Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.11.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
27.11.2015
Дата вступления в силу
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 03-2071

Քաղաքացիական գործ թիվ 03-2071

2015 թ.

Նախագահող դատավոր՝  Վ. Ավանեսյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան
 

Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանների ներկայացուցիչ Մնացական Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.09.2003 թվականի վճռի դեմ` ըստ Վարուժան Խաչատրյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով զավթած հողատարածքի նկատմամբ օգտագործման իրավունքի նախապատվության իրավունքը և այդ հողի վրա կառուցված ապօրինի շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարուժան Խաչատրյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող 55,9քմ մակերեսով հողատարածքի և դրա վրա գտնվող օրինական ու ապօրինի շինությունների նկատմամբ, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր օգտագործման իրավունքի նախապատվության իրավունքը նշված հասցեում գտնվող և իր կողմից օգտագործվող 15,3քմ մակերեսով զավթած հողատարածքի նկատմամբ և իր սեփականության իրավունքն այդ հողի վրա կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 19.08.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան), Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով սույն քաղաքացիական գործը, 30.09.2003 թվականի վճռով հայցը բավարարել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանների ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ և 228-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվում է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը Վահանդուխտ Խշտոյանն է, և Նորիկ Խշտոյանն իրավունք չուներ օտարելու նշված հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը Վարուժան Խաչատրյանին, անհիմն կերպով սույն գործին մասնակից չի դարձրել Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներին կամ ընտանիքի անդամներին, իսկ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ և համարժեք գնահատական չի տվել այդ հանգամանքին։ Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող 15,3քմ մակերեսով զավթած հողատարածքի նկատմամբ ճանաչել է Վարուժան Խաչատրյանի օգտագործման իրավունքի նախապատվության իրավունքը` խախտելով Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդների` որպես այդ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև խոչընդոտելով վերջիններիս ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա իրենց օրինական շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն։ Այսինքն` Վերաքննիչ դատարանի վճռով Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյաններն անհիմն կերպով զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքից։

Այսպիսով, սույն գործով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն առնչվում է Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանների իրավունքներին և պարտականություններին, մասնավորապես` սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորություններին։ Մինչդեռ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները մասնակից չեն դարձվել սույն գործի քննությանը՝ զրկվելով իրենց դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու իրավական հնարավորությունից։

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր վճիռը կայացրել է հակասական ապացույցների հիման վրա, քանի որ այդ վճռում մի կողմից նշել է, որ Վարուժան Խաչատրյանը Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող տան 1-ին հարկի 2 սենյակները ձեռք է բերել Նորիկ Խշտոյանից, իսկ մյուս կողմից հաստատված է համարել, որ նշված հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահանդուխտ Խշտոյանին։ Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռքբերման վաղեմության կանոնները, քանի որ Վարուժան Խաչատրյանի կողմից օգտագործվող շինություններով ծանրաբեռնված հողամասի վրա են գտնվում նաև Վահանդուխտ Խշտոյանին պատկանող շինությունները, և նա իր սեփականության իրավունքից երբևէ չի հրաժարվել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2003 թվականի վճիռը և փոփոխել այն` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 18.09.1969 թվականի ներքին առուծախի պայմանագրի համաձայն` Վարուժան Խաչատրյանը Նորիկ Խշտոյանից նրա ընտանիքի անդամների համաձայնությամբ ձեռք է բերել վերջինիս «սեփական բնակարանի»` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող տան 1-ին հարկի 2 սենյակները` 17քմ և 16քմ մակերեսներով (հատոր 1-ին, գ.թ. 4)։

2) Երևան քաղաքի Էրեբունու թիվ 14 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 17.06.2003 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Վարուժան Խաչատրյանը և իր ընտանիքի անդամները, ըստ տնային գրքի, 1969 թվականից բնակվում են Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 5)։

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) նախագահի տեղակալի 22.07.2003 թվականի թիվ ԱՄ-4/1855 գրությամբ Դատարանին հասցեագրված` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա տան վերաբերյալ Կադաստրի փորձագիտական եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 275քմ։ Նշված հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահանդուխտ Խշտոյանին, սակայն շինությունների մի մասն իր տակի հողով օգտագործվում է Վարուժան Խաչատրյանի կողմից, և երկու տնատիրությունների կողմից օգտագործվող մակերեսները փաստացի առանձնացված են։ Զավթած հողամասի չափերը և պատկանելիությունը տրված են կից հատակագծում, որի համաձայն` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում Վարուժան Խաչատրյանի կողմից օգտագործվող շինությունների արտաքին մակերեսը կազմում է 71,2քմ, իսկ վերջինիս կողմից զբաղեցված հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 71,2քմ, որն ընդգրկում է նաև 15,3քմ մակերեսով զավթած հողատարածք։ Վահանդուխտ Խշտոյանի ընտանիքի կողմից օգտագործվող հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 196,4քմ, իսկ շինությունների մակերեսը` 184,5քմ (հատոր 1-ին, գ.թ. 52-53)։

4) Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյաններին ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 23.10.1998 թվականին մահացած Վահանդուխտ Խշտոյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում նրա որդին` Արմեն Ասատրյանը, և դուստրերը` Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրված է նշված վկայագիրը, կազմում է Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 78,6քմ ընդհանուր մակերեսով (որից 43քմ մակերեսով բնակելի և 35,6քմ մակերեսով օժանդակ) շինություններից և 275քմ մակերեսով հողամասից, որոնք ժառանգատուին են պատկանում ՀՀ քաղաքաշինության նախարարության ՇՇԱԳ վարչության կողմից 13.05.1997 թվականին տրված թիվ 2283 սեփականության վկայականով (հատոր 2-րդ, գ.թ. 21)։

5) Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները, որպես Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներ, ձեռնամուխ են եղել Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքի իրացմանը` իրենց ներկայացուցչի միջոցով 08.07.2014 թվականին դիմելով Կադաստրին նշված անշարժ գույքի նկատմամբ իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդրանքով (հատոր 2-րդ, գ.թ. 65, 66, 68)։

6) Կադաստրի 11.07.2014 թվականի թիվ Կ-08/07/2014-2-0106 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող հողամասի հատակագծի 0,00354հա մակերեսով տարածքն արդեն իսկ սեփականության իրավունքի պետական գրանցում է ստացել «Նոր Արեշ 33-րդ փողոց թիվ 15/2 բնակելի տուն» հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 22)։

7) Կադաստրի 17.11.2014 թվականի թիվ ԱՏ-13/11/2014-1-0432 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.06.2007 թվականին Վարուժան Խաչատրյանի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում` թիվ 2-2290 գործով Դատարանի 19.08.2003 թվականի վճռի հիման վրա (հատոր 2-րդ, գ.թ. 13)։

8) ՇՇԱԳ վարչության «Երևանի Նոր Արեշ 33 փող. հ. 15 տան գույքագրման մասին» 18.03.1997 թվականի թիվ 1/031 ակտի համաձայն՝ Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15 տունը, որպես բնակելի տուն, գույքագրվել է Վահանդուխտ Խշտոյանի անվամբ անձնական սեփականության իրավունքով (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` գործի քննության պահին գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի (ներկայումս գործող խմբագրությամբ` 19-րդ հոդվածի), Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով նախկինում իր կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. անշարժ գույքի սեփականատիրոջ իրավահաջորդներին այդ անշարժ գույքի մի մասի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների առնչությամբ հարուցված քաղաքացիական գործի քննությանը մասնակից չդարձնելով` արդյո՞ք դատարանը չի խախտում վերջիններիս արդար դատաքննության իրավունքը, այդ թվում նաև՝ կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները։

 

Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Գործի քննության պահին գործող (մինչև 27.11.2005 թվականը) խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է այն դեպքերին, երբ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Նման դեպքերում ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և բեկանել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի և Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է։ Ըստ այդմ, օրենսդիրը գործին մասնակից չդարձած անձանց դասել է իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտերի վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկման սուբյեկտների շարքին, որպեսզի նրանք մրցակցային վարույթում ընդհանուր հիմունքներով իրականացնեն իրենց այն սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որոնց ստորադաս դատարաններն անդրադարձել են առանց վերջիններիս մասնակցության, և որոնք պաշտպանելու հնարավորություն նրանք մինչ այդ չեն ունեցել։

Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի էությունից և իրավական բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ գործին մասնակից չդարձված անձը պետք է ունենա իր խախտված իրավունքները բոլոր հնարավոր արդյունավետ միջոցներով վերականգնելու իրական հնարավորություն, եթե համապատասխան գործի քննության արդյունքներով կայացված դատական ակտն անմիջականորեն առնչվում է նշված անձի իրավունքներին ու պարտականություններին։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վարուժան Խաչատրյանը 18.09.1969 թվականի ներքին առուծախի պայմանագրով Նորիկ Խշտոյանից նրա ընտանիքի անդամների համաձայնությամբ ձեռք է բերել վերջինիս «սեփական բնակարանի»` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող տան 1-ին հարկի 2 սենյակները` 17քմ և 16քմ մակերեսներով։ Կադաստրի 22.07.2003 թվականի թիվ ԱՄ-4/1855 գրությամբ Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա տան վերաբերյալ Դատարանին հասցեագրված` Կադաստրի փորձագիտական եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 275քմ։ Նշված հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահանդուխտ Խշտոյանին, սակայն շինությունների մի մասն իր տակի հողով օգտագործվում է Վարուժան Խաչատրյանի կողմից, և երկու տնատիրությունների կողմից օգտագործվող մակերեսները փաստացի առանձնացված են։

Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա տան վերաբերյալ Կադաստրի 22.07.2003 թվականի փորձագիտական եզրակացությունը, հաստատված է համարել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահանդուխտ Խշտոյանին։ Միևնույն ժամանակ Դատարանը, հիմնավոր համարելով այն հանգամանքը, որ 1969 թվականի ներքին առուծախի պայմանագրով Վարուժան Խաչատրյանը Նորիկ Խշտոյանից ձեռք է բերել Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա տան 1-ին հարկի 2 սենյակները և 40 տարուց ավելի բարեխիղճ, բացահայտ ու անընդմեջ տիրապետել և օգտագործել է նշված հասցեում գտնվող հողը և շինությունները, իր 19.08.2003 թվականի վճռով բավարարել է Վարուժան Խաչատրյանի հայցը։

Վերաքննիչ դատարանը, Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով սույն քաղաքացիական գործը, 30.09.2003 թվականի վճռով Վարուժան Խաչատրյանի հայցը նույնպես բավարարել է` հիմք ընդունելով Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները և վերահաստատելով Դատարանի ներկայացրած իրավական հիմնավորումներն ու պատճառաբանությունները։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանն իրենց վճիռներում հաստատված են համարել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահանդուխտ Խշտոյանին` հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա տան վերաբերյալ Կադաստրի փորձագիտական եզրակացությունը։ Վերը նշված անշարժ գույքը Վահանդուխտ Խշտոյանին սեփականության իրավունքով պատկանելու մասին է վկայում նաև վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՇՇԱԳ վարչության «Երևանի Նոր Արեշ 33 փող. հ. 15 տան գույքագրման մասին» 18.03.1997 թվականի թիվ 1/031 ակտը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանում և Վերաքննիչ դատարանում սույն գործի քննության պահին Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Վահանդուխտ Խշտոյանը մահացած է եղել (մահացել է 23.10.1998 թվականին)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում նույն օրենսգրքի 1216-1219-րդ հոդվածներով սահմանված հերթականությամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները (...)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը (...)։

Վերաքննիչ դատարանի 30.09.2003 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանների ներկայացուցիչը՝ հայտնելով, որ վերջիններս հանդիսանում են Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ՝ Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդները։ Այսպես, Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյաններին ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 23.10.1998 թվականին մահացած Վահանդուխտ Խշտոյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում նրա որդին` Արմեն Ասատրյանը, և դուստրերը` Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրված է նշված վկայագիրը, կազմում է Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 78,6քմ ընդհանուր մակերեսով (որից 43քմ մակերեսով բնակելի և 35,6քմ մակերեսով օժանդակ) շինություններից և 275քմ մակերեսով հողամասից։

Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները, որպես Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներ, ձեռնամուխ են եղել Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքի իրացմանը` իրենց ներկայացուցչի միջոցով դիմելով Կադաստր՝ նշված անշարժ գույքի նկատմամբ իրենց ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման խնդրանքով։ Այդ դիմումին ի պատասխան՝ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները տեղեկացվել են, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սույն գործով Դատարանի 19.08.2003 թվականի վճռի հիման վրա 29.06.2007 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում Վարուժան Խաչատրյանի անվամբ։

Վերոգրյալ իրավանորմերի և սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները` որպես Վահանդուխտ Խշտոյանի երեխաներ, հանդիսանում են վերջինիս ըստ օրենքի ժառանգները։ Հետևաբար Վահանդուխտ Խշտոյանին պատկանող գույքը, մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը, համապարփակ իրավահաջորդության կարգով անցել է Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյաններին։

Այսպիսով, Դատարանի 19.08.2003 թվականի և Վերաքննիչ դատարանի 30.09.2003 թվականի վճիռները վերաբերում են Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 15ա հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ` Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդների՝ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանների իրավունքներին և պարտականություններին, քանի որ սույն գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճիռներով լուծվել է այն գույքի մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման իրավունքի նախապատվության իրավունքի ճանաչման հարցը, որի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանել է Վահանդուխտ Խշտոյանին, իսկ վերջինիս մահից հետո համապարփակ իրավահաջորդության կարգով անցել է Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյաններին։ Հետևաբար սույն քաղաքացիական գործով ստորադաս դատարանները կայացրել են Վահանդուխտ Խշտոյանի իրավահաջորդներ Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանների իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտեր` առանց վերջիններիս դատավարությանը մասնակից դարձնելու։

Հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտը, այն է` Վերաքննիչ դատարանի 30.09.2003 թվականի վճիռը, շոշափում է վճռաբեկ բողոք ներկայացրած` գործին մասնակից չդարձված անձանց` Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանների իրավունքները և պարտականությունները։ Հետևաբար Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյաններին սույն քաղաքացիական գործին մասնակից չդարձնելով` ստորադաս դատարանները խախտել են վերջիններիս արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները` զրկելով Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյաններին իրենց սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի էությունից բխում է, որ սույն քաղաքացիական գործին մասնակից չդարձված Արմեն, Մարիամ և Այծեմնիկ Ասատրյանները պետք է ունենան մրցակցային վարույթում ընդհանուր հիմունքներով իրենց այն սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու հնարավորություն, որոնց ստորադաս դատարաններն անդրադարձել են, և որոնց վերաբերյալ դատական ակտ են կայացրել առանց նրանց անմիջական մասնակցության, և որոնք պաշտպանելու հնարավորություն վերջիններս այդպես էլ չեն ունեցել։

 

2) Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի նման խախտման պայմաններում այն չի կարող լինել քննության առարկա։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան։

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.09.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ