Գլխավոր տեղեկություն
Номер
N 1528-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.03.2016-08.07.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.29/4(1093) Հոդ.57
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2015
Дата вступления в силу
30.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1528-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.03.16 N 259-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.03.16 N 259-Ն)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության իրավահաջորդն է:

(2-րդ կետը փոփ. 03.03.16 N 259-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1528-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 03.03.16 N 259-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ սեյսմիկ պաշտպանության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 03.03.16 N 259-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 03.03.16 N 259-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Գործակալության հիմնական խնդիրներն ու նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի մոնիթորինգի ապահովումը.

2) տարածքների սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատումը.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցումը.

4) հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.

5) սեյսմիկ վտանգի հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը:

8. Գործակալությունն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման համար:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Գործակալությունն իր խնդիրների ու նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման աշխատանքներին մասնակցությունը.

2) սեյսմիկ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորման և զարգացման աշխատանքներին մասնակցությունը.

3) իր գործունեության ոլորտում զարգացնում է համագործակցությունն օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ.

4) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, նրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.

5) իր իրավասության սահմաններում սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը մասնակցությունը.

6) շենքերի և շինությունների սեյսմակայունության որակավորման աշխատանքներին և սեյսմակայունության բարձրացման մեթոդների մշակմանը մասնակցությունը.

7) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, հանրապետության տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

8) ուժեղ երկրաշարժի դեպքում հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների աշխատանքների անվտանգ դադարեցման տեխնիկական ու կազմակերպչական լուծումների մշակմանն ու ներդրմանը մասնակցությունը.

9) սպասվող կամ տեղի ունեցած երկրաշարժի գոտում մասնագիտացված հետազոտությունների իրականացման կազմակերպումը.

10) սահմանված կարգով նախարարին և փրկարար ծառայության տնօրենին հաղորդում է ընթացիկ տեղեկություն Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքներում երկրաշարժերի ու սեյսմիկ վտանգի մասին.

11) Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը և հաղորդումը նախարարին և փրկարար ծառայության տնօրենին.

12) ընթացիկ սեյսմիկ իրավիճակի և բնակչության վարքի կանոնների մասին սահմանված կարգով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար տեղեկացումը.

13) սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի միջազգայնացմանը մասնակցությունը.

14) սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի մշակման և դրանց արդյունքների ներդրման գործընթացին մասնակցությունը.

15) սեյսմիկ պաշտպանության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.

16) շրջակա միջավայրի վրա երկրաշարժերի հնարավոր ազդեցության գնահատման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

17) սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտական հիմնավորված մեթոդների մշակման ու կիրառման ապահովումը.

18) սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի զարգացման և կատարելագործման աշխատանքների ապահովումը.

19) սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով տվյալների բազայի ստեղծման ու դրա զարգացման աշխատանքների իրականացումը.

20) երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներին մասնակցությունը.

21) հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների խոցելիության գնահատմանը և ուժեղ երկրաշարժի դեպքում նրանց վարքի կանխատեսման ապահովմանը մասնակցությունը.

22) վաղ ահազանգման համակարգի ստեղծմանը մասնակցությունը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է սեյսմիկ պաշտպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

7) նախարարությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, վերահսկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

17. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով ու այլ իրավական ակտերով:

(հավելվածը փոփ. 03.03.16 N 259-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1528-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 03.03.16 N 259-Ն)

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչություն

Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժին

Դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժին

(հավելվածը փոփ. 03.03.16 N 259-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան