Գլխավոր տեղեկություն
Номер
N 273-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.30/24(1204) Հոդ.270
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2016
Дата вступления в силу
31.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2016 թվականի N 273-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 15-րդ կետի 7-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2016 թվականի հունիսի 1-ը ներկայացնել առաջարկություն` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության 2016 թվականի ծրագրի իրականացման համար 69042.3 հազ. դրամի չափով ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 23

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 273-Ն որոշման

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։

2. Տարածքային համաչափ զարգացման և երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման տեսանկյունից մեծապես կարևորվում է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը, որի նպատակն է Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովումը։ Մարզային քաղաքների զարգացումը հնարավորություն կընձեռի ոչ միայն կրճատել վերջիններիս և Երևանի միջև սոցիալ-տնտեսական զարգացման անհամամասնությունները, այլև բարձրացնել դրանց դերը որպես տնտեսության տարբեր բնագավառներում մրցակցային առավելություններ ունեցող տարածաշրջանային կենտրոններ` ապահովելով տարածքային անհամաչափությունների համահարթեցումը և արդյունքում` երկրի կայուն տնտեսական աճը:

3. Հաշվի առնելով Գյումրի քաղաքի դերը Հայաստանի տնտեսության մեջ, տեխնոլոգիական զարգացման առկա ներուժը, համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների, կրթական հաստատությունների և տեխնոլոգիական ավանդույթների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Գյումրի քաղաքում տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիր, որտեղ ներկայացված են բարձր տեխնոլոգիաներ կիրառող տեղական և օտարերկրյա մի շարք կազմակերպություններ:

4. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն իր մեջ ներառում է տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, հանդիպման սենյակներ և այլն: Կենտրոնի նպատակն է տրամադրել տեխնոլոգիական աջակցություն և ինկուբացիոն ծառայություններ Գյումրու տարածաշրջանի ինչպես գործող, այնպես էլ սկսնակ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին` խթանելով դրանց զարգացումը և ներքին ու արտաքին շուկաներ մրցունակ արտադրանքի դուրսբերումը:

5. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայվել են 23 տեղական և օտարերկրյա կազմակերպություններ: Կենտրոնի առկա կիրառելի տարածքի զբաղվածությունը կազմում է 99%: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր:

6. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ուսումնական, հետազոտական և ինկուբացիոն լաբորատորիաներում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, որոնց շրջանակում պատրաստվել և վերապատրաստվել են 1360 աշակերտներ, ուսանողներ և մասնագետներ, բիզնես աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրվել 160 թիմերի, ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի, կազմակերպվել են մի շարք աշխատաժողովներ, սեմինարներ, հանդիպումներ, շնորհանդեսներ և այլն:

7. Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված մոդելը` Համաշխարհային բանկի Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության վարկային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացվում է համանման տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագիր: Վերջինս հիմք կհանդիսանա ոչ միայն մարզի տնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման համար, այլև հնարավորություն կընձեռի ձևավորելու տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց, որը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ մեկտեղ կնպաստի Հայաստանի ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացին, մրցունակության և վարկանիշի բարձրացմանը: Նշված ծրագիրը կնպաստի Վանաձոր քաղաքում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության ու խորհրդատվության տրամադրմանը:

8. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում հայտարարվել է շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից ներկայումս իրականացվում են կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016 թվականին: Մինչև հիմնական տարածքի գործարկումը կենտրոնն իր գործունեությունը կծավալի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի կողմից տրամադրված ժամանակավոր աշխատանքային տարածքում:

9. Ներկայումս, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվում են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետագա բնականոն գործունեության ապահովմանն ուղղված մի շարք նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես, կենտրոնին հատկացված ժամանակավոր աշխատանքային տարածքում հիմնվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուղղվածությամբ ուսումնական լաբորատորիաներ, պատրաստվել և վերապատրաստվել են 900 աշակերտներ, ուսանողներ և մասնագետներ, առնվազն 100 թիմերի, սկսնակ և գործող ընկերությունների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

10. Ծրագրի մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է։

11. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի «Գլխավոր օպերատոր ճանաչելու, գույքի նվիրատվության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1203-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1341-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և գլխավոր օպերատոր ճանաչելու մասին» N 227-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 755-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

12. Ծրագրի իրականացման նպատակն է Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովումը, որը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների ստեղծմանը կամ ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև բիզնես աջակցության և խորհրդատվության տրամադրմանը: Ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները`

1) արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրում և ակտիվացում` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի ու հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացման համար.

2) շուկայական տնտեսության այնպիսի մեխանիզմների ձևավորում, որոնք կխթանեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ և ԲՏ) ոլորտներում մրցունակ ապրանքների արտադրությունը.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ-ի ոլորտների փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծման ու զարգացման պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորում.

4) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանն ուղղված ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա).

5) ՏՏ և ԲՏ-ի ոլորտների սկսնակ ընկերություններին և թիմերին աջակցության տրամադրում.

6) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ-ի ոլորտների որակյալ մասնագիտական ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.

7) տեխնոլոգիական մշակումների առևտրայնացման խթանում.

8) գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում:

13. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են`

1) ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում.

2) նոր, բարձր հավելյալ արժեք ձևավորող սկսնակ ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանն աջակցություն.

3) ՏՏ և ԲՏ-ի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում.

4) հետազոտական ծրագրերի իրականացում.

5) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծում ու զարգացում.

6) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի տնտեսության առաջանցիկ տեմպերով աճ.

7) Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը, տարածքային համաչափ զարգացման և աղքատության հաղթահարմանը նպաստում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

14. Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ-ի ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների, նպաստավոր պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, և այն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով` որպես պետական աջակցություն:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

15. Ծրագրի միջոցառումներն ուղղված են Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովմանը:

16. Ծրագրի շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը`

1) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում-միջոցառման շրջանակում նախատեսվում է կենտրոնի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովում: Ներգրավված մասնագետները կմասնակցեն կենտրոնի կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, մասնավորապես, նորաստեղծ կազմակերպությունների հիմնադրման աշխատանքներին, գործունեության բիզնես պլանավորման փաստաթղթերի մշակմանը, գործարար կապերի հաստատմանը, նորաստեղծ կազմակերպություններին խորհրդատվության տրամադրմանը և այլն: Ընդհանուր առմամբ, միջոցառման շրջանակում ակնկալվում է ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում: 2016 թվականին նշված միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 2016 թվականի միջոցառման արդյունավետ կազմակերպումն է, տարեկան առնվազն 300 տեխնոլոգիական մասնագետների պատրաստումը և վերապատրաստումն է, առնվազն 20 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրումն է: Այս միջոցառումը նախատեսում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աշխատողների վարձատրության և գրասենյակի պահպանման համար համապատասխան ծախսեր.

2) Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում-միջոցառման շրջանակում նախատեսվում է կենտրոնի հիմնական շենքի գործարկում և կառավարում, կրթական ծրագրերի մշակում, ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում: 2016 թվականին նշված միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի 2016 թվականին նշված միջոցառման արդյունավետ կազմակերպումն է, տարեկան առնվազն 100 տեխնոլոգիական մասնագետների պատրաստումը և վերապատրաստումն է, առնվազն 10 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրումն է: Այս միջոցառումը նախատեսում է տեխնոլոգիական կենտրոնի աշխատողների վարձատրության և գրասենյակի պահպանման համար համապատասխան ծախսեր:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

17. Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագիրը կիրականացվի 222000 հազար դրամի չափով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 273-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի   Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսա-վորման աղբյուրը

Կատարման արդյունքները

1.

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ Շիրակի մարզում տեխնոլոգիատար ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների որակյալ մասնագիտական ներուժի պահպանմանն ու զարգացման, երիտասարդ տեխնոլոգիական մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խթանում

2.

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ Լոռու մարզում տեխնոլոգիատար ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների որակյալ մասնագիտական ներուժի պահպանմանն ու զարգացման, երիտասարդ տեխնոլոգիական մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խթանում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան