Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1258
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.239
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.03.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
10.03.2016
Дата вступления в силу
10.03.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 մարտի 2016 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 02.02.2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է Մոսկվայում` 2015 թվականի դեկտեմբերի 23-ին:

2. Համաձայնագրի նպատակն է ստեղծել տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ:

3. Համաձայնագրի անբաժանելի մաս է հանդիսանում «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին» կանոնակարգը, որով սահմանվում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հիմնական խնդիրները, գործառույթները, ինչպես նաև տեղաբաշխման և կիրառման սկզբունքները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

 տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ռուսական կողմի հետ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ (հոդված 2, մաս 1),

 ապահովել, որպեսզի խաղաղ ժամանակ ՀՀ լիազորված մարմինը (ՀՀ պաշտպանության նախարարությունը) ռուսական կողմի լիազորված մարմնի (ՌԴ պաշտպանության նախարարության) հետ կազմակերպի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ կիրառման պլանավորումը, հակաօդային պաշտպանության ուղղությամբ իրենց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը (հոդված 7),

 ապահովել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգում հատկացված ՀՀ զորքերի (ուժերի) մարտական պատրաստվածությունը, պահպանել դրանց՝ անձնակազմով, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրվածության սահմանված մակարդակը, իրականացնել նյութատեխնիկական ապահովումը (հոդված 9),

 ապահովել Համաձայնագրի կիրառման ընթացքում ստացած` Հայաստանի Հանրապետության պետական ու ծառայողական գաղտնիք և Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» 2002թ. նոյեմբերի 5-ի համաձայնագրին համապատասխան և Համաձայնագրի կիրառման ընթացքում, ինչպես նաև դրա գործողության դադարեցման դեպքում չհրապարակել ստացած վերոհիշյալ տեղեկությունները (հոդված 12):

5. Համաձայն Համաձայնագրի 6-րդ հոդվածի՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը, իսկ Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը:

6. Համաձայնագրում հղում է կատարվում մի շարք միջազգային պայմանագրերի, որոնք են. 1992թ. մայիսի 15-ի՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագիրը /ՀՀ կողմից վավերացվել է 1992 թվականի հուլիսի 28-ին, Գերագույն Խորհրդի Հ.Ն-0676-I որոշմամբ/, 1995 թվականի փետրվարի 10-ի՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը /ՀՀ կողմից վավերացվել է 1995 թվականի նոյեմբերի 20-ին, Ազգային ժողովի Ն-065-I որոշմամբ/, 2000 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագիրը /ՀՀ կողմից վավերացվել է 2001 թվականի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի Ն-147-2 որոշմամբ (ՍԴՈ-267)/, 2000 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների և ռուսաստանյան ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների և լիազորությունների մասին» համաձայնագիրը /ՀՀ կողմից վավերացվել է 2001 թվականի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի Ն-150-2 որոշմամբ (ՍԴՈ-261)/, 2002 թվականի հոկտեմբերի 1-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը /ՀՀ կողմից վավերացվել է 2003 թվականի սեպտեմբերի 24-ին, Ազգային ժողովի Ն-032-3 որոշմամբ (ՍԴՈ-413)/, 2002 թվականի նոյեմբերի 5-ի՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը /ՀՀ կողմից վավերացվել է 2003 թվականի հունվարի 9-ին, ՀՀ Նախագահի ՆՀ-1255-Ն հրամանագրով/:

7. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը հիմք կհանդիսանա կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման համար, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ամրապնդմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

10 մարտի 2016 թ.

ՍԴՈ-1258

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան