաձայնագրին կից ներկայացված է Հավելված, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա, ի թիվս այլնի, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությանը տրամադրել նրա նշանակած ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման հետ կապված Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքները` իր պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք, իր պետության տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքի իրավունք, Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղու (երթուղիների) կետում (կետերում) վայրէջք կատարելու իրավունք` ուղևորներ, ուղեբեռ, բեռներ և փոստ` առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու նպատակով, և Համաձայնագրով սահմանված այլ իրավունքներ (հոդված 2, կետ 1),
- ուղևորներին, ուղեբեռը և բեռը, ներառյալ` փոստը, Հայաստանի Հանրապետության տարածքով ուղիղ տարանցման և օդանավակայանի՝ այդ նպատակով նախատեսված տարածքը չլքելու դեպքում ենթարկել ոչ ավելի, քան պարզեցված ստուգման` բացառությամբ այնպիսի ապօրինի գործունեության սպառնալիքի դեմ անվտանգության միջոցառումները, ինչպիսիք են բռնությունն ու օդահենությունը և թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հատուկ միջոցառումները, ինչպես նաև ազատել ուղիղ տարանցմամբ փոխադրվող ուղեբեռը, բեռը և փոստը մաքսատուրքերից, գանձումներից և այլ նմանատիպ հարկերից (հոդված 5, կետ 4),
- համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով վավեր ճանաչել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների և կանոնակարգերի, ներառյալ՝ Եվրոպական միության գործող օրենքների և կանոնակարգերի համաձայն տրված կամ վավեր ճանաչված` թռիչքային պիտանության վկայականները, թռիչքներ կատարելու համար որակավորման վկայականները և լիցենզիաները, պայմանով, որ նման վկայականները կամ լիցենզիաները տրվել կամ վավեր են ճանաչվել Չիկագոյի Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին հավասար կամ ավելի բարձր, ինչպես նաև վերոնշյալ պարտավորությունը սահմանող դրույթը կիրառել նաև Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության կողմից նշանակված այն ավիաընկերության առնչությամբ, որի փաստացի կարգավորիչ վերահսկողությունն իրականացվում է Եվրոպական միության մեկ այլ անդամ պետության կողմից (հոդված 6, կետեր 1, 2),
- եթե Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված խորհրդակցություններից հետո Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը նման որևէ ոլորտում արդյունավետորեն չի պահպանում և կիրառում թռիչքային անվտանգության այնպիսի չափանիշներ, որոնք առնվազն հավասար են այդ պահի դրությամբ Չիկագոյի Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, ապա Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությանը տեղեկացնել հայտնաբերված նման թերությունների և տվյալ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ գործողությունների մասին, իսկ նման տեղեկություն Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կողմից ստանալու դեպքում ձեռնարկել թերության վերացմանն ուղղված համապատասխան գործողություն (հոդված 7, կետ 2),
- միջազգային իրավունքով նախատեսված իրավունքների և պարտավորությունների համաձայն՝ վերահաստատել, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ անօրինական գործողություններից միմյանց պաշտպանելու պարտավորությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը (հոդված 8, կետ 1),
- գործել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված և Չիկագոյի Կոնվենցիայի հավելվածներ համարվող` ավիացիոն անվտանգության դրույթներին և տեխնիկական պահանջներին համապատասխան` այնքանով, որքանով անվտանգության այդպիսի դրույթները և պահանջները կիրառելի են Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև պահանջել, որ Հայաստանի Հանրապետության գրանցման օդանավ շահագործողները կամ այն օդանավ շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական գտնվելու վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է և Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան (հոդված 8, կետ 4),
- համաձայնել, որ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողները պարտավոր են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու կամ այդ տարածքում գտնվելու ընթացքում կիրառել ավիացիոն անվտանգության դրույթները` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ներառյալ` Եվրոպական միության օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի բեռնման կամ ուղևորներ նստեցնելու ընթացքում և դրանից առաջ ապահովել, որ արդյունավետորեն կիրառվեն պատշաճ միջոցներ օդանավի պաշտպանության և ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների ստուգման համար, ինչպես նաև բարյացակամորեն քննության առնել որոշակի սպառնալիքին արձագանքելու` անվտանգության հիմնավորված հատուկ միջոցառումների վերաբերյալ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կողմից ցանկացած դիմում (հոդված 8, կետ 5),
- ազատել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կողմից նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից միջազգային հաղորդակցություններում շահագործվող օդանավը, ինչպես նաև դրա մշտական օգտագործման սարքավորումները, վառելիքի պաշարներն ու քսայուղերը և այդ օդանավում գտնվող պաշարները (ներառյալ սննդամթերքը, ոչ ոգելից խմիչքները և ծխախոտը) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս բոլոր մաքսատուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից կամ հարկերից՝ պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները մնում են օդանավում (հոդված 9, կետ 1),
- չտրամադրել կամ չթույլատրել պետական սուբսիդիա կամ օժանդակություն Հայաստանի Հանրապետության ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին այնպես, որ դա բացասաբար անդրադառնա Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ավիաընկերությունների արդարացի և հավասար հնարավորության վրա` մրցակցելու միջազգային օդային փոխադրումների իրականացման համար (հոդված 10, կետ 4),
- թույլատրել, որ օդային հաղորդակցությունների սակագները սահմանվեն յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության կողմից` շուկայում առևտրային նկատառումներից ելնելով (հոդված 11, կետ 1),
- իրավունք վերապահել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին, փոխադարձության սկզբունքով և Հայաստանի Հանրապետության մուտքին, մշտական բնակությանը և զբաղվածությանը վերաբերող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածք բերել և պահպանել իրենց ներկայացուցիչներին և կառավարչական, առևտրային, վարչական և տեխնիկական անձնակազմին, ինչը պահանջվում է միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման համար (հոդված 12, կետ 1):
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է նաև այլ պարտավորություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|