Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1267
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.04.27/34(1214) Հոդ.355
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.04.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
19.04.2016
Дата вступления в силу
19.04.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 ապրիլի 2016 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐ-ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված` «Երևանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի մարտի 29-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Քննության առարկա ֆինանսական պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է 2015 թ. հոկտեմբերի 16-ին: Պայմանագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 8 մլն եվրո գումարի չափով փոխառություն Երևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման նպատակով:

ՀՀ կառավարությունը 2016թ. մարտի 3-ին հավանություն է տվել Պայմանագրին:

Պայմանագրով նախատեսված վարկային միջոցները տրամադրվելու են հերթական մասնաբաժիններով (առավելագույնը 5 մասնաբաժնով` յուրաքանչյուրն առնվազն մեկ մլն եվրոյի չափով): Վարկի սպասարկման գծով վճարումներն իրականացվելու են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին: Յուրաքանչյուր մասնաբաժին ունենալու է մարման ժամկետ (4-18 տարի): Միանվագ կոմիսիոն վճարը կազմում է 50.000 եվրո:

Ֆինանսավորման ենթակա ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) բաղկացած է երեք բաղադրիչից: Առաջինը նախատեսում է նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում, որոնք սպասարկելու են Երևան քաղաքն իր մոտ 1.1 մլն բնակիչներով և, ինչպես վկայակոչված է Պայմանագրի Առդիր «Ա»-ի Ա.1 մասում, հավանաբար` նաև հարակից չորս տարածաշրջանները` մոտ 770 հազար բնակիչներով: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակման ու վերականգնման նպատակներով նախատեսված աշխատանքները` նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո: Ծրագրի երրորդ բաղադրիչը միտված է այնպիսի համակարգերի և օբյեկտների ստեղծմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն կոշտ թափոնների վերամշակման ծավալները` երկարացնելով նոր աղբավայրի շահագործման ժամկետը:

Ծրագիրն իրականացնող մարմիններն են` Երևանի քաղաքապետարանը և Երևանի քաղաքապետարանին պատկանող կամ պատկանելիք ընկերությունը (այսուհետ` Օժանդակող):

 

2. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ` Բանկ) միջև «Երևանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) վճարել Բանկին մասհանման հետաձգման փոխհատուցում Ֆինանսավորման պայմանագրի 1-ին հոդվածի 1.05.Ա կետով սահմանված դեպքերում և պայմաններով,

բ) վճարել Բանկին հետաձգման փոխհատուցում տրանշը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու դեպքում` Ֆինանսավորման պայմանագրի 1-ին հոդվածի 1.06.Գ.1) և 1.06.Գ.2) կետերով սահմանված դեպքերում և պայմաններով,

գ) վճարել կամ ապահովել գնահատման վճարի կատարումը Բանկին` Ֆինանսավորման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում (1-ին հոդվածի 1.08 կետ),

դ) կատարել վարկի տոկոսի վճարում Պայմանագրի 3-րդ հոդվածի 3.01 կետի համաձայն,

ե) վճարել տույժեր Պայմանագրի դրույթների հիման վրա վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարի դիմաց` Պայմանագրի 3-րդ հոդվածի 3.02 կետով սահմանված կարգով և պայմաններով,

զ) վճարել վաղաժամ մարման դեպքում նաև վաղաժամ մարման գումարի կուտակված տոկոսները, փոխհատուցման տույժի գումարը (4-րդ հոդվածի 4.02 կետ),

է) ձեռնարկել քայլեր Ծրագրի հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար, որպեսզի հնարավոր լինի Ծրագիրն իրականացնել համաձայն Տեխնիկական նկարագրի (6-րդ հոդվածի 6.03 կետ),

ը) իրականացնել Ծրագրի մաս կազմող ողջ սեփականության տեխնիկական սպասարկման անցկացում, վերանորոգում, մանրակրկիտ զննում և նորացում, և ապահովագրել Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունն առաջնակարգ ապահովագրական ընկերությունների կողմից (6-րդ հոդվածի 6.05 կետ),

թ) պահպանել և ապահովել, որ Օժանդակողը և Երևանի քաղաքապետարանը պահպանեն բոլոր այն օրենքները և կանոնակարգերը, որոնք տարածվում են ՀՀ-ի, Օժանդակողի և Երևանի քաղաքապետարանի վրա (6-րդ հոդվածի 6.06 կետ),

ժ) պահպանել ֆինանսական պարտավորություններ ստանձնելու առկա սահմանափակումները` Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԱՄՀ) Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ որևէ այլ փաստաթղթի համաձայն (6-րդ հոդվածի 6.08 կետ),

ժա) ապահովել Օժանդակողի և/կամ Երևանի քաղաքապետարանի կողմից Պայմանագրի 8-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը Բանկին,

ժբ) ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Բանկը ողջամտորեն պահանջում է, հետաքննելու և (կամ) դադարեցնելու համար որևէ ենթադրյալ կամ կասկածվող գործողություն, որն ունի Պայմանագրի 6.09 հոդվածում նկարագրված բնույթ,

ժգ) տեղեկացնել Բանկին այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են որևէ կորստի համար պատասխանատու անձանց գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում ստանալու ուղղությամբ և օժանդակել ցանկացած հետաքննության, որը կարող է իրականացնել Բանկը նման գործողության առնչությամբ (8-րդ հոդվածի 8.03 կետ),

ժդ) վճարել բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ պարտադիր վճար, ներառյալ` պետական տուրքը և գրանցման վճարները, որոնք կծագեն Ֆինանսավորման պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի կատարումից կամ իրականացումից (9-րդ հոդվածի 9.01 կետ),

ժե) կրել բոլոր գանձումների և այլ ծախսերի վճարման պարտավորությունը, այդ թվում` մասնագիտական, բանկային կամ տարադրամի փոխանակման գանձումները, որոնք առաջանում են Ֆինանսավորման պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի նախապատրաստման, փոփոխման, կատարման, իրականացման և դադարեցման կամ Պայմանագրից կամ այլ համապատասխան փաստաթղթից հրաժարվելու, ինչպես նաև Վարկի համար որևէ երաշխիքի փոփոխման, ստեղծման, կառավարման, իրականացման և իրացման առնչությամբ (9-րդ հոդվածի 9.02 կետ),

ժզ) վճարել (հատուցել) Բանկին ցանկացած գումար կամ ծախս, որն առաջացել է, կամ Բանկը կրել է որևէ օրենքի կամ կանոնակարգի ներդրման, փոփոխության, մեկնաբանման, կիրառման, կառավարման կամ Պայմանագրի ստորագրման օրվանից հետո ուժի մեջ մտած ցանկացած օրենքի կամ կանոնակարգի կատարման արդյունքում (9-րդ հոդվածի 9.03 (ա) կետ),

ժէ) հատուցել և զերծ պահել Բանկին որևէ կորստից, որը հետևանք է Հայաստանի Հանրապետության կողմից կատարված որևէ վճարման կամ վարկի մասնակի մարման, որը տեղի է ունենում Պայմանագրի հստակ սահմանված ձևից տարբերվող ձևով (9-րդ հոդվածի 9.03 (բ) ենթակետ):

 

3. Ֆինանսավորման պայմանագիրն ուժի մեջ է մտնում Պայմանագրի 1.04.Ա. ա) հոդվածով պահանջվող ապացույցները Բանկի համար ընդունելի ձևով ու բովանդակությամբ, Բանկի կողմից ստանալուց հետո:

 

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա ֆինանսավորման պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված` «Երևանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 ապրիլի 2016 թ.

ՍԴՈ-1267