Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1301
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.09.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.09.22/69(1249) Հոդ.875
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.09.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
13.09.2016
Дата вступления в силу
13.09.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 սեպտեմբերի 2016 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Գևորգյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի փետրվարի 9-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 06.07.2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է Երևանում` 2016 թվականի փետրվարի 9-ին:

2. Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:

3. Կոնվենցիայով սահմանվում են պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, որոնք ներառում են գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի տարրերի նկատմամբ կիրառվող բոլոր հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների հարկերը, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը:

Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիան կիրառվելու է շահութահարկի, եկամտահարկի և գույքահարկի նկատմամբ (հոդված 2, կետ 3, ենթակետ «ա»):

4. Կոնվենցիայով պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում ձեռնպահ մնալ պայմանավորվող մյուս կողմի կամ միաժամանակ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը Կոնվենցիայով վերապահված է մյուս պայմանավորվող կողմին և` ընդհակառակը:

5. Բացի վերոհիշյալ պարտավորություններից, Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք այլ պարտավորություններ, մասնավորապես.

● ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները շվեդական կողմի իրավասու մարմիններին ծանուցեն ՀՀ հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին (հոդված 2, կետ 4),

● չհարկել շվեդական կողմի ռեզիդենտ հանդիսացող կամ անմիջապես մինչև ՀՀ ժամանելը շվեդական կողմի ռեզիդենտ հանդիսացած և Հայաստանի Հանրապետությունում բացառապես իրենց ուսման կամ մասնագիտացման նպատակով գտնվող ուսանողին կամ փորձնակին՝ Հայաստանի Հանրապետությունում իրենց ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացված վճարումներից՝ պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից (հոդված 19),

● երբ ՀՀ ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, Կոնվենցիայի դրույթների համաձայն, կարող են հարկվել Շվեդիայում, ապա թույլ տալ այդ ռեզիդենտի եկամտային հարկից հանել Շվեդիայում վճարված հարկին հավասար գումար, ինչպես նաև այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Շվեդիայում վճարված գույքահարկին հավասար գումար (հոդված 22, կետ 1, ենթակետ «ա»),

● Շվեդիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել որևէ այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն է կամ դրա հետ կապված պահանջները, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել ՀՀ քաղաքացիները միևնույն հանգամանքների դեպքում (հոդված 23, կետ 1),

● երաշխավորել, որ շվեդական ձեռնարկության՝ Հայաստանի Հանրապետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չի լինի պակաս բարենպաստ Հայաստանի Հանրապետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումից (հոդված 23, կետ 2),

● ՀՀ ձեռնարկություններին, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է Շվեդիայի մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել որևէ այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն է կամ դրա հետ կապված պահանջները, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության այլ նման ձեռնարկությունները (հոդված 23, կետ 4),

● ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Շվեդիայի Թագավորության իրավասու մարմինների հետ փոխանակեն տեղեկություններ, որոնք պատշաճ կհամարվեն Կոնվենցիայի դրույթների իրականացման կամ ներքին օրենքների կիրառման կամ կատարման համար ՀՀ և Շվեդիայի Թագավորության կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների անունից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի վերաբերյալ` այն չափով, որքանով դրանց հիման վրա հարկումը չի հակասում Կոնվենցիային (հոդված 25, կետ 1),

● Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն շվեդական կողմից ստացած ցանկացած տեղեկություն դիտարկել գաղտնի այնպես, ինչպես ՀՀ ներքին օրենքներին համապատասխան ստացած տեղեկությունը, և երաշխավորել դրանց հաղորդումը միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են Կոնվենցիայում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը կամ բողոքարկումների քննմանը, ինչպես նաև երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար (հոդված 25, կետ 2):

6. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիան ուղղված լինելով երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության, մարդկանց շարժի, կապիտալի, տեխնոլոգիաների և տնտեսական կապերի զարգացմանը` կարող է նպաստել ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի պահանջների իրացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի փետրվարի 9-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 սեպտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1301

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան