ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի N 165-Ա
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի նոյեմբերի 25-ի N 1118-Ա որոշման 2-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառուցապատման ներդրումային ծրագրերի համակարգման խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 15-ի N 165-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
Կառուցապատման ներդրումային ԾՐԱԳՐԵՐԻ համակարգման ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է կառուցապատման ներդրումային համակարգման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:
2. Խորհրդի հիմնական նպատակն է համակարգված մոտեցումների շնորհիվ ներգրավել և իրագործել կառուցապատման կարևոր ներդրումային ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսական աճին և ռազմավարական կարևորության խնդիրների լուծմանը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհուրդը`
1) աջակցում է անհատ ներդրողների և կազմակերպությունների կողմից ներկայացված կառուցապատման ծրագրերի հաստատման աշխատանքում.
2) ապահովում է բարենպաստ պայմաններ ներդրումների համար` բարձրացնելով կառուցապատման ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությունը.
3) համակարգելով ներդրումային ծրագրերի իրականացումը` լուծումներ է տալիս դրանց արդյունավետ իրագործմանը խոչընդոտող խնդիրներին.
4) քննարկում է կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքները:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան առնվազն տարին երկու անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգին համապատասխան:
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
6. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:
7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Խորհրդի նիստերի մասին խորհրդի անդամներին տեղեկացնում է խորհրդի քարտուղարությունը` նիստից առնվազն 5 օր առաջ, իսկ օպերատիվ բնույթի, հրատապ լուծում պահանջող հարցեր քննարկելու անհրաժեշտության դեպքում` մեկ աշխատանքային օր առաջ:
9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Քվորումի բացակայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվում է նոր նիստ:
10. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
11. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի կողմից հաստատված օրակարգով: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը, անհրաժեշտության դեպքում խորհրդի նախագահի որոշմամբ խորհրդի նիստերը կարող են անցկացվել արտագնա:
12. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և այլ մասնակիցներին` նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 4 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:
13. Խորհրդի արտահերթ նիստի դեպքում օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և այլ մասնակիցներին նիստի նույն օրը:
14. Խորհրդի անդամն իրավունք ունի խորհրդի ընդունած որոշմանը համաձայն չլինելու դեպքում ներկայացնելու իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
15. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի նախագծեր (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն), գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր, առաջարկություններ:
16. Հարցի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում վերջինիս քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ոլորտային ռազմավարության խորհուրդների, զանգվածային լրատվամիջոցների, դոնոր և այլ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական խորհրդատուներ:
19. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նախագահի կողմից` նիստի ավարտին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են խորհրդի քարտուղարությունում:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
21. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի նիստի արձանագրությունները.
3) իր բացակայության դեպքում հանձնարարում է խորհրդի այլ անդամին վարել խորհրդի նիստը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
22. Խորհրդի կազմը հաստատվում է, և խորհրդի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
23. Խորհուրդը կարող է ձևավորել աշխատանքային և թեմատիկ խմբեր, փորձագիտական խորհուրդներ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
24. Խորհրդի անդամները՝
1) իրավունք ունեն`
ա. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի աշխատակարգում և այլ հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
բ. ներկայացնելու խորհրդի որոշումների նախագծեր, հայտնելու իրենց կարծիքը խորհրդում քննարկվող ցանկացած հարցի և խորհրդի գործունեության ընթացակարգի վերաբերյալ.
2) պարտավոր են՝
ա. մասնակցել խորհրդի նիստերին,
բ. անհրաժեշտության դեպքում մասնակցել աշխատանքային և թեմատիկ խմբերի նիստերին,
գ. պահպանել խորհրդի աշխատակարգի դրույթները և կատարել խորհրդի որոշումները: Հնարավորինս աջակցել խորհրդի աշխատանքներին և նպաստել դրա որոշումների կատարմանը:
25. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը:
26. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
27. Խորհրդի քարտուղարությունը`
1) նախապատրաստում է նիստին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
3) պետական մարմիններից, ոլորտային խորհուրդներից և այլ շահագրգիռ կողմերից ստացված առաջարկություններն ամփոփում և ներկայացնում է խորհրդի քննարկմանը.
4) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.
5) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը, այդ թվում` կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը,
6) խորհրդի նիստի արձանագրությունը տրամադրում է խորհրդի անդամներին և շահագրգիռ կողմերին:
28. Խորհրդի քարտուղարության պարտականությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
29. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |