Գլխավոր տեղեկություն
Номер
N 803-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.08.10/61(1241) Հոդ.776
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2016
Дата вступления в силу
20.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2016 թվականի N 803-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի և էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ֆիզիկական անձինք) մասով առաջացած դեբիտորական պարտքերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 3 հավելվածի։».

2) որոշման N 1 հավելվածի վերնագիրը, N 1 հավելվածի 2-րդ կետը, N 1 հավելվածի ձևի վերնագիրը «(բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի» բառերից հետո լրացնել «և էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի» բառերով.

3) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և որոշման դրույթները (բացառությամբ որոշման 3-րդ կետով սահմանված դրույթների) տարածվում են այն դեբիտորական պարտքերի վրա, որոնք սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված N 3 հավելվածով ներկայացված կարգի համաձայն, անհուսալի են դառնում 2016 թվականի հունվարի 1-ից հետո:

3. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված N 3 հավելվածով ներկայացված կարգի 15-րդ կետով սահմանված՝ պարտքը պահանջելու՝ օրենքով սահմանված կարգով հայցային վաղեմության ժամկետի լրանալը, պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը պարտքի ներում չհամարելու դրույթը տարածվում է նաև մինչև 2016 թվականի հունվարի 1-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 21-ի N 803-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց (այսուհետ` էլեկտրաէներգիա բաշխող ընկերություն) կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է շահութահարկ վճարող էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների նկատմամբ էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերից առաջացած պարտավորությունների վրա (այսուհետ` դեբիտորական պարտքեր):

3. Սույն կարգի կիրառման առումով դեբիտորական պարտքն էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին` էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա պարտքի գումարն է:

4. Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերով սահմանված վճարման (մարման) ժամկետում չի վճարվել (մարվել): Այն դեպքում, երբ այդ պայմանագրերով սահմանված չէ դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ, դեբիտորական պարտքի վճարման (մարման) ժամկետ է համարվում էլեկտրաէներգիայի մատակարարման յուրաքանչյուր ամսվա համար` այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը:

5. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական պարտքի ներում:

6. Այն դեպքում, երբ դեբիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տոկոսներ, տույժեր կամ տուգանքներ, ապա այդ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս են գրվում դրանց գծով հաշվարկված տոկոսները, տույժերն ու տուգանքները:

 

II. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

7. Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունը ձևավորում է դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (պահուստաֆոնդ): Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումներ կարող են կատարվել միայն կետանցված դեբիտորական այն պարտքերի համար, որոնք առաջացել են մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց:

8. Պահուստին (պահուստաֆոնդին) մասհանումները կատարվում են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ` հետևյալ տոկոսադրույքով՝

Դեբիտորական պարտքի կետանցված դառնալուց հետո անցած օրերի թիվը

Պահուստին (պահուստաֆոնդին մասհանման տոկոսադրույքը՝ դեբիտորական պարտքի
չմարված գումարի նկատմամբ (աճողական)

Կետանցված դառնալու օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ

-

Կետանցված դառնալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ

25 տոկոս

Կետանցված դառնալու 181-րդ օրվանից մինչև 270-րդ օրը ներառյալ

50 տոկոս

Կետանցված դառնալու 271-րդ օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ

75 տոկոս

Կետանցված դառնալու 366-րդ օրվանից

100 տոկոս

9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան` պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները կազմակերպության կողմից հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:

10. Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված կետանցված դեբիտորական պարտքի համապատասխան տոկոսադրույքներով հաշվարկված` տվյալ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը փոքր է տվյալ տարվա սկզբում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունից, ապա տարբերության գումարը ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում, իսկ հակառակ դեպքում (եթե պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ավելացել է)` տարբերության գումարը դիտվում է որպես այլ նվազեցում:

11. Տվյալ հաշվետու տարվա վերջում (հաշվետու տարվա ավարտին) չմարված (չվճարված)` սույն կարգի 3-րդ կետում նշված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե`

1) կետանցված դառնալու օրվանից մինչև հաշվետու տարվա ավարտը (բայց նվազագույնը 366 օրերի ընթացքում) դեբիտորի կողմից չի կատարվել դեբիտորական պարտքի դիմաց որևէ վճարում (մարում) և էլեկտրաէներգիայի սպառում.

2) առկա է դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտ (վճիռ, որոշում կամ կարգադրություն).

3) պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ մահվան դեպքերում՝ անկախ պարտքի մարման ժամկետից:

12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը, հաշվի են առնվում որպես այլ նվազեցում` դուրսգրման տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:

13. Կետանցված դառնալու 366-րդ օրը լրացած, սակայն անհուսալի չճանաչված դեբիտորական պարտքերի համար յուրաքանչյուր հաշվետու տարում կազմակերպությունը պետք է ճշգրտի (պակասեցնի) նախորդ տարվա վերջում ձևավորված պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը` սույն կարգի 10-րդ կետին համապատասխան` պակասեցված գումարի չափով` ավելացնելով այն հաշվետու տարվա համախառն եկամուտը, որում լրացել է պարտքի կետանցված դառնալու 366-րդ օրը:

14. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերը մարվելու դեպքում` մարված գումարների չափով ավելացվում է պարտքի մարման հաշվետու տարվա համախառն եկամուտը:

15. Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի ներման կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում` անհատույց) կամ պարտքը չպահանջելու մասին էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների գրավոր որոշման և (կամ) կողմերի միջև դրա մասին գրավոր համաձայնության առկայության դեպքում այդ դեբիտորական պարտքերը համարվում են մարված, և դրանց գծով դուրս գրված գումարների չափով ավելացվում է հաշվետու տարվա համախառն եկամուտը: Պարտքի ներում (վերացում) չեն համարվում պարտքը պահանջելու՝ օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի լրանալը, պարտատիրոջ կողմից պարտքը պահանջելու համար չձեռնարկված գործողությունները, մասնավորապես, դատարան չդիմելը, ծանուցագրեր չուղարկելը և պարտքի գանձման ուղղությամբ այլ գործողություններ չիրականացնելը:

16. Միևնույն ֆիզիկական անձի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում մարվող (մասնակի մարվող) դեբիտորական պարտքի մասին տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է համարվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական պարտքը:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան