ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-9-Ո-9
2016 թ.
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԱՍՏՂԻԿ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արդարադատության խորհուրդը
հետեվյալ կազմով`
նախագահությամբ` | Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ | Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի, |
Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի, | |
Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, | |
Մ. Հարթենյանի, Գ. Ղազինյանի, | |
Ս. Չիչոյանի, Ե. Սողոմոնյանի, | |
Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ | Կ. Հակոբյանի, Ա. Խառատյանի, Լ. Գրիգորյանի |
ՀՀ արդարադատության նախարար | Ա. Հովհաննիսյանի |
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Մկրտչյանի |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ |
Մ. Մինասյանի |
քարտուղարությամբ` | Շ. Վարդանյանի |
2016 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Հակոբյանին, Ա. Խառատյանին և Լ. Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի 12.03.2016թ. թիվ 87-Ա հրամանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Հակոբյանի, Ա. Խառատյանի և Լ. Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Քնարիկ Թահմազյանի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«1. Գործի փաստական հանգամանքները.
1.1 Թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով վեճի առարկա է ք. Երևան, Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը (այսուհետ` Բնակարան), որը գույքի սեփականատեր Ավետիս Բարզանքյանը, 1975թ. նոյեմբերի 15-ի կտակի համաձայն, հավասար բաժիններով կտակել է Սիրանուշ Պարզանքյանին և Կարեն Թահմազյանին:
1.2 2002թ. դեկտեմբերի 10-ին Բնակարանի նկատմամբ գրանցվել է Կարեն Թահմազյանի սեփականության իրավունքը, և տրվել է թիվ 465832 սեփականության իրավունքի վկայականը:
1.3 Կարեն Թահմազյանը 2006թ. հոկտեմբերի 6-ին եղբորը` սույն գործով պատասխանող Դավիթ Թահմազյանին, տվել է Բնակարանը ցանկացած պայմաններով վաճառելու նպատակով լիազորագիր, որի հիման վրա 2009թ. հունիսի 23-ին կնքված և նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրի համաձայն` Դավիթ Թահմազյանը Բնակարանը վաճառել է իր կնոջ հորը` սույն գործով հայցվոր Ռաֆայել Ալիխանյանին (Դավիթ Թահմազյանի և Սուսաննա Ալիխանյանի ամուսնությունը գրանցվել է 2001թ. մայիսի 14-ին):
1.4 Ամուսիններ Ռաֆայել Ալիխանյանը և Լաուրա Սահրադյանը 2010թ. հուլիսի 14-ին կնքված և նոտարի կողմից վավերացված նվիրատվության պայմանագրով Բնակարանը նվիրել են իրենց դստեր` Սուսաննա Ալիխանյանի ամուսնուն` սույն գործով պատասխանող Դավիթ Թահմազյանին (պայմանագրով փոխանցվող սեփականության իրավունքը 2010թ. հուլիսի 16-ին ստացել է պետական գրանցում):
1.5 Դավիթ Թահմազյանը 2012թ. փետրվարի 8-ին կնքված և նոտարի կողմից վավերացված նվիրատվության պայմանագրով Բնակարանը նվիրել է իր մորը` Քնարիկ Թահմազյանին (պայմանագրով փոխանցվող սեփականության իրավունքը 2012թ. փետրվարի 15-ին ստացել է պետական գրանցում):
1.6 Ամուսիններ Լաուրա Սահրադյանը և Ռաֆայել Ալիխանյանը 2012թ. ապրիլի 13-ին հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Դավիթ և Քնարիկ Թահմազյանների, երրորդ անձ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի: Վերջիններս հայցադիմումով հայտնել են, որ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Բնակարանը նվեր ստանալուց հետո իրենց դստեր ամուսին Դավիթ Թահմազյանը բազմիցս ոտնձգություններ է թույլ տվել իրենց դստեր առողջության և կյանքի դեմ` գործադրելով բարոյական և ֆիզիկական բռնություն: Փորձել է խեղդամահ անել վերջինիս:
Ելնելով վերը նշված հանգամանքից և որպես հայցի իրավական հիմնավորում վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` հայցվորները խնդրել են`
ա) անվավեր ճանաչել Ռաֆայել Ալիխանյանի և Դավիթ Թահմազյանի միջև 2010թ. հուլիսի 14-ին կնքված Բնակարանի նվիրատվության պայմանագիրը (այսուհետ` 1-ին նվիրատվության պայմանագիր),
բ) որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Դավիթ Թահմազյանի և Քնարիկ Թահմազյանի միջև 2012թ. փետրվարի 8-ին կնքված Բնակարանի նվիրատվության պայմանագիրը (այսուհետ` 2-րդ նվիրատվության պայմանագիր):
1.7 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Ներսիսյան) 2013թ. մայիսի 2-ի վճռով հայցը մերժել է:
1.8 Վերը նշված վճռի դեմ հայցվորների կողմից 2013թ. հունիսի 1-ին բերվել է վերաքննիչ բողոք:
1.9 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան և Ա. Խառատյան) 2013թ. օգոստոսի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի` վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եկել է այն եզրահանգման, որ. «(…) վճիռն ընդհանրապես պատճառաբանված չէ, իսկ հայցը մերժման ենթակա լինելու մասին Դատարանի հետևությունը բխում է սոսկ Դատարանի արձանագրած և որևէ կերպ չհիմնավորված այն դատողությունից, թե «հայցվորի կողմից մատնանշված հիմքերը, ըստ որի` նվիրատվության պայմանագրերը պետք է ճանաչվեն անվավեր, քրեական օրենքով արգելված արարքներ են, և տվյալ դեպքում կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածի հիմքերը»: Տվյալ դեպքում Դատարանն անտեսել է այն իրողությունը, որ նվիրատվության վերացման վերաբերյալ նշված նորմի հիմքում ընկած է նվիրառուի ակնհայտ երախտամոռությունը, և որ օրենքը նվիրատվության վերացման համար նվիրառուի նախնական դատապարտում չի պահանջում: Վերը շարադրվածն ակնհայտ է դարձնում Դատարանի կողմից ՀՀ քաղ. դատ. օր.-ի 51-րդ և 53-րդ հոդվածները խախտված լինելու մասին բողոք բերած անձանց փաստարկների հիմնավորվածությունը (…)»:
1.10 Վերը նշված որոշման դեմ պատասխանողների կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2013թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ վերադարձվել է:
1.11 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա. Մելքումյան, այսուհետ` Դատարան) 2014թ. հոկտեմբերի 10-ի վճռով հայցը դարձյալ մերժել է:
1.12 Վերը նշված վճռի դեմ հայցվորների կողմից 2014թ. նոյեմբերի 5-ին բերվել է վերաքննիչ բողոք:
1.13 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` դատավորներ Կ. Հակոբյան, Ա. Խառատյան, Լ. Գրիգորյան (այսուհետ` Վերաքննիչ դատարան կամ Դատավորներ), 2015թ. մայիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Վերաքննիչ դատարանը որոշել է վճիռը բեկանել և փոփոխել. «Հայցը բավարարել` վերացնել Ռաֆայել Ալիխանյանի և Դավիթ Թահմազյանի միջև 14.07.2010 թվականին կնքված Երևան Ա. Տիգրանյան փող. թիվ 20 շենքի 17 բնակարանի նվիրատվության պայմանագիրը: Որպես հետևանք` անվավեր ճանաչել Դավիթ Թահմազյանի և Քնարիկ Թահմազյանի միջև 08.02.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Քնարիկ Թահմազյանի անվամբ 15.02.2012 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը»:
Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ. «Նվիրատվությունը քաղաքացիաիրավական հարաբերությունից բխող, ծնունդ առնող գործարք է, որը և միմիայն ընթանում, կարգավորվում, զարգանում և ավարտվում է նույն ոլորտը կարգավորող իրավական նորմերի միջոցով: Հետևաբար նվիրատվությունը` որպես քաղաքացիաիրավական հարաբերության ծնունդ, վերացվում է դարձյալ քաղաքացիաիրավական ոլորտի իրավական նորմի միջոցով, որը սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին կետն է: Նվիրատվության վերացման որպես իրավական հիմք օրենսդիրը չի նախատեսում դատավճռի կամ քրեական գործով որոշման պարտադիր առկայությունը, քանզի որպես հիմք ուղղակի նշում է. «...եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ...»: Օրենսդիրը կատեգորիկ չի նշում իրավական հիմքի ապահովում դատավճռի կամ որոշման առկայությամբ, հակառակ դեպքում օրենսդիրն ուղղակի պարտավոր էր նշել նվիրատվության վերացում քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով դատավճիռ կամ որոշում կայացնելու պարագայում: Հետևաբար պետք է ասել, որ սույն քաղաքացիական գործի շրջանակում Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը»:
Միաժամանակ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասը` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(...) հիմնավոր է նաև հայցվորների պահանջը` 08.02.2012 թվականին Դավիթ Թահմազյանի և մոր Քնարիկ Թահմազյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին»:
1.14 Վերը նշված որոշման դեմ պատասխանողների կողմից բերվել է վճռաբեկ բողոք:
1.15 ՀՀ վճռաբեկ դատարանը 2015թ. հուլիսի 8-ի որոշմամբ մերժել է Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
1.16 Պատասխանող Դավիթ Թահմազյանի կողմից Սուսաննա Ալիխանյանի կյանքի դեմ ոտնձգության կատարման վերաբերյալ գործում առկա և Վերաքննիչ դատարանի 2015թ. մայիսի 19-ի որոշման 3-րդ կետում (վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը) նշված ապացույցներն են.
1.16.1 ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Մ. Ղազարյանի կողմից 2012թ. հունվարի 9-ին կազմված Սուսաննա Ալիխանյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունը:
1.16.2 Վկա Լիանա Խաչատրյանի` Դատարանում տված ցուցմունքը և գրավոր հայտարարությունը:
1.16.3 Ալինա Խոսրովյանի գրավոր հայտարարությունը:
1.16.4 Վկա Քրիստինե Կոստանյանի` Դատարանում տված ցուցմունքը և գրավոր հայտարարությունը:
1.16.5 Վկա Արտաշես Սահրադյանի` Դատարանում տված ցուցմունքը և գրավոր հայտարարությունը:
1.16.6 Վկա Սուսաննա Ալիխանյանի` Դատարանում տված ցուցմունքը և գրավոր հայտարարությունը:
2. Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը.
2.1 Վերաքննիչ դատարանը, կյանքի դեմ ուղղված հանցագործություն կատարելու փաստը հաստատելով օրենքով չթույլատրված ապացույցների օգտագործմամբ, խախտել է որոշումը կայացնելու պահի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի արդյունքում սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Սույն քաղաքացիական գործով հայցվորները, պահանջելով անվավեր ճանաչել 1-ին նվիրատվության պայմանագիրը, իրենց պահանջի իրավական հիմքում դրել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասը (նվիրատվությունը վերացնելը), իսկ որպես հայցի փաստական հիմք նշել են այն հանգամանքը, որ նվիրառու Դավիթ Թահմազյանը ոտնձգություն է կատարել նվիրատու Ռաֆայել Ալիխանյանի դստեր` Սուսաննա Ալիխանյանի կյանքի դեմ և փորձել է խեղդամահ անել նրան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
Ø Այս նորմից հետևում է, որ նվիրատվությունը կարող է վերացվել, եթե`Ø նվիրառուն ոտնձգություն է կատարել նվիրատուի կյանքի դեմ,
Ø նվիրառուն ոտնձգություն է կատարել նվիրատուի ընտանիքի անդամներից որևէ մեկի կյանքի դեմ,
Ø նվիրառուն ոտնձգություն է կատարել նվիրատուի մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ
Ø նվիրառուն նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածք:
Այսպիսով, սույն գործի շրջանակներում նվիրատու Ռաֆայել Ալիխանյանի կողմից նվիրատվության վերացման իրավունքի իրացման համար պարտադիր պայման է նվիրառու Դավիթ Թահմազյանի կողմից նրա դստեր (մերձավոր ազգականի) կյանքի դեմ ոտնձգություն կատարելու փաստի առկայությունը:
Նշվածի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ դատարանը հանգել է եզրակացության, որի համաձայն` «Նվիրատվությունը քաղաքացիաիրավական հարաբերությունից բխող, ծնունդ առնող գործարք է, որը և միմիայն ընթանում, կարգավորվում, զարգանում և ավարտվում է նույն ոլորտը կարգավորող իրավական նորմերի միջոցով: Հետևաբար նվիրատվությունը` որպես քաղաքացիաիրավական հարաբերություն, վերացվում է դարձյալ քաղաքացիաիրավական ոլորտի իրավական նորմի միջոցով, որը սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին կետն է:
Նվիրատվության վերացման որպես իրավական հիմք օրենսդիրը չի նախատեսում դատավճռի կամ քրեական գործով որոշման պարտադիր առկայությունը, քանզի որպես հիմք ուղղակի նշում է. «...եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ...»: Օրենսդիրը կատեգորիկ չի նշում իրավական հիմքի ապահովում դատավճռի կամ որոշման առկայությամբ, հակառակ դեպքում օրենսդիրն ուղղակի պարտավոր էր նշել նվիրատվության վերացում քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով դատավճիռ կամ որոշում կայացնելու պարագայում»:
Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ մեկնաբանությունն ուղղակիորեն հակասում է իրավունքի համակարգային բնույթին և, ըստ էության, քաղաքացիական իրավունքը դիտարկում է իրավունքի այլ ճյուղերից վերացարկված և կտրված, որպիսի պարագայում բացառում է քաղաքացիական օրենսգրքում կիրառված այս կամ այն հասկացությունը և երևույթը բացահայտելու նպատակով իրավունքի այլ ճյուղերը կանոնակարգող օրենսդրության կիրառման հնարավորությունը, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը դրա վերաբերյալ «կատեգորիկ նշում» չի նախատեսում: Վերոգրյալը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.
ա) «կյանքի դեմ ոտնձգություն» արտահայտությունը որևէ կերպ բացահայտված չէ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում և չի կարող համարվել զուտ քաղաքացիաիրավական հասկացություն կամ երևույթ, հետևաբար մեկնաբանել այն միայն քաղաքացիական օրենսդրության նորմերի օգնությամբ ուղղակի հնարավոր չէ: Նման պարագայում ստացվում է, որ եթե «կյանքի դեմ ոտնձգություն» արտահայտության փոխարեն քաղաքացիական օրենսգրքում նշված լինեին «սպանություն» կամ «սպանության փորձ» բառերը, դատարանը միևնույն է պետք է նշեր, որ քանի որ օրենսդիրը կատեգորիկ չի նշում իրավական հիմքի ապահովում դատավճռի կամ որոշման առկայությամբ, հետևաբար նվիրատվության վերացումը` որպես զուտ քաղաքացիաիրավական ինստիտուտ, չպետք է պայմանավորված լինի անձի կողմից սպանության կամ սպանության փորձ կատարելը հիմնավորող օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչն ուղղակիորեն հանգեցնում է դատարանի կողմից իր լիազորությունների վերազանցման և քաղաքացիական գործով կայացված վճռով հանցագործության կատարման մեջ անձի մեղքը հաստատելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ դեպքեր` «կատեգորիկ չնշելով իրավական հիմքը», երբ այս կամ այն հասկացությունը պետք է բացահայտվի` հիմք ընդունելով իրավունքի այլ ճյուղերում առկա իրավակարգավորումները: Օրինակ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1060-րդ հոդվածը սահմանում է, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չեն գերազանցվել դրա սահմանները: Միևնույն ժամանակ նույն օրենսգիրքը չի սահմանում անհրաժեշտ պաշտպանության հասկացությունը, որպիսի պարագայում դրա բովանդակությունը բացահայտվում է ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի կիրառմամբ: Կամ օրինակ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, և խախտումը կապված է սույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով` այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս: Կարո՞ղ է արդյոք դատարանը միայն քաղաքացիական օրենսդրության նորմերի կիրառմամբ բացահայտել և գնահատել «կոռուպցիոն գործողություն» արտահայտությունը, կարծում ենք` ոչ:
բ) Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի բացահայտել «ոտնձգություն» բառը, ավելին` «ոտնձգություն կյանքի դեմ» արտահայտությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Մասնավորապես, ըստ արդի հայերենի բացատրական բառարանի` «ոտնձգություն» բառը նշանակում է որևէ բանի տիրանալու` մեկին տիրապետելու` մեկի կամ մի բանի վնասելու` որևէ բան յուրացնելու` մեկին կամ մի բան ոտնահարելու փորձ1:
Նշված բացատրությունից հետևում է, որ նշված հասկացության մեջ կարևորվում է 2 հանգամանք` այն ունի վնաս պատճառելու նպատակաուղղվածություն և գնահատվում է որպես փորձ, հետևաբար կյանքի դեմ ոտնձգությունը նշանակում է այլ անձի կյանքը վնասելու փորձ, որը այլ կերպ, քան անձին կյանքից զրկելու փորձ որակել, հնարավոր չէ:
Այսպես` որոշման կայացման պահի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի և դոկտոր Ա. Վաղարշյանի խմբագրությամբ հրատարակված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» վերտառությամբ գրքում, ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունների համաձայն, այս հոդվածի հիմնական նպատակը նույնպես յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքի պաշտպանության երաշխավորումն է և, համապատասխանաբար, մարդուն կյանքից զրկելու բացառումը2:
Այս և մի շարք այլ տեղերում տրված մեկնաբանությունից հստակ հետևում է, որ կյանքի իրավունքի հնարավոր խախտումը, որի կանխումը պետության հիմնական գործառույթներից է, անձին կյանքից զրկելն է:
Ինչպես ՀՀ Սահմանադրության նշված հոդվածի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հարաբերությունները կարգավորող նորմերից հետևում է, որ կյանքին վնաս պատճառելը կարող է դրսևորվել միայն մեկ ձևով` անձին կյանքից զրկելով, ցանկացած այլ դեպքում վնասը ուղղված կլինի ոչ թե կյանքին, այլ առողջությանը, որին պատճառված վնասի հատուցումը հստակ տարանջատված է կյանքին վնաս պատճառելու ինստիտուտից: Ընդ որում, ուշադրության է արժանի այն փաստը, որ կյանքին վնաս պատճառելու դեպքում խոսքը գնում է անձի մահվան մասին, և վնասի հատուցման իրավունք են ձեռք բերում այն անձինք, ովքեր, ի դեմս մահացողի, կորցրել են իրենց կերակրողին:
գ) Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել նաև համակարգային վերլուծություն հենց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համադրությամբ, որպիսի պարագայում ակնհայտ է, որ`
- օրենսդիրն արարքները սահմանելիս նախատեսել է դրանց ծանրությունը, այսինքն` կյանքի դեմ ոտնձգությունից դեպի առողջությանը վնաս պատճառելը` մարմնական վնասի տեսքով: Ընդ որում, կարծում ենք, որ կյանքի` որպես արժեքի կարևորությունն է հիմք հանդիսացել նվիրատվությունը վերացնելու համար ոչ միայն նվիրատուի, այլև նրա ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների կյանքի դեմ ոտնձգություն կատարելու հանգամանքը սահմանելը.
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասում խոսվում է կյանքի դեմ ոտնձգության մասին, որը, ինչպես արդեն նշվեց, կյանքից զրկելու փորձ է, իսկ 2-րդ մասը` որպես տրամաբանական հաջորդականություն, կարգավորում է այն դեպքերը, երբ նվիրառուն արդեն իսկ կյանքից զրկել է նվիրատուին` նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունքը վերապահելով վերջինիս ժառանգներին:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:
Նույն օրենսգրքի 16-րդ գլխում թվարկված են կյանքի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք են սպանությունը (հոդված 104), հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը (հոդված 105), մոր կողմից նորածին երեխայի սպանությունը (հոդված 106), հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը (հոդված 107), անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը (հոդված 108), անզգուշությամբ մահ պատճառելը (հոդված 109), ինքնասպանության հասցնելը (հոդված 110), ինքնասպանության հակելը (հոդված 111):
Սպանության հասկացությունը սահմանված է նույն գլխում ներառված 104-րդ հոդվածի 1-ին մասում: Դրա համաձայն` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:
Նույն օրենսգրքի 34-րդ հոդվածը սահմանում է, որ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Քանի որ սպանության դեպքում տուժողին կյանքից զրկելը սպանության հանցակազմի հատկանիշ է, հետևաբար տուժողի մահը վրա հասնելը պարտադիր է արարքը որպես ավարտված սպանություն որակելու համար, հակառակ դեպքում արարքը պետք է որակվի որպես սպանության փորձ:
Նշենք նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար` հղում կատարելով նույն օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին:
Վերոշարադրյալը հիմք ընդունելով` կարող ենք արձանագրել, որ նվիրատվության վերացման հիմքում դրված հակաիրավական արարքը` կյանքի դեմ ոտնձգությունը, որն է կյանքից զրկելու փորձը, քրեական օրենքով որակավորվում է որպես կյանքի դեմ ուղղված հանցագործություն:
Ակնհայտ է, որ կյանքի դեմ ուղղված ոտնձգության կատարման փաստը կարող է հաստատվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ուստի նշված փաստի հաստատումը քաղաքացիական գործով կայացված վճռով ուղղակիորեն խախտում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Վերոգրյալը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.
Որոշման կայացման պահի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը, ամրագրելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, սահմանում է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վերը նշված նորմերից հետևում է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքի ուժով անձի մեղքը հանցագործություն կատարելու մեջ կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռով և այլ ապացույցների կիրառումը բացառվում է:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ/0111/02/13 քաղաքացիական գործով 2014թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ մեկնաբանել է հետևյալ կերպ.
« - Գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է կամ
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (...)»:
Քանի որ կյանքի դեմ ոտնձգությունը քրեորեն պատժելի արարք է` հանցագործություն, ուստի միակ ապացույցը, որով կարող էր հաստատվել Դավիթ Թահմազյանի կողմից Սուսաննա Ալիխանյանի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու (խեղդամահ անել փորձելու) փաստի առկայությունը, այդ մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է: Այս ապացույցը սույն քաղաքացիական գործով բացակայում է:
Չնայած վերոգրյալի` Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ սահմանել է, որ վերը նշված փաստը քաղաքացիական գործի շրջանակում կարող է հաստատվել նաև առանց դատավճռի առկայության: Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցները, մասնավորապես` ա) ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Մ. Ղազարյանի կողմից 2012թ. հունվարի 9-ին կազմված Ս. Ալիխանյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունը, բ) Ս. Ալիխանյանի, Լ. Խաչատրյանի, Ք. Կոստանյանի, Ա. Խոսրովյանի և Ա. Սահրադյանի գրավոր հայտարարությունները, գ) գործի քննության շրջանակներում վկաներ` Ք. Կոստանյանի, Ս. Ալիխանյանի, Ա. Սահրադյանի և Լ. Խաչատրյանի կողմից տրված ցուցմունքները, ինչպես նաև հայցվորների պնդումները գնահատելով վերաբերելի և թույլատրելի, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Դավիթ Թահմազյանը ոտնձգել է Սուսաննա Ալիխանյանի կյանքի դեմ և փորձել է խեղդամահ անել նրան: Արդյունքում, իր կողմից հաստատված այս փաստի հիմքով Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և վերացրել է 1-ին նվիրատվության պայմանագիրը:
Այս կապակցությամբ Դատավորների կողմից 24.03.2016թ-ին ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված բացատրությամբ (այսուհետ` Բացատրություն), ինչպես և սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ կրկին փորձ է արվել հիմնավորելու, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածում ամրագրված «կյանքի դեմ ոտնձգություն» եզրույթն անհրաժեշտ է բացահայտել քաղաքացիաիրավական բովանդակության տրամաբանությամբ, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի սկզբունքների լույսի ներքո, որի արդյունքում Դատավորները եզրակացրել են, որ օրենսդիրը ոտնձգության` որպես արարքի քաղաքացիաիրավական հետևանքն ուղղակիորեն չի կապել դրա քրեաիրավական գնահատականի հետ:
Արդյունքում Դատավորները, կյանքի դեմ ոտնձգության և ակնհայտ «երախտամոռ» լինելու փաստերը նույնականացնելով, միաժամանակ նշելով, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունն անհերքելի հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի կիրառման համար, այնուամենայնիվ, գտել են, որ դրա բացակայությունը չի բացառում կյանքի դեմ ոտնձգությունը դատարանի կողմից հաստատելու հնարավորությունը, որն էլ տվյալ դեպքում կատարվել է:
Հատկանշական է, որ որպես դիրքորոշման հիմնավորում` Բացատրությամբ զերծ մնալով «կյանքի դեմ ոտնձգություն» եզրույթը որևէ կերպ մեկնաբանելուց` ամբողջությամբ շեշտադրումը կատարվել է միայն «ոտնձգություն» եզրույթը մեկնաբանելու վրա` հիմք ընդունելով մարդու արժանապատվության դեմ ոտնձգությունների վերաբերյալ մեկնաբանությունները:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ մարդու արժանապատվության ոտնահարումը կարող է առկա լինել մարդու գրեթե բոլոր սահմանադրական իրավունքների խախտման դեպքերում, գտնում ենք, որ ներկայացված մեկնաբանությունները տվյալ դեպքում դուրս են քննարկման առարկայի շրջանակից:
Հարկ է նշել, որ եզրակացությամբ երբևէ չի հերքվել այն փաստը, որ ոտնձգություն կարող է կատարվել տարբեր արժեքների դեմ, ներառյալ` անձի պատվի և արժանապատվության, իսկ «ոտնձգություն» եզրույթը կյանքի դեմ ուղղված չլինելու պարագայում չի կարող սույն գործով քննարկման առարկա հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից:
Այնուամենայնիվ, սույն գործով անհերքելի փաստն այն է, որ քննարկվող իրավական հետևանքին` նվիրատվության վերացմանը, հանգեցնում է ոչ թե ցանկացած, այլ կոնկրետ կյանքի դեմ ուղղված ոտնձգությունը, որպիսի փաստը կարող է հաստատվել միայն դատավճռով:
Ի տարբերություն Բացատրությամբ ներկայացված դիրքորոշմանը (որի շրջանակներում շեշտադրումը կատարվում է «ոտնձգություն» եզրույթի վրա)` Վերաքննիչ դատարանը 19.05.2015թ-ին կայացված որոշմամբ հաստատված է համարել խեղդամահ անելու միջոցով հենց նվիրատուի կյանքի դեմ ոտնձգության առկայությունը` նշված եզրույթը ուղղակի կամ այլ եղանակով ընդգծելով:
Գտնում ենք նաև, որ Բացատրությամբ` կյանքի դեմ ոտնձգության առկայությունը ակնհայտ «երախտամոռ» («անշնորհակալ» կամ «ապերախտ») լինելու փաստով հաստատելը և Դատավորների կողմից որպես նվիրատվության վերացման հիմք ներկայացնելը որևէ կերպ չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից, քանի որ`
1) «երախտամոռ», «անշնորհակալ» կամ «ապերախտ» եզրույթներն օրենսդրորեն ամրագրված չեն վիճելի իրավահարաբերության կարգավորման շրջանակներում.
2) նշված եզրույթները գնահատման տեսանկյունից ունեն սուբյեկտիվ մոտեցման չափազանց լայն հնարավորություն, և որպես այդպիսին կարող է գնահատվել ցանկացած վարքագծի դրսևորում, ներառյալ` անձին զրպարտելը, վիրավորելը, ծաղրի ենթարկելը և այլն:
Ընդ որում, Դատավորների կողմից որևէ կերպ չի մեկնաբանվել, թե ինչպես այլ կերպ կարելի է ոտնձգել անձի կյանքի դեմ, եթե ոչ կյանքից զրկելու կամ դրա փորձի միջոցով:
Առանձին ուշադրության է արժանի նաև Բացատրությամբ ներկայացված այն դիրքորոշումը, որ «օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը անհերքելի հիմք կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար (…)»:
Վերոգրյալից ելնելով` հիմնավորվում է, որ Վերաքննիչ դատարանը, ապացույցների թույլատրելիության կանոնի խախտմամբ` օրենքով նախատեսված միակ թույլատրելի ապացույցի բացակայությամբ և օրենքով չթույլատրված ապացուցման միջոցների կիրառմամբ հաստատված համարելով կյանքի դեմ ոտնձգություն կատարելու փաստը և այս հիմքով վերացնելով նվիրատվությունը, խախտել է որոշման կայացման պահի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի հետևանքով սխալ է կիրառել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
2.2 Վերաքննիչ դատարանը, որպես նվիրատվության վերացման հետևանք անվավեր ճանաչելով մեկ այլ նվիրատվության պայմանագիր, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
Սույն գործով հայցվորները պահանջել են, որպես 1-ին նվիրատվության պայմանագրի անվավերության իրավական հետևանք, անվավեր ճանաչել նաև 2-րդ նվիրատվության պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանը, 2015թ. մայիսի 19-ի որոշմամբ բեկանելով, փոփոխելով վճիռը և բավարարելով հայցը, որպես 1-ին նվիրատվության պայմանագրի վերացման հետևանք` անվավեր է ճանաչել նաև 2-րդ նվիրատվության պայմանագիրը` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է նվիրատվության վերացման հետևանքները: Դրա համաձայն` նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրատուի նվիրած գույքը, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ նվիրատվության վերացման միակ հետևանք է հանդիսանում նվերի առարկա հանդիսացող գույքը վերադարձնելու պարտականության ծագումը նվիրառուի մոտ, որին համապատասխան նվիրատուն ձեռք է բերում այդ գույքը նվիրառուից պահանջելու իրավունք:
Նշվածից բացի, որևէ այլ հետևանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասը չի նախատեսում:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանի կողմից կատարվել է նվիրատվության վերացման և գործարքի անվավերության ինստիտուտների նույնացում, որոնցից յուրաքանչյուրն ինքնուրույն գործընթաց է` իրեն բնորոշ իրավական հետևանքներով: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գործարքի անվավերությանը նվիրված 18-րդ գլխի 2-րդ պարագրաֆում ամրագրված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործարքն անվավեր է ճանաչվում, եթե չի բավարարում գործարքի սուբյեկտներին, գործարքի բովանդակությանը, սուբյեկտների կամքին և կամաարտահայտությանը, գործարքի ձևին օրենքով ներկայացվող պայմաններին:
Մինչդեռ քննարկվող գործի շրջանակներում գործարքի վավերության պայմաններից որևէ մեկի վիճարկում տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ կնքված և արդեն իսկ կատարված գործարքը լիովին համապատասխանում է օրենքի պահանջներին:
Ինչ վերաբերում է նվիրատվության վերացմանը, ապա նվիրատուի և դատարանի համար նվիրատվության վերացման հնարավորությունը ծագում է միայն նվիրատվությունն իրականացնելուց (նվիրատվության պայմանագրի կատարումից) հետո` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները վրա հասնելու ուժով:
Վերոգրյալի ամփոփման արդյունքում հիմնավորվում է, որ 2-րդ նվիրատվության պայմանագիրն անվավեր չէր կարող ճանաչվել, քանի որ անվավեր ճանաչելու որևէ հիմք առկա չի եղել, հատկապես այն դեպքում, երբ սույն գործով անվավեր չի ճանաչվել նաև 1-ին նվիրատվության պայմանագիրը:
Այս կապակցությամբ Բացատրությամբ Դատավորները նշել են, որ նվիրատվության հասկացությունը նույնացվում է նվիրատվության պայմանագրի հետ, ինչպես նաև նվիրատվությունը անհատույց գործարք է, հետևաբար այն վերացնելու դեպքում գործում է գործարքների անվավերության հետևանքների կիրառման ռեժիմը` բնութագրելով նշված գործընթացը որպես օրենսդրական բացի լրացում:
Նշված դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է նվիրատվության պայմանագրի և ընդհանրապես քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսդրության իրավակարգավորումներին հետևյալ հիմնավորմամբ`
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 436-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ պայմանագիրն իրավաբանական փաստ է, որը գործողության մեջ լինելու պարագայում առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները: Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչև դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը:
Նշված իրավանորմերի և նվիրատվության պայմանագիրը կանոնակարգող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից հետևում է, որ ելնելով դրա անհատույց բնույթից` նվիրատվության կատարումը, այսինքն` գույքը սեփականության իրավունքով նվիրառուին փոխանցելն արդեն իսկ դիտվում է որպես նվիրատվության պայմանագրից բխող պարտավորության կատարում, որի արդյունքում նվիրատվության պայմանագիրը դադարում է:
Վերոգրյալից հետևում է, որ «նվիրատվության պայմանագիր» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածով սահմանված «նվիրատվություն» հասկացությունները չեն համընկնում, քանի որ «պայմանագիրը վերացնել» հասկացություն և գործընթաց գոյություն չունի, իսկ դադարեցման տեսանկյունից չի կարող դադարեցվել արդեն իսկ դադարած նվիրատվության պայմանագիրը:
2) Նվիրատվության վերացումը որպես նվիրատվության պայմանագրի անվավեր ճանաչում գնահատելն առավել քան անհիմն է, որին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ եզրակացությամբ մանրամասն ներկայացվել է անվավերության վերաբերյալ դիրքորոշումը: Ընդամենը անհրաժեշտ է ևս մեկ անգամ ընդգծել, որ օրենքի պահանջների և գործարքների վավերության բոլոր պայմանների պահպանմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչվել չի կարող:
3) Չնայած այն հանգամանքին, որ նվիրատվության վերացումը որպես նվիրատվության պայմանագրի անվավերություն գնահատելը բացառելու դեպքում արդեն իսկ չի կարող կիրառվել անվավերության հետևանք, այնուամենայնիվ, նշված մեկնաբանությունը բացառվում է նաև հետևյալ իրավակարգավորումներով`
3.1) Բացատրության տարբեր հատվածներում նշվել է, որ նվիրատվության վերացումը նվիրառուի սեփականության իրավունքի հարկադիր դադարեցումն է, այսինքն` արդեն իսկ ներկայացվում է այն հատուկ իրավական հետևանքը, որը բնորոշ է նվիրատվության վերացման ինստիտուտին, և որի միջոցով հնարավոր է դառնում պարտավորեցնել նվիրառուին նվիրատվության առարկա գույքը վերադարձնել նվիրատուին, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին: Այսինքն` որևէ օրենսդրական բացի մասին խոսք լինել չի կարող:
3.2) Հարկ է անդրադառնալ նաև նվիրատվության վերացման պահին գույքը բնեղենով պահպանված լինելու պահանջին, քանի որ նվիրատվության վերացման պահին գույքի նկատմամբ նվիրառուի սեփականության իրավունքը բացակայելու դեպքում (ներառյալ դրա օտարված լինելու դեպքում) ուղղակիորեն վերանում է նաև նշված պահանջի քննության հնարավորությունը, քանի որ հնարավոր չէ սեփականության իրավունքը դադարեցնելու միջոցով նվիրառուին պարտավորեցնել վերադարձնել նվիրատվության առարկա գույքը, եթե նվիրառուի մոտ առկա չեն թե՛ նվիրատվության առարկա գույքը, թե՛ դրա նկատմամբ սեփականության իրավունքը:
Նշված հանգամանքը բխում է նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից, որի համաձայն` սեփականության իրավունքի գործող պետական գրանցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է չեղարկվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ: Հետևաբար նվիրատվությունը վերացնելու մասին դատարանի վճիռը բավարար է սեփականության իրավունքի գրանցումը չեղարկելու համար, եթե նվիրառուն ունի սեփականության իրավունքի գործող պետական գրանցում:
Ընդ որում, նշված դիրքորոշումն էական է դառնում այն առումով, որ նվիրառուի կողմից սեփականության իրավունքի իրականացումն օրենքով որևէ կերպ սահմանափակված չէ, և վերջինիս կողմից դրա օտարման արդյունքում չպետք է կասկածի տակ դրվի այլ անձի կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման իրավաչափությունը, հակառակ պարագայում կխարխլվեն քաղաքացիական շրջանառությունում սեփականության իրավունքի իրականացման սկզբունքները:
Չպետք է անտեսվի նաև այն հանգամանքը, որ նվիրատվության վերացման հարաբերությունն ունի կոնկրետ սուբյեկտային կազմ, որից դուրս այն իրացվել չի կարող, այսինքն` գույքի վերադարձման պահանջը կարող է ներկայացվել միայն նվիրառուին, որն էլ իր հերթին հնարավոր է, եթե վերջինս շարունակում է հանդես գալ որպես նվեր ստացված գույքի սեփականատեր:
Գտնում ենք, որ անվավերության հետևանքների կիրառումը բացառվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, քանի որ այն նախատեսում է ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը դրամով հատուցելու պարտականություն, որը նվիրառուի համար սահմանելը դուրս է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումից:
Վերոգրյալից ելնելով` հիմնավորվում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչմամբ, որպես նվիրատվության վերացման հետևանք 2-րդ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելով, ըստ էության, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի (գործարքի անվավերության հետևանքները) դրույթները, որը սույն գործով չպետք է կիրառվեր, միևնույն ժամանակ սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասը:
Այսպիսով, Դատավորների կողմից Բացատրությամբ ներկայացված փաստարկները և պարզաբանումները ևս հերքվում են սույն եզրակացությամբ ներկայացված հիմնավորումներով:
Դատավորների կողմից լրացուցիչ ստուգումներ կատարելու միջնորդություն կամ լրացուցիչ բացատրություններ չեն ներկայացվել:
3. Եզրակացություն.
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանը, Աստղիկ Խառատյանը և Լևոն Գրիգորյանը թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ հետևյալ խախտումները.
3.1 ակնհայտ և կոպիտ է Վերաքննիչ դատարանի կողմից օրենքով նախատեսված միակ թույլատրելի ապացույցի բացակայությամբ և օրենքով չթույլատրված ապացույցների օգտագործմամբ (ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, գրավոր հայտարարություններ և վկաների ցուցմունքներ) կյանքի դեմ ոտնձգության կատարման փաստը հաստատված համարելը և այդ հիմքով նվիրատվությունը վերացնելը, որով խախտվել է որոշումը կայացնելու պահի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, և արդյունքում սխալ է կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը,
3.2 ակնհայտ և կոպիտ է Վերաքննիչ դատարանի կողմից, որպես նվիրատվության վերացման հետևանք, մեկ այլ նվիրատվության պայմանագիր անվավեր ճանաչելը, մասնավորապես` նվիրատվության վերացման և նվիրատվության` որպես գործարքի անվավեր ճանաչման ինստիտուտները նույնացնելու արդյունքում նվիրատվության վերացման պարագայում գործարքի անվավերության հետևանքներ կիրառելը, որով սխալ է կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
Վերը նշված իրավական նորմերի խախտման հետևանքով խախտվել է նաև որոշումը կայացնելու պահի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված պատասխանողների արդար դատաքննության իրավունքը:
Գտնում ենք, որ նշված նյութական և դատավարական նորմերի խախտումները չեն կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, անհամատեղելի են Դատավորների բարձր կոչման հետ, ինչպես նաև կատարված են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորները տվյալ իրադրությունում կարող էին և պարտավոր էին կանխատեսել իրենց վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
Գտնում ենք, որ վերոնշյալ հանգամանքները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով հիմք են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանի, Աստղիկ Խառատյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»:
3. ՀՀ արդարադատության խորհրդում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում վարույթ հարուցած անձի դիրքորոշումը.
ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 03.05.2016թ. կայացված թիվ ՍԴՈ-1270 որոշումը, նշեց, որ այն եզրակացությամբ դատավորներին վերագրվող առաջին խախտումը բացառող հիմք է, հետևաբար վարույթ հարուցած անձը պնդում է միայն եզրակացությամբ դատավորներին վերագրվող երկրորդ խախտումը:
4. Դատավորների բացատրություններում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորներ Կ. Հակոբյանը, Ա. Խառատյանը և Լ. Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել են բացատրություն, որում մասնավորապես նշել են.
«2015 թվականի մայիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով` նախագահող դատավոր Կ.Հակոբյան, մասնակցությամբ դատավորներ` Ա.Խառատյանի և Լ.Գրիգորյանի, քննել է Լաուրա Սահրադյանի, Ռաֆայել Ալիխանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 10.10.2014 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի Լաուրա Սահրադյանի և Ռաֆայել Ալիխանյանի ընդդեմ Դավիթ և Քնարիկ Թահմազյանների, երրորդ անձ` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
1. Գործի փաստական հանգամանքները հետևյալն են.
1.1) Ամուսիններ Ռաֆայել Ալիխանյանը և Լաուրա Սահրադյանը 14.07.2010 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Երևան քաղաքի Ա.Տիգրանյան 20 շենքի թիվ 17 բնակարանը նվիրել են իրենց դստեր` Սուսաննա Ալիխանյանի ամուսնուն` Դավիթ Թահմազյանին, պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում, և Դավիթ Թահմազյանին 16.07.2010 թվականին տրվել է թիվ 2602130 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
1.2) 08.02.2012 թվականի թիվ 281 նվիրատվության պայմանագրով Դավիթ Թահմազյանը Երևան քաղաքի Ա.Տիգրանյան 20 շենքի թիվ 17 բնակարանը նվիրել է իր մորը` Քնարիկ Թահմազյանին, պայմանագիր ծագող իրավունքները 15.02.2012 թվականին ստացել են պետական գրանցում:
1.3) Գործով ներկայացվել են հայցվորների դուստր Սուսաննա Ալիխանյանից բացատրություն վերցնելու մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Մ. Ղազարյանի կողմից 09.01.2012 թվականին կազմված արձանագրությունը, Սուսաննա Ալիխանյանի, Լիանա Մամիկոնի Խաչատրյանի, Քրիստինե Կոստանյանի, Ալինա Խոսրովյանի և Արտաշես Արտակի Սահրադյանի հայտարարությունները, որոնք պարունակում են ականատեսներից ելնող տեղեկություններ` Սուսաննա Ալիխանյանի նկատմամբ Դավիթ Թահմազյանի գործադրած սպառնալիքների և բռնությունների մասին, այդ թվում` խեղդամահ անելու փորձի մասին:
1.4) Վկա Լիաննա Մամիկոնի Խաչատրյանը գրավոր հայտարարություն և ցուցմունք է տվել Դատարանում այն մասին, որ. «2011 թվականի գարնանը եկել է Դավիթի մոտ ատամնաբուժարան որպես հաճախորդ, և այդ օրը ամուսիններով վիճելուց հետո Դավիթը բռնել է Սուսաննայի կոկորդից և սկսել խեղդել: Դավիթը բարձրաձայն հայհոյել է` առանց կաշկանդվելու հաշվապահի և բուժքույր Ալինայի ներկայությունից: Լիանա Մամիկոնի Խաչատրյանը ապշահար բղավել է, թե այ ժողովուրդ այդ ուր եք հասել: Տեսնելով Սուսաննայի անելանելի և կյանքի համար վտանգավոր վիճակը` Ալինայի հետ միասին Սուսաննային դժվարությամբ խլել են ամուսնու` Դ. Թահմազյանի ձեռքից: Այս դեպքից հետո հաշվապահ Լիանա Խաչատրյանը ներկա է եղել նաև մի քանի ուրիշ դեպքերի, երբ Դավիթը դարձյալ Սուսաննային սպառնացել է»:
1.5) Վկա Քրիստինե Կոստանյանը` որպես հաճախորդուհի, գրավոր հայտարարություն և ցուցմունք է տվել այն մասին, որ. «2011թ. հունիսին ես գնացի Սուսաննայի մոտ ... լսեցի նրա ամուսնու Դ. Թահմազյանի բարձր ձայնը: Նա վիրավորական խոսքեր էր ասում, կոպտում էր նրան և սպառնում: Ուզում էր հարվածել Սուսաննային, բայց իրեն տեսնելով` զգաստացավ»:
«Մայիս ամսին ատամնաբուժարան գալով` նկատել է Սուսաննայի պարանոցի կապտուկները ... Սուսաննան արտասվելով պատմեց, որ Դավիթը` ամուսինը, չտիրապետելով ինքն իրեն, փորձում էր խեղդել իրեն»: Փաստորեն, այս անգամ հաճախորդի ներկայությունը կանխել է ամուսնու հերթական բռնությունը: Նույն կարծիքին է նաև հաճախորդը, որը շարունակում է. «բժշկուհուն ահագին ժամանակ պահանջվեց, որպեսզի հանգստանա և սկսի իր աշխատանքը»:
1.6) Վկա Արտաշես Սահրադյանը հայտարարություն և ցուցմունք է տվել այն մասին, որ. «2011 թվականի մայիսի 6-ին` ուշ երեկոյան, քույրը զանգահարել է և հազիվ խոսելով, հեկեկալով խնդրել, որ շտապ գնա: Հասնելով տեղ` նա տեսել է նրա պարանոցը ալ կարմիր, արյունոտ մատնահետքերը, քերծվածքները, անմիջապես հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել: Կանչել է Դավիթին` խոսելու: Նա իրեն շատ ագրեսիվ էր պահում, վիրավորում էր քրոջը, նրա ծնողներին, բարեկամներին հայհոյում: Նա անհանգստացած էր քրոջ կյանքի համար ... 2012թ. հունվարի 9-ի երեկոյան խոսել է քրոջ հետ և իմացել, որ Դավիթը կրկին անգամ իրեն վայրենավարի է պահել աշխատանքի վայրում, և քույրը ստիպված դիմել է ոստիկանություն»:
1.7) Նույնաբովանդակ հայտարարություն է տվել նաև բուժքույր Ալինա Խոսրովյանը:
1.8) Ամուսիններ Լաուրա Սահրադյանը և Ռաֆայել Ալիխանյանը 2012 թվականի ապրիլի 13-ին հայցադիմում են ներկայացրել Դատարան` ընդդեմ Դավիթ և Քնարիկ Թահմազյանների, երրորդ անձ` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի և հայցադիմումով հայտնել են, որ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանը նվեր ստանալուց հետո Դավիթ Թահմազյանը բազմիցս ոտնձգություններ է թույլ տվել իրենց դստեր կյանքի և առողջության դեմ` գործադրելով բարոյական և ֆիզիկական բռնություն, այդ թվում` փորձել է նաև խեղդամահ անել նրան:
Հայցվորները հայցադիմումին կից ներկայացրել են 1.3)-1.7)-րդ կետերում նշված գրավոր ապացույցները, իսկ որպես հայցի իրավական հիմնավորում նշել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և խնդրել են անվավեր ճանաչել ք. Երևան Ա. Տիգրանյան փող. թիվ 20 շենքի 17 բնակարանի նկատմամբ 14.07.2010 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և որպես անվավերության իրավական հետևանք` 15.02.2012 թվականի նվիրատվության պայմանագիրը:
Դատարանի 02.05.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
Դատարանի վերը նշված վճռի դեմ հայցվորների անունից 01.06.2013 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանի 07.08.2013 թվականի որոշմամբ Դատարանի 02.05.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Վերաքննիչ դատարանը Դատարանի 07.08.2013 թվականի վճիռը բեկանել է հետևյալ հիմքերով և հիմնավորումներով. «Սույն գործով հայցվորների կողմից Դատարանին են ներկայացվել մի շարք գրավոր ապացույցներ (մասնավորապես` հայցվորների դուստր Սուսաննա Ալիխանյանից բացատրություն վերցնելու մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Մ. Ղազարյանի կողմից 09.01.2012թ. կազմված արձանագրությունը, Սուսաննա Ալիխանյանի, Լիանա Մամիկոնի Խաչատրյանի, Քրիստինե Կոստանյանի, Ալինա Խոսրովյանի և Արտաշես Արտակի Սահրադյանի հայտարարությունները, որոնք պարունակում են ականատեսներից ելնող տեղեկություններ` Սուսաննա Ալիխանյանի նկատմամբ Դավիթ Թահմազյանի գործադրած սպառնալիքների և բռնությունների մասին, այդ թվում` խեղդամահ անելու փորձի մասին), սակայն այդ գրավոր ապացույցները, Դատարանի կողմից ընդունվելով և գործին կցվելով հանդերձ, որևէ կերպ չեն գնահատվել: Ընդ որում, դրանք չեն գնահատվել նաև դրանց թույլատրելիության և վերաբերելիության տեսանկյունից և չեն որակվել որպես ոչ թույլատրելի կամ ոչ վերաբերելի ապացույցներ ու չեն հանվել ապացույցների կազմից: Անտեսելով այդ ապացույցների առկայությունը և դրանք իր կողմից ընդունված և ապացույցների կազմից հանված չլինելու փաստը` Դատարանը վճռի պատճառաբանական մասում հանիրավի արձանագրել է, թե հայցվորներն իրենց պահանջը հիմնավորող որևէ ապացույց չեն ներկայացրել: Մինչդեռ հայցվորների ներկայացուցիչն արդեն իսկ ներկայացված գրավոր ապացույցներից զատ միջնորդել է նաև որպես վկաների հարցաքննել այն կոնկրետ անձանց, ովքեր ականատես են եղել հայցվորների կողմից պատասխանող Դավիթ Թահմազյանին վերագրվող արարքների կատարմանը, սակայն Դատարանը ոչ միայն հանիրավի մերժել է այդ միջնորդությունը` անհիմն պատճառաբանությամբ այն մասին, թե վկաների ցուցմունքները չեն կարող փոխարինել դատավճռին (հայցվորների կողմից վկայակոչված և հայցի իրավական հիմքում դրված` ՀՀ քաղ. օր.-ի 601-րդ հոդվածի կիրառումը դատավճռի առկայությամբ պայմանավորված լինելու մասին իր դիրքորոշումը Դատարանն ընդհանրապես չի պատճառաբանել), այլև վճռում չի անդրադարձել այդ միջնորդությանը: Արդյունքում, վճիռն ընդհանրապես պատճառաբանված չէ, իսկ հայցը մերժման ենթակա լինելու մասին Դատարանի հետևությունը բխում է սոսկ Դատարանի արձանագրած և որևէ կերպ չհիմնավորված այն դատողությունից, թե «հայցվորի կողմից մատնանշված հիմքերը, ըստ որոնց նվիրատվության պայմանագրերը պետք է ճանաչվեն անվավեր, քրեական օրենքով արգելված արարքներ են, և տվյալ դեպքում կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածի հիմքերը»: Տվյալ դեպքում Դատարանն անտեսել է այն իրողությունը, որ նվիրատվության վերացման վերաբերյալ նշված նորմի հիմքում ընկած է նվիրառուի ակնհայտ երախտամոռությունը, և որ օրենքը նվիրատվության վերացման համար նվիրառուի նախնական դատապարտում չի պահանջում: Վերը շարադրվածն ակնհայտ է դարձնում Դատարանի կողմից ՀՀ քաղ. դատ. օր.-ի 51-րդ և 53-րդ հոդվածները խախտված լինելու մասին բողոք բերած անձանց փաստարկների հիմնավորվածությունը, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս եզրակացնել, որ Դատարանի թույլ տված այդ խախտումներն առնվազն կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման, ուստի դրանք բողոքարկված վճռի բեկանման հիմք են` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 228-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իսկ գործը ենթակա է նոր քննության` ամբողջ ծավալով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ նման պայմաններում նյութական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոք բերած անձանց փաստարկների հիմնավորվածության աստիճանը գնահատել հնարավոր չէ, քանի որ գործում եղած ապացույցներից յուրաքանչյուրի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում չի կատարվել, և չեն հաստատվել կամ հերքվել այն փաստերը, որոնք նշանակություն ունեն սույն գործի լուծման համար»:
ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի վերը նշված վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Դատարանը 10.10.2014 թվականի վճռով հայցը դարձյալ մերժել է, ընդ որում, գործի նոր քննությամբ կրկին նշելով, որ. «հայցվոր կողմը ոչ հայցադիմումին կից, ոչ գործի քննության նախապատրաստական փուլում իր պահանջներն հիմնավորող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց չի ներկայացրել»` միաժամանակ եզրահանգելով նաև, որ. «Տվյալ դեպքում Հայցվորների կողմից ներկայացված վերոնշյալ ապացույցները` գրավոր հայտարարություններն ու վկաների ցուցմունքները, վերաբերում են վիճարկվող պայմանագիրը կնքելուց հետո կատարված գործողություններին, հետևապես վերաբերելի չեն»:
Դատարանի կողմից հաստատված համարված մյուս փաստերը վերաբերել են հայցվոր Ռաֆայել Ալիխանյանի կողմից բնակարանի ձեռք բերման հանգամանքներին ու դրան նախորդած որոշ իրադարձությունների, որոնք որևէ նշանակություն չունեին Բնակարանը պատասխանող Դավիթ Թահմազյանին նվիրվելուց հետո տեղի ունեցած իրադարձությունների որակման համար:
Դատարանի վերը նշված վճռի դեմ Լաուրա Սահրադյանի և Ռաֆայել Ալիխանյանի կողմից 05.11.2014 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը 19.05.2016 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2014 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է. «Հայցը բավարարել` վերացնել Ռաֆայել Ալիխանյանի և Դավիթ Թահմազյանի միջև 14.07.2010 թվականին կնքված Երևան Ա. Տիգրանյան փող. թիվ 20 շենքի 17 բնակարանի նվիրատվության պայմանագիրը: Որպես հետևանք` անվավեր ճանաչել Դավիթ Թահմազյանի և Քնարիկ Թահմազյանի միջև 08.02.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Քնարիկ Թահմազյանի անվամբ 15.02.2012 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը»:
Վերաքննիչ դատարանի 19.05.2015 թվականի որոշման դեմ Դավիթ և Քնարիկ Թահմազյանների կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2015 թվականի որոշմամբ մերժվել է: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար»:
2. Կարծում ենք, որ 19.05.2015 թվականի որոշմամբ նյութական և դատավարական նորմերի խախտումներ թույլ չենք տվել, հետևյալ պատճառաբանությամբ.
(2.1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ մասի պահանջների սխալ կիրառման մասով.
Այսպես. ըստ Եզրակացության Նախագծի (այսուհետ նաև` Եզրակացության)` «նվիրատվության վերացման հիմքում դրված արարքը` կյանքի դեմ ոտնձգությունը, որն է` կյանքից զրկելու փորձը, քրեական օրենքով որակավորվում է որպես կյանքի դեմ ուղղված հանցագործություն: ... ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասում խոսվում է կյանքի դեմ ոտնձգության մասին, որը կյանքից զրկելու փորձ է, իսկ 2-րդ մասը` որպես տրամաբանական հաջորդականություն, կարգավորում է այն դեպքերը, երբ նվիրառուն արդեն իսկ կյանքից զրկել է նվիրատուին` նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունքը վերապահելով վերջինիս ժառանգներին ...»:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 104-109-րդ հոդվածների, 111-րդ հոդվածի վկայակոչմամբ, որոշման կայացման պահի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՍԴ/011/02/13 քաղաքացիական գործով 2014 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման վկայակոչմամբ, Եզրակացությամբ նշվել է, որ. «քանի որ կյանքի դեմ ոտնձգությունը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք` հանցագործություն, ուստի միակ ապացույցը, որով կարող էր հաստատվել Դավիթ Թահմազյանի կողմից Սուսաննա Ալիխանյանի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու փաստի առկայությունը, այդ մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է, որպիսի ապացույցը սույն քաղաքացիական գործում բացակայում է»:
Վերոնշվածների վերաբերյալ գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «կյանքի դեմ ոտնձգություն» եզրույթը անհրաժեշտ է բացահայտել քաղաքացիաիրավական բովանդակության տրամաբանությամբ, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի սկզբունքների լույսի ներքո:
Այսպես. համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն, կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)` «Նվիրատվությունը վերացնելը» վերտառությամբ 601-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
Վերոգրյալից հետևում է, որ Օրենսգրքի 594-րդ հոդվածով սահմանվել է նվիրատվության հասկացությունը` այն նույնացնելով նվիրատվության պայմանագրի հետ: Միաժամանակ պետք է փաստել, որ հետագա հոդվածներում (Օրենսգրքի 599-րդ, 600-րդ, 602-րդ) բացահայտվում է, որ «նվիրատուն» նվիրատվության առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, նվիրատվությունը կատարելուց հետո շարունակում է որոշակի իրավազորություններով օժտված մնալ: Այսինքն` ի տարբերություն հատուցելի գործարքների` նվիրատվության` որպես անհատույց գործարքի բնորոշ հատկանիշ է նվիրատուի` գույքի հետագա ճակատագրով հետաքրքրված լինելու կանխավարկածը և, հետևաբար, պետք է փաստել, որ նվիրատվության ձևով ստացված գույքի նկատմամբ նվիրատուի որոշակի (գույքային և ոչ գույքային) իրավունքների հարգումը և պահպանումն իրավաչափ է և սահմանված է օրենքով: Նվիրառուն պարտավոր է գիտակցել նվեր ստացված գույքի նկատմամբ իր իրավունքների և նվիրատուի առջև որոշակի «պարտականությունների» մասին, ուստի` առնվազն զերծ մնալ այնպիսի գործողությունների և արարքների կատարումից, որոնք կարող են հետագայում հիմք հանդիսանալ նվեր ստացված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի` օրենքում նախատեսված դեպքերում հարկադիր դադարման համար:
Գտնում ենք, որ օրենսդրի կողմից 601-րդ հոդվածում արտացոլված տրամաբանությունն այն է, որ անհատույց ստացված գույքի սեփականատերը չպետք է «երախտամոռ» («անշնորհակալ», «ապերախտ») լինի: «Երախտամոռ» լինելու փաստի հաստատումը հիմք է, որ դատարանը գույքը վերադարձնի նախկին տիրոջը և դադարեցնի նրա սեփականության իրավունքը գույքի նկատմամբ:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից` սույն գործով նվիրառուի ակնհայտ «երախտամոռ» լինելու փաստի պարզումն ու ապացուցված համարելը բավարար նախապայման է համարել նվիրատվության վերացման համար:
Նշվածը պայմանավորված է հետևյալով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից երևում է, որ օրենսդիրը նվիրատուի կողմից նվիրատվության վերացման և արդյունքում նվիրառուի սեփականության իրավունքի զրկման հետևյալ նախապայմաններն է առաջադրել.
1) նվիրառուն ոտնձգություն է կատարել նվիրատուի, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ,
Կամ
2) նվիրառուն նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
Նշված նախապայմանների բովանդակության ուսումնասիրության արդյունքում հարկ է նկատել, որ օրենսդիրն ոտնձգության` որպես արարքի քաղաքացիաիրավական հետևանքն ուղղակիորեն չի կապել դրա քրեաիրավական գնահատականի հետ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ միևնույն արարքը չի կարող առաջացնել ինչպես քաղաքացիաիրավական, այնպես էլ քրեաիրավական կամ վարչաիրավական հետևանքներ և պատասխանատվություն:
Նշվածը հիմնավորվում է նրանով, որ Օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի սկզբում օրենսդիրը խոսում է ոտնձգություն երևույթի մասին լայն իմաստով (քաղաքացիաիրավական, վարչաիրավական և քրեաիրավական), իսկ այնուհետև նկարագրում է դեպք, որն ունի միայն քրեաիրավական հետևանք` օգտագործելով «դիտավորյալ պատճառել» քրեաիրավական եզրույթները: Հետևաբար պետք է արձանագրել, որ վիճարկվող կարգավորմամբ սահմանված նորմի եզրափակիչ մասը վերաբերում է բացառապես ոտնձգության քրեաիրավական հետևանքին, ինչն էլ բնականաբար կարող է ապացուցվել քրեական իրավունքի շրջանակներում:
Երկու դեպքում էլ դատավճռի առկայություն, այսինքն` անձի նախնական դատապարտում չի պահանջվում (տե՛ս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի մեկնաբանություններ, 32-րդ գլուխ, պրոֆեսոր Մասկևիչ):
Այստեղ ավելորդ չենք համարում նշել, որ Եզրակացությամբ նշվել է արդի հայերենի բացատրական բառարանում «ոտնձգություն» բառի նշանակությունը, մասնավորապես` այն նշանակում է որևէ բանի տիրանալու` մեկին տիրապետելու` մեկի կամ մի բանի վնասելու` որևէ բան յուրացնելու` մեկին կամ մի բան ոտնահարելու փորձ, ընդ որում, նաև նշված բացատրության լույսի ներքո «ոտնձգություն» եզրույթը որակվել է բացառապես որպես կյանքից զրկելու փորձ:
Մինչդեռ հարկ է նկատել, որ նշված բացատրություններից և որևէ մեկը չի նույնականացվում կյանքից զրկելու փորձի հետ: Ավելին` անհրաժեշտ ենք համարում նշել, որ «ոտնձգություն» եզրույթն օգտագործվում է օրինակ նաև մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտում:
Այսպես. օրինակ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանը (ԴՍԴ) մարդու արժանապատվության հասկացությունն ըմբռնում է իբրև առաջատար սահմանադրական սկզբունք հիմնական իրավունքների համակարգում: Մարդու արժանապատվության դեմ ոտնձգությունների համար նա սկզբում «նվաստացում, խարանում, հետապնդում, հալածանք» ձևակերպումներն է գտել: Այնուհետև անդրադառնալով մարդու արժանապատվության դեմ կատարված ոտնձգություններին` նշվել է, որ մարդու արժանապատվությունն «անձեռնմխելի» է, ապա անթույլատրելի ու հակասահմանադրական են նրա նկատմամբ միջամտությունը և նրա սահմանափակման այլ ձևերը: … Անշուշտ, հատկապես ծայրահեղ կոնֆլիկտային իրավիճակներում մարդու արժանապատվության դեմ ոտնձգության մասին պետք է խոսել միայն այն դեպքում, երբ մարդուն արհամարհական ձևով զրկում են իր մարդկային որակից և նրան ստորացնում են` վարվելով նրա հետ իբրև օբյեկտի (տե՛ս Գոռ Հովհաննիսյան, «Մարդու արժանապատվության իրավունքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում», ՀՀ ՍԴ տեղեկագիր 4(53)/2009, էջ 4-15: ISSN 1829-1155 Առցանց):
Ինչպես արդեն վերը նշեցինք, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նախապայմանները պետք է դիտարկել քաղաքացիական իրավունքի սկզբունքների լույսի ներքո:
Այսպես, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում նախապատվությունը տրվում է սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:»: Իսկ Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: 2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար: 3. Ապրանքները, ծառայությունները և ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաշարժվում են ազատորեն: Ապրանքների և ծառայությունների տեղաշարժման սահմանափակումներ կարող են մտցվել օրենքին համապատասխան, եթե դրանք անհրաժեշտ են մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության համար:»:
Վերոգրյալից բխում է, որ չի կարելի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմը մեկնաբանել և համապատասխան եզրահանգումներ կատարել` բացառապես քրեական կամ իրավունքի այլ ճյուղերում գործող սկզբունքներից ելնելով:
Վիճարկվող կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել` նախևառաջ ելնելով նրանից, որ քաղաքացիները քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց (քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության սկզբունք): Հետևաբար իրավաչափ է, որ Օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջին նախապայմանի` նվիրառուի կողմից ոտնձգություն կատարելու դեպքում նվիրատուն որոշում է օգտվել նվիրատվությունը վերացնելու իր իրավունքից և պահանջ է ներկայացնում` նվիրառուի կողմից խախտված իր քաղաքացիական իրավունքները վերականգնելու խնդրանքով: Արդյունքում, քաղաքացիական իրավունքները վերականգնվում են նվիրառուի սեփականության իրավունքից զրկելու և գույքը նվիրատուին վերադարձնելու միջոցով:
Իսկ «ոտնձգություն» եզրույթի քաղաքացիաիրավական իմաստը և բովանդակությունը պետք է բացահայտել` ելնելով սեփականության անձեռնմխելիության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության և քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից:
Նշված սկզբունքների իրագործումը մեծ հաշվով իրականացվում է հենց քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցներին բոլոր տեսակի ոտնձգություններից պաշտպանելու միջոցով: Հետևաբար պետք է փաստել, որ ոտնձգությունը` որպես արարք, միանշանակ կարող է ունենալ քաղաքացիաիրավական հետևանքներ: Ոտնձգություններն` որպես արարքներ, կարող են բազմապիսի լինել իրենց բնույթով և հետևանքներով, սակայն քաղաքացիական իրավունքում իրագործվում և պաշտպանվում են քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների գույքային և ոչ գույքային իրավունքները:
Օրենսգիրքը չի կարգավորում նաև ոտնձգության քրեաիրավական և վարչաիրավական հետևանքները, սակայն կարգավորում է քաղաքացիաիրավական հետևանքների հետ կապված իրավահարաբերությունները:
Հետևաբար գտնում ենք, որ թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով 19.05.2015 թվականի որոշմամբ հիմնավորվել և ճիշտ են մեկնաբանվել Օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այսինքն` տվյալ դեպքում կարգավորման առարկան ոչ թե անօրինական արարքի քրեաիրավական գնահատումն է, այլ սեփականության իրավունքի հարկադիր դադարումը, ինչը վրա է հասնում արարքի` ոտնձգության փաստի առկայության արդյունքում և դրա հետևանքով:
Պետք է նշել, որ սույն քաղաքացիական գործով անձի արարքը ստացել է բացառապես քաղաքացիաիրավական գնահատական և առաջացրել քաղաքացիաիրավական հետևանքներ` հիմքում ունենալով հայցվորների կողմից ներկայացված մի շարք գրավոր ապացույցներ (տե՛ս սույն բացատրության 1.3)-1.7) կետերը), ընդ որում, այդ ապացույցներն էլ հիմք են հանդիսացել, որպեսզի դրանց հետազոտման արդյունքում հաստատվի նվիրառուի ակնհայտ «երախտամոռ», «անշնորհակալ» լինելը:
Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենսգիրքը որևէ հակասության մեջ չի գտնվում քրեական իրավունքի և «անմեղության կանխավարկածի» հետ:
Օգտագործելով «ոտնձգություն» եզրույթը` օրենսդիրը քաղաքացիական գործ քննող դատարանին չի կաշկանդում օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի պարտադիր առկայության պայմանով, քանի որ ոտնձգությունը քրեաիրավական կամ վարչաիրավական առումով որակելու, այն սահմանված կարգով քննարկելու և արդյունքում համապատասխան ակտ կայացնելու իրավասությունը բոլորովին այլ մարմինների գործառույթներից է բխում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը անհերքելի հիմք կարող էր հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար, սակայն դրա բացակայությունը չի բացառում այլ վերաբերելի ապացույցների առկայության դեպքում նշված հոդվածի կիրառումը և չի զրկում դատավարության մասնակիցներին ոտնձգության փաստը այլ ապացույցներով ապացուցելու իրավունքից և հնարավորությունից: Հակառակ դեպքում կխաթարվի նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունն ու ազատ գույքային շրջանառությունը: Օրենսգրքով և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներով կարգավորվող` Մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների և մյուս ոչ նյութական բարիքների իրականացման ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները կախման մեջ կդրվեն իրավունքի այլ ճյուղերի կարգավորումներից, ինչը մեր կարծիքով անթույլատրելի է:
Հարկ է նկատել, որ Օրենսգրքում կան հոդվածներ (օրինակ` 1191-րդ հոդված), որտեղ օրենսդիրն իմպերատիվ պահանջ է սահմանել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:
Մինչդեռ սույն պարագայում գործում է կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը` քաղաքացիաիրավական սկզբունքներին համահունչ կերպով:
Այսպիսով, գտնում ենք, որ քաղաքացիական դատավարությունը լիովին հնարավորություն է տալիս, որ ոտնձգության արդյունքում ակնհայտ «երախտամոռ» լինելու փաստը դատարանի կողմից հաստատվի անկախության, օբյեկտիվության և անաչառության պահպանմամբ` գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման և գնահատման միջոցով, որն էլ տվյալ դեպքում կատարվել է:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի սխալ կիրառմանը, ապա պետք է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրատուի նվիրած գույքը, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին:
Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Նվիրատվությունը վերացնելը» վերտառությամբ 601-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ այն նախատեսում է նվիրատուի դատարան դիմելու իրավունքը` նվիրատվությունը վերացնելու պահանջով:
Այսինքն` վերոնշյալ օրենքով սահմանվել են փոխանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների հետ ստանալու իրավունքը, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը վերոնշյալ փոխանցումների անվավերության հիմք չի նախատեսում:
Վերոնշյալից հետևում է, որ առկա է օրենսդրական բաց, քանի որ ստացվում է մի իրավիճակ, երբ օրենքով նախատեսվում է որոշակի փաստերի վրա հասնելու ուժով անշարժ գույքի վերաբերյալ կատարված փոխանցումները հետ ստանալու իրավունքը, սակայն այդ իրավունքի իրականացման մեխանիզմները բացակայում են:
Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասով անշարժ գույքը հետ ստանալը դրա վերաբերյալ կնքված գործարքի անվավերության հետևանք է, հետևաբար և այդ իրավունքը կարող է իրականացվել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու միջոցով: Հակառակ դեպքում անձը զրկվում է նվեր տված գույքը ետ ստանալու իրական և ռեալ հնարավորությունից: Բացի այդ, նվիրատվության հասկացությունը նույնացվում է նվիրատվության պայմանագրի հետ, ինչպես նաև այն անհատույց գործարք է, հետևաբար այն վերացնելու դեպքում գործում է գործարքների անվավերության հետևանքների կիրառման ռեժիմը:
(2.2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ մասի պահանջների խախտելու մասով.
Եզրակացությամբ նշվել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մի պահանջի մասով, որը ներկայացված չի եղել, մասնավորապես` պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ չի ներկայացվել, ինչպես նաև վճիռն այդ հիմքով չի բողոքարկվել:
Անհրաժեշտ ենք համարում նախևառաջ նշել, որ բողոք բերող անձը պահանջել է Դատարանի վճիռը բեկանել ամբողջությամբ և փոփոխել, այն է` հայցապահանջը բավարարել: Ինչ վերաբերում է իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ մասը պարտավորեցնում է դատարանին անկախ պահանջի առկայությունից գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նշել գործարքի անվավերության հետևանքների մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Գրանցման ենթակա են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Վերոնշյալից հետևում է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը և դադարումը ենթակա է պետական գրանցման: Այսինքն` սեփականատեր ունեցող գույքն իր նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար անհրաժեշտ է անվավեր ճանաչել գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, մասնավորապես` տվյալ դեպքում վերացել է իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացած պայմանագիրը, տվյալ դեպքում` նվիրատվության պայմանագիրը:
(2.3) Միաժամանակ հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման դեմ Քնարիկ և Դավիթ Թահմազյանների կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որում մասնավորապես նշվել են, ըստ էության, նույն հիմքերը և հիմնավորումները, որոնք արձանագրված են սույն Եզրակացության նախագծում:
Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 07.08.2015 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է` մասնավորապես արձանագրելով, որ «բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար»:
ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ` վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: ՀՀ դատական օրենսգրքի 50.1-րդ հոդվածով սահմանված են վճռաբեկ բողոքի հիմքերը, մասնավորապես`
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ
3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ դատական օրենսգրքի` «Նյութական և դատավարական նորմն ակնհայտ և կոպիտ խախտելը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ» վերտառությամբ 153.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Այսպիսով, գտնում ենք, որ առկա չեն ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր»:
5. ՀՀ արդարադատության խորհրդում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում դատավորների բացատրությունը.
ՀՀ արդարադատության խորհրդին բացատրություն տալիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Հակոբյանը, Ա. Խառատյանը և Լ. Գրիգորյանը մասնավորապես նշեցին, որ թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով հայցվորների կողմից ներկայացված է եղել երկու պահանջ, այն է` վերացնել Ռ. Ալիխանյանի և Դ. Թահմազյանի միջև 14.07.2010թ. կնքված նվիրատվության պայմանագիրը, ինչպես նաև առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառել Դ. Թահմազյանի և Ք. Թահմազյանի միջև 08.02.2012թ. կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ` կեղծ լինելու հիմքով:
Դատավորները նշեցին նաև, որ թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով 19.05.2015թ. կայացված որոշմամբ հայցվորների կողմից ներկայացված առաջին պահանջից զատ բավարարել են նաև երկրորդ պահանջը` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելով Դ. Թահմազյանի և Ք. Թահմազյանի միջև 08.02.2012թ. կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ` կեղծ լինելու հիմքով:
6. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Լաուրա Սահրադյանը և Ռաֆայել Ալիխանյանը հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ Դավիթ և Քնարիկ Թահմազյանների` պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ 14.07.2010թ. կնքված նվիրատվության պայմանագիրը և որպես անվավերության իրավական հետևանք` 15.02.2012թ. նվիրատվության պայմանագիրը:
2) Թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումից հետևում է, որ հայցի հիմքում դրվել են նվիրառուի կողմից նվիրատուի մերձավոր ազգականի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու, ինչպես նաև նվիրառուի և վերջինիս ծնողի միջև առոչինչ գործարք կնքված լինելու հանգամանքները:
3) Ռաֆայել Ալիխանյանը, 14.07.2010թ. կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն, Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի թիվ 17 բնակարանը նվիրել է Դավիթ Թահմազյանին, պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում, և Դավիթ Թահմազյանին 16.07.2010 թվականին տրվել է թիվ 2602130 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
4) 08.02.2012թ. թիվ 281 նվիրատվության պայմանագրով Դավիթ Թահմազյանը Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի թիվ 17 բնակարանը նվիրել է իր մորը` Քնարիկ Թահմազյանին, պայմանագրից ծագող իրավունքները 15.02.2012թ. ստացել են պետական գրանցում:
5) Թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործում առկա են հայցվորների դուստր Սուսաննա Ալիխանյանից բացատրություն վերցնելու մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Մ. Ղազարյանի կողմից 09.01.2012թ. կազմված արձանագրությունը, Սուսաննա Ալիխանյանի, Լիանա Խաչատրյանի, Քրիստինե Կոստանյանի, Ալինա Խոսրովյանի և Արտաշես Սահրադյանի գրավոր հայտարարությունները, որոնք պարունակում են ականատեսներից ելնող տեղեկություններ` Սուսաննա Ալիխանյանի նկատմամբ Դավիթ Թահմազյանի գործադրած սպառնալիքների և բռնությունների մասին, այդ թվում` խեղդամահ անելու փորձի մասին:
6) Լիանա Խաչատրյանը, Քրիստինե Կոստանյանը, Ալինա Խոսրովյանի և Արտաշես Սահրադյանը դատարան են կանչվել որպես վկաներ և տվել են համապատասխան ցուցմունքներ:
7) Թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Հակոբյան, դատավորներ` Ա. Խառատյան, Լ. Գրիգորյան) 19.05.2015թ. որոշմամբ Լաուրա Սահրադյանի և Ռաֆայել Ալիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.10.2014թ. վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է` վերացել է Ռաֆայել Ալիխանյանի և Դավիթ Թահմազյանի միջև 14.07.2010թ. կնքված Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի թիվ 17 բնակարանի նվիրատվության պայմանագիրը: Որպես հետևանք` անվավեր է ճանաչվել Դավիթ Թահմազյանի և Քնարիկ Թահմազյանի միջև 08.02.2012թ. կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Քնարիկ Թահմազյանի անվամբ 15.02.2012թ. կատարված իրավունքի պետական գրանցումը:
8) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որպես նվիրատվության վերացման պայման հանդիսացող կյանքի դեմ ոտնձգություն կատարելը հաստատված է համարել համապատասխան գրավոր ապացույցներով և վկաների ցուցմունքներով:
9) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2015թ. որոշման դեմ Դավիթ և Քնարիկ Թահմազյանների ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
10) Քնարիկ և Դավիթ Թահմազյանների դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 03.05.2016թ. կայացված թիվ ՍԴՈ-1270 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
7. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) դատավորներ Կ. Հակոբյանին, Ա. Խառատյանին և Լ. Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորների բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ.
1. ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր են արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որոնք կատարվել են չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:
Նույն օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:
Վերոշարադրյալից հետևում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ վերջինիս կողմից թույլ տրված խախտումը լինի ակնհայտ և կոպիտ, կատարված լինի չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ, այսինքն` դատավորի կողմից թույլ տրված ցանկացած խախտում չէ, որ կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, այլ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.
1. Արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի խախտում թույլ տալը,
2. Այդ խախտման ակնհայտ և կոպիտ լինելը,
3. Այդ խախտումը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելը:
ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով»:
Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ: Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:
Նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հասկացության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը Խորհուրդն արտահայտել է նախկինում կայացրած որոշումներում, ըստ որի՝ «Օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը» (տե՛ս Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 որոշումը):
Խորհրդի մեկ այլ` 2014 թվականի ապրիլի 4-ի ԱԽ-7-Ո-3 որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(...) դատավորին վերագրվող խախտումը չի կարող համարվել ակնհայտ և կոպիտ, եթե այն չի պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը: Հետևաբար այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների թույլատրելիության ինստիտուտի իրավական կարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ «(...) յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես՝ գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:
3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի` չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (...)»: (տե՛ս «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: (...)»:
Նույն օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ»:
Վերոշարադրյալ նորմերից հետևում է, որ որպես նվիրատվության վերացման համար պայման` օրենսդիրը նախատեսել է նվիրառուի կողմից նվիրատուի, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ ոտնձգություն կատարելը կամ նվիրառուի կողմից նվիրատուին դիտավորյալ մարմնական վնասվածքներ պատճառելը:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով 19.05.2015թ. կայացված որոշմամբ Դատարանը վերացրել է Ռ. Ալիխանյանի և Դ. Թահմազյանի միջև 14.07.2010թ. կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի թիվ 17 բնակարանի նվիրատվությունը` որպես նվիրատվության վերացման պայման հանդիսացող կյանքի դեմ ոտնձգություն կատարելը հաստատված համարելով համապատասխան գրավոր ապացույցներով և վկաների ցուցմունքներով: Դատարանը որոշմամբ մասնավորապես վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասը և եզրահանգել, որ «(...) Նվիրատվությունը քաղաքացիաիրավական հարաբերությունից բխող, ծնունդ առնող գործարք է, որը և միմիայն ընթանում, կարգավորվում, զարգանում և ավարտվում է նույն ոլորտը կարգավորող իրավական նորմերի միջոցով: Հետևաբար նվիրատվությունը` որպես քաղաքացիաիրավական հարաբերություն, վերացվում է դարձյալ քաղաքացիաիրավական ոլորտի իրավական նորմի միջոցով, որը սույն գործով հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին կետը:
Նվիրատվության վերացման որպես իրավական հիմք օրենսդիրը չի նախատեսում դատավճռի կամ քրեական գործով որոշման պարտադիր առկայությունը, քանզի որպես հիմք ուղղակի նշում է. «...եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ...»: Օրենսդիրը կատեգորիկ չի նշում իրավական հիմքի ապահովում դատավճռի կամ որոշման առկայությամբ, հակառակ դեպքում օրենսդիրն ուղղակի պարտավոր էր նշել նվիրատվության վերացում քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով դատավճիռ կամ որոշում կայացնելու պարագայում:
(...) Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածը, սահմանելով նվիրատվությունը վերացնելու իրավական հիմքերը, որևէ կերպ չի սահմանում դրանք հիմնավորող միակ ապացույցը` դատական ակտի առկայությունը (...)»:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքին:
ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:
Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)12 Հանձնարարականի 5-րդ կետի համաձայն` դատավորները պետք է անսահմանափակ հնարավորություն ունենան գործերը լուծելու անկողմնակալ ձևով` օրենքին և փաստերի իրենց մեկնաբանությանը համապատասխան (տե՛ս Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 17.11.2010թ. թիվ CM/Rec(2010)12 Հանձնարարական):
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի անկախության սկզբունքի կարևոր դատավարական երաշխիք է օրենքի մեկնաբանության և դրա հիման վրա որոշման կայացման լիարժեք անկախությունը: Իրավունքի նորմի մեկնաբանությունը հատուկ տրամաբանական գործընթաց է, որը նույնական չէ ապացուցման գործընթացին: Կողմերն իրավասու են իրենց իրավական դիրքորոշումներով ազդել դատարանի կարծիքի ձևավորման վրա, սակայն օրենքի կիրառումը, ինչն օրենքի մեկնաբանության հետևանք է, վերջին հաշվով դատարանի մենաշնորհն է: Այսինքն` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը կիրառում է իրավունքի նորմը` ղեկավարվելով դրա բովանդակության սեփական ընկալմամբ:
Իր հերթին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 03.05.2016թ. կայացված թիվ ՍԴՈ-1270 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «(...) Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց` իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, §49)): (...)»:
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արված մեկնաբանությունը, այն է` նվիրատվության վերացման համար նշված նորմով սահմանված պայմաններն օրենսդիրը հնարավոր է համարել հաստատել նաև այլ ապացույցներով, և նման մեկնաբանմամբ պայմանավորված նվիրատվության վերացման պայման հանդիսացող կյանքի դեմ ոտնձգություն կատարելը համապատասխան գրավոր ապացույցներով և վկաների ցուցմունքներով հաստատված համարելը, չեն կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Ավելին` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 03.05.2016թ. կայացված թիվ ՍԴՈ-1270 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «(...) Օրենսդիրը քաղաքացիական օրենսգրքի վիճելի դրույթը շարադրել է բավարար հստակությամբ` ուղղակի կապ չսահմանելով քաղաքացիական և քրեական իրավունքի առարկա հանդիսացող կարգավորումների միջև, հնարավոր համարելով նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա հարազատների նկատմամբ ոտնձգության փաստի հաստատումը քաղաքացիական դատավարության շրջանակներում: (...):
Չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածում նշված իրավախախտումներն առերևույթ կարող են դասվել քրեորեն պատժելի արարքների շարքին, սակայն պարտադիր չէ, որ ոտնձգության բոլոր դրսևորումները քրեորեն պատժելի լինեն` այն կարող է և չպարունակել քրեորեն պատժելի արարքի հանցակազմի բոլոր հատկանիշները, բայց, միևնույն է, որոշակի վտանգ ներկայացնել նվիրատուի համար և բացասական բարոյահոգեբանական հետևանքներ առաջացնել: Հետևաբար սահմանադրական դատարանը գտնում է, որ նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա հարազատի կյանքի կամ առողջության դեմ ոտնձգության դեպքում առկա է նաև քաղաքացիական իրավախախտում, ինչը կարող է առաջացնել հետպայմանագրային պատասխանատվություն: Ըստ էության, նվիրատվության վերացումը հանդես է գալիս որպես յուրահատուկ քաղաքացիական սանկցիա: (...):
Քաղաքացիական դատավարության շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նվիրատվությունը վերացնելու մասին դրույթի կիրառման համար դիմող կողմը պարտավոր է դատարանին հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որոնք վկայում են նվիրառուի կողմից նվիրատուի կամ նրա հարազատների կյանքի կամ առողջության դեմ կատարված ոտնձգության մասին, բայց միայն քրեական գործով կայացված դատավճիռը չէ, որ կարող է դիտվել որպես այդպիսին:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործ քննող դատարանի խնդիրն է գնահատել` արդյոք ոտնձգությունն առկա է, թե` ոչ, և յուրաքանչյուր գործով դատարանը պետք է դրսևորի անհատական մոտեցում` խուսափելով օրենքի մեխանիկական կիրառումից` ելնելով գործի փաստական հանգամանքներից և առաջնորդվելով ներքին համոզմամբ: Քաղաքացիական գործ քննող դատարանի խնդիրը չէ տալ այդ գործողությունների քրեաիրավական գնահատականը, այլ ներկայացված ապացույցների հիման վրա պարզել դրանց առկայությունը և համապատասխան քաղաքացիաիրավական հետևանքները:»:
Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավորներ Կ. Հակոբյանին, Ա. Խառատյանին և Լ. Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավորներին վերագրվող 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների մասով, ենթակա է մերժման, քանի որ դատավորների կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է «հայցի հիմք» օրենսդրական եզրույթին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական և իրավական հիմքերի տարբերակիչ հատկանիշները, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերից:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:
Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի փաստական հիմքից բացի` հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերի համակցությունն է, որ կարգավորում է վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը, բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնելու համապատասխան պահանջ: (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի, Սուրիկ Սեդրակյանն ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ «(...) հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում:(...)»: (տե՛ս Հովսեփ Հովսեփյանն ընդդեմ Վլադիմիր Սահակյանի թիվ ԵԱՔԴ/1105/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Գործի նյութերում առկա թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումից հետևում է, որ հայցի հիմքում դրվել են նվիրառուի կողմից նվիրատուի մերձավոր ազգականի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու, ինչպես նաև նվիրառուի և վերջինիս ծնողի միջև առոչինչ գործարք կնքված լինելու հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` «Գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք)»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (...) հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն` համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ գլխի 2-րդ պարագրաֆը կանոնակարգում է գործարքների անվավերությունը:
Օրենսդիրը մի դեպքում նախատեսել է գործարքի անվավերության ընդհանուր հիմք` օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդված), այլ դեպքերում նախանշել է կոնկրետ հիմքեր, որոնք հանգեցնում են գործարքի անվավերության (տե՛ս օրինակ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-315-րդ հոդվածները):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նյութական իրավունքը հստակ նախատեսել է այն հանգամանքները` իրավաբանական փաստերը, որոնք գործարքի անվավերության պահանջ ներկայացված լինելու դեպքում կարող են կազմել հայցի փաստական հիմքը, և դրանց շրջանակներում դատարանը կարող է որոշել ապացուցման առարկան: (տե՛ս Սերժիկ Մկրտչյանն ընդդեմ Սարգիս Հովհաննիսյանի և Վարդան Բարսեղյանի թիվ ՍԴ3/0010/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ»:
Նշված իրավանորմից հետևում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի առոչինչ գործարքի դեպքում այդ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ ներկայացնելու: Ընդ որում, օրենսդիրը իրավունք է վերապահել նաև դատարանին սեփական նախաձեռնությամբ կիրառելու այդ հետևանքները:
Համադրելով արձանագրված փաստերը վերոշարադրյալի հետ և հիմք ընդունելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ վավերապայմանների վերաբերյալ վերևում կատարված վերլուծությունները` Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից դատավորներին վերագրվող խախտումը, ըստ որի` Դատարանը Դ. Թահմազյանի և Ք. Թահմազյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրն անվավեր է ճանաչել որպես Ռ. Ալիխանյանի և Դ. Թահմազյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված նվիրատվության վերացման հետևանք, անվիճելի և անհերքելի չէ, քանի որ թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով ներկայացված հայցի հիմքում դրվել են նաև նվիրառուի և վերջինիս ծնողի միջև առոչինչ գործարք կնքված լինելու վերաբերյալ փաստական հիմնավորումներ, որպիսի պայմաններում Դատարանի դիրքորոշումը Դ. Թահմազյանի և Ք. Թահմազյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի մասով չի կարող միանշանակ գնահատվել որպես Ռ. Ալիխանյանի և Դ. Թահմազյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված նվիրատվության վերացման հետևանք:
ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է վարույթը հարուցած անձը: Արդարադատության խորհրդի նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին»:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորներ Կ. Հակոբյանի, Ա. Խառատյանի և Լ. Գրիգորյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում թույլ տալու վերաբերյալ առաջացել են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ դատավորների, ուստի Խորհուրդը գտնում է, որ դատավորներ Կ. Հակոբյանին, Ա. Խառատյանին և Լ. Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունն այս մասով ևս ենթակա է մերժման:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ հիմնավորված չէ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը, հետևաբար դատավորներ Կ. Հակոբյանին, Ա. Խառատյանին և Լ. Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Հակոբյանին, Ա. Խառատյանին և Լ. Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
_______________________
1 Է. Աղայան` «Արդի հայերենի բացատրական բառարան», «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976թ., էջ 1145:
2 «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ», ընդհանուր խմբագրությամբ` Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի, Եր., «Իրավունք», 2010, էջ 180:
Արդարադատության խորհրդի անդամներ` Ա. Բաբայան Գ. Բադիրյան Ռ. Բարսեղյան Ա. Դարբինյան Գ. Խանդանյան Ա. Խաչատրյան Մ. Հարթենյան Գ. Ղազինյան Ս. Չիչոյան Ե. Սողոմոնյան Վ. Ստեփանյան Հ. Փանոսյան