ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2011 թվականի N 123-Ն
ԳԱՅԼԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` յուրաքանչյուր գլխի համար` 123346 դրամ:
(2-րդ կետը փոփ. 16.04.15 N 431-Ն)
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 10000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 24 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԱՅԼԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Գայլերի թվաքանակի կարգավորման հետ կապված միջոցառումները (որսը) կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այսուհետ` անձինք), ովքեր ունեն՝
1) որսորդական վկայական.
2) հրազենով որս իրականացնելու դեպքում՝ որսորդական զենք կրելու վկայական։
3. Գայլերի որսն իրականացվում է՝
1) որսորդական ողորկափող հրազենով.
2) ակոսափող հրազենով.
3) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.16 N 396-Ն)
(3-րդ կետը փոփ. 21.04.16 N 396-Ն)
4. Բացառիկ դեպքերում գայլերի ոչնչացումը Հայաստանի Հանրապետության տարածքում անձինք կարող են իրականացնել նաև առանց սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանների, եթե գայլերը իրենց կենսակերպով և վարքով հասցնում են կամ կարող են վնաս հասցնել մարդու գործունեությանը կամ կյանքին։ Տվյալ դեպքում գայլերի ոչնչացման համար անձանց կողմից կարող են օգտագործվել նաև սույն կարգի 3-րդ կետում չնշված գործիքներ և այլ հարմարանքներ։
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հաստատմամբ կազմվում է համապատասխան փաստաթուղթ (ակտ, արձանագրություն գայլերի ոչնչացման վերաբերյալ)։
6. Գայլերի որսն իրականացրած և սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք գրանցվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված` գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով)։
Հանձնաժողովի կազմը և գործունեության աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով:
(6-րդ կետը փոփ. 16.02.12 N 146-Ն)
7. Որսած գայլերի դիմաց սահմանված պարգևատրման գումարներն անձանց տրամադրվում են սույն կարգում նշված պայմանների համաձայն, ինչպես նաև գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում։
8. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում ոչնչացված գայլերի դիմաց սահմանված պարգևատրման գումարներն անձանց տրամադրվում է հանձնաժողովում գրանցվելու, ինչպես նաև տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթուղթը և գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում։
(8-րդ կետը լրաց. 16.02.12 N 146-Ն)
9. Գայլերի որսն իրականացրած անձինք, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք գայլի մորթին ներկայացնում են հանձնաժողովին` կատարված գործողության պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում։
(9-րդ կետը փոփ. 16.02.12 N 146-Ն)
10. Պարգևատրման գումարները տրամադրվում են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և գայլի մորթին հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
10.1. Որսված գայլի մորթին հանձնաժողովի կողմից չի ընդունվում և որսված գայլի դիմաց սահմանված պարգևավճարը չի վճարվում, եթե՝
1) խախտվել է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետը.
2) հանձնաժողով չի ներկայացվել`
ա. որսորդական վկայականը,
բ. որսը համայնքի բնակավայրի սահմաններում իրականացվելու դեպքում` սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթուղթը.
3) գայլը որսվել է արգելված եղանակով (ձգօղակով, թունավորելով, պայթեցնելով).
4) ներկայացվել է որսված գայլի քայքայված մորթի.
5) ներկայացված փաստաթղթերում տեղեկատվությունը լիարժեք չէ (որսորդական վկայականը կամ որսորդական զենք կրելու վկայականը ժամկետանց է, սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում 5-րդ կետով սահմանված փաստաթղթում բացակայում են գայլ որսացողի անձնական տվյալները, որսալու վայրը, ձևը, ժամանակը):
(10.1-ին կետը լրաց. 16.04.15 N 431-Ն)
11. Անձինք գայլերի որսի իրականացման ժամանակ պետք է առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն հրամանով հաստատված որսի կանոնների դրույթներով:
12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տրված համապատասխան գումարն ամբողջությամբ սպառելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրում, ինչպես նաև 5 աշխատանքային օրվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է անում գումարի սպառման և գայլերի մորթին չընդունելու մասին։
(12-րդ կետը լրաց. 16.02.12 N 146-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 16.02.12 N 146-Ն, լրաց. 16.04.15 N 431-Ն, փոփ. 21.04.16 N 396-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |