Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 28
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
28.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
28.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մայիսի 2015 թվականի

թիվ 28

քաղ. Աստանա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՄԱԿՆՇՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ (ՓՈՐՁՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ 2015 - 2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Ապրանքներն ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման ներմուծման պիլոտային (փորձնական) ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու վերաբերյալ համաձայնագրի նախագծին» (կցվում է)։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` մինչև 2015 թվականի հունիսի 30-ն անցկացնել սույն Որոշման 1-ին կետում նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր` նկատի ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում դրա ստորագրումը։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին առաջարկել` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ` հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշմանը վերաբերող հարցերի մասով։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՄԱԿՆՇՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ (ՓՈՐՁՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ 2015 - 2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ` անդամ պետություններ`

ապրանքների օրինական շրջանառությունն ապահովելու նպատակով,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը.

«անդամ պետության իրավասու (լիազոր) մարմին»` անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է ապահովելու`

այն ապրանքների շրջանառության հսկողությունը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշելու մասին որոշում,

հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշման ազգային համակարգի գործունեությունը,

անդամ պետության գործադիր իշխանության մարմինների` այն ապրանքների շրջանառության հսկողության հետ կապված գործունեության համակարգումը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշելու մասին որոշում,

«հսկիչ (նույնականացման) նշան»` խիստ հաշվետվության ձևաթուղթ` կեղծումից պաշտպանության տարրերով (միջոցներով) (պաշտպանված պոլիգրաֆիական արտադրանք), որը նախատեսված է ապրանքների մակնշման համար։ Թույլատրվում է ներկառուցված ռադիոհաճախականությունների նշումներ պարունակող հսկիչ նշանների կիրառումը,

«հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշում»` հաստատված նմուշի հսկիչ (նույնականացման) նշանների զետեղումն ապրանքների վրա,

«ապրանքների շրջանառություն»` անդամ պետությունների տարածքներում ապրանքների պահպանություն, փոխադրում, արտադրություն, Եվրասիական տնտեսական մաքսային տարածք ներմուծում, ձեռքբերում և իրացում (վաճառք),

«մեծածախ առևտուր»` առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ` դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում` վերավաճառքի համար) կամ այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն անձնական, ընտանեկան, կենցաղային և նմանատիպ այլ օգտագործման հետ,

«մանրածախ առևտուր»` առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ` դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ,

«ապրանքներ»` արտադրանք ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշելու մասին որոշում,

«առևտրային գործունեություն»` ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեության տեսակ,

«ապրանքների անդրսահմանային առևտուր»` ապրանքների` մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվող մեծածախ առևտուր։

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագրով սահմանվում է հսկիչ (նույնականացման) նշաններով (այսուհետ` հսկիչ նշաններ) ապրանքների մակնշման կարգը` այն ապրանքներն ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի մակնշման պիլոտային (փորձնական) ծրագիրը 2015 - 2016 թվականներին իրագործելիս, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ նշաններով մակնշման մասին որոշում։

2. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների շրջանառության հետ, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ նշաններով մակնշման մասին որոշում, ինչպես նաև այն իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց վրա, որոնք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում իրականացնում են նման ապրանքների շրջանառություն և (կամ) օգտագործում։

 

Հոդված 3

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատում է հսկիչ նշաններով մակնշման ենթակա ապրանքների ցանկը (այսուհետ` Ցանկ)։

2. Ցանկը հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումը (այսուհետ` որոշում) ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այդ որոշման պաշտոնական հրապարակումից հետո 60 օրացուցային օրը լրանալուց հետո։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 16-րդ կետով նախատեսված կարգով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված)։

3. Հսկիչ նշաններով մակնշվում են Ցանկում ներառված, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և (կամ) Միության անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքները` բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։

Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների մակնշումը հսկիչ նշաններով` Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս։

4. Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) արգելվում է Ցանկում ներառված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, տրանսպորտային փոխադրումը և վաճառքը` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Միության անդամ պետությունների տարածքներում` առանց հսկիչ նշանների կամ ապրանքների վրա սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով` բացառությամբ Ցանկում ներառված ապրանքների` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային սենքեր տրանսպորտային փոխադրման, և նման սենքերում նշված ապրանքների պահպանման,

բ) Ցանկում ներառված ապրանքների ձևակերպումը «վերաներմուծում» և «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով իրականացվում է այդ ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։

Հսկիչ նշաններով մակնշումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային սենքերում, եթե նման մակնշման հնարավորություն նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

5. Ցանկում ներառված ապրանքների` հսկիչ նշաններով մակնշման վերաբերյալ պահանջները չեն տարածվում հետևյալի վրա.

ա) մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների տրանսպորտային փոխադրում` դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,

բ) ապրանքների տրանսպորտային փոխադրում` մաքսային հսկողության ներքո,

գ) ստանդարտացման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով իրականացվող փորձարկումների անցկացման համար նախատեսված ապրանքների` անհրաժեշտ քանակով փորձանմուշների ու նմուշների տրանսպորտային փոխադրում և պահպանում,

դ) միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների ու մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծված ապրանքներ,

ե) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն հանդիսացող ապրանքներ,

զ) մանրածախ առևտրի շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերված և գնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների տրանսպորտային փոխադրում և պահպանում` ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,

է) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացում (վաճառք),

ը) մաքսային հսկողության գոտիներում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանում` ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում,

թ) ապրանքների պահպանում և օգտագործում` դրանք արտադրողների կողմից,

ժ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանում, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով` նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում` նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,

ժա) բռնագանձված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամուտի վերածված ապրանքների և այնպիսի ապրանքների ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տրանսպորտային փոխադրում և վաճառք, որոնց վրա բռնագանձումը տարածվում է չկատարված այն պարտավորությունների հաշվին, որոնք նախատեսված են անդամ պետությունների հարկային և մաքսային օրենսդրությամբ,

ժբ) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծված և մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների տրանսպորտային փոխադրում, պահպանում և օգտագործում։

 

Հոդված 4

 

Ցանկը հաստատելու և (կամ) Ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած`

ա) հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունները պատրաստված և իրացված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում գրանցված են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,

բ) Ցանկում ներառված ապրանքների` Միության մաքսային տարածք ներմուծում և (կամ) արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները մակնշում են հսկիչ նշաններով և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

գ) Ցանկում ներառված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

դ) Ցանկում ապրանքներ ներառելու դեպքում այդպիսի ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հսկիչ նշաններով մակնշում են այդ ապրանքների մնացորդներն այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում իրենք գրանցված են, և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

ե) գնորդների կողմից վերադարձված ապրանքների առևտուր և (կամ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված կոմիսիայի պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում` նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը, հսկիչ նշաններով մակնշում են այդ ապրանքները և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

զ) Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են, եթե այդ տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։

 

Հոդված 5

 

1. Անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմիններն անդամ պետությունների վերահսկողության և իրավապահ այլ մարմինների հետ համատեղ ապահովում են Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությունը։

2. Սույն Համաձայնագրի կատարման դիտանցում և հսկողություն, Ցանկում ներառված ապրանքների` անդրսահմանային առևտրի ժամանակ շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ապահովվում է տեղեկատվական փոխգործակցություն` անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների, ինչպես նաև անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև։

3. Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ սույն Համաձայնագրով սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն կնախատեսեն։

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնում են իրավասու (լիազոր) մարմինների մասին։

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կհաստատի`

ա) հսկիչ նշանի բնութագիրը, դրա զետեղման կարգը, ինչպես նաև այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք պետք է պարունակվեն հսկիչ նշաններում,

բ) ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները,

գ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից փոխանցվում են իրենց անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,

դ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում են իրենց անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,

ե) անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը, ինչպես նաև սույն Համաձայնագրի կատարման դիտանցման և հսկողության, ինչպես նաև Ցանկում ներառված ապրանքների շրջանառության և օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները։

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կորոշեն հսկիչ նշանների իրացման և հաշվառման կարգը։

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կապահովեն ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգի գործունեությունը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված պահանջներին համապատասխան։

5. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների ռեեստրները, որոնք կիրականացնեն հսկիչ նշանների պատրաստումն ու իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։

6. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կսահմանեն այն մասնագիտացված պահեստային սենքերին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է ներքին սպառման, ինչպես նաև վերաներմուծման համար դրանց բացթողումից հետո ապրանքների` հսկիչ նշաններով մակնշումը, և (կամ) կորոշեն այդ պահեստային սենքերի ցանկը։

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 8

 

Ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ և փոխադարձ պայմանավորվածությամբ` սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11–րդ հոդվածի համաձայն։

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և կազմում է Միության իրավունքի մաս։

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում։

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Կատարված է _______________ քաղաքում, ______ թվականի __________ -ին, մեկ օրինակից` ռուսերենով։

 

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետության
կողմից

Բելառուսի
Հանրապետության
կողմից

Ղազախստանի
Հանրապետության
կողմից

Ռուսաստանի
Դաշնության
կողմից