Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1279
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.15/46(1226) Հոդ.539
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
03.06.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
03.06.2016
Дата вступления в силу
03.06.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

3 հունիսի 2016 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի փետրվարի 29-ին Ժնևում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ սահմանադրական դատարանի 31.05.2016թ. ՍԴԱՈ-42 որոշմամբ գործն ընդունվել է քննության` գրավոր ընթացակարգով:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ ստորագրվել է 2016թ. փետրվարի 29-ին` Ժնևում:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար:

Տվյալ Համաձայնագիրն ստորագրվել է, ի թիվս այլ համաձայնագրերի, հաշվի առնելով նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը: Այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին (ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1110 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող):

 

2. Կողմերի ներքին ընթացակարգերին համապատասխան Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման և ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ Կողմերը միմյանց ծանուցում են ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:

Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և Կողմերից յուրաքանչուրը մյուս Կողմին տրված գրավոր ծանուցման միջոցով կարող է այն դադարեցնել:

 

3. Համաձայնագրով սահմանվում են ճամփորդության նպատակը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակը, բազմակի վիզաների տրամադրման կարգը, վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարի չափը և այն անձանց շրջանակը, ովքեր ազատվում են վճարից, ինչպես նաև այդ ձևակերպումներին առնչվող ընթացակարգերի տևողությունը և այլն:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների համար վերականգնելու դեպքում՝ ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ կիրառել նույն դյուրացումները, որոնք Համաձայնագրով շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (հոդված 1, կետ 2),

- երաշխավորել, որ Շվեյցարիայի քաղաքացիների համար վիզայի ձևակերպման դեպքում ՀՀ կողմից գանձվող վճարի չափը չի գերազանցի Համաձայնագրի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված վճարի չափը (հոդված 6, կետեր 1, 2),

- երաշխավորել փոխադարձության սկզբունքի հիման վրա, որ Շվեյցարիայի այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում կորցրել են իրենց անձը հաստատող փաստաթղթերը, կամ ումից այդ փաստաթղթերը գողացել են, կարող են դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված` անձը հաստատող՝ սահմանը հատելու իրավունք տվող վավեր փաստաթղթերի հիման վրա` առանց որևէ վիզայի կամ այլ թույլտվության (հոդված 8),

- անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի իրականացման համար, մշակել և պաշտպանել տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Շվեյցարիայի ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց երկու պետությունները կողմ են (հոդված 13):

 

5. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա Համաձայնագիրը կարող է նպաստել Համաձայնագրի կողմերի միջև տնտեսական, հումանիտար, մշակութային, գիտական և այլ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը և համահունչ է ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի փետրվարի 29-ին Ժնևում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


3 հունիսի 2016 թ.

ՍԴՈ-1279