ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2016 թվականի N 403-Ն
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
2 0 1 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ»
ԳԼՈՒԽ 1. ՆԱԽԱԲԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական ու գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով ու զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:
3. Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և դրանով իսկ աղքատության հաղթահարման, ինչպես նաև երկրում սոցիալական համերաշխության ու քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):
4. Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015 թվականին հետևողական աշխատանք է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման քաղաքականության ու ռազմավարության, ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ին պետական աջակցությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացման ուղղությամբ:
5. Այսպիսով, «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել շուրջ 6050 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի` ապահովելով 13243 աջակցության թվաքանակ, մասնավորապես`
1) գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության շրջանակներում. փաստացի` ցուցաբերվել է 12667 անգամ աջակցություն (նախատեսված էր` 8000-10000).
2) ֆինանսական և ներդրումային աջակցության շրջանակներում. փաստացի` աջակցություն է ցուցաբերվել 225 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի (նախատեսված էր` 150-200).
3) այլ աջակցության շրջանակներում. փաստացի` ցուցաբերվել է 351 անգամ աջակցություն (նախատեսված էր` 300):
6. Ընդ որում` աջակցություն ստացած ՓՄՁ-ի սուբյեկտների 5.1%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 94.9%-ը` Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:
7. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրված աջակցության մարզային բաշխվածքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` 1239, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 1237, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում` 527, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում` 885, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` 2993, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում` 1723, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում` 838, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում` 630, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում` 1297, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` 1150, Երևան քաղաքում` 675:
8. Հարկ է նշել, որ 2015 թվականի ընթացքում «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի շրջանակներում բոլոր աշխատանքները (ծրագրային միջոցառումները/ուղղությունները) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվել են առանց Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման.
1) սույն ծրագրով նախատեսված տեխնիկական բնույթի միջոցառումներն (ուղղություններն) իրականացվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի, ինչպես նաև միջազգային ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցների (այդ թվում` համաֆինանսավորման տարբերակով) հաշվին.
2) նշված ծրագրով նախատեսված ֆինանսական բնույթի միջոցառումները (ուղղությունները) վարկային երաշխավորությունների տրամադրման մասով իրականացվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների հաշվին, իսկ սեփական կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
9. «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացնելու հիմքն են «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018 թվականների ռազմավարությունը» և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է (4-րդ հոդվածի պահանջ):
10. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշումը (N 1 հավելվածի 32-րդ կետ).
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրով նախատեսված ծրագրային ցուցանիշների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները:
ԳԼՈՒԽ 3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Ծրագրի նպատակներն են`
1) պետական ուղղակի աջակցության մեխանիզմների (գործիքների) միջոցով երկրում ՓՄՁ-ի զարգացման խթանումը.
2) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը.
3) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը.
4) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:
12. Ծրագրի նպատակների իրագործման ապահովման համար նախատեսվում են`
1) գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու, ինչպես նաև նրանց ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվությունը տալով Հայաստանի Հանրապետության մարզերին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման առանձնահատկությունները.
2) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա մեխանիզմների (գործիքների) (ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական և այլն) կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.
3) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության նոր մեխանիզմների (գործիքների) ներդրում, մասնավորապես, տեղական տնտեսական զարգացում ու ոլորտային բիզնեսներին աջակցություն.
4) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում, մասնավորապես, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն` գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրում.
5) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ռեսուրսախնայողական և մաքուր արտադրության սկզբունքների կիրառման խրախուսում.
6) ծրագրի իրականացման շրջանակներում ավելի շատ ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավում և նրանց ցուցաբերվող պետական աջակցության շրջանակների ընդլայնում.
7) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացման միջոցառումների իրականացում:
ԳԼՈՒԽ 4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
13. Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) ծրագիրն իրականացվում է ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող կառույցների միջոցով.
2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության և ծառայությունների ոլորտում գործող, նորարարություններ ներդնող, ժամանակակից ու մաքուր տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող` գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը.
3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.
4) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում մշակվում և իրականացվում են ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ (ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
14. Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումներն (ուղղություններն) են`
1.
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում
15. Սույն ծրագրային միջոցառման (ուղղության) շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման, ինչպես նաև աջակցության ծրագրերում գործընկեր կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:
16. Միաժամանակ, աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի պահպանմանը, ամրապնդմանը, դրանց նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացմանը, դրանց գործունեության ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը:
2. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում) |
17. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցության շրջանակներում կիրականացվեն «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրեր, որոնք ընդգրկում են հետևյալ բաղադրիչները` մասնակիցների ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, մանրակրկիտ ընտրության փուլ անցած գաղափարների կյանքի կոչման նպատակով գործարար ծրագրերի մշակում: Այդ ամենի արդյունքում սկսնակ գործարարները ձեռք կբերեն իրենց բիզնեսի, անձնակազմի և ֆինանսական միջոցների կառավարման, պլանավորման, շուկայավարման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
18. 2016 թվականին նախատեսվում է իրականացնել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրեր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և քաղաք Երևանում: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործարար ուսուցողական դասընթացներին կմասնակցեն 50-100 սկսնակ գործարարներ:
19. Բացի դրանից` ուսուցողական աջակցության շրջանակներում կիրականացվեն նաև այլ գործարար ուսուցողական դասընթացներ` գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների համար, որոնք կկազմակերպվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում և հիմնված կլինեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործարարների շրջանում գործարար ծառայությունների կարիքների գնահատման և պարբերաբար անցկացվող մշտադիտարկման արդյունքների վրա: Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության մարզերում կիրականացվեն նաև ոլորտային (տեխնոլոգիական) դասընթացներ, որոնց իրականացման վայրը և բնույթը նույնպես կորոշվեն կարիքների գնահատման հիման վրա` ըստ առկա պահանջարկի: Տվյալ բաղադրիչի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 100-130 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտի:
20. Սույն ծրագրային միջոցառման (ուղղության) իրականացման ժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ:
21. Աջակցություն սիրիահայ գործարարներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2012 թվականից սկսած նոր ձեռնարկությունների հիմնադրման համար բազմատեսակ և բազմաոլորտ աջակցություն է տրամադրում Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստան գտած հայրենակիցներին` Հայաստանում սեփական բիզնես սկսելու նպատակով: 2016 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, որի շրջանակներում կիրականացվեն «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» մի քանի ծրագրեր հատուկ սիրիահայերի համար, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվական, ուսուցողական և խորհրդատվական աջակցություն, կկազմակերպվեն գործարար հանդիպումներ, ուսուցողական-տեղեկատվական սեմինարներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրության, հումքի և սարքավորումների ձեռքբերման (ներմուծման), հանրային գնումների, սննդի անվտանգության և այլ կարևոր թեմաների վերաբերյալ:
3. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն |
22. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի հետևյալ ուղղություններով`
23. ՓՄՁ-ի սուբյեկտների առավել լայն շրջանակների համար գործարար տեղեկատվության և խորհրդատվության հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում խմբային և անհատական հանդիպումներ կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացուցիչների (գործարարների) հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում տեղի ունեցած ու նախատեսվող փոփոխությունները և կտրվեն պարզաբանումներ: Մասնագետները կպատասխանեն նաև մասնակիցների կողմից տրվող հարցերին: Նախատեսվում է հանդիպումներին մասնակից դարձնել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին: Որոշակի հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ կկազմակերպվեն նաև հատուկ թիրախավորված խմբերի հետ: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից պարբերաբար կմշակվեն ու գործարարներին կտրամադրվեն տեղեկատվական նյութեր, կհրատարակվի մասնագիտական գրականություն, ինչպես նաև կօգտագործվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային կայքի հնարավորությունները:
24. Տվյալ բաղադրիչի շրջանակներում խորհրդատվություն կտրամադրվի ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրական բոլոր ուղղություններով, այդ թվում` հարկային, մաքսային, սննդի անվտանգության, տեխնիկական կանոնակարգման, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրոպական միության իրավական կարգավորումների վերաբերյալ և այլն:
25. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից կիրականացվեն նաև ՓՄՁ-ների կանաչ գործելակերպը խրախուսող միջոցառումներ` ռեսուրսախնայողության և մաքուր արտադրության վերաբերյալ: Տեղեկատվության տրամադրման նման միջոցառումները հատկապես արդյունավետ են փոքր և գյուղական տարածքներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ի սուբյեկտների համար, որոնց համար ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է:
26. Առանձին դեպքերում, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից իրենց շահերի պաշտպանությունը գրագետ իրականացնելու նպատակով վերջիններիս կտրամադրվի հասցեական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն իրավական և վարչարարական ամենատարբեր հարցերի վերաբերյալ: ՓՄՁ-ի սուբյեկտներից գրավոր, բանավոր և էլեկտրոնային եղանակով կընդունվեն ձևակերպված խնդիրներ, առաջարկներ, բողոքներ ձեռնարկատիրական գործունեության, տեսչական հսկողության և այլ բնագավառներում ծագած` ՓՄՁ-ի գործունեությանը խոչընդոտող կամ վնաս կրելու ռիսկեր պարունակող ցանկացած գործողության կամ երևույթի վերաբերյալ, կտրամադրվի խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած հարցերի լուծման ուղղությամբ, օժանդակություն կցուցաբերվի համապատասխան մարմիններին ուղղվող դիմումների, հարցումների, առարկությունների, բողոքների, գանգատների կազմման գործում, կբացահայտվեն հարկային և մաքսային վարչարարության ընդունված պրակտիկայի և գործելակերպի փոփոխությունների հնարավորությունները, որոնք կարող են բարելավել գործարար միջավայրը, կապահովվի կապը պրոֆեսիոնալ և ճյուղային միությունների, ասոցիացիաների հետ:
27. 2016 թվականի ընթացքում այս բաղադրիչի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով կշարունակվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից համաֆինանսավորման սկզբունքով աջակցություն ստացած ՓՄՁ-ի սուբյեկտներին` մրցութային կարգով ընտրված գործարար ծառայություններ մատուցող (ԳԾՄ) կառույցների միջոցով որակյալ հաշվապահական հաշվառման, ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման և այլ ուղղություններով ծառայությունների մատուցումը:
28. Պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդման շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ՓՄՁ-ի սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առանձին գործարար խմբերի հետ: Համագործակցության շրջանակներում կքննարկվեն առանձին ոլորտներում առկա խնդիրները, ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենսդրության և վարչարարության բնագավառներում գոյություն ունեցող հիմնահարցերը, կձևավորվեն խնդիրների լուծման և պետական աջակցության նոր գործիքների վերաբերյալ առաջարկություններ: Քննարկումների արդյունքները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և շահագրգիռ ճյուղային նախարարություններին:
29. ՓՄՁ-ի վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրությունների իրականացման շրջանակներում մի շարք պետական մարմիններից կհայցվի ՓՄՁ-ի մասին համապատասխան տեղեկատվություն` հետագա վերլուծությունների իրականացման նպատակով: Ուսումնասիրությունների շրջանակներում կբացահայտվեն և կվերլուծվեն ՓՄՁ-ն բնութագրող հիմնական ցուցանիշները: Նշված ուսումնասիրությունները կարող են որպես տեղեկատվության աղբյուր ծառայել ՓՄՁ-ի հետագա զարգացման քաղաքականության և ռազմավարության մշակման ու հիմնավորման համար: Տվյալ բաղադրիչի շրջանակներում համագործակցություն կհաստատվի միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ` Հայաստանում ՓՄՁ-ի մասին վիճակագրական տվյալների հասանելիության, ինչպես նաև ՓՄՁ-ն բնութագրող մի շարք ինդեքսային ցուցանիշների ձևավորման ուղղություններով միջազգային լավագույն փորձի տեղայնացման նպատակով:
30. ՓՄՁ-ն կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման գործընթացներում մասնակցության համատեքստում նախատեսվում է ուժեղացնել օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման գործընթացներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դերակատարությունը: Այս նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կօգտագործվեն ՓՄՁ-ի սուբյեկտների հետ անհատական և խմբային քննարկումների արդյունքները, ՓՄՁ-ի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունները, կներդրվեն ազդեցության գնահատման միջազգային պրակտիկայում կիրառվող մի շարք գործիքներ:
31. 2016 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտում պետական քաղաքականության, պետական աջակցությանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության վերաբերյալ հանրության իրազեկվածությանն ուղղված միջոցառումներ: 2016 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար տեղեկատվությամբ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից մշակված տեղեկատվական ու վերլուծական նյութերը (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցներ, բրոշյուրներ, տեղեկագրեր) ևս կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում, որոնք հասանելի կլինեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և գործարարությանն աջակցող կազմակերպություններին: Դրա հետ մեկտեղ զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ներով) գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կներկայացվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Միաժամանակ կհեռարձակվի «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարը: ՓՄՁ ԶԱԿ-ի կայքից բացի, կենտրոնի գործունեության մասին պատմող հաղորդագրությունները ԶԼՄ-ներին կտարածվեն ՓՄՁ ԶԱԿ-ի հանրային կապերի բաժնի կողմից` էլեկտրոնային փոստի միջոցով։ Կայքին զուգահեռ կշարունակեն գործել ՓՄՁ ԶԱԿ-ի սոցիալական ցանցային էջերը` Ֆեյսբուք, Թվիթեր, Յութուբ և ԼինկդԻն սոցցանցերում։
32. 2016 թվականին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն նաև Հաշվապահական կենտրոնի գործունեության կազմակերպման համար, ինչը ՓՄՁ-ի սուբյեկտներին հնարավորություն կտա օգտվելու հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների պատրաստման մատչելի ծառայություններից: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Հաշվապահական կենտրոնում գործող կազմակերպությունների մասնագետների կողմից համատեղ կկազմակերպվեն խորհրդատվական և ուսուցողական բնույթի սեմինարներ ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
33. Ընդհանուր առմամբ, 2016 թվականին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 3500-4000 ՓՄՁ-ի սուբյեկտի` ապահովելով 8000-10000 անգամ աջակցություն:
4. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն |
34. ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության զարգացման համար կարևոր խնդիր է ֆինանսական (վարկային) ռեսուրսների հասանելիությունը: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում 2016 թվականին կշարունակվեն ֆինանսական և ներդրումային աջակցության մեխանիզմների (գործիքների) կիրառումը:
35. Ֆինանսական (վարկային) ռեսուրսների հասանելիության մակարդակի բարձրացման նպատակով կիրականացվի դրանց մեխանիզմների ընդլայնումը, այդ թվում` տրամադրվող վարկային երաշխավորությունների առավելագույն չափի ավելացումը: Միաժամանակ, ծրագրի շրջանակներում կհաստատվի համագործակցություն մի շարք նոր ֆինանսական կազմակերպությունների հետ:
36. Ծրագրային այս միջոցառումը (ուղղությունը) ներառում է հետևյալ ֆինանսական մեխանիզմները (գործիքները)`
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում).
2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում).
3) գործարար նախաձեռնություններին աջակցություն.
4) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում:
37. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում)` ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ֆինանսական աջակցության գործիք, 2016 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրումը, որը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը:
38. Այստեղ նախապատվությունը տրվում է գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող, ժամանակակից ու մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
39. 2016 թվականին նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի իրականացման ֆինանսական (վարկային) ռեսուրսների ծավալի ավելացում` Ասիական զարգացման բանկից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:
40. ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման առավելագույն ժամկետը 5 տարի է: ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 15,000.0 հազ. դրամը: Սույն ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով:
41. Առանձին դեպքերում ՓՄՁ-ի սուբյեկտներին կարող են տրամադրվել 15,000.0 հազ. դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` 5 տարվանից ավելի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
42. Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների տրամադրման) շրջանակներում կցուցաբերվի աջակցություն` սկսնակ գործարարների ֆինանսավորման (վարկավորման) հնարավորություններն ընդլայնելու և ֆինանսավորման (վարկավորման) պայմանները բարելավելու համար: Ֆինանսական աջակցություն (վարկավորում) կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող` «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակներում իրականացված ուսուցման դասընթացների արդյունքում իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակ գործարարներին:
43. Սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 5.000 հազ. դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Կախված իրականացվող ծրագրերի բնույթից` ֆինանսավորումը (վարկավորումը) կիրականացվի փուլային սկզբունքով` ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունը և վերահսկելիության արդյունավետության բարձրացումը: Ընդ որում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից վարկային երաշխավորությունները շահառուներին (սկսնակ գործարարներին) կտրամադրվեն վարկային պարտավորության 100 տոկոսի չափով:
44. Գործարար նախաձեռնություններին աջակցություն 2016 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կշարունակվի իրականացվել «Գործարար նախաձեռնությունների աջակցություն» ծրագիրը: Այս ծրագրի նպատակներն են նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը, ներքին և արտաքին ներդրումների խթանումը, Հայաստանի տնտեսական զարգացման նպատակով սփյուռքի ներուժի ներգրավումը, Հայաստանում նորարարական գործարար գաղափարների ներդրումը և արտահանման ներուժ ունեցող, ներմուծմանը փոխարինող ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծումն ու զարգացումը և ներգաղթի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Ծրագրի նպատակային խմբերն են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրության և ծառայությունների ոլորտներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտները, օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են գործարարությամբ զբաղվել Հայաստանում:
45. Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից շահառուներին կտրամադրվեն վարկային երաշխավորություններ` վարկային պարտավորության մինչև 100 տոկոսի չափով, սակայն շահառուից նախապես կպահանջվի իրականացնել դրամական ներդրումներ:
46. «Գործարար նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող գործարար ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու և ձախողման ռիսկերը նվազեցնելու նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից շահառուներին համալիր կիրառական աջակցություն կցուցաբերվի ֆինանսական աջակցության ամբողջ գործիքակազմի միջոցով, որտեղ հատկապես կարևորվում է գործարար խորհրդատվության և հաշվապահական հաշվառման ծառայությունների համաֆինանսավորումը:
47. Ընդհանուր առմամբ` 2016 թվականին գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի 15-20 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի:
48. ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և ֆինանսական այլ գործիքների կիրառում 2016 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման ծրագրեր կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործունեության շրջանակներում:
49. «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է 2016 թվականին ակտիվ շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման գործընթացը: 2016 թվականին կշարունակվեն արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը (սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի երեք տոկոսային կետին համարժեք գումարը վարկի մինչև երկու տարվա վճարման ենթակա տոկոսագումարները) Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում:
50. Միևնույն ժամանակ, 2016 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը կշարունակի ՓՄՁ-ի սուբյեկտներին առաջարկել երաշխիքներ, մասնավորապես, կտրամադրվեն մրցույթների մասնակցության, կանխավճարների ապահովման, պայմանագրերի կատարման, հետավարտման (որակի) և արտահանման երաշխիքներ, որոնք կնպաստեն ինչպես տեղական շուկայում գործունեություն իրականացնող, այնպես էլ արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների գործունեության զարգացմանը: Կշարունակվի նաև գյուղացիական համայնքներին և գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններին ցուցաբերել ֆինանսական աջակցություն` ֆինանսական վարձակալության (լիզինգի) տեսքով:
51. Ընդլայնելով առաջարկվող գործիքակազմը` 2016 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը, համաձայն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում սահմանված առաջնահերթությունների, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից նախապես ընտրված շահառուներին` ապահովված հիմնադրամի վարկային երաշխավորություններով, կտրամադրի մինչև 50,000.0 հազ. դրամ գումարի չափով վարկեր: Ընդ որում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից վարկային երաշխավորությունները տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնության դեպքում:
5. |
Տեղական տնտեսական զարգացում և ոլորտային աջակցություն |
52. «Տեղական տնտեսական զարգացում» ծրագրային միջոցառման (ուղղության) նպատակն է Հայաստանի Հանրապետության համայնքների համաչափ զարգացման խնդիրների լուծման նպատակով մասնակցային պլանավորման և արդյունքների մասնակցային գնահատման մեթոդների վրա հիմնված տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, տեղական ապրանքանիշերի ձևավորումը և հետագա առաջմղումը` նորարարական մոտեցումների կիրառմամբ: Միաժամանակ, տեղական տնտեսական զարգացումը միտված է բացահայտելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական ներուժը և դրա հիման վրա ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման նախաձեռնություններ‚ որոնք կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության համայնքների մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի արդյունավետությունը:
53. Տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի առաջմղում` աջակցություն կցուցաբերվի տեղական ռեսուրսների վրա հիմնված ապրանքների և ծառայությունների զարգացմանը։ Այս համատեքստում լայնորեն կկիրառվի «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» - ՕՎիՕՊի («One Village One Product» - OVOP) ճապոնական հայեցակարգը, որի Հայաստանում տեղայնացման փորձերը կատարվել են` սկսած 2012 թվականից և ունեն ընդլայնման և տարածման միտում: Հայկական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգը բնորոշվում է որպես տեղական ինքնության հետ համահունչ տեղական տնտեսություն, տեղական ձեռնարկությունների և ապրանքների առաջմղման համաժամանակյա գործողություններ։ Հայեցակարգի հիմնարար մեթոդներն են` անհատական և խմբային շուկայավարումը, տարածքային և անհատական ապրանքանշումը, բիզնեսի կառավարման և որակի շարունակական բարելավումը (Կայզեն/Kaizen)1։
54. Ոլորտային բիզնեսներին աջակցության նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության` հատկապես արտահանման ներուժ ունեցող մրցունակ ոլորտների զարգացումը և ներմուծմանը փոխարինող տեղական արտադրությունների ձևավորման խթանումը` օրինակելի գործարար մոդելների ներդրման միջոցով: Ոլորտային բիզնեսներին աջակցության շրջանակներում կիրականացվեն օրինակելի գործարար մոդելների ստեղծում և ներդրում, տեխնոլոգիական ձեռնարկ-ուղեցույցի հրատարակում, տեխնոլոգիական դրամաշնորհի տրամադրում, ուղեկցում, մոնիթորինգ և գնահատում: Մասնավորապես, կշարունակվի աջակցություն ցուցաբերվել չրագործությամբ, ջերմոցային ու սառնարանային տնտեսություններով ու պանրի արտադրությամբ զբաղվող բիզնեսներին, ինչպես նաև կմեկնարկեն այլ մրցունակ ենթաճյուղերի աջակցության աշխատանքները:
55. Ընդհանուր առմամբ` 2016 թվականին կիրականացվի տեղական տնտեսական զարգացման 5 ծրագիր` ներառելով 24 համայնքներ տարբեր մարզերից, կբացահայտվեն առնվազն 60 տնտեսական նախաձեռնություններ:
56. Բացահայտված նախաձեռնություններից կիրականացվեն`
1) 11 ենթակառուցվածքային ծրագրեր.
2) կմշակվեն 2-3 օրինակելի գործարար մոդելներ և ուղեցույցներ.
3) համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն 10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ:
6. |
Կանանց ձեռներեցությանն աջակցություն |
57. Կանանց ձեռներեցությանն աջակցության նպատակով կշարունակվեն իրականացվել կանանց ձեռնարկատիրական կարողությունների բարելավմանն ուղղված հետևյալ միջոցառումները`
1) դասընթացների (սեմինարների) կազմակերպում և խորհրդատվության մատուցում սկսնակ կին գործարարներին, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի առկա ֆինանսական աջակցության մեխանիզմներով (գործիքներով).
2) կին գործարարների և նրանց գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացում և կարողությունների զարգացում.
3) «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրերում կին գործարարների մասնակցության խրախուսում.
4) տեղեկատվական (խորհրդատվական) բնույթի հանդիպումների կազմակերպում կին գործարարների համար.
5) այլ միջոցառումներ` կանանց ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում.
6) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների` ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով 2016 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի` «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության կազմակերպում:
7. |
Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում |
58. Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման կարևոր խնդիրներից է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների համար` արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացում: Աջակցության տվյալ ուղղության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կօգտագործվեն Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (այսուհետ` ՁԵՑ) գործարար համագործակցության կենտրոնի հնարավորությունները, ինչպես նաև կուժեղացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների կարողությունները` ՓՄՁ-ի սուբյեկտներին` համապատասխան հարցերին վերաբերող գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերման ուղղությամբ:
59. ՁԵՑ-ի գործունեության նպատակն է աջակցել ՁԵՑ-ի անդամ երկրներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` վերջիններիս նորարարական ներուժը զարգացնելու և Եվրամիության շրջանակներում գործարարության խթանման համար իրականացվող գործընթացներին մասնակից դառնալու նպատակով:
60. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2008 թվականից ի վեր, հանդիսանալով ՁԵՑ-ի հյուրընկալող կառույց, ներկայումս գործում է որպես Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոն:
61. Սկսած 2015 թվականից` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ կոնսորցիումով հանդիսանում է ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնը Հայաստանում: Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի գործունեությունն ուղղված է հայ գործարարների գործունեության միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
62. Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի կողմից 2016 թվականին նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք կուղղվեն ՁԵՑ-ի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը, եվրոպական շուկաներ մուտք գործելու օրենսդրական ընթացակարգերի և ստանդարտների պարզաբանմանը, Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների համար ՁԵՑ-ի անդամ երկրների շրջանում գործընկերների որոնմանը և գործարար կապերի հաստատմանը, գործարար տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարությունների խթանմանը և այլն:
63. Բացի դրանից, ՓՄՁ-ի սուբյեկտների և այլ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում ամսական կտրվածքով կտարածվի Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի էլեկտրոնային տեղեկաթերթը, ինչպես նաև եռամսյակային կտրվածքով կտարածվի միջազգային գործարար միջոցառումների տեղեկաթերթը, որտեղ գործարարները կարող են ստանալ գործարար տեղեկատվություն, մասնավորապես, տեղեկանալ Հայաստանում գործընկերների որոնման առաջարկներին, ինչպես նաև` ՁԵՑ-ի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին: Նշված գործարար տեղեկատվությունը կտեղադրվի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
64. 2016 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքներ կիրականացվեն տեղական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ` համագործակցության հաստատման նպատակով:
65. Այս համատեքստում, նպատակ ունենալով խթանել ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը` ՁԵՑ-ի գործընկեր տեղական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում կապահովվի ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և գործարար համագործակցության հաստատման այլ միջոցառումներին:
66. Ընդհանուր առմամբ` 2016 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող հայ գործարարների կողմից ներկայացվող 30-40 նոր գործարար համագործակցության վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև գործունեության միջազգայնացման նպատակով ընդհանուր բնույթի տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի շուրջ 150 հայ գործարարների:
67. «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020 թթ.)» ԿՈՍՄԵ (COSME2) ծրագրին Հայաստանի մասնակցությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալու Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ)3 գործունեության շրջանակներում` էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես, բացի նշված ընդհանուր բնույթի ծառայություններից, համաֆինանսավորման պարագայում հնարավորություն կստեղծվի միջազգայնացման և նորարարական ներուժ ունեցող ընտրված շուրջ 100 հայ գործարարների աջակցություն ցուցաբերել միջազգայնացման կարողությունների զարգացման ուղղությամբ: ՓՄՁ-ի սուբյեկտները կստանան անհատական խորհրդատվություն և կմասնակցեն մասնագիտացված դասընթացների, կմշակվեն ներդրումային ծրագրեր և այլն: Անհատական աշխատանք կիրականացվի առավել իրատեսական ծրագրեր ունեցող ՓՄՁ-ների հետ` նրանց միջազգայնացման պլանների իրագործման ուղղությամբ:
8. |
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում |
68. Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման արդյունավետության բարձրացման ու ընդլայնման և այդ համատեքստում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակով, ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման, նաև միջազգային լավագույն փորձի փոխանցման նպատակով, աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր իրականացնող միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկների մշակման ու իրականացման ուղղությամբ:
69. Մասնավորապես, 2016 թվականին կշարունակվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ` «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ` «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի, Ասիական զարգացման բանկի հետ` «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ` «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
70. Նախատեսվում է, որ սկսած 2016 թվականից` ուժի մեջ կմտնի «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն» (ԿՈՍՄԵ/COSME) ծրագիրը` Հայաստանի անդամակցությամբ:
71. Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում ֆինանսական ու ներդրումային աջակցության, տեղական և տարածքային տնտեսական զարգացման, ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանը) աջակցության, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման, սկսնակ գործարարների ու կանանց ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական ու խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում շուրջ 4200 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ապահովելով շուրջ 10200 անգամ աջակցություն, մասնավորապես`
1) գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի շուրջ 4000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` 10200 անգամ.
2) ֆինանսական և ներդրումային աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի շուրջ 60 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների.
3) այլ աջակցության շրջանակներում շուրջ 140 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների:
ԳԼՈՒԽ 6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
72. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով: Այն կարող է իրականացվել (համալրվել) նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
73. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից հատկացնել 152,600.0 հազ. դրամ, որի հաշվին կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը` լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ:
74. Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) ֆինանսական ապահովումը կիրականացվի հետևյալ ֆինանսական միջոցների հաշվին`
1) «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառումը (ուղղությունը) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին.
2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների) տրամադրումը և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական ու ներդրումային աջակցության (վարկային երաշխավորությունների) տրամադրումը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների (1,833,022.1 հազ. դրամ) հաշվին.
3) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորումը կիրականացվի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ներգրավված վարկային միջոցների մնացորդի (7,783,281.8 հազ. դրամ), ինչպես նաև այլ աղբյուրներից ներգրավվող փոխառու միջոցների հաշվին.
4) հաշվապահական կենտրոնի գործունեությունը կապահովվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին, ինչպես նաև նախատեսվում է շարունակել Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 հասցեում տեղակայված տարածքի օգտագործումը.
5) մյուս ծրագրային միջոցառումները (ուղղությունները) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում ներգրավված միջոցների, ինչպես նաև «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի հաշվին.
6) նշված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման նպատակով կարող են լրացուցիչ ներգրավվել նաև միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները, այդ թվում` համաֆինանսավորման սկզբունքով:
________________________
1 Շարունակական բարելավումը (Kaizen) ճապոնական գործարար վարչարարության մեթոդների լրակազմ է, որոնք կիրառվում են արտադրողականության և որակի կառավարման, գործարար ռազմավարական պլանավորման և շուկայավարման համար աշխարհի բազմաթիվ առաջատար ընկերությունների կողմից:
2 "Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises (COSME, 2014 - 2020)" ծրագիրը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը հասանելի է ԵՄ-ի անդամ երկրներին, անդամակցող երկրներին և Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) մեջ ընդգրկված երկրներին, այդ թվում` նաև Հայաստանին:
3 ՁԵՑ-ն իր գործունեությունը մեկնարկել է 2008 թ-ից և ներառում է ավելի քան 60 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ` տրամադրելով բազմաթիվ մասնագիտացված գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին: ՁԵՑ-ին անդամակցում են առևտրաարդյունաբերական պալատներ, համալսարաններ, գիտական կենտրոններ, ՓՄՁ-ին աջակցող կառույցներ, գործակալություններ /հttp://een.ec.europa.eu/:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում |
2016 թվականին կիրականացվեն աշխատանքներ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման, ինչպես նաև աջակցության ծրագրերում գործընկեր կազմակերպությունների ներգրավման համար: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում) |
2016 թվականին գործարար ուսուցողական աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 150-230 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտի, որից «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործարար ուսուցողական դասընթացներին կմասնակցեն 50-100 սկսնակ գործարարներ: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն |
2016 թվականին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 3500-4000 ՓՄՁ-ի սուբյեկտի` ապահովելով 8000-10000 անգամ աջակցություն: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն |
2016 թվականին գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների տրամադրման) և գործարար նախաձեռնություններին աջակցության շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 15-20 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5. |
Տեղական տնտեսական զարգացում և ոլորտային աջակցություն |
2016 թվականին կիրականացվի տեղական տնտեսական զարգացման 5 ծրագիր` ներառելով 24 համայնքներ տարբեր մարզերից, կբացահայտվեն առնվազն 60 տնտեսական նախաձեռնություններ: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
6. |
Կանանց ձեռներեցությանն աջակցություն |
2016 թվականին կին գործարարների համար կկազմակերպվեն սկսնակ կին գործարարներին աջակցության ծրագրեր, գործնական դասընթացներ (սեմինարներ), տեղեկատվական (խորհրդատվական) բնույթի հանդիպումներ, «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն, ինչպես նաև կիրականացվեն միջոցառումներ` կանանց ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
7. |
Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում |
2016 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող հայ գործարարների կողմից ներկայացվող 30-40 նոր գործարար համագործակցության վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև գործունեության միջազգայնացման նպատակով աջակցություն կցուցաբերվի շուրջ 150 հայ գործարարների: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
8. |
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում |
2016 թվականին ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման արդյունավետության բարձրացման ու ընդլայնման և այդ համատեքստում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակով` ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման, նաև միջազգային լավագույն փորձի փոխանցման նպատակով աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր իրականացնող միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկների մշակման և իրականացման ուղղությամբ: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ շահագրգիռ կառույցներ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|