ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 434-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ-ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր» պետական հիմնարկ (այսուհետ` պանթեոն):
2. Պանթեոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հաղթանակի մայրուղի:
3. Սահմանել, որ պանթեոնի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների, հասարակության ու պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձանց հուղարկավորությունը.
2) նպաստել պատանի սերնդի, զինծառայողների, ինչպես նաև բնակչության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային արժեքների պահպանությանը և ազգային ինքնագիտակցության ու հպարտության բարձրացմանը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 2 Երևան |