ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 մարտի 2016 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 02.02.2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում` «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը 40.000.000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու նպատակով:
Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրերի Ստանդարտ պայմանները», այսուհետ՝ «Ստանդարտ պայմաններ» (Համաձայնագրի Հավելված 1), Հավելված 2-ը՝ «Ներդրումային վարկի պայմանները», Հավելված 3-ը՝ «Հիմնական պարտքի մարման ժամանակացույց», Հավելված 4-ը՝ «Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերի տեսակները», Հավելված 5-ը՝ «Ծրագրի նկարագրությունը և իրականացման կարգը», Հավելված 6-ը՝ «Ծրագրի մոնիտորինգ և գնահատում», Հավելված 7-ը՝ «Գնումների ընթացակարգեր» և Հավելված 8-ը՝ «Միջոցների ծախսման ընթացակարգերը»:
Ծրագրի նպատակն է ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացումը, ոռոգվող հողերի մակերեսի ընդլայնումը, Ջրօգտագործողների միավորումների (ՋՕՄ) կառավարչական կարողությունների զարգացումը և տեխնիկական հագեցվածության բարձրացումը, ՋՕՄ ֆեդերացիաների ստեղծումը:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից՝ Մաս 1. «Մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգմամբ», Մաս 2. «Մայր ջրանցքների և երկրորդ շարքի ջրանցքների վերականգնում», Մաս 3. «ՋՕՄ-երի ներտնտեսային բաշխիչ ցանցերի արդիականացում», Մաս 4. «Ծրագրի կառավարումը: ՋՕՄ-երի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և ՋՕՄ-երի ֆեդերացիաների ստեղծման պիլոտային ծրագիր», Մաս 4.1. «Ծրագրի կառավարումը», Մաս 4.2. «ՋՕՄ-երի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և ՋՕՄ-երի ֆեդերացիաների ստեղծման պիլոտային ծրագիր»:
Համաձայնագրով՝ Կառավարիչը Հիմնադրամի մասնակիցների անունից և նրանց հանձնարարությամբ Հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում Ներդրումային վարկ՝ 40.000.000 (քառասուն միլիոն) ԱՄՆ դոլարի չափով (այսուհետ` Ներդրումային վարկ)՝ Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով, «Ոռոգման համակարգերի արդիականացում» Ծրագրի ֆինանսավորման համար՝ նկարագրված Համաձայնագրի Հավելված 5-ում: Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտը 2021 թվականի հունիսի 30-ն է կամ ավելի ուշ ժամկետ, որը Կառավարիչը կարող է սահմանել ՀՀ դիմումի հիման վրա: Ներդրումային վարկի օգտագործման ժամկետը Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ 20 (քսան) տարուց ոչ ավել է, ներառյալ այն ժամանակահատվածը, ուժի մեջ մտնելու ամսաթվից 10 (տասը) տարուց ոչ ավել, որի ընթացքում Հիմնական պարտքի մարում չի կատարվում (այսուհետ՝ Արտոնյալ ժամանակահատված): Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկի արժույթը ԱՄՆ դոլարն է:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Ներդրումային վարկի նպատակների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարկի արտարժույթով բացել և վարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվի առանձին ենթահաշիվ (այսուհետ՝ Հատուկ հաշվեհամար) Կառավարչի համար ընդունելի պայմաններով՝ ներառյալ հաշվեհամարի պատշաճ պաշտպանությունը ցանկացած տեսակի հայցերից, առգրավումներից, կալանքներից կամ ոչ նպատակային օգտագործումից (հոդված 2, կետ 2.2, մաս 2),
- Ներդրումային վարկի միջոցները չօգտագործել Ստանդարտ պայմանների 2.03 բաժնում նշված Հարկերի ֆինանսավորման և վճարման նպատակով (հոդված 2, կետ 2.4),
- վճարել Ներդրումային վարկի սպասարկման և մարման համար Սկզբնական միանվագ միջնորդավճար՝ 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոս, որը հաշվեգրվում և վճարվում է Ստանդարտ պայմանների 3.01 բաժնի «ա» կետին համապատասխան (հոդված 3, կետ 3.1, մաս 1, Հավելված 2),
- Ներդրումային վարկի հիմնական պարտքը մարել սկսած 2025թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2035թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին՝ 2.000.000,00 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար մասնաբաժնով (հոդված 3, կետ 3.1, մաս 2, Հավելված 3),
- ապահովել Ծրագրի համաֆինանսավորումը՝ Համաձայնագրի Հավելված 4-ին համապատասխան և տեխնիկական միջոցների, ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք անհրաժեշտ են Ծրագրի արդյունավետ կատարման համար՝ Ստանդարտ պայմանների 4.01 բաժնի «բ» կետին համապատասխան, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ապահովել անհրաժեշտ ծավալի հատկացումներ նշված ծախսերի ֆինանսավորման նպատակով (հոդված 4, կետ 4.1, ենթակետ «գ»),
- ապահովել Ծրագրի ֆինանսավորման համար հատկացված միջոցների օգտագործման մասին հաշվետվությունների նախապատրաստումը և տրամադրումը Կառավարչին, ներառյալ՝ Ներդրումային վարկի նախկինում ստացված միջոցների նպատակային օգտագործումը հաստատող և ՀՀ կողմից կատարված և Ներդրումային վարկի միջոցների հաշվին վճարման ենթակա ծախսերի վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը, որը ներառում է միջոցների աղբյուրների և օգտագործման մասին հաշվետվություն, Ծրագրի միջոցառումների գծով միջոցների օգտագործման մասին հաշվետվություն, Հատուկ հաշվից քաղվածք, ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն և Հատուկ հաշվի հավասարակշռված բալանս (հոդված 4, կետ 4.1, ենթակետ «զ», մաս 1, ենթամաս 1),
- մշտական հիմունքներով իրականացնել Ծրագրի կատարման և դրա նպատակների իրագործման մոնիտորինգ և գնահատում Համաձայնագրի Հավելված 6-ի 2-րդ կետում բերված մոնիտորինգի ցուցանիշներին համապատասխան,
- Ներդրումային վարկի միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներն իրականացնել Հիմնադրամի գնումների Քաղաքականությանը (Հիմնադրամի գնումների Քաղաքականության 4.4 կետի «թ» ենթակետը չի կիրառվում), ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների Ուղեցույցին, այն մասով, որը չի հակասում Հիմնադրամի գնումների Քաղաքականությանը, և Գնումների պլանին համապատասխան (Հավելված 7, կետ 1),
- խորհրդատվական ծառայությունների գնումներն իրականացնել Ներդրումային վարկի միջոցների հաշվին Հիմնադրամի գնումների Քաղաքականությանը (Հիմնադրամի գնումների Քաղաքականության 4.4 կետի «թ» ենթակետը չի կիրառվում), ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և հավաքագրման ուղեցույցի այն մասով, որը չի հակասում Հիմնադրամի գնումների Քաղաքականությանը, և Գնումների պլանին համապատասխան (Հավելված 7, կետ 2),
- Կառավարչին վերադարձնել Հատուկ հաշվեհամարի վրա ավանսավորված Ներդրումային վարկի միջոցները, որոնց նպատակային օգտագործումը ՀՀ կողմից չի հաստատվել փաստաթղթերով՝ Համաձայնագրի Հավելված 8-ի 4.1 կետի պահանջներին համապատասխան՝ Վարկի հասանելիության ժամկետի ավարտից 4 (չորս) ամսվա ընթացքում (Հավելված 8, կետ 7):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
10 մարտի 2016 թ. ՍԴՈ-1259 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|