Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.18/37(1217).1 Հոդ.406.3
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.12.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
18.12.2015
Дата вступления в силу
18.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0011/01/14

ԵԱՆԴ/0011/01/14

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

Դատավորներ՝

 Կ. Ղազարյան

Մ. Արղամանյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

         

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

   
 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ

 

 

մեղադրող

Ա. Բարսեղյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրանտ Յուրիկի Հարությունյանի և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է թիվ 17117813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2013 թվականի մարտի 24-ին Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի 2013 թվականի մարտի 26-ի որոշմամբ Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի 2014 փետրվարի 24-ի որոշումներով Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի մարտի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ և արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և նրանց քրեական պատասխանատվությունից ազատել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով:

3. Մեղադրող Ա.Բարսեղյանի, ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ մեղադրող Ա.Բարսեղյանի բողոքը մերժել է, իսկ պաշտպան Ե.Սարգսյանի բողոքը բավարարել, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է` ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ նշանակելով ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանը, ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 2015 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ` ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280» համարի ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն և 2 կրակոցներ արձակելով, առողջության միջին ծանրության վնաս պատճառելով Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սիմոնյանին` ժամը 20:00-ի սահմաններում, Հ.Հարությունյանն իր ընկեր Արթուր Բորյանցից տեղեկանալով, որ նույն օրը Բերդ-Երևան ավտոճանապարհին Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի բնակիչներ Արման Հարությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին կատարել է հայհոյանք, ընկերների` Բ.Հովհաննիսյանի, Ա.Բորյանի ու Մ.Մկոյանի հետ գնացել է տուժող Ա.Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու համար պարզաբանում պահանջելու, սակայն Ա.Մանուչարյանը, նկատելով նրանց, կրկին հայհոյելով, իր «Տոյոտա պրադո» մակնիշի 550 ԼՏ 05 պետահամարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հաջորդ օրը` մարտի 23-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հ.Հարությունյանը եղբոր` Հրայր Հարությունյանի հետ «Վազ 21214» մակնիշի 11 ՏՏ 109 պետհամարանիշի ավտոմեքենայով, Մ.Մկոյանն ու Բ.Հովհաննիսյանը, վերջինի` «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքենայով, Ա.Հարությունյանը, Ա.Խաչատրյանն ու Ա.Բորյանը` վերջինիս «Օպել Աստրա» մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով, մեկնել են Անուշավան Մանուչարյանի բնակության վայր` նրան հանդիպելու և հայհոյանքների համար պարզաբանում պահանջելու նպատակով: Ժամը 15:00-ի սահմաններում Հ.Հարությունյանը նկատելով Ա.Մանուչարյանի ավտոմեքենային մոտեցող նրա ազգական Արմեն Սիմոնյանին, ենթադրելով, որ իրենց հասցեին հայհոյանք կատարողն է, մոտեցել է Արմեն Սիմոնյանին, փորձել նրան հրելով գետնին գցել, սակայն հանդիպելով վերջինի դիմադրությանը` ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280» համարի ատրճանակից 1 կրակոց է արձակել գետնին, իսկ երբ Արմեն Սիմոնյանը շրջվելով փորձել է փախչել, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել Արմեն Սիմոնյանի ուղղությամբ, որոնք դիպել են վերջինի ձախ հետույքին և ձախ գոտկային շրջաններին, պատճառել առողջության միջին ծանրության վնաս, սակայն Արմեն Սիմոնյանի մահը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի կամքից անկախ հանգամանքներում: Այնուհետև, Հրանտ Հարությունյանը որպես զենք օգտագործվող առարկայի` նույն «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280» համարի ատրճանակի գործադրմամբ (…) մոտեցել է գետնին ընկած Արմեն Սիմոնյանին և անպարկեշտ վարքագիծ դրսևորելով` ատրճանակը պահել է նրա վրա և բացականչել. «Տեսար, թե մի քֆուրի համար ինչ եղավ» ու քիչ անց շարունակելով իր խուլիգանական գործողությունները` դեպքի վայրից հեռանալիս «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքենայի հետևի աջ պատուհանից ձեռքը դուրս պարզած` ատրճանակը կրկին պահել է Արմեն Սիմոնյանի ուղղությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 196-197):

5.1 Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի «HC 1577» համարի ատրճանակից 2 կրակոցներ արձակելով, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ, կատարել է սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն, այն է` նույն ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է Անուշավան Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38-րդ բնակարանի դուռը: Այսպես՝ 2013 թվականի մարտի 22-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Բեգլար Հովհաննիսյանը, իր ընկեր Արթուր Բորյանից տեղեկանալով, որ նույն օրը Բերդ-Երևան ավտոճանապարհին Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի բնակիչներ Արման Հարությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին կատարել է հայհոյանք, ընկերների` Հ.Հարությունյանի, Ա.Բորյանի ու Մ.Մկոյանի հետ գնացել է տուժող Ա.Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու համար պարզաբանում պահանջելու, սակայն Ա.Մանուչարյանը, նկատելով նրանց, կրկին հայհոյելով, իր «Տոյոտա պրադո» մակնիշի 550 ԼՏ 05 պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հաջորդ օրը` մարտի 23-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Բ.Հովհաննիսյանն ընկերոջ` Մարատ Մկոյանի հետ իր «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքենայով, Ա.Հարությունյանը, Ա.Խաչատրյանն ու Ա.Բորյանը` վերջինիս «Օպել Աստրա» մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով, Հրանտ և Հրայր Հարությունյանները` «Վազ 21214» մակնիշի 11 ՏՏ 109 պետհամարանիշի ավտոմեքենայով, կրկին մեկնել են Անուշավան Մանուչարյանի բնակության վայր` նրան հանդիպելու և հայհոյանքների համար պազաբանում պահանջելու նպատակով: Ժամը 15:00-ի սահմաներում Բ.Հովհաննիսյանը, տեսնելով շենքի շքամուտքից դուրս եկած Անուշավան Մանուչարյանին, իսկ վերջինն էլ, նկատելով հավաքված անձանց, ետ է վազել և մտել շենքի շքամուտք, իսկ Բեգլար Հովհաննիսյանը, հետապնդելով նրան, ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի «HC 1577» համարի ատրճանակից Անուշավան Մանուչարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, Ա.Մանուչարյանը, իր ուղղությամբ արձակված կրակոցներից խուսափելով, շենքի միջանցիկ մուտքով փախել է: Դրանից հետո Բ.Հովհաննիսյանը վերադարձել է և որպես զենք օգտագործվող առարկայի` նույն «Մակարով» տեսակի «HC 1577» համարի ատրճանակի գործադրմամբ, (...) մոտեցել է Անուշավան Մանուչարյանի բնակարանի մուտքի դռանը, նույն ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է նրա` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38-րդ բնակարանի մուտքի դուռը, որի հետևանքով վերջինիս պատճառել է զգալի չափի` 43.000 ՀՀ դրամի նյութական վնաս ու դեպքի վայրից հեռացել է» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 197-198):

6. Դատաքննության ընթացքում Հ.Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում հայտնել է, որ 2013 թվականի մարտի 22-ին իր մանկության ընկեր Արթուր Բրոյանից տեղեկացել է, որ ոմն մեկը, ով վարել է «Պրադո» մակնիշի ավտոմեքենա, Բերդ-Երևան մայրուղու վրա առանց որևէ պատճառի կոպիտ հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս ընկերներ Արման Հարությունյանի ու Արայիկ Խաչատրյանի ծնողների հասցեին: Ճշտելով «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի տվյալները՝ Ա.Բրոյանի խնդրանքով Հ.Հարությունյանը հետևել ու պարզել է «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի տիրոջ բնակության վայրը: Նույն օրը Ա.Բրոյանի, Բ.Հովհաննիսյանի և նրա եղբոր՝ Մարատ Հովհաննիսյանի հետ միասին գնացել են «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի տիրոջ բնակության վայր՝ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ՝ վերջինիս հանդիպելու և մի երկու ապտակ հասցնելու համար, որ վերջինս հասկանա, որ առանց հիմնավոր պատճառների ոչ մեկի ծնողի հասցեին նման հայհոյանքներ չեն հնչեցնում: Սակայն երբ հասել են շենքի բակ, «Պրադո» մակնիշի ավտոմեքենան այնտեղ չի եղել: Երբ հիշյալ ավտոմեքենան ժամանել է բակ, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մտել շենք՝ առաջին հարկում գտնվող բնակարան: Դրանից հետո Մ.Հովհաննիսյանը մտել է շքամուտք և մեքենայի տիրոջը դուրս կանչելու պատրվակով հայտնել, որ իբր շենքի վերևի հարկում պատուհան են տեղադրում, և որ պետք է մեքենան հեռացնի պատուհանի տակից` այն չվնասվելու նկատառումից ելնելով: «Պրադո» ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել շենքից և արագ նստելով մեքենան՝ կրկին իրենց բոլորի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով՝ հեռացել է: Հաջորդ օրը՝ ժամը մոտավորապես 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ նորից գնացել են հիշյալ շենքի բակ, «Պրադո» մակնիշի մեքենան արդեն իսկ կանգնած է եղել այնտեղ: Որոշել են շենքի մոտ սպասել մինչև վարորդը դուրս գա և հենց մեքենայի մոտ էլ ծեծեն նրան ու հեռանան: Որոշ ժամանակ սպասելուց հետո շենքի մուտքից մի տղամարդ է դուրս եկել և մոտեցել ավտոմեքենային, որպեսզի բացի վարորդի կողմի դուռը: Հ.Հարությունյանի ցուցմունքների համաձայն՝ քանի որ ինքը նախորդ օրն այդ տղային այդպես էլ նորմալ չէր կարողացել դեմքով տեսնել, մտածելով, թե նա նույն անձնավորությունն է, ով իրենց հայհոյել է, արագ մոտեցել է վերջինիս և ասել. «Ախպերս մի րոպե սպասի»: Երբ վերջինս իր խոսքի վրա շրջվել է, աջ ոտքը դրել է նրա ոտքերի հետևը և երկու ձեռքերով փորձել կիսահրելով վայր գցել գետնին՝ միաժամանակ ասելով, թե այդ ում էր հայհոյում: Սակայն վերջինս վայր չի ընկել, փոխարենը վրա է եկել և հայհոյել է: Վրա գալով՝ ձեռքը մի փոքր վերև է բարձրացրել, ինչից հետո իրեն թվացել է, թե ցանկանում է իրեն հարվածել, դրա համար էլ գոտկատեղից հանել է «Մարգոլին» տեսակի ատրճանակը, լիցքավորել և մեկ անգամ կրակել է գետնին՝ մտածելով, որ կվախենա, կկանգնի, սակայն վախից կամ շփոթմունքից՝ վերջինս վրա է եկել, ուժեղ հրել իրեն ու շրջվել է, որ փախնի: Հրելուց հետ-հետ է գնացել և մեխանիկորեն ևս երկու անգամ կրակել է, ու այդ պահին հիշյալ անձնավորությունը վայր է ընկել և ասել. «Խի խբիր արա, ես քեզ ինչ էի արել»: Կատարվածից զայրացած՝ զենքը ձեռքին մոտեցել է հիշյալ տղային ու ասել. «Էս էիր ուզում, տեսար քֆուրիտ համար ինչ եղավ», այնուհետև խղճացել է, առաջարկել հիվանդանոց տանել, սակայն վերջինս հրաժարվել է: Ըստ Հ.Հարությունյանի ցուցմունքի՝ նա մինչև վերջ էլ կարծել է, թե այդ տղան է իրենց հասցեին հայհոյանքներ տվողը (տե՛ս դատական նիստի արձանագրություն, քրեական գործ, հատոր 3, թերթեր 45-49):

7. Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Բ.Հովհաննիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի նախորդ օրը՝ 2013 թվականի մարտի 22-ին, Հ.Հարությունյանի, Ա.Բրոյանի և եղբոր Մարատ Հովհաննիսյանի հետ այցելել են Ա.Մանուչարյանի բնակության վայր՝ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենք՝ հանդիպելու համար վերջինիս՝ իր վատ պահվածքի, մասնավորապես, իրենց ընկերներ Արայիկի և Արմանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար: 2013 թվականի մարտի 22-ին տեղի ունեցածի մասին Բ.Հովհաննիսյանը տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ, ինչ Հ.Հարությունյանը:

Բ.Հովհաննիսյանի ցուցմունքների համաձայն, երբ հաջորդ օրն ընկերներով կրկին այցելել են հիշյալ շենքի բակ, «Պրադո» ավտոմեքենայի վարորդը շքամուտքի աստիճանների վրա կանգնած կրկին հայհոյանքներ է հնչեցրել իրենց բոլորի հասցեին, ինքն էլ, նյարդայնանալով վերջինիս լկտի պահվածքից, վազել է նրա ուղղությամբ: Այդ ժամանակ հիշյալ անձնավորությունն արագ վազքով մտել է շքամուտք, իսկ ինքն էլ աստիճանների ներքևի հատվածում կանգնած՝ լիցքավորել է ատրճանակն ու կրակել: Շենքի մուտք մտնելուց հետո տեսել է, թե ինչպես է վերջինս փախչում ու հենց այդ պահին վերջինիս կինը դուրս է եկել իրեն դեմ-դիմաց ու խնդրել, որ չվնասի ամուսնուն, ինչին ինքը պատասխանել է, որ ոչ ոքի վնասելու մտադրություն չունի: Բ.Հովհաննիսյանի ցուցմունքների համաձայն՝ այդ պահին տուժողը գտնվել է իրենից մոտավորապես 20 մետր հեռավորության վրա: Դրանից հետո ներս է մտել շքամուտք և, քանի որ գտնվել է նյարդային վիճակում, ևս հինգ անգամ կրակել է հիշյալ անձնավորության բնակարանի դռան ներքևի հատվածին ու դուրս եկել այդտեղից: Դատարանի հարցերին պատասխանելիս Բ.Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ նախկինում ատրճանակից երբևէ չի կրակել (տե՛ս դատական նիստի արձանագրություն):

8. Գործի քննության ժամանակ տուժող Ա.Մանուչարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի 23-ին՝ ժամը 15-ի սահմաններում, մյուս տուժողի՝ Ա.Սիմոնյանի հետ դուրս են եկել Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքում գտնվող իր բնակարանից: Տուժողի ցուցմունքների համաձայն՝ Ա.Սիմոնյանն իրենից առաջ է քայլել, և երբ նա հասել է շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի դռանը, շենքի մուտքի աստիճանների ձախ հատվածում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից իջել է մոտ 20-22 տարեկան, 1.65 սմ հասակով մի երիտասարդ, մոտենալով Արմենին ասել է. «Սպասի մի րոպե»: Ինքն այդ ժամանակ գտնվել է շենքի մուտքի աստիճաններին, ուշադրությունը սևեռել է ձայնի ուղղությամբ և այդ պահին նկատել է, որ 2-րդ ավտոմեքենայից իջած անձանցից մեկի աջ ձեռքը ծալված է դեպի վերև, բազկի հատվածում շոր գցած, և նա գալիս է դեպի իրեն: Մոտավորապես 5 մետր հեռավորությունից նկատել է, որ նա ձախ ձեռքով աջ ձեռքին գցած շորը մի կողմ է քաշել և ձեռքում եղած սև ատրճանակը լիցքավորելով՝ շարունակել է գալ իր կողմը: Ինքն անմիջապես շրջվել է և վազելով բարձրացել աստիճանները, ցանկացել է մտնել շենք: Առաջին կրակոցի ձայնը լսել է, երբ մտել է շքամուտք և գնացել իր բնակարանի մոտ: Գնալով իրենց բնակարանի ուղղությամբ՝ տեսել է, որ կինը, բնակարանի դուռը փակելով, գալիս է իր ուղղությամբ, ինքը բռնել է կնոջ ձեռքը, և վազել են դեպի շենքի հետնամասի մուտքը: Դեռևս շենքի հետնամասի մուտքից դուրս չեկած՝ լսել է երկրորդ կրակոցը: Կնոջ հետ դուրս գալով շենքի հետնամասի մուտքից՝ ինքը փախել է դեպի ձախ՝ կնոջն ասելով, որ նա փախչի դեպի աջ: Երբ հասել է հարևան շենքի անկյուն, այդ պահին լսել է ևս 4-5 կրակոց (տե՛ս դատական նիստի արձանագրություն):

9. Դեպքի վայրի զննության 2013 թվականի մարտի 23-ի արձանագրության համաձայն` «Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի (…) բակից սկսվել է դեպի շենքի մուտք զննությունը, որի ընթացքում պարզվել է, որ մուտքն ունի 15 քարե աստիճաններ, որոնցից հետո գտնվում է մուտքի դուռը` 2 X 0,90 չափսերի, շենքի մուտքից մինչև վերելակը կազմում է 10 մետր հեռավորություն: Վերելակի մուտքի աջ դռան ներքին հատվածում` հատակից 35 սմ և ձախից 30 սմ հատման կետում, առկա է անցք (…):

Թիվ 38 բնակարանի մուտքի դռան ձախ հատվածում գտնվող մուտքի պատին «1,5 մմ» բարձրության վրա հերթական համարակալված «18» համարի ներքո առկա է կույր վնասվածք՝  «18X11 մմ»: Թիվ 38 բնակարանի մուտքի դռան զննությամբ պարզվել է, որ այն երեսպատված է փայտով, ունի երկու ներքին փական և դռան ներքևի հատվածում 32 սմ բարձրության և աջից ձախ 38 սմ բարձրությամբ առկա է վնասված հատված: Նշված վնասված անցքն ունի 9 X 6,5 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 84 սմ դեպի աջ բացվող շրջանակից 16,5 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք` 6 X 9 մմ կողային չափսերով, դռան ստորին եզրից 88 սմ բարձրության՝ բացվող շրջանակից 9 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 6 X 8 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 91 սմ բարձրության՝ աջ բացվող հատվածից 7 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 9 X 9 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 93 սմ բարձրության՝ բացվող հատվածից 8 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 9 X 8 մմ կողային չափսեր:

Դեպքի վայրից հայտնաբերված թվով 7 պարկուճները և թվով երկու գնդակները առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են փորձագետի համար նախատեսված թիվ 30 կնիքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 9-30):

10. 2013 թվականի մայիսի 18-ի` դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 628 եզրակացության հետևությունների համաձայն` «(…) դեպքի վայր հանդիսացող Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկում գտնվող վերելակի վրա հայտնաբերված վնասվածքը մուտքի միջանցիկ հրազենային-գնդակային բնույթի վնասվածք է: Նույն եզրակացության համաձայն՝ դեպքի վայր հանդիսացող Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկի միջանցքի պատի վրա հայտնաբերված վնասվածքը հետազոտության պահին գտնվում էր ամբողջությամբ վերանորոգված և արտաքինից վերաներկված վիճակում, ինչի պատճառով կոնկրետ պարզել, թե տվյալ վերանորոգված վնասվածքը հրազենային է, թե՝ ոչ, հնարավոր չէ՝ նշված վնասվածքը վերանորոգված լինելու և նախկինում վերջինիս ունեցած ձևաչափային առանձնահատկությունները և բնույթը պահպանված չլինելու պատճառներով: Նշված վնասվածքի ներսում կրակված գնդակի հնարավոր առկայությունը հայտնաբերելու նպատակով՝ տվյալ վնասվածքը համապատասխան մասնագետի օգնությամբ արտաքինից տեղային քանդվեց, ինչի արդյունքում տվյալ վնասվածքի ներսում որևէ գնդակ չհայտնաբերվեց: Դեպքի վայր հանդիսացող Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի թիվ 38 բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային) մակերեսի վրա հայտնաբերված N 3, N 4, N 5 N 6 և N 7 վնասվածքները, առանձին-առանձին, հանդիսանում են մուտքի կույր հրազենային-գնդակային բնույթի վնասվածքներ՝ պատճառված լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից՝ 9մմ տրամաչափի գնդակներով՝ հինգ առանձին կրակոցների ներգործության հետևանքով: Տվյալ բնակարանի մուտքի դռան հակառակ (ներսային) մակերեսի վրա արտահայտված N 6 և N 7 ոչ միջանցիկ բնույթի վնասվածքները հանդիսանում են բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային) մակերեսի վրա արտահայտված մուտքի կույր N 6 և N 7 հրազենային-գնդակային բնույթի վնասվածքների շարունակական արտահայտվածությունները ներսային կողմից՝ ոչ միջանցիկ վնասվածքների տեսքով արտահայտված: Բնակարանի մուտքի դռան վրա արտահայտված վնասվածքները կարող էին պատճառվել ինչպես դուռը փակված, այնպես էլ բացված վիճակում (դռան բացվածքի չափը կոնկրետ պարզել հնարավոր չէ՝ համապատասխան ելակետային տվյալների բացակայության պատճառով)՝ առջևից հետ ուղղությամբ արձակված հինգ առանձին կրակոցների ներգործության արդյունքում:

Արմեն Սիմոնյանի հագուստների և մարմնի վրա առկա վնասվածքները կույր հրազենային-գնդակային են, թվով 2-ն են, տեղակայված են ձախ գոտկային և ձախ հետույքային շրջաններում և իրենց տեղակայմամբ հիմնականում համապատասխանում են միմյանց: Դրանք մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունեն հետևից առաջ, քիչ ձախից աջ ուղղություն, սակայն ավելի ստույգ որոշել նրանց ուղղությունները (վերևից ներքև կամ ներքևից վերև), ինչպես նաև խորությունները, հնարավոր չէ` փորձագիտական բավարար չափանիշների բացակայության պատճառով» (տե՛ս քրեական գործ հատոր 2, թերթեր 200-217):

11. Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013 թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն՝ «(…) [2013 թվականի մարտի 24-ին]՝ ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել քաղաքացի Հրանտ Յուրիկի Հարությունյանը, ով ներկայացրել է «Մարգոլին» տեսակի M 0280 համարի ատրճանակ, (…) և հայտարարել, որ նույն թվականի մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրեն անծանոթ մի երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ 2-3 անգամ կրակել է, որից հետո դիմել է փախուստի: Ներկայացված ատրճանակի փամփշտակալը լիցքավորված է եղել 1 (մեկ) փամփուշտով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 52):

12. Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013 թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն՝ «(…) [2013 թվականի մարտի 24-ին]՝ ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել քաղաքացի Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանը, ով ներկայացրել է «Մակարով» տեսակի ատրճանակ, (…) փամփշտատուփ` «7174» գրառմամբ` առանց փամփուշտների և հայտարարել, որ նույն թվականի մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրեն անծանոթ մի երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ հիշյալ ատրճանակից 8 (ութ) անգամ կրակել է, որից հետո դիմել է փախուստի» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 61):

13. 2013 թվականի ապրիլի 9-ի դատաբժշկական փորձագետի թիվ 543/հ եզրակացության համաձայն` տուժող Արմեն Սիմոնյանի ձախ գոտկային, ձախ հետույքային շրջանների` հրազենային, գնդակային, կույր վերքերի ձևով վնասվածքները հասցվել են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին, առաջացրել են առողջությանը միջին ծանրության վնաս (տե՛ս քրեական գործ հատոր 2, թերթեր 67-68):

14. Անդրադառնալով Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին՝ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ «Այն պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ ու հաստատված է, որ ամբաստանյալ Բեգլար Հովհաննիսյանը տուժող Անուշավան Մանուչարյանին մինչև դեպքը չի ճանաչել, նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել, տուժողի բնակարանի դռան վրա, նրա տանը չգտնվելու պայմաններում 5 անգամ կրակելուն նախորդող ժամանակահատվածում՝ տուժողին տեսնելուց հետո 2 (երկու) կրակոցներից մեկի գնդակը դիպել է վերելակի դռանը՝ հատակից 35 սմ բարձրության վրա՝ վերևից ներքև արձակված մեկ առանձին կրակոցի ներգործության հետևանքով, նշված երկու կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում, ապա հնարավոր չէ տվյալ գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հոդվածով հիմնավորող ապացույցների համակցություն, որի բավարարության շեմը «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշից բարձր է, այսինքն՝ Բեգլար Հովհաննիսյանի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար հիմքեր չկան. հակառակի մասին ողջամիտ դատողություններ անելու հավանականությունը ցածր է:

Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ողջամիտ են պաշտպանության կողմի այն դատողությունները, թե Բեգլար Հովհաննիսյանի մոտ տուժող Անուշավան Մանուչարյանին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում, նա կարող էր դա իրագործել, մասնավորապես՝ (…) դեռևս դեպքին նախորդող օրը [կամ] դեպքի օրը՝ 2013 թվականի մարտի 23-ին, երբ շենքի հակառակ մուտքից երկուսով դուրս են եկել և տուժողը գտնվել է նրա տեսադաշտում, փամփշտակալում ունենալով առնվազն 5 (հինգ) փամփուշտ, այդ պահին չի կրակել նրա վրա, հետ է եկել և 5 (հինգ) կրակոց է արձակել Անուշավան Մանուչարյանի դռան վրա, որից հետո հեռացել է դեպքի վայրից:

(…) Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ Բեգլար Հովհաննիսյանը տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն չի ունեցել:

Դատարանը չի կարող հերքել և համաձայն է պաշտպանության կողմի այն դիրքորոշման հետ, ըստ որի, եթե նույնիսկ հիմք ընդունվի, թե Բեգլար Հովհաննիսյանը տուժողի ուղղությամբ 2 կրակոց արձակելու պահին ունեցել է նրան սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջինս կամովին հրաժարվել է իր այդ «ենթադրյալ հանցանքի» իրականացումից, քանի որ ունեցել է այն իրագործելու ռեալ հնարավորություններ: Այսինքն` տվյալ դեպքում ևս ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթակա չէր լինի»:

14.1. Անդրադառնալով Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին՝ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ. «Այն պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ ու հաստատված է, որ ամբաստանյալ Հրանտ Հարությունյանը տուժող Արմեն Սիմոնյանին մինչև դեպքը չի ճանաչել, նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել, գտնվելով առանց պատնեշներով մոտ տարածության վրա տուժողի հետ, սկզբում կրակել է գետնին, 3 (երեք) կրակոցներից որևէ մեկը տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, կրակոցներից մեկի գնդակը դիպել է նրան հետացատկի («ռիկոշետի») արդյունքում, ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու կամ ակտիվ դիմադրության արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում, տուժողի առողջությանը պատճառված միջին ծանրության վնասը նրա կյանքի համար վտանգավոր չի եղել, վնասվածք պատճառելուց հետո նրան առաջարկել է հիվանդանոց տանել, ապա հնարավոր չէ տվյալ գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հոդվածով հիմնավորող ապացույցների համակցություն, որի բավարարության շեմը «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշից բարձր է, այսինքն` Հրանտ Հարությունյանի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար հիմքեր չկան. հակառակի մասին ողջամիտ դատողություններ անելու հավանականությունը ցածր է:

Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ողջամիտ են պաշտպանության կողմի այն դատողությունները, թե Հրանտ Հարությունյանի մոտ տուժող Արմեն Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում, նա կարող էր դա իրագործել, մասնավորապես՝

ա) Դեպքի օրը՝ մինչև Արմեն Սիմոնյանին մոտենալն ու գետնին գցելու նպատակով հրելը,

բ) տուժողի՝ մարմնական վնասվածք ստացած վիճակում գետնին ընկած ժամանակ, երբ դեպքի վայրից հեռանալիս առնվազն մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակը ձեռքին մոտ տարածության վրա և ակնհայտ տեսնելով, որ տուժողը կենդանի է, ատրճանակն ուղղել է վրան ու համապատասխան խոսքերն ասել:

(…)

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է նաև, որ Հրանտ Հարությունյանը տուժողին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել:

Տվյալ դեպքում ամբաստանյալ Հրանտ Հարությունյանը, կրակոցներ արձակելու եղանակով տուժողի նկատմամբ ոտնձգություն կատարելու արդյունքում նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, սակայն տուժողին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել, իսկ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթակա է միայն ուղղակի դիտավորությամբ կատարված արարքի համար:

Բացի այդ, հարկ է նշել, որ Դատարանը չի կարող հերքել և համաձայն է պաշտպանության կողմի այն դիրքորոշման հետ, ըստ որի, եթե նույնիսկ հիմք ընդունվի, թե Հրանտ Հարությունյանը տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակելու պահին ունեցել է նրան սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջինս կամովին հրաժարվել է իր այդ «ենթադրյալ հանցանքի իրականացումից», քանի որ ունեցել է այն իրագործելու ռեալ հնարավորություններ: Այսինքն` տվյալ դեպքում ևս ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթակա չէր լինի» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 71-134):

15. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներին պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ. «(…) այն պայմաններում, երբ արձանագր[վ]ել է, որ մասնավորապես՝

ա) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը 2013 թվականի մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին,

բ) Կամովին հանձնել են ապօրինի ձեռք բերած և պահվող՝ առաջինը՝ «Մարգոլին ՄՑՄ» տեսակի, «M 0280» համարի ատրճանակը՝ 1 փամփուշտով, իսկ վերջինը՝ «Մակարով» տեսակի, «HC 1577» համարի ատրճանակը,

գ) Ինքնակամ ներկայանալով՝ հայտարարել են, որ, մասնավորապես, մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրենք են կրակել ու դիմել փախուստի,

դ) Մինչև Հրանտ Հարությունյանի ու Բեգլար Հովհաննիսյանի ինքնակամ ներկայանալը քրեական գործի նյութերում նրանց վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ, այդ պահին բացահայտվելու, նրանց մոտ նշված հրազենները հայտնաբերելու իրական վտանգ առկա չի եղել,

ե) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը ապօրինի ձեռք բերած և իրենց մոտ պահվող համապատասխան հրազենները ոստիկանությանը հանձնել են կամովին. հանձնումը չի եղել այն հայտնաբերելու և առգրավելու հետ կապված որևէ դատավարական, քննչական գործողություն կատարելու ընթացքում, ինչպես նաև հակառակի մասին հետևություններ անել հնարավոր չէ (չկա նաև դրա մասին վկայող պատշաճ որևէ ապացույց),

ապա վերջիններս ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ենթակա չեն քրեական պատասխանատվության. նույն հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ պետք է քրեական պատասխանատվությունից ազատվեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 71-134):

16. Վերաքննիչ դատարանը, վերանայելով ստորադաս դատարանի դատական ակտը, հիմնավոր է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները՝ ամբաստանյալներ Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներով արդարացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 69-96):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

17. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները, քրեական գործում առկա՝ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարումը հիմնավորող ապացույցներին պատշաճ իրավական գնահատական չտալով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Մասնավորապես, վերլուծելով սպանության հանցակազմի, սպանության փորձի, ինչպես նաև զենքը կամովին հանձնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները և գործի փաստական հանգամանքները` բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները ճիշտ իրավական գնահատականներ չեն տվել ամբաստանյալների կողմից կատարված արարքներին:

18. Ըստ բողոքաբերի՝ սույն գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնցով հիմնավորվել է, որ ամբաստանյալներ Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը, իմանալով 2013 թվականի մարտի 22-ին Բերդ-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում տուժող Ա.Մանուչարյանը հայհոյանքներ է տվել վերջիններիս ընկերների հասցեին, հաջորդ օրն ընկերների հետ գնացել են տուժողի շենքի բակ՝ նրանից վրեժխնդիր լինելու նպատակով: Այսինքն՝ հիմնավոր չեն դատարանների այն փաստարկները, թե Բ.Հովհաննիսյանը և Հ.Հարությունյանը նախքան դեպքը տուժողներին չեն ճանաչել, և նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել:

19. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները ոչ մի հիմք չեն ունեցել եզրակացնելու, որ Բ.Հարությունյանի կողմից արձակված երկու կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, և ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունք չէ, որ կրակոցները չեն դիպել տուժող Անուշավան Մանուչարյանի կենսական կարևոր օրգաններին: Ավելին` ինչպես նախաքննությամբ ձեռք բերված, այնպես էլ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով, մասնավորապես, տուժող Ա.Մանուչարյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ երբ տուժող Ա.Մանուչարյանը, նկատելով զենքը ձեռքին իր ուղղությամբ քայլող Բեգլար Հովհաննիսյանին, շքամուտքով դիմել է փախուստի, վերջինս էլ, հետապնդելով Անուշավան Մանուչարյանին, կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:

Բացի այդ, դատաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ Բ.Հովհաննիսյանը հայտնել է, որ մինչև դեպքը ատրճանակից երբևէ չի կրակել, նույնիսկ չի իմացել, թե կրակոցի պահին այն ինչ ձայն է արտահանում:

Հաշվի առնելով, որ երբևէ ատրճանակ չկիրառած անձի կողմից կրակոցներն արձակվել են վազքի մեջ գտնվող անձի ուղղությամբ, բողոքաբերի պնդմամբ միանշանակ կարելի է եզրահանգել, որ ամբաստանյալ Բ.Հովհաննիսյանը ոչ թե չի ցանկացել սպանել Անուշավան Մանուչարյանին, այլ պարզապես վրիպել է ոչ դիպուկ կրակելու հետևանքով: Այլ խոսքով` գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ տվյալ դեպքում Բեգլար Հովհաննիսյանին չի հաջողվել իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ տուժողի փախուստի և իր կողմից ոչ դիպուկ կրակոցներ արձակելու հետևանքով:

20. Բողոքաբերը հիմնազուրկ է համարել նաև սպանության փորձ կատարելու մասով Հ.Հարությունյանի մեղավորությունը ապացուցված չլինելու վերաբերյալ դատարանների հետևությունները:

Այսպես՝ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ տուժող Արմեն Սիմոնյանը հրազենային վնասվածքներից մեկը ստացել է գնդակի հետացատկի («ռիկոշետի») արդյունքում: Մինչդեռ բողոքաբերի պնդմամբ՝ ապացույցների վերլուծությունը թույլ է տալիս հանգելու հիմնավոր եզրակացության, որ տուժող Արմեն Սիմոնյանը հրազենային վնասվածքներից ոչ մեկը չի ստացել ռիկոշետի արդյունքում, այլ դրանք ստացել է ուղիղ կրակոցների հետևանքով՝ մեջքի կողմից:

Բողոքաբերը հիմնավոր չի համարել նաև դատարանների կողմից արված այն եզրահանգումները, որ Հ.Հարությունյանի կողմից արձակված կրակոցները չեն եղել տուժող Ա.Սիմոնյանի կենսական կարևոր օրգանների շրջանում: Բողոքի հեղինակը, մասնավորապես, նշել է, որ տուժողը հրազենային վնասվածքները ստացել է ողնաշարին հարակից և կոնքի շրջանում, որտեղ գտնվում են ինչպես ողնուղեղը, այնպես էլ մարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ներքին օրգաններ, որոնց վնասումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների՝ ընդհուպ մահվան: Հետևաբար, տուժող Արմեն Սիմոնյանը վնասվածքները ստացել է կենսական կարևոր օրգանների շրջանում և դրանց չվնասվելը զուտ պատահականություն է: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ տվյալ դեպքում մահացու հետևանքը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի կամքից անկախ պատճառներով՝ տուժող Արմեն Սիմոնյանի ակտիվ դիմադրության, ժամանակին փախուստի դիմելու, տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալու և մի շարք այլ հանգամանքների հետևանքով:

21. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն եզրահանգումներին, որ տուժողներին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը կարող էին դա իրագործել դեռևս դեպքի նախորդ օրը, երբ ունեցել են նման հնարավորություն՝ բողոքաբերը նշել է, որ ցանկացած անձ որևէ հանցագործություն կատարելու իր հանցավոր մտադրությունն իրագործելիս ինքնուրույն է որոշում, թե կոնկրետ երբ, որտեղ և ինչ եղանակով իրագործի այն: Սպանելու դիտավորությամբ կրակոցներ արձակելն ինքնին սպանության փորձի հանցակազմ է պարունակում, որպիսի պայմաններում շենքի հակառակ մուտքից դուրս գալուց հետո Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ Բեգլար Հովհաննիսյանի կողմից կրկին կրակոցներ չարձակելը, կամ Արմեն Սիմոնյանին մեջքի կողմից հրազենային երկու վնասվածքներ պատճառելուց հետո Հրանտ Հարությունյանի կողմից կրկին չկրակելը որևէ նշանակություն չի կարող ունենալ ամբաստանյալների արարքները սպանության փորձ որակելու հարցում: Վերջիններիս դիտավորության մասին են վկայում նաև կրակոցների քանակը, ուղղությունը, հանցավորի և տուժողի փոխադարձ դիրքը, կրակոցներին նախորդող ժամանակահատվածում տուժողի և հանցավորի գործողությունների բնույթը, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ընտրված առարկաները և այլն: Եթե իրականում ամբաստանյալները նպատակ են ունեցել հայհոյանքներ տալու համար «պատժել» Անուշավան Մանուչարյանին՝ ծեծի ենթարկել վերջինիս, ապա թվային առումով մի քանի անգամ գերազանցելով տուժողներին, կարող էին առանց զենքերի գործադրման հեշտությամբ հաշվեհարդար տեսնել նրանց հետ:

22. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ դատարանները հանգել են ոչ ճիշտ հետևության, որ Հրանտ Հարությունյանը և Բեգլար Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ենթակա չեն քրեական պատասխանատվության:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքում ընկած է հոդվածում նշված առարկաների կամովին հանձնելու պարտադիր հանգամանքը, ինչը ենթադրում է, որ անձը գիտակցում է իրեն բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը: Եթե անձը զգում է, որ այդ պահին առկա է իրեն բացահայտելու իրական սպառնալիքը և այդ հանգամանքից դրդված է իրականացնում հանձնումը, ապա այն կամովին համարվել չի կարող: Յուրաքանչյուր դեպքում հանձնման կամավորությունը որոշվում է կոնկրետ գործի փաստական հանգամանքներից ելնելով: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունը և դեպքի փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ ամբաստանյալների կողմից հրազենների հանձնումը կամովին համարվել չի կարող, քանի որ վերջիններս որևէ հիմք չեն ունեցել գիտակցելու իրենց բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը:

Այսպես՝ ամբաստանյալների կողմից հրազենների գործադրմամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվել են դատավարական և քննչական համապատասխան գործողություններ, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի կողմից հրազենները կիրառվել են օրը ցերեկով՝ բնական լուսավորության պայմաններում, բազմաբնակարան շենքի բակում, բազմաթիվ անձանց ներկայությամբ: Նրանց մոտ զենքերի առկայությունը և դրանց գործադրումը տեսանելի է եղել շատերին: Բացի այդ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված, նույնացման համար պիտանի գնդակներ ու պարկուճներ, կրակոցների այլ հետքեր: Ամբաստանյալները դեպքի վայրից հեռացել են իրենց ավտոմեքենաներով, որոնց համարանիշները տեսանելի են եղել շատերին, վերջիններս նախքան դեպքը և դրանից հետո շահագործել են բջջային հեռախոսներ և այլն: Հատկանշական է նաև ամբաստանյալ Հրանտ Հարությունյանի՝ դատարանում արտահայտած այն միտքը, որ փախչելու կամ թաքնվելու իմաստ չի տեսել, այդ պատճառով էլ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Նման պայմաններում փաստել, թե ամբաստանյալների կողմից զենքերի հանձնումը եղել է կամավոր, ըստ բողոքաբերի, անթույլատրելի է:

23. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշումը` գործն ուղարկելով ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Սպանության փորձի վերաբերյալ.

 

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Բ.Հովհաննիսյանի և Հ.Հարությունյանի արարքներում սպանության փորձի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

25. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսված սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններից հանրային առավել բարձր վտանգավորությամբ առանձնանում է սպանությունը: Սպանության օբյեկտ են հասարակական այն հարաբերությունները, որոնք ուղղված են մարդու կյանքի անվտանգության ապահովմանը: Այլ կերպ ասած` նշված հանցագործության անմիջական օբյեկտը յուրաքանչյուր մարդու կյանքն է, որը ենթակա է քրեաիրավական պաշտպանության նրա ծնվելու պահից մինչև մահ (տե՛ս Ա.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 14-րդ կետը):

26. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանցափորձի և դրա հատկանիշների իրավական վերլուծությանը (տե'ս, մասնավորապես, Ս.Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08, Ա.Բաղդասարյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10, Կ.Հովհաննիսյանի և մյուսների գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12, Գ.Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշումները):

Այսպես՝ քննարկելով սպանության փորձի հատկանիշները` Գ.Մանուկյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Սուբյեկտիվ կողմից սպանության փորձը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատասխան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ: Մասնավորապես, կոնկրետ դեպքում հանցագործության գործիքը կամ միջոցը, եղանակը, հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև առկա այլ օբյեկտիվ հանգամանքները կարող են վկայել հանցավորի կողմից մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը նախատեսելու, հետևաբար վերջինիս մոտ ուղղակի դիտավորության առկայության մասին:

(...) Այսպիսով, կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին:

 [Ե]թե գործի փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին հանցավորի դիտավորությունն ուղղված է եղել տուժողին կյանքից զրկելուն (օրինակ` դրա մասին կարող են վկայել հանցագործության գործիքները կամ միջոցները` հրազեն, սառը զենք, սուր ծակող-կտրող գործիքներ և այլն, հարվածների քանակն ու ուժգնությունը, պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), հանցագործության եղանակը, մեխանիզմը, նպատակը, շարժառիթը, իրադրությունը և այլ հանգամանքներ), ապա համապատասխան արարքն իրականացնելուց հետո անձի դրսևորած դրական վարքագիծը (օրինակ` հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը, տուժողին օգնություն ցույց տալը, շտապօգնություն կանչելը և այլն) դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից, վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղջալու մասին, ինչը դատարանի կողմից կարող է հաշվի առնվել պատիժ նշանակելիս: Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել արարքի քրեաիրավական որակումը:

Միևնույն ժամանակ (...) բոլոր այն դեպքերում, երբ հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագիծը բնութագրող հանգամանքների համակցությունը վկայում է սպանության ուղղակի դիտավորության բացակայության և, համապատասխանաբար, անուղղակի կամ չկոնկրետացված դիտավորության առկայության մասին (օրինակ` տուժողին ձեռքերով հարվածներ հասցնելը, դրանց ուժգնությունը և տեղակայումը կամ նույնիսկ զենքով կրակելը, սակայն կենսական ոչ կարևոր օրգանների շրջանում և այլն), ապա համապատասխան հանրորեն վտանգավոր հետևանքը` մահը, չառաջանալու դեպքում արարքը չի կարող որակվել որպես սպանության փորձ և պետք է որակվի ըստ փաստացի առաջացած հետևանքի» (տե՛ս, Գ.Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 17 և 17.1-րդ կետերը):

27. Սույն գործի փաստերի վերլուծությունից երևում է, որ Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը, իմանալով, որ Ա.Մանուչարյանը հայհոյանքներ է տվել իրենց ընկերների հասցեին, 2013 թվականի մարտի 22-ին գնացել են Ա.Մանուչարյանի բնակության վայր՝ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենք՝ հանդիպելու և վրեժխնդիր լինելու համար, սակայն այդ օրը նրան հանդիպել չի հաջողվել: Հաջորդ օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, ամբաստանյալներն ընկերների հետ դարձյալ գնացել են տուժողի բնակության վայր: Ժամը 15.00-ի սահմաններում շենքի շքամուտքից դուրս է եկել տուժող Ա.Սիմոնյանը, իսկ նրա հետևից` տուժող Ա.Մանուչարյանը։ Հ.Հարությունյանը, նկատելով Ա.Մանուչարյանի ավտոմեքենային մոտեցող նրա ազգական Արմեն Սիմոնյանին, կարծելով, թե նա Ա.Մանուչարյանն է, ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի, «M 0280» համարի ատրճանակը ձեռքին մոտեցել է Ա.Սիմոնյանին, փորձել հրելով գցել գետնին, սակայն տեսնելով, որ վերջինս չի ընկնում և հրելով փորձում է հեռանալ, կրակոց է արձակել գետնին, իսկ երբ Ա.Սիմոնյանը, շրջվել է ու փորձել փախչել, ևս երկու կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որոնք դիպել են վերջինիս ձախ հետույքային և ձախ գոտկային շրջաններին, պատճառել առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Այդ նույն ընթացքում Բ.Հովհաննիսյանն ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի, «HC 1577» համարի ատրճանակը ձեռքին հետապնդել է շենքի շքամուտքից դուրս եկած, իրեն նկատած և փախուստի դիմած Ա.Մանուչարյանին: Վերջինիս փախչելու՝ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկի շքամուտքի ուղղությամբ կատարել է 2 կրակոց, որից մեկի գնդակը դիպել է վերելակի դռանը: Անուշավան Մանուչարյանին հետապնդել է մինչև հիշյալ շենքի ետնամասի մյուս մուտքը, որից հետո դադարել է հետապնդել նրան, վերադարձել է շքամուտք ու հինգ կրակոցներ արձակել տուժողի բնակարանի մուտքի դռանը, որի հետևանքով վերջինիս պատճառել է զգալի չափի` 43.000 ՀՀ դրամի նյութական վնաս (տե՛ս սույն որոշման 5-8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Բ.Հովհաննիսյանին և Հ.Հարությունյանին արդարացրել է: Վերլուծելով ամբաստանյալների՝ դեպքին նախորդող և հաջորդող պահերին դրսևորած վարքագիծը, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դրանք վկայում են ամբաստանյալների՝ տուժողներին կյանքից զրկելու դիտավորության բացակայության մասին: Առաջին ատյանի դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նաև նրանով, որ տուժողներին կյանքից զրկելու դիտավորություն ունենալու պարագայում ամբաստանյալներն իրենց հանցավոր մտադրությունը կարող էին իրագործել դեռևս դեպքի նախորդ օրը կամ դեպքի օրը՝ առավել հարմար պահի: Դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ եթե նույնիսկ ամբաստանյալները կրակոցներ արձակելու պահին ունեցել են տուժողներին սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջիններս կամովին հրաժարվել են այդ ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելուց, քանի որ ունեցել են այն իրագործելու ռեալ հնարավորություն (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին հիմնավոր է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները՝ ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներներով արդարացնելու մասին (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

28. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 26-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել գործում առկա և ամբաստանյալների դիտավորության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ.

- ամբաստանյալներից Բ.Հովհաննիսյանը, տեսնելով իրենից 5-6 մետր հեռավորության վրա գտնվող տուժող Ա.Մանուչարյանին, զենքը ձեռքին, հետապնդել է նրան և երկու կրակոց արձակել նրա ուղղությամբ: Այս առնչությամբ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ երկու կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել այն պարագայում, երբ ըստ գործի նյութերի՝ առաջին կրակոցը դիպել է վերելակի դռանը, իսկ երկրորդ կրակոցի տեղը չի պարզվել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ինչի մասին իր դատական ակտում նշել է նաև Առաջին ատյանի դատարանը:

Ինչ վերաբերում է դատարանի այն դիտարկմանը, որ ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել նրա կենսական կարևոր օրգանների շրջանում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հենց Առաջին ատյանի դատարանը, իր դատական ակտում արձանագրելով Բ.Հովհաննիսյանի ցուցմունքն առ այն, որ նա նախկինում ատրճանակից երբևէ չի կրակել, պատշաճ գնահատման չի ենթարկել այն, բացի այդ հաստատված է համարել, որ Բ.Հովհաննիսյանին նկատելուց անմիջապես հետո Ա.Մանուչարյանը դիմել է փախուստի: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում Առաջին ատյանի դատարանի` քննարկվող դիտարկումը:

- Հ.Հարությունյանի և տուժող Ա.Սիմոնյանի միջև տեղի ունեցած ընդհարումից հետո Հ.Հարությունյանը մոտ տարածությունից 2 անգամ կրակել է տուժողի մեջքի ուղղությամբ: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ ամբաստանյալը և տուժողը գտնվել են մոտ տարածության վրա: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում բողոքաբերի փաստարկներն առ այն, որ տուժողը հրազենային վնասվածքները ստացել է ողնաշարին հարակից և կոնքի շրջանում, որտեղ գտնվում են մարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ներքին օրգաններ, որոնց վնասումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների՝ ընդհուպ մահվան (տե՛ս սույն որոշման 19-րդ կետը): Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դիտարկմանը, որ կրակոցներից մեկի գնդակը դիպել է Ա.Սիմոնյանին հետացատկի («ռիկոշետի») արդյունքում (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ գործի նյութերում, մասնավորապես, դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 628 եզրակացության մեջ չկա որևէ փաստական տվյալ, որը հնարավորություն կտար եզրահանգելու, որ կրակոցներից մեկի գնդակը դիպել է Ա.Սիմոնյանին հետացատկի (ռիկոշետի) արդյունքում: Նշված փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Արմեն Սիմոնյանի հագուստների և մարմնի վրա առկա վնասվածքները (...) մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունեն հետևից առաջ, քիչ ձախից աջ ուղղություն» (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

29. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքները, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը մոտ տարածությունից երկու անգամ կրակել են տուժողների ուղղությամբ, հրազեն են գործադրել այն պարագայում, երբ թվային առումով մի քանի անգամ գերազանցելով տուժողներին` կարող էին առանց զենքերի գործադրման հեշտությամբ հաշվեհարդար տեսնել նրանց հետ, կրակոցներ են արձակել տուժողների ուղղությամբ, այլ ոչ թե օդ կամ հատակին, երբ վերջիններս վախից դիմել են փախուստի:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն փաստարկին, որ ամբաստանյալները և տուժողները չեն ունեցել թշնամական հարաբերություններ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերից, մասնավորապես` ամբաստանյալներ Հ.Հարությունյանի, Բ.Հովհաննիսյանի ցուցմունքներից բխում է, որ վերջիններս 2013 թվականի մարտի 22-ին և 23-ին գնացել են տուժող Ա.Մանուչարյանի բնակության վայր՝ ամբաստանյալների ընկերների և տուժողի միջև Երևան-Բերդ մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի համար հաշվեհարդար տեսնելու նպատակով:

Նման հանգամանքների համակցությունն արդեն իսկ, անկախ հետևանքներից, վկայում է հանցավորների մոտ տուժողներին կյանքից զրկելու ուղղակի դիտավորության մասին: Մասնավորապես, նույնիսկ եթե տուժողներին կյանքից զրկելը ամբաստանյալների համար վերջնական նպատակ չի եղել, այնուամենայնիվ, վերջիններս նախատեսել են նման հետևանքի անխուսափելիությունը, ինչը վկայում է սպանության ուղղակի դիտավորության առկայության մասին: Վերոշարադրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ առկա է սպանության ավարտված հանցափորձ, քանի որ հանցավորները կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները հանցագործությունն ավարտին հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել նրանց կամքից անկախ հանգամանքներով (սպանության ավարտված հանցափորձի մասին մանրամասն տե'ս Գ.Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 16.1 և 17-րդ կետերը):

30. Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում նաև ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի մոտ տուժողներին կյանքից զրկելու դիտավորության բացակայության մասին ստորադաս դատարանների այն հիմնավորումը, որ կյանքից զրկելու դիտավորություն ունենալու պարագայում ամբաստանյալներն իրենց հանցավոր մտադրությունը կարող էին իրագործել դեռևս դեպքի նախորդ օրը կամ դեպքի օրը՝ առավել հարմար պահի: Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում բողոքաբերի այն դիրքորոշումը, որ ցանկացած անձ որևէ հանցագործություն, սույն գործով՝ սպանություն, կատարելու իր հանցավոր մտադրությունն իրագործելիս, ինքնուրույն է որոշում, թե կոնկրետ երբ, որտեղ և ինչ եղանակով իրագործի այն (տե՛ս սույն որոշման 20-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում նաև Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմքում դրված այն դիրքորոշմանը, որ եթե նույնիսկ ամբաստանյալները կրակոցներ արձակելու պահին ունեցել են տուժողներին սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջիններս կամովին հրաժարվել են այդ ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելուց, քանի որ ունեցել են այն իրագործելու ռեալ հնարավորություն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության ավարտված և չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց հրաժարվելը, նույնիսկ եթե հանցավորներն իրական հնարավորություն են ունեցել այն հասցնելու մինչև վերջ, չի կարող հանցագործությունից կամովին հրաժարում համարվել: Տվյալ դեպքում փաստացի կատարված արարքն իր մեջ արդեն իսկ պարունակում է ավարտված հանցափորձի բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, հետևաբար անձը չի կարող ազատվել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար քրեական պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց հրաժարվելը գործով առկա այլ հանգամանքների հետ միասին կարող են գնահատվել որպես մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել դատարանի կողմից պատիժ նշանակելիս (սպանության ավարտված հանցափորձի դեպքում կամովին հրաժարվելու ինստիտուտի առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասն տե՛ս Գ.Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 18.1-րդ կետը):

31. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ, պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա հանգամանքները, հանցավորի՝ նախքան հանցանքը և դրա ընթացքում դրսևորած վարքագիծը և Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ արձանագրված մնացած հանգամանքները, որոնք իրենց համակցության մեջ բացահայտում են հանցավորների դիտավորության տեսակը և ուղղվածությունը, մասնավորապես այն, որ վերջիններս գործել են տուժողներին սպանելու ուղղակի դիտավորությամբ:

Հետևաբար, Բ.Հովհաննիսյանի և Հ.Հարությունյանի արարքներում սպանության փորձի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

 

II. Զենքը կամովին հանձնելու վերաբերյալ.

 

32. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից իրենց մոտ ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելու մասին:

33. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

33.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում առկա են նորմեր, որոնք կարգավորում են հանցագործություն կատարելուց հետո անձի կողմից դրսևորած պոզիտիվ վարքագծի հիման վրա ծագող հատուկ հասարակական հարաբերություններ: Օրենսդրի կողմից հիշյալ հարաբերությունները կարգավորող նորմերը զետեղված են ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի 11-րդ գլխում, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում նախատեսված առանձին հոդվածներում (օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ, 200-րդ, 218-րդ, 223-րդ, 235-րդ, 299-րդ, 312-րդ, 327.1-րդ, 362-րդ և այլ հոդվածներ): Վկայակոչված նորմերն իրենց բնույթով խրախուսական նորմեր են, որոնք քրեորեն հետապնդելի արարք կատարած անձին առաջարկում են իրականացնել սոցիալական նշանակություն ունեցող որոշակի դրական վարքագիծ՝ նրա արարքը խթանելով խրախուսանքով: Այդ նորմերում սահմանվում են պահանջներ, որոնց իրականացման դեպքում հնարավոր է եզրակացնել, որ հանցագործություն կատարած անձը կորցրել է իր երբեմնի հանրային վտանգավորությունը, որի արդյունքում նպատակահարմար է այդ անձին ազատել քրեաիրավական ներգործության միջոցներից, մասնավորապես` քրեական պատասխանատվությունից:

ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում առանձին հանցակազմերի առնչությամբ խրախուսական նորմերի նախատեսումն ինքնանպատակ չէ: Այն որոշակի բնույթի հանցագործությունների դեմ պայքարի յուրահատուկ միջոց է, որն ուղղված է դրանց խափանմանը կամ դրանց հետ կապակցված այլ հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը:

34. Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված խրախուսական նորմը նպատակ ունի ապօրինի պահվող զենքի և նորմում թվարկված մյուս առարկաների կամավոր հանձնումը խրախուսելու եղանակով դադարեցնելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումը և այդպիսով կանխելու հետագայում դրանց հնարավոր գործադրմամբ անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված կամ այլ հանցագործությունները: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածով նախատեսված արարքների հանրային վտանգավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանով նախատեսված առարկաները հանցավոր նպատակով օգտագործելու իրական հնարավորություն է ստեղծվում, ինչը վտանգ է առաջացնում մարդկանց կյանքի և առողջության համար: Քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը հոդվածում նշված առարկաների անօրինական շրջանառությունից մարդու և հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հետևաբար հոդվածում նշված առարկաների հանձնման դեպքում ապահովվում է տվյալ հանցագործության օբյեկտի պահպանությունը, իսկ հանձնման կամավորության դեպքում` վերանում հանցանք կատարած անձի հանրային վտանգավորությունը:

Հոդվածում նշված առարկաների հանձնման կամովին լինելու հարցը Վճռաբեկ դատարանն իրավական վերլուծության է ենթարկել Հ.Բաղդասարյանի վերաբերյալ որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «Հանձնումը համարվում է կամովին, եթե անձը, գիտակցելով, որ այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիք չկա, իր հայեցողությամբ հանձնում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները, այսինքն՝ անձի ընդունած այդ որոշումը պետք է լինի ազատ և գիտակցված ընտրության արդյունք: Բացահայտման իրական սպառնալիքի առկայությունը և դրանից դրդված հանձնումը չի կարող համարվել կամովին: Այն դեպքերում, երբ իշխանությունները տեղյակ են կոնկրետ անձի մոտ նշված առարկաների առկայության մասին և առաջարկում են հանձնել դրանք, հանձնումը կամովին համարվել չի կարող: Այս պայմաններում դա կարող է դիտվել միայն որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք» (տե՛ս Հ.Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/ 01/08 որոշման 20-րդ կետը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հոդվածում նշված առարկաների հանձնումը կարող է համարվել կամովին, եթե անձը, գիտակցելով դրանք ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորությունը, այդուհանդերձ հանձնում է քննարկվող առարկաները կամ հայտնում դրանց գտնվելու վայրի մասին: Քննարկվող առարկաները ապօրինի պահելու իրական հնարավորություն անձը կարող է ունենալ, եթե, օրինակ, վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ զենքի գոյության մասին կամ բացակայում են դրա բացահայտման օբյեկտիվ հնարավորության մասին վկայող հանգամանքները և անձը ողջամտորեն գիտակցում է դա: Հետևաբար, ապօրինի պահվող զենքի գործադրմամբ հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո զենքը հանձնած անձը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ զենքի գործադրման փաստը վարույթն իրականացնող մարմիններին հաստատապես հայտնի լինելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառումը չի բխի քննարկման առարկա խրախուսական նորմը նախատեսելու քրեական քաղաքականության նպատակներից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ապօրինի զենքով հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո անձի կողմից զենքը հանձնելը կարող է գնահատվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել պատիժ նշանակելիս:

35. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Հարությունյանն ու Բ.Հովհաննիսյանը 2013 թվականի մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և հանձնել ապօրինի ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի, «M 0280» համարի և «Մակարով» տեսակի, «HC 1577» համարի ատրճանակները (տե՛ս սույն որոշման 11-րդ և 12-րդ կետերը): Ստորադաս դատարանները, Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելիս և նրանց քրեական պատասխանատվությունից ազատելիս արձանագրել են, որ մինչև ինքնակամ ներկայանալը քրեական գործի նյութերում նրանց վերաբերյալ որևէ տվյալ, այդ պահին բացահայտվելու, նրանց մոտ նշված հրազենները հայտնաբերելու իրական վտանգ առկա չի եղել, Հ.Հարությունյանն ու Բ.Հովհաննիսյանը հրազենները ոստիկանությանը հանձնել են կամովին, հանձնումը չի եղել այն հայտնաբերելու և առգրավելու հետ կապված որևէ դատավարական, քննչական գործողություն կատարելու ընթացքում (տե՛ս սույն որոշման 15-րդ և 16-րդ կետերը):

36. Հաշվի առնելով սույն որոշման 33.1-34-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին եզրահանգում անելիս անտեսել են, որ նախքան Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից մեղայականով ներկայանալը և զենքերը հանձնելը, նրանք այդ զենքերի գործադրմամբ կատարել էին հանրորեն վտանգավոր այլ արարքներ: Սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու փաստի առթիվ 2013 թվականի մարտի 23-ին արդեն իսկ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), որի շրջանակներում նույն օրը կատարված դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են թվով 7 պարկուճներ և 2 գնդակներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Քրեական գործով ձեռնարկվել են նաև դեպքի հանգամանքների բացահայտմանն ուղղված քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես, հարցաքննվել են վկաներ, տուժող է ճանաչվել և հարցաքննվել Ա.Մանուչարյանը, Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը հրազենները կիրառել են ցերեկով, բնական լուսավորության պայմաններում, բազմաբնակարան շենքի բակում, բազմաթիվ անձանց ներկայությամբ, դեպքի վայրից հեռացել են իրենց ավտոմեքենաներով, որոնց համարանիշները տեսանելի են եղել շատերին և այլն: Նշված հանգամանքները ողջամտորեն հիմք են ամբաստանյալների մոտ` իրենց բացահայտելու իրական սպառնալիքի և զենքերն ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորության բացակայության մասին գիտակցում ձևավորելու համար:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունները՝ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից իրենց մոտ ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելու մասին, օրինական և հիմնավորված չեն:

37. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալներ Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներով արդարացնելով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելով և նրանց քրեական պատասխանատվությունից ազատելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ, 235-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ` հաշվի առնելով, որ նրանց կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները չեն վերացել:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Հրանտ Յուրիկի Հարությունյանին և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղավոր ճանաչելու վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ամբաստանյալներ Հրանտ Յուրիկի Հարությունյանի և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան