Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1297
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.09.22/69(1249) Հոդ.871
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.09.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
13.09.2016
Дата вступления в силу
13.09.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 սեպտեմբերի 2016 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀՈՐԻԶՈՆ-2020. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (2014-2020)» ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 28.07.2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր /2014-2020/» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու համար, որի նպատակն է նպաստել Եվրոպական հետազոտությունների տարածքի հասանելիությանը և նորարարական Միության ձևավորմանը:

Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 7 հոդվածից, ինչպես նաև Համաձայնագրին կից երեք հավելվածներից՝ Հավելված I. «Ծրագրին Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցության կարգը և պայմանները», Հավելված II. «Ծրագրում (2016-2020) Հայաստանի ֆինանսական ներդրումները կարգավորող կանոններ» և Հավելված III. «Ծրագրին Հայաստանյան մասնակիցների ֆինանսական վերահսկողությունը»:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 մասնակցել Ծրագրով նախատեսված գործունեությանը՝ Համաձայնագրով սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան,

 Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար կատարել ֆինանսական ներդրում Եվրոպական միության ընդհանուր բյուջե,

 գործադրել բոլոր ջանքերը Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակից գիտական աշխատողների ազատ տեղաշարժը և կեցությունը դյուրացնելու, ինչպես նաև նշված գործունեության համար նախատեսված ապրանքների և ծառայությունների միջսահմանային տեղաշարժը հեշտացնելու համար,

 ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գնված կամ ՀՀ ներմուծված ապրանքները և ծառայությունները, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են Համաձայնագրի շրջանակներում գործունեության առնչությամբ կնքված դրամաշնորհի համաձայնագրերի համաձայն, ազատվեն մաքսային տուրքերից, ներմուծման տուրքերից և այլ հարկային վճարներից,

 Համաձայնագրին համապատասխան կատարել ՀՀ ներդրումը, իսկ ներդրման վճարման ցանկացած ուշացման պարագայում վճարել չվճարված գումարի նկատմամբ տույժերը,

 երաշխավորել, որ աուդիտ կատարելու նպատակով Հանձնաժողովի գործակալները, Աուդիտորների եվրոպական դատարանը և Հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձինք հասանելիություն կունենան տեղանքին, աշխատանքներին և փաստաթղթերին (և՛ էլեկտրոնային, և՛ թղթային տարբերակով), ինչպես նաև պահանջվող ողջ տեղեկատվությանը` պայմանով, որ հասանելիության այս իրավունքը կամրագրվի ՀՀ մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում,

 երաշխավորել, որ Համաձայնագրի պատշաճ իրականացման համար ՀՀ իրավասու մարմինները պարբերաբար փոխանակեն տեղեկատվություն, եթե դա չի արգելվում ՀՀ կանոններով և կանոնակարգերով,

 ապահովել, որպեսզի ՀՀ կառավարության կողմից նշանակված մարմինը Հանձնաժողովի կողմից անձանց համար դրամական պարտավորություններ սահմանող որոշումների հարկադիր կատարման նպատակով Հանձնաժողովի անունից դիմի հայկական դատական ատյան, ինչպես նաև դրա մասին տեղեկացնի Հանձնաժողովին:

 

3. Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


13 սեպտեմբերի 2016 թ.
ՍԴՈ-1297