Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.02.10/9(1189).1 Հոդ.74.11
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.12.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
28.12.2015
Дата вступления в силу
28.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2401/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2401/02/14

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ն. Տավարացյան

Դատավորներ`

Ա․ Պետրոսյան 

Գ․ Կարախանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՌՆԱԴՕ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Երևան ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Կազմակերպության՝ ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 7.121.536 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև 142.431 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության կողմից 19.05.2015 թվականին կազմված թիվ Բ017381 ակտը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ․ Նախշքարյան) (այսուհետ՝ Դատարան) 10.03.2015 թվականի վճռով Կազմակերպության հայցը մերժվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.06.2015 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.03.2015 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Կազմակերպության հայցը բավարարվել է, Ընկերության հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 22.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշմամբ հաստատված՝ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների» (այսուհետ՝ Կանոններ) 18-րդ, 25-րդ, 45-րդ կետերը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում հանգել է սխալ եզրակացության:

Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ թվարկելով գործում առկա ապացույցները, պատճառաբանել է, որ Ընկերությունն ապացույցներ չի ներկայացրել իր վկայակոչած փաստերի վերաբերյալ, մինչդեռ ակնհայտ է, որ Ընկերությունն ապացուցել է իր կողմից վկայակոչած փաստը, այն է՝ 19.05.2014 թվականին ջրաչափի տեղահանման և փորձաքննության ընթացքում իր ծանուցված չլինելու և մասնակից չլինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս հիմք է ընդունել ջրամատակարարի ներկայացուցիչ Աշոտ Թումանյանի անունից ներկայացված գրավոր բացատրությունը, որով վերջինս հայտնել է, որ ջրաչափի ոչ բնականոն աշխատանքը հայտնաբերել է 18.05.2015 թվականին, իսկ ջրաչափը փոխարինվել է 19.05.2015 թվականին: Մինչդեռ գործում առկա փաստաթղթերով ապացուցվում է, որ ջրաչափի անսարքությունն արձանագրվել է ոչ թե 18.05.2015 թվականին, այլ 19.05.2015 թվականին՝ թիվ Բ017381 ակտով, իսկ ջրաչափի փոխարինումը նորով կատարվել է 20.05.2015 թվականին:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Ընկերությունը չի վիճարկել Չափագիտության ազգային ինստիտուտի 19.05.2014 թվականի ջրաչափի նախնական զննման և նախնական փորձաքննության արձանագրությունը, գումարի հաշվարկը, կողմերի միջև առկա ջրամատակարարման պայմանագրի հիման վրա նախկինում եղած ջրի ծախսը և վճարումները, հաշվի չի առել, որ դրանք սույն գործով վեճի առարկայի և հակընդդեմ հայցապահանջի հիմքում ընկած չեն, քանի որ տվյալ դեպքում Ընկերության կողմից վիճարկվում է 19.05.2015 թվականի թիվ Բ017381 ակտը՝ պայմանավորված ջրաչափի ստուգաչափման մասին Ընկերությանն օրենսդրությամբ սահմանված կարգով չծանուցելու և այդ գործընթացներին Ընկերության ներկա գտնվելու հիմքով, ինչով պայմանավորված էլ Ընկերությունն առարկել է խախտումը կատարած սուբյեկտի և խախտումը կատարելու վայրի վերաբերյալ Կազմակերպության ներկայացրած փաստարկների դեմ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.03.2015 թվականին վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումն հիմնավոր է և իրավաչափ: Վերաքննիչ դատարանը Դատարանի եզրահանգման իրավաչափության գնահատման արդյունքում, այդ եզրահանգումները համադրելով սույն գործով հաստատված փաստական հանգամանքների հետ, իրավացիորեն արձանագրել է, որ Ընկերությունը չի վիճարկել Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից կազմված, արձանագրությամբ հաստատված ջրաչափի օղակի կոտրված լինելու և կնիքը կեղծված լինելու հանգամանքը, այլ վիճարկում է ջրաչափի խախտումները Կազմակերպության կողմից ջրաչափի գտնվելու վայրում կամ այն Չափագիտության ազգային ինստիտուտ տեղափոխելու ճանապարհին կատարված լինելու հնարավորությունը, որն հիմնազուրկ է, քանի որ Ընկերությունը մասնակցել է ջրաչափի հանձնման-ընդունմանը, իսկ տվյալ ակտի կազմման հիմք է հանդիսացել Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից 19.05.2015 թվականին կազմված արձանագրությունը, ինչը չի վիճարկվել Ընկերության կողմից:

Տվյալ դեպքում Կազմակերպությունը, որպես իր հայցապահանջը հիմնավորող ապացույցներ, Դատարանին է ներկայացրել 19.05.2014 թվականին կազմված՝ հայտնաբերված խախտումների մասին թիվ Բ017381 ակտը, 20.05.2014 թվականին կազմված ջրաչափի ընդունման և փոխարինման հանձնարարականը, Չափագիտության ազգային ինստիտուտի 19.05.2014 թվականի փորձաքննության արձանագրությունը, մինչդեռ Ընկերության կողմից իր փաստարկների վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կազմակերպության և Ընկերության միջև 01.12.2008 թվականին կնքվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 72-75).

2) 19.05.2014 թվականին կազմված թիվ Բ017381 ակտի համաձայն՝ Երևանի Կոմիտաս փողոցի թիվ 54/2 հասցեում հայտնաբերվել է ջրամիացման, ջրօգտագործման խախտում՝ ջրաչափի կապարակնիքների խախտում, կեղծում: Ակտի՝ «ջրաչափի տվյալները ստուգման պահին» մասում ամսաթիվը նշվել է 04.06.2014 թվականը: Ակտը ստորագրվել է ջրամատակարարի ներկայացուցիչներ Ա․ Մարտիրոսյանի և Ա․ Մանուկյանի կողմից, Ընկերության կողմից ակտը ստորագրված չէ, առկա չէ բաժանորդի կողմից ակտը չստորագրելու մասին նշում, իսկ «խախտում կատարած անձ» տողում նշվել է՝ «ծանուցվեց փոստով»: Ակտի՝ «ջրաչափի տվյալները ստուգման պահին» բաժնում բացակայում է ջրաչափի համարը, ցուցմունքը ստուգման պահին, խախտում կատարած անձի ներկայացուցչի ստորագրությունը, Ընկերության կնիքը (հատոր 1-ին, գ.թ. 9).

3) 04.06.2014 թվականին կազմված՝ թիվ 017381 ակտի ջրօգտագործման կանոնների խախտման հաշվարկի համաձայն՝ Կազմակերպության Առևտրային տնօրինության կողմից Կանոնների 25-րդ, 27-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկվել է 7.121.536 ՀՀ դրամ վճարման ենթակա գումար: Հաշվարկն Ընկերության կողմից ստորագրված չէ (հատոր 1-ին, գ.թ. 10).

4) Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ․ Գրիգորյանի և Չափագիտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Վ․ Սահակյանի կողմից հաստատված՝ ջրաչափի զննման և նախնական փորձաքննության 19.05.2014 թվականի արձանագրության համաձայն՝ ներկայացված WPH-50 տեսակի 7129 գործարանային համարի ջրաչափի զննմամբ հայտնաբերվել է, որ կապարակնքման օղակը կոտրված է, կնիքը կեղծված է, իսկ ջրաչափի համրման սարքի զննումից հայտնաբերվել է, որ համրման սարքի ապակու վրա առկա են միջամտության հետքեր:

Արձանագրությունը ստորագրված է Կազմակերպության և Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչների կողմից: Արձանագրությունը բաժանորդ Ընկերության կողմից ստորագրված չէ (հատոր 1-ին, գ.թ. 13).

5) Համաձայն 19.05.2014 թվականին Կազմակերպության աշխատակից Աշոտ Թումանյանի կողմից տրված բացատրության՝ վերջինս հայտնել է, որ աշխատում է Կազմակերպությունում որպես տեսուչ: 18.05.2014 թվականին իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այցելել է Երևանի Կոմիտասի թիվ 54/2 հասցե՝ Ընկերության գործունեության իրականացման վայր՝ ջրաչափի աշխատանքն ուսումնասիրելու և ջրաչափի ցուցմունքն արձանագրելու: Արդյունքում պարզվել է, որ ջրաչափը բնականոն չի աշխատում: Այդ մասին տեղեկացրել է իր անմիջական ղեկավարին, որն էլ հանձնարարել է ջրաչափը փոխել: Ինքն այդ մասին տեղեկացրել է Ընկերության ներկայացուցչին, որը բացում էր դիտահորը: 19.05.2014 թվականին Աշոտ Թումանյանը փականագործի հետ այցելել է Ընկերություն և Կազմակերպության հաշվին հին ջրաչափը փոխել նորով: Աշոտ Թումանյանն իր բացատրության մեջ նշել է, որ գործողությունների ամբողջ ընթացքում ներկա է եղել Ընկերության աշխատակիցը, որը նախօրոք տեղյակ է եղել ջրաչափի փոփոխության մասին: Ընկերության աշխատակցի անունն ու պաշտոնը բացատրության մեջ նշված չեն (հատոր 1-ին, գ.թ. 52):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Կանոնների 25-րդ կետով նախատեսված՝ բաժանորդի կողմից թույլ տրված միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքում ջրամատակարարի կողմից կանոնների խախտման ակտի կազմմանը բաժանորդի ներկայության հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք Կանոնների 25-րդ կետով նախատեսված խախտումների հայտնաբերման վերաբերյալ առանց բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի ներկայության կազմված ակտը կարող է համարվել իրավաչափ և հիմք ծառայել բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի՝ նույն կետով սահմանված կարգով վերահաշվարկման (ճշգրտման) համար։

Կանոնների 18-րդ կետի համաձայն՝ ջրաչափի աշխատանքի ճշտության վերաբերյալ բաժանորդի կամ ջրամատակարարի մոտ կասկած առաջանալու դեպքում, ջրամատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ, սահմանված կարգով անցկացվում է ջրաչափի ստուգաչափում (N 1 ձև) բաժանորդի դիմումի ստացման կամ ջրամատակարարի կողմից բաժանորդին ստուգաչափման մասին պաշտոնապես ծանուցման օրվանից 10-օրյա ժամկետում:

Կանոնների 42-րդ կետի «ը» ենթակետի համաձայն՝ բաժանորդը պարտավոր է չխոչընդոտել ջրամատակարարի ներկայացուցչի մուտքն իր տարածք` ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում, տեղադրված ջրաչափի ցուցմունքների գրառման և ներքին ցանցերի, կառուցվածքների ու սարքերի տեխնիկական շահագործման վիճակը համատեղ ուսումնասիրելու համար, իսկ ջրամատակարարի մոտ բաժանորդի օգտագործած խմելու ջրի ծավալների նկատմամբ կասկած առաջանալու դեպքում` դա ճշգրտելու համար:

Կանոնների 45-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ջրամատակարարն իրավունք ունի կասկած առաջանալու դեպքում պահանջելու բաժանորդին պատկանող ջրաչափի ստուգում` Կանոնների 18-րդ կետի համաձայն:

Կանոնների 25-րդ կետի համաձայն՝ բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման, ջրաչափի կողանցմամբ ջրընդունման, ջրաչափի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքերում ջրամատակարարը խախտման հայտնաբերման պահին բաժանորդի կամ նրա ներկայացուցչի հետ համատեղ արձանագրում է խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ (N 3 ձև), և բաժանորդը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Կանոնների խախտման ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:

Բաժանորդների կողմից օգտագործված ջրի ծավալը վերահաշվարկվում է` բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների համար` մեկամսյա ժամկետով, անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների համար` երկամսյա ժամկետով, իսկ կազմակերպությունների համար` 6-ամսյա ժամկետով` հաշվի առնելով ներանցման խողովակի թողունակության ջրի քանակը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ձևավորված են լինում նշված ժամկետի ընթացքում, որի դեպքում վերահաշվարկը կատարվում է տվյալ ժամկետի համար:

Կանոնների և մասնավորապես վերը նշված դրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դրանք, ըստ էության միտված են սպառողների և հանրային ծառայություններ մատուցող անձի՝ ջրամատակարարի շահերի հավասարակշռմանը: Մասնավորապես` կողմերի շահերի հավասարակշռմամբ է պայմանավորված Կանոններով սահմանված բաժանորդի պարտականությունը՝ չխոչընդոտել ջրամատակարարի ներկայացուցչի մուտքն իր տարածք` տեղադրված ջրաչափի ցուցմունքների գրառման և ներքին ցանցերի, կառուցվածքների ու սարքերի տեխնիկական շահագործման վիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև ջրամատակարարի մոտ բաժանորդի օգտագործած խմելու ջրի ծավալների նկատմամբ կասկած առաջանալու դեպքում` դա ճշգրտելու համար: Միաժամանակ բաժանորդի նշված պարտականությունը ծագում է բացառապես ջրամատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայականը ցույց տալու դեպքում: Մյուս կողմից, ջրամատակարարի ներկայացուցիչը, իրավունք ունենալով ծառայողական վկայականը ցույց տալու դեպքում անարգել մուտք գործել բաժանորդի տարածք՝ տեղադրված ջրաչափի ցուցմունքների գրառման և ներքին ցանցերի, կառուցվածքների ու սարքերի տեխնիկական շահագործման վիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև ջրամատակարարի մոտ բաժանորդի օգտագործած խմելու ջրի ծավալների նկատմամբ կասկած առաջանալու դեպքում` դա ճշգրտելու համար, պարտավոր է նշված գործողություններն իրականացնել բաժանորդի հետ համատեղ, ինչը ենթադրում է, որ ջրամատակարարը (ներկայացուցիչը) պարտավոր է առնվազն ապահովել բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի պատշաճ տեղեկացումը ջրամատակարարի ներկայացուցչի գործողությունների վերաբերյալ:

Ջրամատակարարի և բաժանորդի շահերի հավասարակշռման վերաբերյալ Վճռաբեկ դատարանը, վերն արտահայտված եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով Կանոնների 18-րդ և 45-րդ կետերի կարգավորումներին, արձանագրում է հետևյալը.

Կանոնների 45-րդ կետով սահմանված է ջրամատակարարի իրավունքը՝ կասկած առաջանալու դեպքում պահանջելու բաժանորդին պատկանող ջրաչափի ստուգում, սակայն այդպիսի ստուգումը վերջինս կարող է իրականացնել բացառապես Կանոնների 18-րդ կետի համաձայն, այն է՝ բաժանորդին ստուգաչափման մասին պաշտոնապես ծանուցելու պայմաններում և ծանուցման օրվանից տասնօրյա ժամկետում: Ստուգաչափման մասին բաժանորդին ծանուցելու ջրամատակարարի պարտականությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միտված է մի կողմից բաժանորդի իրավունքի իրականացման, այն է՝ ստուգաչափմանը ներկա գտնվելու ապահովմանը, մյուս կողմից ապահովում է բաժանորդի պարտականության իրականացումը, այն է՝ ջրամատակարարի ներկայացուցչին իր տարածք անարգել մուտքի ապահովման կազմակերպումը:

Վերը նշված եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով Կանոնների 25-րդ կետին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանով գործադիրը սահմանել է ջրամատակարարի պարտականությունը՝ խախտում հայտնաբերելու դեպքում բաժանորդին կամ նրա ներկայացուցչին մասնակից դարձնել խախտման արձանագրմանը և խախտման մասին ակտը կազմելուն: Ընդ որում, խախտումը պետք է արձանագրվի, և խախտման մասին ակտը պետք է կազմվի խախտման հայտնաբերման պահին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործադիրի կողմից խախտման արձանագրմանը և խախտման մասին ակտը կազմելուն բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու ջրամատակարարի պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է հանրային ծառայություններ մատուցողի հետ հարաբերություններում սպառողի իրավունքների պաշտպանությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտումների հայտնաբերման դեպքում բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալը ենթակա է վերահաշվարկման Կանոնների 25-րդ կետով սահմանված կարգով, մասնավորապես` նույն կետով տարբեր բաժանորդների համար նախատեսված ժամկետով՝ հաշվի առնելով ներանցման խողովակի թողունակության ջրի քանակը, ինչը լրացուցիչ վճարային պարտավորություն է առաջացնում բաժանորդի համար:

 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կանոնների 25-րդ կետով նախատեսված խախտումների հայտնաբերման վերաբերյալ կազմված ակտը չի կարող համարվել իրավաչափ և հիմք ծառայել բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի՝ նույն կետով սահմանված կարգով վերահաշվարկման (ճշգրտման) համար, եթե այն կազմվել է առանց բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի մասնակցության:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 19.05.2014 թվականին Կազմակերպության կողմից Ընկերության գործունեության վայրում՝ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/2 հասցեում, հայտնաբերվել է ջրամիացման, ջրօգտագործման կանոնների խախտում՝ ջրաչափի կապարակնիքների խախտում, կեղծում, որի վերաբերյալ կազմվել է սույն գործով վիճարկվող ակտը: Ակտը ստորագրվել է ջրամատակարար Կազմակերպության ներկայացուցիչների կողմից, մինչդեռ բաժանորդ Ընկերության կողմից ակտը ստորագրված չէ, առկա չէ բաժանորդի կողմից ակտը չստորագրելու մասին նշում: Ակտի «Ջրաչափի տվյալները ստուգման պահին» բաժնում ևս բացակայում է խախտում կատարած անձի ներկայացուցչի ստորագրությունը: Ավելին` բացակայում են նաև ջրաչափի համարի նշումը և ստուգման պահին ջրաչափի ցուցմունքը:

Դատարանը Կազմակերպության հայցը մերժելիս և Ընկերության հակընդդեմ հայցը բավարարելիս, արձանագրելով, որ վիճարկվող ակտը և հաշվարկը, ինչպես նաև նոր ջրաչափի տեղադրման հանձնման-ընդունման ակտը և հանձնարարականն Ընկերության կողմից ստորագրված չեն, իսկ Կազմակերպությունը չի ապացուցել Ընկերության մասնակցությունն ակտի կազմմանը, գտել է, որ Կազմակերպության կողմից թույլ է տրվել Կանոնների 18-րդ կետի խախտում՝ եզրակացնելով, որ նշված իրավական նորմի պահանջների խախտմամբ կազմված ակտը ենթակա է անվավեր ճանաչման և չի կարող իրավական հետևանքներ առաջացնել Ընկերության համար:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ թեև հայտնաբերված խախտումների մասին 19.05.2014 թվականի թիվ 017381 ակտը ստորագրված չէ Ընկերության կողմից, այդուհանդերձ վերջինս մասնակցել է ջրաչափի հանձնման-ընդունմանը, իսկ տվյալ ակտը կազմելու համար հիմք է ընդունվել Չափագրության ազգային ինստիտուտի կողմից 19.05.2014 թվականին կազմված արձանագրությունը, որն Ընկերությունը չի վիճարկել: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ակտն ընդամենը տեղեկություններ է պարունակում արձանագրված խախտման հիման վրա կատարված հաշվարկի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ջրաչափի խախտումները Կազմակերպության կողմից կատարված լինելու հնարավորության վերաբերյալ Ընկերության փաստարկին, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործի քննությամբ նշված փաստը չի ապացուցվել, և հիմնավոր համարելով Կազմակերպության փաստարկներն առ այն, որ Ընկերությունը չի վիճարկել ոչ գումարի հաշվարկը, ոչ Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից 19.05.2014 թվականին կազմված արձանագրությունը, եզրակացրել է, որ Դատարանի կողմից ճիշտ չեն գնահատվել գործում առկա ապացույցները:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը դրանք համարում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Հաշվի առնելով Կանոնների 25-րդ կետով խախտման արձանագրմանը և խախտման մասին ակտը կազմելուն բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու ջրամատակարարի պարտականության սահմանումը և այդ պարտականությունը չկատարելու, այն է՝ ակտն առանց բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի ներկայության կազմելու դեպքում դրա ոչ իրավաչափ լինելու և բաժանորդի համար իրավական հետևանքներ չառաջացնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կանոնների 25-րդ կետի հիմքով խախտման մասին ակտը կազմելիս բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի ներկա լինելու փաստի ապացուցման բեռը կրում է ջրամատակարար Կազմակերպությունը: Ընդ որում, հաշվի առնելով, որ նույնիսկ բաժանորդի ներկայության պայմաններում վերջինս կարող է հրաժարվել ակտը ստորագրելուց, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ խախտման վերաբերյալ ակտը բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից ստորագրված չլինելն ինքնին հիմք չէ հաստատված համարելու ջրամատակարարի կողմից բաժանորդի ներկայությունը չապահովելու փաստը, եթե ջրամատակարարը ներկայացնում է վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ այնպիսի ապացույցներ, որոնք հաստատում են վերջինիս կողմից խախտման վերաբերյալ ակտը բաժանորդի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ կազմելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից 19.05.2014 թվականին կազմված թիվ Բ017381 ակտը, Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ․ Գրիգորյանի և Չափագիտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Վ․ Սահակյանի կողմից հաստատված ջրաչափի զննման և նախնական փորձաքննության 19.05.2014 թվականի արձանագրությունը ստորագրված չլինելու, ինչպես նաև գործում` ակտը կազմելուն Ընկերության ներկայացուցչի ներկա լինելու վերաբերյալ այլ ապացույցների բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող հաստատված համարել այն հանգամանքը, որ Ընկերությունը մասնակցել է ջրաչափի հանձնման-ընդունմանը, հետևաբար նաև՝ խախտման արձանագրմանը և խախտման մասին ակտը կազմելուն:

Ինչ վերաբերում է գործում առկա՝ ջրաչափի բնականոն չաշխատելու, այդ մասին Ընկերության ներկայացուցչին տեղեկացնելու, հին ջրաչափը նորով փոխելու գործողությունների ընթացքում Ընկերության աշխատակցի ներկայության վերաբերյալ 19.05.2014 թվականին Կազմակերպության աշխատակից Աշոտ Թումանյանի կողմից տրված բացատրությանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն չի կարող հաստատել Կազմակերպության կողմից Կանոնների 25-րդ կետի պահանջների պահպանման, այն է՝ կանոնների խախտման ակտը կազմելուն Ընկերության ներկայությունն ապահովելու փաստը, քանի որ դրանում նշված չէ ակտը կազմելուն ենթադրաբար ներկա գտնված Ընկերության աշխատակցի անուն-ազգանունը, ինչը կարող էր հնարավորություն տալ պարզելու վերջինիս՝ կատարված գործողություններին ներկա գտնվելու և առավել ևս Ընկերության անունից կամ որպես վերջինիս ներկայացուցիչ հանդես գալու լիազորությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող ակտը կազմելուն Ընկերության ներկայությունն ապացուցված չլինելու պայմաններում դրա բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով պետք է կրի Կազմակերպությունը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիմնավոր են Դատարանի եզրահանգումները:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Նկատի ունենալով, որ սույն գործով Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ հետաձգվել է վճռաբեկ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի վճարումը, և վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Կազմակերպությունից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև Կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 213.646,08 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2015 թվականի վճռին։

2. «Երևան ջուր» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 213.646,08 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«Երևան ջուր» ՓԲԸ-ից հօգուտ «ԱՌՆԱԴՕ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

    Ա. Բարսեղյան
    Գ. Հակոբյան
    Ռ. Հակոբյան
   

Տ. Պետրոսյան

    Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան