Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.18/37(1217).1 Հոդ.406.7
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.12.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
18.12.2015
Дата вступления в силу
18.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0108/01/14

ԵԿԴ/0108/01/14

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

Հ. Տեր-Ադամյան

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Վ. Քոսյանի

մեղադրող

Հ. Հակոբյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էդուարդ Հայկազի Նագդալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Է.Նագդալյանի պաշտպան Վ.Քոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58209313 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Էդուարդ Հայկազի Նագդալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով: Է.Նագդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2014 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. 2014 թվականի օգոստոսի 5-ին Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ` դատական նիստի նախապատրաստական մասում, մեղադրող Հ.Հակոբյանը դատարան է ներկայացրել ամբաստանյալ Է.Նագդալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում:

Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով Է.Նագդալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Է.Նագդալյանի պաշտպան Վ.Քոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի մարտի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Է.Նագդալյանի պաշտպան Վ.Քոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Դատախազի կողմից հաստատված և Առաջին ատյանի դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն՝ «[Է.Նագդալյանը] մեղադրվում է նրանում, որ նա «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած 157.687 ԱՄՆ դոլարի ժամկետանց վարկային պարտավորությունների վճարման ժամկետները երկարաձգելու կամ վարկային պայմանագրերի պայմաններն ի նպաստ իրեն որևէ կերպ փոփոխելու նպատակով, գիտակցելով, որ օրինական կարգով չի կարող խուսափել վարկային պարտավորությունները կատարելուց կամ դրանց դիմաց այլ կերպ հատուցելուց, նպատակադրվել է ստեղծված իրավիճակից հանգուցալուծում գտնել շորթման եղանակով, այն է` հանդիսանալով «Դելովոյ Էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի և դրա գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի անձի, գործարար համբավի մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիս առաջ գույքային պահանջներ դրել» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 231-232):

6. 2014 թվականի օգոստոսի 5-ին` Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ` դատական նիստի նախապատրաստական մասում, մեղադրող Հ.Հակոբյանը դատարան է ներկայացրել ամբաստանյալ Է.Նագդալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որով Է.Նագդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 40-42):

7. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի համաձայն` «[Ա]մբաստանյալ Էդուարդ Հայկազի Նագդալյանը կատարել է շորթում, այսինքն՝ Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Բանկ) գործարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրան է ներկայացրել առանձնապես խոշոր չափով գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այսինքն` մեղավորությամբ կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 143):

8. Վերաքննիչ քրեական դատարանը հանգել է հետևության, որ «Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը պատշաճ իրականացնելու համար դատախազը պետք է գործեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ռեժիմով, այսինքն դատաքննության ընթացքում մեղադրանքի փոփոխումը պետք է իրականացվեր գործի ապացույցները հետազոտելուց հետո միայն:

Հետևաբար (…) դատախազի գործողությունները պետք է դիտել ապօրինի և որևէ հետևանք չառաջացնող:

(…)

Ելնելով վերոգրյալներից` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. նոյեմբերի 11-ի դատավճիռը` Էդուարդ Հայկազի Նագդալյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով շարադրված պահանջների պահպանմամբ` հետազոտի գործի ապացույցները, որից հետո միայն, դատախազի կողմից մեղադրանքի փոփոխման միջնորդության առկայության դեպքում անդրադառնա այդ հարցի քննարկմանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 70-73):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 23-րդ հոդվածների, 180-րդ հոդվածի 1-ին մասի, 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի, 398-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ, 182-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշմանը:

10. Բողոքի հեղինակը նշել է, որ Է.Նագդալյանի արարքում բացակայում է նրան վերագրվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը, քանի որ նա համոզված է եղել, որ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունն իր նկատմամբ գույքի բռնագանձման անհիմն ու անօրինական քաղաքացիական դատական պրոցեսներ է սկսել և պահանջ է ներկայացրել այդ դատական պրոցեսները կասեցնելու, իրեն պատկանող գույքերի վրայից անհիմն և ապօրինի արգելանքները հանելու, չհիմնավորված տույժերը և տուգանքները կասեցնելու և հարցը բանակցությունների միջոցով կարգավորելու վերաբերյալ: Այսինքն` Է.Նագդալյանը պահանջել է իր գույքը կամ, գտնվելով բարեխիղճ մոլորության մեջ, պահանջել է իր կարծիքով իրեն պատկանող գույքը։

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Է.Նագդալյանի գործողություններն ուղղված են եղել ոչ թե բանկին կամ տուժողին պատկանող գումարները հափշտակելուն, այլ իրեն պատկանող գումարները պաշտպանելուն։

Բողոքի հեղինակը փաստել է, որ ամբաստանյալ Է.Նագդալյանի արարքում բացակայում է նաև նրան վերագրվող հանցակազմի օբյեկտիվ կողմը, քանի որ բանկի նախագահի կողմից իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին հոդված հրապարակելը չպետք է դիտարկել որպես վարկաբեկող կամ նրա օրինական շահերը և իրավունքները ոտնահարող:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Է.Նագդալյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, ուստի այս հիմքով պետք է նրան արդարացնել։

11. Բողոքաբերը գտել է, որ մեղադրող կողմը մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու որոշումը կայացրել է առանց դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման, որը քրեադատավարական օրենքի էական խախտում է։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ռեժիմով մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում կայացնելուց հետո մեղադրողը բոլոր դեպքերում պարտավոր էր կազմել նոր մեղադրական եզրակացություն, ինչը չի կատարել` խախտելով Ս.Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման պահանջը:

12. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ պատճառաբանված չէ Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ ամբաստանյալ Է.Նագդալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի չէ։

13. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը բեկանելով և գործն ուղարկելով ստորադաս դատարան` նոր քննության, հանդես է եկել մեղադրանքի կողմում` հնարավորություն տալով մեղադրողին նոր քննության ընթացքում շտկելու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված բացթողումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադրմամբ փոփոխելու առաջադրված մեղադրանքը:

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 20-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքը փոփոխելու կարգի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդված) խախտում արձանագրելու դեպքում վերադաս ատյանի դատարանի լիազորությունների, ինչպես նաև մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս կայացվող դատավարական որոշման բնույթի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

 

I. Մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կարգը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդված) և դրա խախտում արձանագրելու դեպքում վերադաս ատյանի դատարանի լիազորությունները.

 

16. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյոք մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կարգի խախտում արձանագրելու հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության` նշելով գործի նոր քննության ընթացքում մեղադրողի կողմից օրենքով սահմանված կարգով մեղադրանքը փոփոխելու հնարավորության մասին:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

(…)

3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է (…)»:

18. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելով Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով որոշման մեջ` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «[Մ]եղադրողը օբյեկտիվորեն կրում է դատարան ներկայացրած մեղադրանքի, այդ թվում` մեղսագրվող արարքին տրված քրեաիրավական որակման հիմնավորվածության ռիսկը և օրենսդրական կարգավորման մակարդակով ստանում է առաջին ատյանի դատարանում այն փոփոխելու իրավական հնարավորություն: Դատախազի կողմից վերոնշյալ հնարավորությունը չօգտագործելու դեպքում դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները և դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից: Դատական քննության փուլում դատարանի խնդիրն է ստուգել ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը, և եթե ապացույցների հետազոտման արդյունքում մեղսագրվող արարքը կհաստատվի, դատարանը պարտավոր է կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե` ոչ:

[Ա]ռաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը չիրացնելով՝ մեղադրողը քրեական գործի հետագա քննությունների ընթացքում զրկվում է նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 23-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողին քրեադատավարական օրենքով տրված՝ առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոխելու իրավունքը բացարձակ չէ, և մեղադրողն իր վերոգրյալ լիազորությունը պետք է իրականացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ, որոնք հստակ սահմանում են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու կարգն ու սահմանները: Այսպես` նշված իրավանորմը սահմանում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ` փոփոխում քննչական գործողությունների կատարմամբ, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), և փոփոխում առանց քննչական գործողություններ կատարելու, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մաս) (առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական ընթացակարգերի մասին տե՛ս Սուրեն Կարոյի Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 19-25-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը պատշաճ իրականացնելու համար դատախազը պետք է գործի քրեադատավարական օրենքով սահմանված վերոգրյալ երկու իրավական ռեժիմներից որևէ մեկով, հակառակ դեպքում նրա գործողություններն ապօրինի են և որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող: Այլ խոսքով՝ դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ՝ մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու մասին որոշման կայացումը հավասարազոր է օրենքով սահմանված կարգով՝ առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական հնարավորությունը չօգտագործելուն: Այս դեպքում ևս դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները, դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից: Դատարանը պարտավոր է դատաքննության արդյունքներով կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե` ոչ (տե՛ս Արսեն Մկրտիչի Սերոբյանի և Էդվարդ Վահանի Պետրոսյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0002/01/13 որոշման 22-րդ կետը):

19. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գործի դատական քննությունը սահմանափակված է մեղադրանքի այն ծավալով, որն առաջադրվել է ամբաստանյալին (դատական քննության սահմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Արթուր Սերոբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007թ. մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշումը): Հիշյալ կանոնից բացառություն են մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքերը, որոնց կառուցակարգը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով նախատեսված բացառության կանոնը, պետք է գործի ընդհանուր կանոնը, որից ցանկացած շեղում կհանգեցնի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքի, հետևաբար` օրինականության սկզբունքի խախտման:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգն ուղղված է պետությանը` ի դեմս մեղադրողի, իսկ պետության կողմից թույլ տրված սխալներն ու բացթողումները չեն կարող վերացվել անձի իրավունքների սահմանափակման միջոցով: Հետևաբար Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում այն իրավիճակը, երբ վերադաս դատարանի կողմից կարող է բեկանվել գործով կայացված դատավճիռը և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան` նոր քննության, որպեսզի նոր քննության ընթացքում մեղադրողը հնարավորություն ստանա շտկելու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված բացթողումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադրմամբ փոփոխի առաջադրված մեղադրանքը: Նման մոտեցման դեպքում ուղղակիորեն կիմաստազրկվի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 23-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ այն դեպքում, երբ վերադաս ատյանի դատարանն արձանագրում է մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, գործն իրավասու է ուղարկել Առաջին ատյանի դատարան նոր քննության, եթե իր իրավասությունների շրջանակներում անհնարին է փոփոխել վերանայվող դատական ակտը: Այս դեպքում վերադաս ատյանի դատարանը պարտավոր է նոր քննության այնպիսի ծավալ սահմանել, որը կբացառի նոր քննության ընթացքում մեղադրողի կողմից թույլ տրված սխալը կամ բացթողումը վերանորոգելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մոտեցման դեպքում կվտանգվեն անձի` մրցակցային դատավարության, ողջամիտ ժամկետներում գործի քննության և պաշտպանության իրավունքները:

20. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազի կողմից հաստատված և Առաջին ատյանի դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն` Է.Նագդալյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ունենալով ժամկետանց վարկային պարտավորություններ, վճարման ժամկետները երկարաձգելու կամ վարկային պայմանագրերի պայմաններն ի նպաստ իրեն որևէ կերպ փոփոխելու նպատակով կատարել է շորթում և նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստի ժամանակ՝ գործի քննության նախապատրաստական փուլում, մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով, դատարան է ներկայացրել որոշում, որով ամբաստանյալ Է.Նագդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և դատավարական փաստաթղթերում առկա միևնույն գործողություններին տրվել այլ իրավաբանական որակում, մասնավորապես` Է.Նագդալյանի գործողությունները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Նագդալյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը տրվել է մեղադրողի կողմից փոփոխված մեղադրանքի շրջանակներում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Է.Նագդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ մեղադրողի որոշումն իրավացիորեն ճանաչել է ապօրինի և հետևանք չառաջացնող՝ փաստարկելով, որ դատախազը պատշաճ չի իրականացրել Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը և չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ռեժիմը, այն է` մեղադրանքի փոփոխումը իրականացրել է մինչև դատաքննության ընթացքում գործի ապացույցները հետազոտելը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավճիռը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վերաքննիչ դատարանը նաև սահմանել է նոր քննության ծավալ` նշելով. «Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով շարադրված պահանջների պահպանմամբ հետազոտի գործի ապացույցները, որից հետո միայն, դատախազի կողմից մեղադրանքի փոփոխման միջնորդության առկայության դեպքում անդրադառնա այդ հարցի քննարկմանը» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերոնշյալ փաստերից երևում է, որ Վերաքննիչ դատարանը դատավճիռը բեկանել և գործն ուղարկել է նոր քննության մեղադրողի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի խախտմամբ մեղադրանքը փոփոխելու պատճառաբանությամբ, մինչդեռ քննարկման առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքի մնացած հիմքերը և հիմնավորումները` չի պատճառաբանել իր իրավասության սահմաններում դատական ակտը փոփոխելու անհնարինությունը: Այլ խոսքով` Վերաքննիչ դատարանն ուղղակիորեն հնարավորություն է տվել մեղադրողին գործի նոր քննության ընթացքում շտկելու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված սխալը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադրմամբ փոփոխելու առաջադրված մեղադրանքը, այն էլ այն դեպքում, երբ վերաքննիչ վարույթն իրականացվել է պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա:

21. Նախորդ կետում շարադրված փաստերը և դրանց վերլուծությունը գնահատելով սույն որոշման 18-19-րդ կետերում ձևավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կարգի խախտում արձանագրելու հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության` նշելով գործի նոր քննության ընթացքում մեղադրողի կողմից օրենքով սահմանված կարգով մեղադրանքը փոփոխելու հնարավորության մասին:

 

II. Մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս կայացվող դատավարական որոշման բնույթը.

 

22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա մեղադրանքը փոփոխելիս նոր մեղադրական եզրակացություն չկազմելով մեղադրողը թույլ է տվել մեղադրանքը փոփոխելու դատավարական կարգի խախտում:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:

Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի համաձայն`

«1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները:

Եթե քրեական հետապնդումը հարուցվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ապա այդ մասին պետք է նշվի մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում:

3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը:

4. Քննիչն ստորագրում է մեղադրական եզրակացությունը` նշելով այն կազմելու ժամանակը և տեղը»:

23.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի հիման վրա մեղադրանքը փոխելու դեպքում մեղադրողի կողմից կայացվող դատավարական որոշման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշումներում:

Մասնավորապես, Ս.Նալբանդյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «[Մ]եղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթը, որով ամփոփվում են նախնական քննության արդյունքները, ինչպես նաև հիմնավորվում են քննիչի ենթադրությունները՝ մեղադրյալի մեղավորության և նրա գործողությունների իրավաբանական որակման մասին: Մեղադրական եզրակացության կարևորության մասին է վկայում այն հանգամանքը, որ դրանով ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները: Մեղադրական եզրակացության նշանակությունն արտահայտվում է նաև նրանում, որ այն մեղադրյալին հնարավորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույցների շրջանակներում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը, որը մեղադրողին իրավունք է տալիս փոխել մեղադրանքը, ընդհանրապես չի սահմանում, թե նշված մասի հիմքով մեղադրանքը փոխելու դեպքում մեղադրողի կողմից ինչ դատավարական որոշում պետք է կայացվի:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված իրավական ռեժիմներով դատարանում մեղադրանքը փոփոխելիս մեղադրողի կողմից պետք է կայացվի ինչպես մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու մասին որոշում, այնպես էլ կազմվի նոր մեղադրական եզրակացություն» (տե՛ս Սուրեն Նալբանդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 24-25-րդ կետերը):

Մեջբերված և Ս.Նալբանդյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը վերահաստատելով Ա.Պապյանի գործով որոշման մեջ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ. «[Ս]կզբնական մեղադրանքի փոփոխման դեպքում մեղադրանքի վերջնական և ամբողջական ձևակերպումը պարունակող փաստաթղթի՝ մեղադրական եզրակացության կազմումը կվերացնի անփոփոխ թողնված մեղադրանքից և փոփոխված մեղադրանքից պաշտպանվող անձանց միջև առկա անհավասար իրավական վիճակը» (տե՛ս Արկադի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 20-րդ կետը):

23.2. Մեղադրողի կողմից դատարանում մեղադրանքը փոփոխելիս նոր մեղադրական եզրակացություն կազմելու իրավաչափության հարցը քննարկման առարկա է դարձվել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից, որը թիվ ՍԴՈ-934 որոշման շրջանակներում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) դատարան ուղարկված գործով «նոր մեղադրական եզրակացություն» կազմվել չի կարող և ինչպես վիճարկվող [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մաս], այնպես էլ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի այլ նորմերով այդպիսի իրավակարգավորում նախատեսված չէ, հետևաբար` քրեադատավարական նորմերն այլ կերպ մեկնաբանվել չեն կարող: Նոր մեղադրական եզրակացություն կամ մեղադրական եզրակացության վերակազմում կարող է տեղի ունենալ միայն մինչդատական վարույթում՝ նշված օրենսգրքի 274-րդ հոդվածում ամրագրված կանոններին համապատասխան՝ լրացուցիչ քննության շրջանակներում» (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 4-ի թիվ ՍԴՈ-934 որոշման 7-րդ կետը):

24. Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշումներում արտահայտած և սույն որոշման 23.1-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները վերանայելու անհրաժեշտություն: Այսպես` Վճռաբեկ դատարանը, վերանայելով Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները` մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս մեղադրական եզրակացություն կազմելու մասով, արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի հիման վրա դատարանում մեղադրանք փոփոխելիս մեղադրողն իրավասու չէ կազմել նոր մեղադրական եզրակացություն:

Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ քննարկել է մեղադրողի կողմից մեղադրական եզրակացություն կազմելու լիազորության առկայության հարցը` չանդրադառնալով դատարանում մեղադրանքը փոփոխելիս նրա կողմից կայացվող դատավարական որոշման բնույթին` բովանդակային առումով և դրա նշանակությանն անձի իրավունքների ապահովման տեսանկյունից:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս կայացվող դատավարական որոշման բնույթի հետ կապված և Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով կայացված որոշումներում բարձրացված խնդիրները շարունակում են մնալ չլուծված` վտանգելով ՀՀ Սահմանադրությամբ և մի շարք միջազգային փաստաթղթերով երաշխավորված անձի` պաշտպանության իրավունքը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներն այն մասին, որ

- մեղադրական եզրակացությամբ ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները, այն մեղադրյալին հնարավորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույցների շրջանակներում,

- մեղադրանքի վերջնական և ամբողջական ձևակերպումը պարունակող փաստաթղթի կազմումը կվերացնի անփոփոխ թողնված մեղադրանքից և փոփոխված մեղադրանքից պաշտպանվող անձանց միջև առկա անհավասար իրավական վիճակը:

Պաշտպանության իրավունքի իրականացման համար մեղադրանքի ձևակերպման հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումները հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Մասնավորապես, Կամասինսկիի վերաբերյալ գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («ա») ենթակետի դրույթները թելադրում են շահագրգռված անձին «մեղադրանքի» մասին տեղեկացնելու հարցում ցուցաբերել ծայրահեղ զգուշավոր մոտեցում: Մեղադրական եզրակացությունը վճռորոշ դեր է խաղում քրեական հետապնդման մեջ. դրա հանձնման պահից մեղադրվող անձը համարվում է իրեն ներկայացված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին պաշտոնապես և գրավոր ձևով տեղեկացված (տե՛ս Kamasinski v. Austria, 1989 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9783/82, կետ 79):

Վերոգրյալից բացի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («ա») ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաև այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 51):

Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ` ներկայացված մեղադրանքի, հետևաբար դատարանի կողմից դրա հնարավոր իրավական որակման մասին մեղադրյալի ճշգրիտ և լրիվ տեղեկացումը քրեական դատավարությունում արդար դատաքննության էական նախապայման է (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 52): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («բ») ենթակետի մասով բերված բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանը գտել է, որ («ա») և («բ») ենթակետերը կապված են միմյանց հետ, և որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 54):

25. Անձի պաշտպանության իրավունքի համատեքստում զարգացնելով Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածներով սահմանված ռեժիմներով մեղադրանքը լրացնելիս կամ փոփոխելիս մեղադրողը պետք է կայացնի մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը պետք է պարունակի ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի վերջնական և ամբողջական ձևակերպումը: Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն: Միևնույն ժամանակ մեղադրանքից պաշտպանվելու ամբաստանյալի իրավունքի պատշաճ իրականացումն ապահովելու նկատառումներից ելնելով` մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելուև նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշման մեջ պետք է արտացոլվեն նաև ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները:

Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով սահմանված ռեժիմներով մեղադրանքը փոփոխելիս մեղադրողի կողմից կայացվող` մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշումը փոխարինում է մեղադրական եզրակացությանը, հետևաբար այն բովանդակային առումով պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջներին (մեղադրական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջների վերլուծությունը մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արկադի Պատվականի Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ կետը, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ և 28-րդ կետերը, Արթուր, Մացակ և Արմեն Բադալյանների գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի ԼԴ/0227/01/12 որոշման 18-րդ կետը): Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հակառակ մեկնաբանման դեպքում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալը, հետևաբար նաև` դատական քննության սահմանները ձեռք կբերեն անորոշ բնույթ` անձի` պաշտպանության իրավունքը դարձնելով վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում:

26. Սույն գործի փաստերը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը) գնահատելով սույն որոշման 24-25-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա մեղադրանքը փոփոխելիս նոր մեղադրական եզրակացություն չկազմելով մեղադրողը թույլ չի տվել մեղադրանքը փոփոխելու դատավարական կարգի խախտում:

27. Ամփոփելով սույն որոշման իրավական և փաստական վերլուծություններն ու եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողին հնարավորություն ընձեռելով և անուղղակիորեն առաջարկելով գործի նոր քննության ընթացքում կրկին փոփոխել առաջադրված մեղադրանքը` Վերաքննիչ դատարանն ուղղորդել է մեղադրանքի կողմին` իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ և թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում խախտվել են անձի` մրցակցային դատավարության, ողջամիտ ժամկետում գործի քննության և պաշտպանության իրավունքները: Արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ: Նշված դատավարական իրավունքի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու հիմք են:

28. Ինչ վերաբերում է բողոքաբերի մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-րդ և 12-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ դրանք գնահատման ենթարկել, քանի որ Վերաքննիչ դատարանն այդ փաստարկները քննարկման առարկա չի դարձրել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկի և համապատասխան գնահատական տա քննարկվող փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էդուարդ Հայկազի Նագդալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մարտի 20-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Էդուարդ Նագդալյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

  Հ. Ասատրյան
  Ս. Ավետիսյան
  Ա. Պողոսյան
 

Ս. Օհանյան