Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1284
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.07.01/51(1231) Հոդ.620
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
21.06.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
21.06.2016
Дата вступления в силу
21.06.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 հունիսի 2016 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2016 թվականի հունիսի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Վարկառու) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (այսուհետ` Բանկ) միջև 2016 թվականի ապրիլի 5-ին:

Համաձայնագիրը բաղկացած է Նախաբանից և 6 հոդվածներից:

Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում 2 առդիրներ. Առդիր 1՝ «Ծրագրի նկարագրություն» և Առդիր 2` «Դասեր և առհանումներ»:

2. Սույն Համաձայնագրի կնքմամբ դադարեցվում է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2015 թվականի մայիսի 21-ին` ՀՀ ԱԺ ԱԺՈ-158-Ն որոշմամբ (ՍԴՈ-1199):

3. Համաձայնագրով վարկավորվող Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում (Նախաբան, Առդիր 1, կետ 1):

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից՝

Մաս Ա. «Կապիտալ ծախսեր (ներդրումային բաղադրիչներ)», որով նախատեսվում է ֆինանսավորել թափոնների հավաքման բեռնատարների ու բեռնարկղերի և աղբավայրերի համար հատուկ սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև թափոնների հավաքման նոր կետերի, նոր աղբավայրերի և փոխանցման կայանների կառուցումը:

Մաս Բ. «Տեխնիկական համագործակցություն (Խորհրդատվական հանձնարարություններ), որով նախատեսվում է աջակցել Ծրագրի իրականացմանն ու գնումներին, Կորպորատիվ զարգացման և շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիր կազմել, Բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել (Առդիր 1, կետ 2):

4. Համաձայնագրով Բանկը Վարկառուին տրամադրում է 5.500.000 եվրո գումարի չափով վարկ (այսուհետ` Վարկ)` սույն Համաձայնագրում և Աբովյանի, Բյուրեղավանի, Չարենցավանի, Հրազդանի, Ծաղկաձորի, Նոր Հաճնի, Եղվարդի, Գավառի, Ճամբարակի, Սևանի, Մարտունու ու Վարդենիսի քաղաքապետարանների (այսուհետ՝ Ծրագրի քաղաքապետարաններ) ու Բանկի միջև կնքված՝ ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրում սահմանված կամ հղում կատարված պայմաններին համապատասխան (Նախաբան):

Վարկը բաղկացած է 2 տրանշից.

1) Տրանշ Ա` 3.500.000 եվրո գումարի չափով և

2) Տրանշ Բ` 2.000.000 եվրո գումարի չափով (II հոդվ., 2.01 բաժին):

Վարկի հասանելի գումարը կարող է ժամանակ առ ժամանակ առհանվել` Առդիր 2-ի դրույթներին համապատասխան, Ծրագրի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ողջամիտ արժեքի առնչությամբ կատարված ծախսերը ֆինանսավորելու համար (II հոդվ., 2.03 բաժին, կետ ա):

Վարկի առհանման նվազագույն գումարը 300.000 եվրո է` Ծրագրի Ա մասի ներքո նոր աղբավայրի կառուցման համար, և 50.000 եվրո` Ծրագրի «Ա» մասի ներքո այլ ծախսերի համար (II հոդվ., 2.02 բաժին, կետ ա): Վաղաժամ մարման նվազագույն գումարը 500.000 եվրո է, իսկ չեղյալ հայտարարման նվազագույն գումարը՝ 500.000 եվրո (II հոդվ., 2.02 բաժին, կետեր բ և գ):

Տոկոսի վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը (II հոդվ., 2.02 բաժին, կետ դ):

5. Համաձայնագրով Վարկի Տրանշ Ա-ի մարման առաջին ամսաթիվը 2018թ. ապրիլի 16-ն է, իսկ վերջին ամսաթիվը` 2029թ. հոկտեմբերի 16-ը: Վարկի Տրանշ Բ-ի մարման առաջին ամսաթիվը 2019թ. ապրիլի 16-ն է, իսկ վերջին ամսաթիվը` 2030թ. հոկտեմբերի 16-ը (II հոդվ., 2.02 բաժին, կետ ե, ենթակետ 1):

Տրանշ Ա-ի համար Վարկի հասանելիության վերջին ամսաթիվը 2018թ. մարտի 31-ն է կամ ավելի ուշ ընկնող ամսաթիվ, որը Բանկը, իր հայեցողությամբ, կարող է սահմանել և այդ մասին ծանուցել Վարկառուին, իսկ Տրանշ Բ-ի համար Վարկի հասանելիության վերջին ամսաթիվը 2019թ. մարտի 31-ը կամ ավելի ուշ ընկնող ամսաթիվ, որը Բանկը, իր հայեցողությամբ, կարող է սահմանել և այդ մասին ծանուցել Վարկառուին (II հոդվ., 2.02 բաժին, կետ զ): Համաձայնագրով ակնկալվում է, որ Ծրագրի Ա մասն ավարտվելու է մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը (Առդիր 1, կետ 3):

Պարտավորության վճարի դրույքաչափը տարեկան 0,5% է (II հոդվ., 2.02 բաժին, կետ է): Վարկի համար կիրառելի է փոփոխվող տոկոսադրույքը: Չնայած դրան, Վարկառուն կարող է, որպես այլընտրանք, Վարկի մի մասի տոկոսը վճարել ֆիքսված տոկոսադրույքով, պայմանով, որ փոխարկվող մայր գումարը չպետք է 1.000.000 եվրոյից պակաս լինի (II հոդվ., 2.02 բաժին, կետ ը):

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- մարել Տրանշ Ա-ն և Տրանշ Բ-ն 24 հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային մասնաբաժիններով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին (II հոդվ., 2.02 բաժին, կետ ե, ենթակետ 1),

- սեփական միջոցներից Բանկին վճարել 20.076,39 եվրո վարկի վերահաստատման վճար՝ Հայաստանի Հանրապետության և Բանկի միջև 2014թ. դեկտեմբերի 19-ով թվագրված Վարկային համաձայնագրի ներքո կուտակված պարտավորության վճարի փոխարեն` վճարման ուժի մեջ մտնելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում (II հոդվ., 2.02 բաժին, կետ թ),

- Ծրագրի ընկերությանը հասանելի դարձնել Վարկային միջոցները Բանկի համար ընդունելի պայմաններով՝ սույն Համաձայնագրի համաձայն, Բանկի համար բավարար ձևով ու բովանդակությամբ (III հոդվ., 3.01 բաժին, կետ ա),

- Ենթավարկային համաձայնագրի ներքո իրականացնել իր իրավունքներն այնպես, որպեսզի պաշտպանվեն Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը, ապահովվի համապատասխանությունը Համաձայնագրի դրույթներին, և իրականացվեն այն նպատակները, որոնց համար տրամադրվել է Վարկը (III հոդվ., 3.01 բաժին, կետ բ),

- չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել և չհրաժարվել Ենթավարկային համաձայնագրի որևէ դրույթից` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ համաձայնի (III հոդվ., 3.01 բաժին, կետ գ),

- ապահովել, որպեսզի Ծրագրի յուրաքանչյուր քաղաքապետարան իրականացնի Ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները (III հոդվ., 3.01 բաժին, կետ դ),

- ապահովել, որպեսզի Ծրագրի ընկերությունն իրականացնի Ծրագրի իրականացման համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները (III հոդվ., 3.01 բաժին, կետ ե),

- ձեռնարկել կամ ապահովել, որպեսզի ձեռնարկվեն բոլոր այն լրացուցիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ են Ծրագրի ավարտի համար բավարար միջոցներ տրամադրելու նպատակով (III հոդվ., 3.01 բաժին, կետ զ),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից վերահսկվող ցանկացած անձ (բացի ֆիզիկական անձից) կամ միավոր ժամանակին վճարի կոշտ թափոնների վճարները Ծրագրի քաղաքապետարաններին կամ Ծրագրի ընկերությանը` կախված հանգամանքներից (III հոդվ., 3.01 բաժին, կետ է),

- ջանքեր գործադրել` խթանելու համար իրավական այնպիսի կարգավորումներ, որոնք կոշտ թափոնների ծառայությունների համար ապահովում են ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ սակագներ (III հոդվ., 3.01 բաժին, կետ ը),

- երաշխավորել Համաձայնագրի V հոդվածի 5.01 բաժնով նախատեսված գործողությունների իրականացումը որպես Համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախապայման (Հոդված V, Բաժին 5.01),

- չկատարել ոչ մի Առհանում մինչև Վարկային համաձայնագրի ամսաթիվը կատարված ծախսերի առնչությամբ (Առդիր 2, մաս 2, կետ ա),

- չկատարել ոչ մի Առհանում Ծրագրի Ա մասի ներքո որևէ ծախսի առնչությամբ, քանի դեռ նույն գումարի չափով միաժամանակյա վճարում չի կատարվել Դրամաշնորհային համաձայնագրով` այդ ծախսի մնացած բաժինը ֆինանսավորելու նպատակով (Առդիր 2, մաս 2, կետ բ):

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի I հոդվածի 1.01 բաժնի «ա» կետի համաձայն՝ 2012 թվականի դեկտեմբերի 1-ով թվագրված` Բանկի Ստանդարտ պայմանների բոլոր դրույթները ներառվում են Համաձայնագրում և կիրառելի դառնում Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ` այնպես, ինչպես եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին Համաձայնագրում, ընդ որում, Համաձայնագրի I հոդվածի 1.01 բաժնով նախատեսված են փոփոխություններ Ստանդարտ պայմանների 2.02 բաժնում:

8. Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Համաձայնագիրը ևս պահանջում է լուրջ վերահսկողություն վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի կառավարման ու թափանցիկ հաշվեքննության կազմակերպման առումով՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


21 հունիսի 2016 թ.

ՍԴՈ-1284