Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1265
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.04.26/33(1213).1 Հոդ.353.12
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.04.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
19.04.2016
Дата вступления в силу
19.04.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 ապրիլի 2016 թ.

 

ԳԱԳԻԿ ՉՐԱՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 340-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` դիմողի ներկայացուցիչ Տ. Եգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գագիկ Չրաղյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Գագիկ Չրաղյանի` 11.12.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատվելը» վերտառությամբ 340-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

2. Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ»:

Օրենսգրքի 340-րդ հոդվածում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2010 թվականի նոյեմբերի 3-ին կնքված պարտավորագրի համաձայն՝ Գ. Հովհաննիսյանը պարտավորվել է 2010 թվականի նոյեմբերին դիմողին՝ Գ. Չրաղյանին, վերադարձնել որոշակի գումար, որը չի վերադարձրել: Դիմողը 2013 թվականի նոյեմբերի 29-ին հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Գ. Հովհաննիսյանի` վերոնշյալ պարտավորագրով նախատեսված գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումով ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:

06.12.2013 թվականին դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին` հայցադիմումը վերադարձնելը պատճառաբանելով, ի թիվս այլնի, պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքով, իսկ միջնորդությունը մերժելը՝ նրանով, որ ներկայացված չեն ապացույցներ պետական տուրքը վճարելու հնարավորության բացակայության մասին (գործ թիվ ՇԴ/1511/02/13): Դիմողը որոշումն ստացել է 12.12.2013 թվականին, իսկ 16.12.2013 թվականին, եռօրյա ժամկետի պահպանմամբ, կրկին հայց է ներկայացրել դատարան:

19.12.2013 թվականին առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վերադարձնել 16.12.2013 թվականին, եռօրյա ժամկետի պահպանմամբ, կրկին ներկայացված հայցադիմումը նույն հիմքով` արձանագրելով, որ չեն կատարվել 06.12.2013 թվականի որոշման պահանջները:

Նշված որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2014թ. որոշմամբ վերադարձվել է, և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2013թ. և 19.12.2013թ. հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները մտել են օրինական ուժի մեջ:

27.12.2013 թվականին դիմողի ներկայացուցիչը փոստային կապի միջոցով նոր հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Գ. Հովհաննիսյանի` վերոնշյալ պարտավորագրով նախատեսված գումարի բռնագանձման պահանջով: Հայցադիմումով ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: 13.01.2014 թվականին դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին` հայցադիմումը վերադարձնելը պատճառաբանելով պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքով, իսկ միջնորդությունը մերժելը՝ նրանով, որ ներկայացված չեն ապացույցներ պետական տուրքը վճարելու հնարավորության բացակայության մասին (գործ թիվ ՇԴ/0014/02/14): Նշված որոշումը չի բողոքարկվել վերաքննության կարգով:

05.02.2014 թվականին նոր հայցադիմում է ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` գումարի բռնագանձման պահանջով, սակայն այլ ծավալի հայցապահանջով: 10.02.2014 թվականին դատարանը որոշում է կայացրել վերադարձնել 05.02.2014 թվականին ներկայացված հայցադիմումն այն պատճառաբանություններով, որ ՇԴ/1511/02/13 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դեռևս անավարտ վիճակում, և որ նման պայմաններում հայցադիմումը ենթակա է վերադարձման (գործ թիվ ՇԴ/0140/02/14):

Վերոնշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2014 թվականի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` հայցադիմումը վերադարձնելու մասին թիվ ՇԴ/0140/02/14 քաղաքացիական գործով 10.02.2014 թվականի որոշումը վերացվել է:

23.04.2014 թվականին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:

Նույն դատարանի 30.09.2014 թվականի վճռով գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը մերժվել է դիմողի կողմից հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ: Միաժամանակ, վկայակոչելով նախորդ` ՇԴ/1511/02/13 և ՇԴ/0014/02/14 որոշումների օրինական ուժի մեջ գտնվելը` դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, որ նշված որոշումներով հայցադիմումների վերադարձը վկայում է սահմանված կարգով հայց չհարուցելու և, հետևաբար, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չհամարվելու մասին:

Նշված վճռի դեմ դիմողը 18.12.2014 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր՝ 12.02.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` վերահաստատելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի իրավական դիրքորոշումները` վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ 0723/02/09 քաղաքացիական գործով 02.04.2010թ. արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ 27.05.2015 թվականի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2015 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված խմբագրությամբ) 1-ին, 18, 19, 30 և 43-րդ հոդվածներին: Մասնավորապես, եթե հայցվորի կողմից պատշաճ կարգով հայց է ներկայացվում դատարան` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, և հայցադիմումին կից չի ներկայացվում պետական տուրքի վճարման անդորրագիրը, քանի որ հայցվորի գույքային դրությունը հնարավորություն չի տալիս վերջինիս վճարել դատարան դիմելու համար անհրաժեշտ պետական տուրքը, միևնույն ժամանակ, հայցվորի կողմից պատշաճ կարգով ներկայացվում է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանի կողմից մերժվում է իր հայեցողական լիազորության շրջանակներում, ապա օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատարանների կողմից նշված դրույթին տրված մեկնաբանության շրջանակներում նման հայցը համարվում է սահմանված կարգով չհարուցված, և նման հայց ներկայացնելու փաստն ինքնին հիմք չի հանդիսանում հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար:

Դիմողի կարծիքով՝ նման մեկնաբանության պայմաններում անձի իրավունքների պաշտպանության հնարավորությունը՝ հայցային վաղեմության ժամկետի իմաստով, ուղղակի կախվածության մեջ է դրվում վերջինիս ֆինանսական հնարավորություններից, և հայցային վաղեմության ժամկետի ընթացքում դատարան դիմելու համար անհրաժեշտ պետական տուրքի վճարման հնարավորության բացակայությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության մերժման պայմաններում, ուղղակի անհնարինություն է ստեղծում հայցվորի համար իր իրավունքների պաշտպանության նկատառումներով նաև հետագայում դատարան դիմելու համար: Արդյունքում, ըստ դիմողի, անհամաչափ սահմանափակում է անձի դատական պաշտպանության իրավունքը` արգելափակելով դատարանի մատչելիությունը վերջինիս համար: Ըստ դիմողի` օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 1-ին, 18-րդ և 19-րդ հոդվածների, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի պահանջների լույսի ներքո պետք է ենթադրի հայցային վաղեմության ժամկետի ընդհատում հայց հարուցելու բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումի վերադարձը դատարանի կողմից կատարվել է միայն հայցվորի կողմից պետական տուրքի չվճարման պատճառաբանությամբ` հայցվորի կողմից, գույքային դրությունից ելնելով, պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդություն ներկայացվելու պայմաններում:

Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2015թ. թիվ ԵԱՆԴ/0052/02/11 գործով կայացված որոշումը, որում ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին տրված մեկնաբանությունը: Դիմողը նաև վկայակոչում է ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, որոնցում «Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները` այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը»:

Դիմողը վկայակոչում է նաև ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ, որոնցում դատարանը գտել է, որ «...այն սահմանափակումները, որոնք զուտ ֆինանսական բնույթ ունեն, պետք է արդարադատության շահերից ելնելով մանրակրկիտ քննության առնվեն...» և «Դատական տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար` անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե ոչ...»:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-902 որոշումները` դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթն անհստակ, անորոշ է ձևակերպված, չի բավարարում «օրենքի որակին» ներկայացվող պահանջները, հետևաբար` հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում երաշխավորված իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքին:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասը հակասահմանադրականության խնդիր չի առաջացնում:

Որպես իր դիրքորոշման հիմնավորում` պատասխանողը նշում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արդար դատաքննության բաղադրատարր համարվող դատարանի մատչելիության վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «(…) Դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և այն կարող է սահմանափակումների ենթարկվել. (…) մատչելիության իրավունքն ինքնին պահանջում է կանոնակարգում պետության կողմից: Այս առնչությամբ անդամ երկրներն օժտված են հայեցողության որոշակի շրջանակով (…): Պարտադիր է, որ կիրառված սահմանափակումները չնվազեցնեն կամ սահմանափակեն դատարանի մատչելիության իրավունքն այնպես կամ այնքանով, որի արդյունքում խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի կարող համարվել 6-րդ հոդվածի 1-ին կետին համահունչ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, կամ եթե կիրառված միջոցի և հետապնդված նպատակի միջև ողջամիտ համաչափություն առկա չէ»:

Պատասխանողը նշում է, որ դատարանի մատչելիության ապահովման նպատակով պետությունը սահմանել է պետական տուրքից ազատման դեպքեր: Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները՝

ա) պետական տուրքի վճարումից ազատում.

բ) պետական տուրքի նվազեցում.

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.

ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Միաժամանակ, օրենքով սահմանվել են այն դեպքերը, երբ անձինք դատարաններում օգտվում են պետական տուրքի գծով արտոնություններից:

Պետական տուրքի հետաձգման հարցը լուծվում է դատարանի՝ համապատասխան միջնորդությունը բավարարելու դեպքում՝ հաշվի առնելով վերջինիս հիմնավորվածությունը: Այն գնահատելու հարցում դատարաններն ունեն հայեցողության որոշակի շրջանակ՝ քննարկելու յուրաքանչյուր դեպքում կոնկրետ հանգամանքներ, ինչը ենթադրում է, որ դատարանները կաշկանդված չեն բոլոր դեպքերում պետական տուրքի վճարման հետաձգման միջնորդության առկայության պայմաններում բավարարելու այն:

Ինչ վերաբերում է խնդրո առարկա դրույթի համապատասխանությանն իրավական որոշակիության սկզբունքին, ապա պատասխանողը հարկ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշման համաձայն որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:

Պատասխանողը վկայակոչում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Հետևաբար, ըստ պատասխանողի՝ օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող «սահմանված կարգով հայցը հարուցելով» բառակապակցությունը հստակ սահմանում է, որ ոչ թե ցանկացած կարգով ներկայացված հայցն է ընդհատում հայցային վաղեմության ժամկետը՝ կարևորելով պարզապես հայց հարուցելու, այն է՝ անձի նկատմամբ պահանջ ներկայացնելու կամահայտնության առկայությունը, այլ բացառապես օրենքով սահմանված կարգով հայց հարուցելը՝ նկատի ունենալով հայցադիմում ներկայացնելու օրենքով սահմանված պահանջները, և այս մասով խնդրո առարկա «դրույթն ամբողջությամբ համապատասխանում է իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի կարգադրագրերի պահանջներին համապատասխանեցնելու գործնական, ռեալ հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին»:

Միաժամանակ, պատասխանողն առաջարկում է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք դիմողը ձևականորեն քննարկելով խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է իր նկատմամբ կայացված դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության հարց, ինչը հանդիսանում է գործի քննությունը մերժելու հիմք:

Այնուամենայնիվ, ամփոփելով ներկայացված փաստարկները՝ պատասխանողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հիմնախնդիրներին՝

- արդյո՞ք վիճարկվող դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որ հնարավորություն է տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալելու օրենսդրի պահանջը, կանխատեսելու դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնելու այդ պահանջներին,

- արդյո՞ք վիճարկվող դրույթը չի սահմանափակում ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված` դատարանի մատչելիության իրավունքն այնքանով, որ անձը զրկվի դատական պաշտպանության իրավունքից:

Միաժամանակ, սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դիմումի մուտքագրման պահին գործել է ՀՀ Սահմանադրությունը՝ 2005 թվականի փոփոխություններով, և դիմողը վիճարկվող իրավադրույթները վիճահարույց է համարել Սահմանադրության այդ խմբագրությամբ 1-ին, 18, 19, 31 և 43-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-3-րդ գլուխներն ուժի մեջ են մտել 2015 թվականի դեկտեմբերի 22-ից, ուստի սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը քննության առարկա է հանդիսանում ՀՀ Սահմանադրության 1-ին, 60, 61, 63 և 79-րդ հոդվածների համատեքստում:

 

6. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասով նախատեսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման երկու հիմք, այն է՝

1. հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով,

2. պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Այս պայմաններից որևէ մեկի առկայությունը բավարար է, որպեսզի ընդհատվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը: Հաշվի առնելով այն, որ դիմողը վիճարկում է միայն հայց հարուցելու միջոցով հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման հիմքը, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատումը կարգավորող դրույթի սահմանադրականությանը:

Ըստ օրենսգրքի վիճարկվող դրույթի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, երբ համապատասխան հայցը հարուցվում է սահմանված կարգով, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Հայց հարուցելու հետ կապված իրավակարգավորումները նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ գլխով, ըստ որի՝ հայց հարուցելն իրենից ներկայացնում է այնպիսի իրավական փաստ, որն ի հայտ է գալիս հայցադիմում ներկայացնելով և դատարանի կողմից համապատասխան որոշմամբ այն ընդունելով:

Հարկ է նշել նաև, որ հայցային վաղեմության ժամկետը և դրա ընթացքի ընդհատումը կարգավորող նորմերը հավասարակշռում են պարտատիրոջ և պարտապանի շահերը: Այդ իսկ պատճառով պարտապանը պետք է տեղյակ լինի հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին: Այն դեպքերում, երբ հայցը սահմանված կարգով չի հարուցվում, պարտապանը կարող է և՛ տեղյակ չլինել պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջների մասին, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ ոչ թե հայց ներկայացնելուց, այլ հայց հարուցելուց հետո է դատարանը հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները պատշաճ ձևով ուղարկում պատասխանողին:

Բացի դրանից, եթե հայցադիմումը սահմանված կարգով չընդունվի դատարանի որոշմամբ, և միայն դատարան հայցադիմում ներկայացնելու փաստն ընդհատի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, ապա չի լինի հստակ երաշխիք, որ ընդհատված ժամկետն ուղղակիորեն վերաբերելու է հետագայում ներկայացվող հայցադիմումի առարկային:

Հետևաբար` սահմանված կարգով հայց հարուցելը փաստվում է հայցադիմումն ընդունելու մասին դատարանի կայացրած որոշմամբ, և եթե դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը չի բողոքարկվել կամ բողոքարկվել է, սակայն չի վերացվել և ուժի մեջ է մտել, ապա դատավարական տեսանկյունից նշանակում է, որ սահմանված կարգով հայց չի հարուցվել:

Միաժամանակ, դիմողն ըստ էության վիճարկում է ոչ թե օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի՝ «սահմանված կարգով հայց հարուցել» դրույթը, այլ բուն կարգի առանձին տարրը, ինչը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկա է, և որի սահմանադրականության հարցը սույն գործի շրջանակներում քննության առարկա չի կարող դառնալ:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Եվրոպական դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշմանը, համաձայն որի՝ «նորմը չի կարող համարվել «օրենք» քանի դեռ այն ձևակերպված չէ բավարար որոշակիությամբ, որպեսզի քաղաքացուն հնարավորություն տա կարգավորել իր վարքագիծը: Նա պետք է ի վիճակի լինի, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի օգնությամբ, այդ հանգամանքներում ողջամիտ աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որոնց նշված գործողությունը կարող է հանգեցնել» (CASE OF MICHAUD v. FRANCE (Application no. 12323/11)):

Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքի լույսի ներքո վեճի առարկա դրույթը, այն է՝ «սահմանված կարգով հայց հարուցելը»` որպես հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման պայման, իր բովանդակությամբ որոշակի է, հնարավորություն է տալիս անձին հստակ ընկալել օրենսդրի կողմից սահմանված պահանջը և կանխատեսել սահմանված կարգով հայց չհարուցելու հետևանքները հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման առնչությամբ:

 

7. Ինչ վերաբերում է առանց տուրքի վճարման հայց ներկայացնելուն և, հետևաբար, սահմանված կարգով հայց չհարուցելու պարագայում հայցային վաղեմության ժամկետի ընթացքի չընդհատվելուն, ապա անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետևյալը.

նախ՝ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Սահմանված կարգով հայց հարուցելու ֆինանսական բաղադրատարրի առնչությամբ` որպես արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի նշանակությանը համարժեք սահմանափակում, պետք է ընդգծել, որ ՀՀ սահմանադրական դատարանն այս հարցի առնչությամբ արտահայտել է իր դիրքորոշումը: Մասնավորապես, իր՝ 25.05.2010 թվականի ՍԴՈ-890 որոշման 6-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի՝ դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ՝ սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ։ Օրենսդիրը կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները՝ կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ։ Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու՝ պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու՝ անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից՝ դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու՝ դիմողի օրինավոր շահի միջև։ Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ»։

Երկրորդ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից։ Այս դրույթը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար։ Ընդ որում, վերոհիշյալ արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը։ Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից անձն ազատվում է օրենքի ուժով, որով բացառվում է այդ պարտականությունից անձին ազատելու հայեցողական մոտեցումը։ Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասը` ելնելով այն սկզբունքից, որ դատական ծախսերը վճարում է դատավարության պարտվող կողմը, սահմանում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։

Երրորդ` հայց հարուցելը միակ հիմքը չէ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար: Ինչպես արդեն նշվել է, օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է նաև պարտապան անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելով: Այս իրավակարգավորումը լրացուցիչ հիմք է անձի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման և դատական պաշտպանության մատչելիության ապահովման համար:

Չորրորդ` հայցային վաղեմության ժամկետի բացթողումը միանշանակ չի ենթադրում անձի կողմից իր իրավունքների դատական պաշտպանության հնարավորության սպառում: Օրենսգրքի 335-րդ հոդվածին համապատասխան դատարանն իրավունքի պաշտպանության մասին պահանջը քննության է առնում անկախ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հանգամանքից, և վիճող կողմի՝ հայցային վաղեմության ժամկետի բացթողման մասին դիմումի բացակայության պարագայում տեղի է ունենում անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացումը: Ավելին, դատարանի կողմից հարգելի ճանաչված բացառիկ դեպքերում օրենսգիրքը նախատեսում է հայցային վաղեմության ժամկետի վերականգնման հնարավորություն, ինչը ևս կարող է երաշխավորել անձի դատական պաշտպանությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 ապրիլի 2016 թ.

ՍԴՈ-1265