Գլխավոր տեղեկություն
Номер
N 125-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2016-14.12.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.11.15/28(205) Հոդ.383
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
16.09.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
16.09.2005
Дата вступления в силу
25.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005425


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

16 սեպտեմբերի 2005 թ. 
ք. Երևան

N 125-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.05.16 N 127-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդիկան (հավելված):

(1-ին կետը փոփ. 25.05.16 N 127-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողվի
նախագահ`

Ռ. Նազարյան

 Հավելված
 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի սեպտեմբերի 16-ի
N 125-Ն որոշմամբ


Էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդիկա
(վերնագիրը փոփ. 25.05.16 N 127-Ն)

1. Ընդհանուր դրույթներ

Սույն մեթոդիկան սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող խոշոր` 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանների (կասկադների), ջերմային կայանների և ատոմային կայանների (այսուհետ` ընկերություններ) կողմից Հայաստանի Հանրապետության էլեկտրական էներգիայի մեծածախ շուկայում վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների ձևավորման սկզբունքները: Սույն մեթոդիկայի 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.4, 3, 3.1, 3.2 գլուխները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի (մասնավորեցում, նոր արտադրական հզորությունների կառուցում) շրջանակում ստեղծված այն ընկերությունների վրա, որոնց համար նախատեսվել են սակագնային կարգավորման այլ մեխանիզմներ:

Սակագների մշակման գործընթացը իրականացվում է երկու փուլով.

ա) Ընկերությունների տարեկան անհրաժեշտ հասույթի մեծության հաշվարկ,

բ) Ծախսերի վերլուծություն, դասակարգում, սակագների կառուցվածքի ընտրություն և սակագնային դրույքների հաշվարկ:

(1-ին գլուխը փոփ., լրաց. 25.05.16 N 127-Ն)

 

2. Անհրաժեշտ հասույթի որոշում

 

Ընդհանուր հասույթը, որը ընկերություններին թույլատրվում է ստանալ սակագների միջոցով, կոչվում է անհրաժեշտ հասույթ: Այն պետք է բավարար լինի ընկերությունների հուսալի, անվտանգ և շարունակական գործունեության համար պահանջվող բոլոր ծախսերը կատարելու և ներգրավված կապիտալի դիմաց ողջամիտ շահույթ ստանալու համար:

Անհրաժեշտ հասույթը (ԱՀ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԱՀ = ԹԾ + Մ + ԹՇ

որտեղ`

ԹԾ - թույլատրելի տարեկան ծախսերն են,

Մ - հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի տարեկան մեծությունն է,

ԹՇ - թույլատրելի շահույթն է:

(2-րդ գլուխը փոփ. 25.05.16 N 127-Ն)

 

2.1. Թույլատրելի ծախսեր

 

Թույլատրելի ծախսերում պետք է ներառվեն հաշվարկային տարվա ընթացքում կատարվող ծախսերը, որոնք անհրաժեշտ են ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար, այդ թվում`

ա) շահագործման և պահպանման ծախսերը,

բ) վառելիքային ծախսերը (ջերմային և ատոմային կայանների համար),

գ) սակագնով փոխհատուցվող օգտագործված միջուկային վառելիքի պահպանման,
ատոմակայանի շահագործումից հանելու ֆոնդի ստեղծման և ատոմակայանի անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման ծախսերը (միայն ատոմակայանի համար),

դ) հարկերը (բացի շահութահարկից և ավելացված արժեքի հարկից) և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուրքերն ու պարտադիր այլ վճարները,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսեր:

Թույլատրելի ծախսերում չեն ընդգրկվում լիցենզավորված գործունեությանը չառնչվող ծախսերը, որոնց համար ընկերությունն իրականացնում է առանձնացված հաշվառում:

Սակագնի սահմանման (վերանայման) հայտ ներկայացնելիս, ընկերությունը պետք է ներկայացնի աուդիտորի կողմից ստուգված նախորդ տարվա ծախսերը, ընթացիկ տարվա փաստացի (կանխատեսվող) ծախսերը և հաշվարկային տարվա նախատեսվող ծախսերը:

 

2.1.1. Շահագործման ԵՎ պահպանման ծախսեր

 

Շահագործման և պահպանման ծախսերը ընդգրկում են ընկերությունների ծախսերի հետևյալ խմբերը`

ա) արտադրական անձնակազմի աշխատավարձը,

բ) շահագործման համար անհրաժեշտ օժանդակ նյութերի ծախսերը,

գ) նորոգման ծախսերը, որոնք ընդգրկում են ինչպես սեփական ուժերով, այնպես էլ կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվող նորոգման աշխատանքների արժեքը,

դ) այլ գործառնական ծախսեր:

(2.1.1-ին գլուխը փոփ. 25.05.16 N 127-Ն)

 

2.1.2. Վառելիքային ծախսեր

 

Ջերմային և ատոմային կայանների վառելիքային ծախսերը որոշվում են ընկերությունների կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից հաստատված մեթոդիկաներով: Հաշվարկի հիմք են հանդիսանում «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից մշակված և կայանների հետ համաձայնեցված հաշվարկային տարվա էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշիռները և կայանների աշխատանքի պլանավորվող ռեժիմները:

 

2.1.3 ՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԾԱԽՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ

 

Երկդրույք սակագնային համակարգում գործող ջերմային կայանների համար, որոնք էլեկտրական էներգիայի արտադրության համար վառելիքը ձեռք են բերում արտարժույթին համարժեք դրամով, իրականացվում է տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի տատանումներով պայմանավորված վառելիքային ծախսի փոփոխության (∆ՎՋ) հաշվարկ, որն ավելացվում է թույլատրելի ծախսերին կամ նվազեցվում այդ ծախսերից: ∆ՎՋ մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

∆ՎՋ = ∆ՎՋ1 + ∆ՎՋ2 + ∆ՎՋ3:

 

∆ՎՋ1 մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝

     n      
∆ՎՋ1 = ԳԾՓi (ԳՍՓi * EՓ(i-1 - ԳՍՀi* EՀi) ,
     i=1      

որտեղ՝

i-ն հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի այն ամիսներն են, որոնց վերաբերյալ առկա են փաստացի տվյալներ,

ԳԾՓi-ն i-րդ ամսում էլեկտրաէներգետիկական համակարգի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար ջերմային կայանի կողմից փաստացի գնված բնական գազի ծավալն է (հազար խորանարդ մետր),

ԳՍՓi-ն i-րդ ամսում ջերմային կայաններին վաճառվող բնական գազի գործող սակագինն է՝ արտահայտված արտարժույթով (արտարժույթի միավոր/հազար խորանարդ մետր),

EՓ(i-1) -ն i-րդ ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ),

ԳՍՀi-ն i-րդ ամսում ջերմային կայանների սակագների հաշվարկներում ներառված՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագինն է՝ արտահայտված արտարժույթով (արտարժույթի միավոր/հազար խորանարդ մետր),

EՀi-ն հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի i-րդ ամսվա սակագնի հաշվարկներում ընդունված տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ):

∆ ՎՋ2 մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

∆ՎՋ2 = ԳԾՀ * ԳՍՀ *(EՓ - EՀ),

 

որտեղ՝

ԳԾՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար գործող սակագնի հաշվարկներում ընդունված` ջերմային կայանի կողմից գնվող բնական գազի ծավալն է (հազար խորանարդ մետր), հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց վերաբերյալ առկա չեն փաստացի տվյալներ,

ԳՍՀ-ն ջերմային կայանների գործող սակագնի հաշվարկներում ընդունված ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագինն է՝ արտահայտված արտարժույթով (արտարժույթի միավոր/հազար խորանարդ մետր),

EՓ-ն հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի այն ամսվա 25-ին տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ), որի վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված վերջին տեղեկատվությունը,

EՀ-ն ջերմային կայանի գործող սակագնի հաշվարկներում ընդունված տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ):

Ջերմային կայանի համար առաջին անգամ ∆ՎՋ մեծությունը հաշվարկելիս ∆ՎՋ3-ն ընդունվում է հավասար զրոյի: Երկրորդ և հաջորդ հաշվարկների ժամանակ ∆ՎՋ3 մեծությունը որոշվում է որպես հաշվարկային տարվան նախորդող տարվա սակագնի հաշվարկներում ներառված ∆ՎՋ2-ի փաստացի տվյալների հիման վրա ճշգրտված մեծության և նույն սակագնի հաշվարկներում ներառված ∆ՎՋ2-ի տարբերություն:

(2.1.3-րդ գլուխը լրաց. 25.05.16 N 127-Ն)

 

2.1.4 ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԾԱԽՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ

 

Ատոմային կայանի համար իրականացվում է արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի տատանումներով պայմանավորված վառելիքային ծախսի փոփոխության (∆ՎԱ) հաշվարկ, որն ավելացվում է թույլատրելի ծախսերին կամ նվազեցվում այդ ծախսերից: ∆ՎԱ մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

∆ՎԱ = ՎԱՓ - ՎԱՀ ,

 

որտեղ՝

ՎԱՓ-ն հաշվարկային տարվան նախորդող տարվա միջուկային վառելիքի համար փաստացի վճարումներն են՝ համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակացույցի (դրամ),

ՎԱՀ-ն հաշվարկային տարվան նախորդող տարվա սակագնի հաշվարկներում ընդունված միջուկային վառելիքի արժեքն է՝ համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակացույցի (դրամ):

(2.1.4-րդ գլուխը լրաց. 25.05.16 N 127-Ն)

 

2.2. Մաշվածություն

 

Հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի տարեկան գումարները (Մ) հաշվարկվում են գծային մեթոդով` ելնելով ծառայությունների մատուցման համար հանձնաժողովի կողմից օգտակար և օգտագործվող ճանաչված հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների սկզբնական (ձեռքբերման) արժեքից կամ ֆինանսական հաշվետվություններում դրան փոխարինող այլ գումարից և օգտակար ծառայության ժամանակահատվածից:

(2.2-րդ գլուխը փոփ., լրաց. 25.05.16 N 127-Ն)

 

2.3. Թույլատրելի շահույթ
 

Թույլատրելի շահույթը հաշվարկվում է որպես շահույթի հաշվարկման բազայի (ՇԲ) և թույլատրելի շահույթի նորմայի (ՇՆ) արտադրյալ`

ԹՇ = ՇԲ * ՇՆ

Շահույթի հաշվարկման բազա է հանդիսանում ընկերության զուտ ակտիվների արժեքը: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՇԲ = ՕՕՈԸԱ - ԿՄ + ՇԿ

որտեղ`

ՕՕՈԸԱ - լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար հանձնաժողովի կողմից օգտակար և օգտագործվող ճանաչված ոչ ընթացիկ ակտիվների արժեքն է,

ԿՄ - կուտակված մաշվածությունն (ամորտիզացիան) է,

ՇԿ - հանձնաժողովի կողմից թույլատրված շրջանառու կապիտալի մեծությունն է:

Շահույթի հաշվարկման բազան ժամանակ առ ժամանակ (բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ) վերահաշվարկվում է հաշվի առնելու համար`

ա) օգտակար և օգտագործվող ճանաչված ակտիվներում կատարված ներդրումները,

բ) կուտակված մաշվածության (ամորտիզացիայի) փոփոխությունը,

գ) շրջանառու կապիտալի թույլատրված մեծության փոփոխությունը,

դ) արժութային փոխարժեքների փոփոխությունները այն դեպքերի համար, երբ ակտիվները ձեռք են բերված արտարժույթով:

Շահույթի թույլատրելի նորման սահմանվում է ընկերության կապիտալի միջին կշռված արժեքին հավասար, որը իրենից ներկայացնում է փոխառու և սեփական կապիտալի միջին արժեքը, հաշվարկված կապիտալի կառուցվածքում նրանց բաժնեմասերի կշիռներին համապատասխան:
 
ՇՆ = 

ՍԿ*ru + ∑ՓԿi*rՓi 

ՍԿ +  ∑ՓԿi 

 

որտեղ`

ՍԿ և rս- համապատասխանաբար սեփական կապիտալի մեծությունն է հաշվարկային տարվա սկզբում և նրա թույլատրելի (ողջամիտ) շահույթի նորման (մինչև հարկումը),

ՓԿi և rՓi - համապատասխանաբար i-րդ փոխառության չմարված մնացորդն է հաշվարկային տարվա սկզբում և նրա սպասարկման արժեքը:

Կարող են կիրառվել շահույթի կամ շահույթի նորմայի որոշման այլ մեթոդներ, եթե այդպիսիք նախատեսված են բաժնետոմսերի կամ գույքի վաճառքի միջպետական կամ մասնավորեցման պայմանագրերով:

(2.3-րդ գլուխը լրաց. 25.05.16 N 127-Ն)

 

2.3.1 ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

 

Ընկերության ակտիվների ֆինանսավորման աղբյուրներից, պայմաններից և հնարավորություններից ելնելով` սույն մեթոդիկայի 2.2 և 2.3 գլուխներով նախատեսված մաշվածության և թույլատրելի շահույթի փոխարեն կարող է կիրառվել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի հատուցման սկզբունքը: Այս սկզբունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում: Այդ ծրագրերի շրջանակում ստեղծվող ոչ ընթացիկ ակտիվների մասով մաշվածության (ամորտիզացիայի) և շահույթի փոխարեն անհրաժեշտ հասույթի հաշվարկում ընդգրկվում են հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված փոխառու միջոցների սպասարկման (տոկոսավճարներ) և մարման ծախսերը, որոնք որոշվում են ընկերության առկա պարտքերի սպասարկման և մարման ժամանակացույցից:

(2.3.1-ին գլուխը լրաց. 25.05.16 N 127-Ն)

 

2.4. Ծախսերի վերահաշվարկում

 

Հաշվարկային տարվա ծախսերի որոշման հիմք են հանդիսանում հաշվարկային տարվան ամենամոտ տասներկուամսյա ժամանակահատվածը (փորձնական տարի), որի համար գոյություն ունի ծախսերի վերաբերյալ սպառիչ և ստուգված տեղեկատվություն:

Ծախսերը վերահաշվարկվում են կիրառելով հետևյալ մոտեցումները.

ա) ծախսերի նորմալացում, որի դեպքում փորձնական տարվա ընթացքում կատարված ծախսերը համապատասխանեցվում են սովորական տարվա ընթացքում կատարվող ծախսերին, արտասովոր հանգամանքների և ոչ կրկնվող ծախսերի բացառության միջոցով,

բ) հայտնի և չափարկելի փոփոխությունները, որոնց միջոցով կանխատեսելի փոփոխությունները հաշվի են առնվում համապատասխանեցնելով փորձնական տարվա ծախսերը հաշվարկային տարվա իրողություններին:

 

3. Ծախսերի վերլուծություն

 

Սակագների մշակման գործընթացի հաջորդ փուլում իրականացվում է ընկերությունների ծախսերի վերլուծությունը ու բաշխումը ըստ լիցենզավորված գործունեությունների, ծախսերի տեսակների և մատուցվող ծառայությունների:

Ծախսերի վերլուծությունը բաղկացած է հետևյալ քայլերից`

ա) ծախսերի ֆունկցիոնալացում,

բ) ծախսերի դասակարգում:

 

3.1. Ծախսերի ֆունկցիոնալացում

 

Ծախսերի վերլուծության այս քայլն իրականացվում է միայն ջերմային էլեկտրակայաններում` էլեկտրական և ջերմային էներգիայի համատեղ արտադրության դեպքում: Այս քայլում ընկերությունների ծախսերի յուրաքանչյուր տարրը բաժանվում է էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության ֆունկցիոնալ տիրույթների միջև:

Ծախսերի այդպիսի բաժանումն իրականացվում է ընկերությունների առաջարկությամբ հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայով:

Հետագա շարադրանքում էլեկտրական և ջերմային էներգիայի համատեղ արտադրություն ապահովող ջերմային էլեկտրակայանների համար ծախսեր ասելիս` նկատի կունենանք էլեկտրական էներգիայի արտադրությանը հաստատված մեթոդիկայով վերագրված ծախսերը:

(3.1-ին գլուխը փոփ. 25.05.16 N 127-Ն)


3.2. Ծախսերի դասակարգում

 

Ծախսերը դասակարգվում են երկու խմբի` հաստատուն և փոփոխական:

Հաստատուն ծախսերն այն ծախսերն են, որոնք ընկերությունները կատարում են անկախ առաքված էլեկտրական էներգիայի քանակից: Դա հիմնականում հիմնական միջոցների սպասարկման և պահպանման հետ կապված ծախսերն են և այլ ծախսերը, որոնք պետք է հատուցվեն անկախ առաքված էլեկտրական էներգիայի քանակից: Հաստատուն ծախսերում ներառվում են նաև սույն մեթոդիկայի 2.1.3 և 2.1.4 գլուխների համաձայն հաշվարկվող ծախսերը:

Փոփոխական ծախսերն այն ծախսերն են, որոնք փոփոխվում են կախված առաքված էլեկտրական էներգիայի քանակից և այդ փոփոխությունները պայմանականորեն կարելի է համարել ուղիղ համեմատական այդ քանակին: Այդ ծախսերը ընդգրկում են վառելիքի արժեքը (ջերմային և ատոմային կայաններում), հիմնական սարքավորումների նորոգման ծախսերի մի մասը, որը կարելի է կախվածության մեջ դնել նրանց աշխատաժամերի քանակից: Որոշ դեպքերում, եթե ընկերությունները կիրառում են աշխատանքի վարձատրության պարգևատրային համակարգ, աշխատավարձի մի մասը նույնպես կարող է դասվել փոփոխական ծախսերին:

Հիմնական միջոցների մաշվածության ծախսերը կարող են ընդգրկվել փոփոխական ծախսերի մեջ` հաշվի առնելով նրանց ծառայության ժամկետի (աշխատանքի ներուժի) կախվածությունն աշխատաժամերի քանակից և հետևաբար նաև էլեկտրական էներգիայի արտադրությունից:

Ընկերությունների թույլատրելի շահույթի այն մասը, որն անհրաժեշտ է փոխառու կապիտալի սպասարկման համար, պետք է դասվի հաստատուն ծախսերին, իսկ սեփական կապիտալի շահութաբերության ապահովման և շահութահարկի մասով կարող է մասնակի կամ ամբողջությամբ դասվել փոփոխական ծախսերին:

Բոլոր ընկերությունները պարտավոր են ծախսերի դասակարգման իրենց սկզբունքները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել հանձնաժողովի համաձայնեցմանը:

(3.2-րդ գլուխը լրաց., փոփ. 25.05.16 N 127-Ն)

 

4. Սակագների մշակումը

 

4.1. Սակագների կառուցվածքի ընտրությունը

 

Էլեկտրաէներգիա արտադրող տարբեր ընկերությունների համար սակագների կառուցվածքը կարող է լինել տարբեր: Կառուցվածքի ընտրությունը կախված է էլեկտրաէներգետիկական համակարգի պահանջներից և այդ պահանջները բավարարելու համար տվյալ ընկերության կողմից անհրաժեշտ ծառայություններ մատուցելու հնարավորություններից, որոնք կարող են ներառել` էլեկտրական էներգիայի արտադրությունը, պահուստային հզորությունների ապահովումը, սինխրոն կոմպենսատորի ռեժիմում աշխատանքը, հաճախականության կարգավորումը և այլն:

Ընկերությունների կողմից էլեկտրաէներգետիկական համակարգին մատուցվող ծառայությունների տեսակից, դրանց հաշվառման հնարավորություններից և նպատակահարմարությունից կախված, նրանց համար կարող են կիրառվել միադրույք կամ բազմադրույք սակագներ: Սակագնային դրույքների հաշվարկի հիմք են հանդիսանում դասակարգված` հաստատուն (Ծհ) և փոփոխական (Ծփ) ծախսերի տարբեր ծառայությունների միջև բաշխված մեծությունները:

Սակագների կառուցվածքը, սակագնային դրույքների միջոցով վճարման ենթակա ծառայությունների տեսակները և դրանց միջև ծախսերի բաշխման սկզբունքները ընկերությունների ներկայացմամբ հաստատում է հանձնաժողովը:


4.2. Ծառայությունների քանակի միավորներ

 

Ծառայությունների քանակի միավորներն իրենցից ներկայացնում են ֆիզիկական մեծություններ, որոնց նկատմամբ կիրառվում են վճարման դրույքները.

Դրանք են`

ա) առաքված էլեկտրական էներգիայի քանակի միավոր (կՎտ.ժ),

բ) պայմանագրային պատրաստական հզորության միավոր (կՎտ),

գ) սինխրոն կոմպենսատորի ռեժիմում ռեակտիվ էներգիայի արտադրության միավոր (կՎար),

դ) հաճախականության ավտոմատ կարգավորման միավոր (կՎտ):

Համակարգային այլ ծառայությունների մատուցման դեպքում կարող են կիրառվել նաև, այդ ծառայությունները բնորոշող և չափող միավորներ:


4.3. Սակագնային դրույքների հաշվարկը

 

4.3.1. Միադրույք սակագնային համակարգ

 

Միադրույք սակագները սահմանվում են այն արտադրող ընկերությունների համար,
որոնց աշխատանքի ռեժիմները չեն կարգավորվում համակարգի օպերատորի կողմից: Դրանք են` օրական կարգավորում չունեցող հիդրոէլեկտրակայանները, հողմային կայանները և վերականգնվող էներգետիկական ռեսուրսներ օգտագործող այլ կայաններ, որոնք բացի էլեկտրական էներգիայի արտադրությունից համակարգային այլ ծառայություններ չեն մատուցում:

Միադրույք սակագներում ծառայությունների քանակի միավոր, որպես կանոն, հանդիսանում է էլեկտրական էներգիայի քանակի միավորը (կՎտ.ժ):

Միադրույք սակագնի կիրառման դեպքում ծախսերի դասակարգում չի կատարվում և սակագինը հաշվարկվում է որպես ընկերության անհրաժեշտ հասույթի (ԱՀ) և գնորդին տարվա ընթացքում առաքվող էլեկտրական էներգիայի (Wառ) հարաբերություն`

Ս= 

ԱՀ

Wառ

Տարվա ընթացքում առաքվող էլեկտրական էներգիայի հաշվարկային մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

     Wառ= Wարտ  - Wկսկ

որտեղ`

Wարտ - էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի հաշվարկային մեծությունն է (կՎտ.ժ),

Wկսկ - կայանի տարրերում տեղի ունեցող կորուստների և սեփական կարիքների վրա ծախսվող էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ.ժ):

Տարեկան արտադրանքի հաշվարկային մեծությունը ընդունվում է կայանի նախագծային միջին բազմամյա արտադրանքին հավասար: Եթե շահագործման ընթացքում օբյեկտիվ պատճառներով տեղի են ունեցել նախագծային ցուցանիշներից շեղումներ, ապա ընկերությունը հանձնաժողով է ներկայացնում միջին բազմամյա արտադրանքի վերաբերյալ լիցենզավորված մասնագիտական կազմակերպության կողմից կատարված նոր հաշվարկ:

Կայանի տարրերում տեղի ունեցող կորուստների և սեփական կարիքների վրա ծախսվող էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկը կատարվում է ընկերությունների կողմից մշակված և հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայով:

 

4.3.2. Երկդրույք սակագնային համակարգ

 

Երկդրույք սակագնային համակարգում ընկերությունների` վճարման ենթակա ծառայություններ են հանդիսանում` էլեկտրական էներգիայի առաքումը, որի քանակի չափման միավոր է հանդիսանում կՎտ.ժ-ը և պայմանագրային պատրաստական հզորությունը, որի քանակի չափման միավոր է հանդիսանում կՎտ-ը:

Երկդրույք սակագներ կիրառվում են այն ընկերությունների համար, որոնց մասնակցությունը էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշռում ամեն պահի հրահանգվում է համակարգի օպերատորի կողմից: Դրանց շարքին են դասվում օրական կարգավորում ունեցող ՀԷԿ-երը և ՀԷԿ-երի կասկադները, ՋԷԿ-երը, որոնց աշխատանքն ամբողջությամբ չի թելադրվում ջերմային էներգիայի սպառումով, և ատոմային էլեկտրակայանը:

Երկդրույք սակագների էլեկտրական էներգիայի դրույքը (ՍԴw) որոշվում է հետևյալ բանաձևով` 
    

 

ՍԴw= 

Ծփ

Wառ

(դր/(կՎտ.ժ),

 

որտեղ`

Ծփ- ծախսերի դասակարգման արդյունքում հաշվարկված ընկերության փոփոխական
ծախսերն են,

Wառ- հաշվարկային տարվա ընթացքում առաքվող էլեկտրական էներգիայի քանակն է:

Առաքվող էլեկտրական էներգիայի քանակը (Wառ) կախված է հաշվարկային տարվա էլեկտրական էներգիայի հաշվեկշռում ընկերության մասնակցությունից և հաշվարկվում է համակարգի օպերատորի կողմից համակարգի տարեկան ռեժիմների պլանավորման ժամանակ:

Երկդրույք սակագների հզորության դրույքը (ՍԴN) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՍԴN= Ծհ /

12
∑Nպt
i=1

(դր/կՎտ.ամիս),


 

որտեղ`

Ծհ - ծախսերի դասակարգման արդյունքում հաշվարկված ընկերության հաստատուն ծախսերն են,

Nպt- ընկերության պայմանագրային պատրաստական հզորության մեծությունն է հաշվարկային տարվա t-րդ ամսում:

Պայմանագրային պատրաստական հզորությունների մեծությունը որոշվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

(4.3.2-րդ գլուխը խմբ. 25.05.16 N 127-Ն)

 

4.3.3. Բազմադրույք սակագներ

 

Այն ընկերությունները, որոնք բացի էլեկտրական էներգիայից և հզորությունից, մատուցում են համակարգի կայուն աշխատանքը և էլեկտրական էներգիայի որակն ապահովող այլ ծառայություններ, կարող են հաշվառման և առանձին սակագնային դրույքներով վճարման ենթակա դարձնել այդ ծառայությունները:

Այդ դեպքում սակագնային դրույքների հաշվարկի համար անհրաժեշտություն է առաջանում հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով բաշխել դասակարգված հաստատուն և փոփոխական ծախսերը մատուցվող բոլոր ծառայությունների միջև, որոշելով յուրաքանչյուր ծառայության մատուցման համար ընկերության կողմից կատարվող տարեկան ծախսերը:

Յուրաքանչյուր ծառայության սակագնային դրույքը կորոշվի որպես նրա համար կատարվող տարեկան ծախսերի և ծառայության տարեկան քանակի հարաբերություն:

(4.3.3-րդ գլուխը փոփ. 25.05.16 N 127-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 25.05.16 N 127-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.11.2022, N 520-Ն 10.12.2022, N 125-Ն
08.12.2021, N 423-Ն 14.12.2021, N 125-Ն
25.05.2016, N 127-Ն 25.06.2016, N 125-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան