Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1263
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.04.13/31(1211) Հոդ.324
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
05.04.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2016
Дата вступления в силу
05.04.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 ապրիլի 2016 թ.

 

ՀՄԱՅԱԿ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԻ ԽԱԼԱՖՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողներ Հ. Խալաֆյանի, Ա. Վարդանյանի, Վ. Խալաֆյանի, Ա. Խալաֆյանի և նրանց ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Տ. Սաֆարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի` 2015 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:

Օրենսգրքի 40-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 28.11.07թ. ՀՕ-277-Ն, 26.12.08թ. ՀՕ-233-Ն ՀՀ օրենքներով, իսկ «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթն օրենսգրքում ամրագրվել է 08.12.11թ. ՀՕ-341-Ն ՀՀ օրենքով:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն (այսուհետ` օրենք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2005 թվականի հունվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 22-ին:

Օրենքի` «Փաստաբանական գործունեությունը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

 2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի»:

Օրենքի 5-րդ հոդվածը փոփոխվել է 08.12.11թ. ՀՕ-339-Ն ՀՀ օրենքով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

դիմողները նոտարական կարգով վավերացված լիազորագրով երեք տարի ժամկետով լիազորել են «Փաստաբանների պալատ» ոչ առևտրային կազմակերպությանը չանդամակցող երրորդ անձի լինելու իրենց ներկայացուցիչը (այսուհետ` դիմողների ներկայացուցիչ) ՀՀ դատական և վարչական մարմիններում:

Դիմողների ներկայացուցչի` դիմողների անունից ներկայացված հայցադիմումի հիման վրա թիվ ԿԴ2/1078/02/14 գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17.12.2014թ. կայացրել է «Հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին» որոշում:

Նշված որոշումը դիմողների ներկայացուցիչը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն իր` 29.01.2015 թվականի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ. «Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի անունից ստորագրել են Արտակ Զեյնալյանը, Արայիկ Ղազարյանը: Սակայն բողոքին կից ներկայացված չէ (գործում նույնպես առկա չէ) Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի կողմից Արտակ Զեյնալյանին, Արայիկ Ղազարյանին տրված լիազորագիր»:

Հետագայում դիմողների ներկայացուցիչն իր դիմումով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել դիմողների կողմից իրեն տրված լիազորագրի պատճենը` նոտարական վավերացմամբ, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 23.02.2015 թվականի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի կամ լիազորողների և լիազորվածների միջև ազգակցական կապը հաստատող փաստաթղթի պատճենները:

Նշված որոշումը դիմողների ներկայացուցիչը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր` 22.04.2015 թվականի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը` ներկայացուցչի` փաստաբան չհանդիսանալու հիմքով` կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների դրույթները:

 

3. Դիմողները, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված խմբագրությամբ տեքստի 1-ին, 18, 19 և 23-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասը և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 14.1-րդ հոդվածներին, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետին, քանի որ արգելում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց կողմից ընտրված անձի միջոցով դատական ներկայացուցչություն իրականացնելու հնարավորությունը: Ըստ դիմողների՝ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները հակասության մեջ են մտնում նաև ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված խմբագրությամբ) 1-ին, 8, 23, 27.1 և 31-րդ հոդվածների հետ:

Վկայակոչելով.

ա/ ՀՀ սահմանադրական դատարանի՝ 08.10.2008թ. ՍԴՈ-765 որոշման մեջ հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պարտադիր պահանջի վերաբերյալ արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներ, և, մասնավորապես, այն իրավական դիրքորոշումը, որ. «փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը` որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ օրենսդրությունը փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորի յուրաքանչյուրի համար` անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորություններից»,

բ/ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը, որը թվարկում է այն անձանց շրջանակը, որոնց հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն,

գ/ հանրային պաշտպանների` 2013-2014թթ. վարած գործերի վիճակագրությունը,

դիմողները գտնում են, որ Հանրային պաշտպանի գրասենյակն ունակ չէ միայնակ կրելու անվճար իրավաբանական ծառայություններ մատուցելու հանրային բեռը, քանի որ դրա ռեսուրսները մոտ 10 անգամ փոքր են պահանջարկից, իսկ մոտ ապագայում, պայմանավորված օբյեկտիվ մի շարք հանգամանքներով (պետության տնտեսական վիճակ և այլն), Հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսների տասն անգամ մեծացումն իրատեսական չէ։ Ըստ դիմողների՝ նշվածը հաստատվում է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 և ՍԴՈ-1197 որոշումներով, որոնցով Սահմանադրական դատարանը կրկին հաստատել է, որ անվճար իրավաբանական ծառայությունների համակարգը` որպես այլընտրանք, դեռ բավարար չափով ապահովված չէ։ Նշված պարագայում դիմողները գտնում են, որ ապահովված չէ անձանց արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:

Դիմողները` վկայակոչելով.

ա/ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, որի համաձայն՝ անձը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) գանգատ ներկայացնելու իրավունք ունի թե՛ անձամբ, թե՛ իր նախընտրած անձի միջոցով, ով պարտադիր չէ, որ տվյալ երկրի իրավաբաններին համախմբող հասարակական կազմակերպության անդամ լինի,

բ/ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` անձը Սահմանադրական դատարան կարող է դիմել թե՛ անձամբ, թե՛ իր ներկայացուցչի միջոցով, ով պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող իրավաբան, սակայն պարտադիր չէ, որ լինի փաստաբան,

գ/ ՀՀ վարչական և ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը, որոնք չեն նախատեսում ներկայացուցչի՝ պարտադիր կարգով փաստաբան լինելը վարչական դատավարությունում և տուժողի համար` քրեական վարույթում,

դ/ դատարանների կողմից հայցն ըստ ընդդատության վերահասցեագրելու՝ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավական հնարավորությունը,

արձանագրելով, որ թե՛ Սահմանադրական դատարանի որոշումը և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որոնցով հաստատվել է սահմանադրական կամ կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը, Վճռաբեկ դատարանի որոշումները փաստի ուժով բեկանելու հիմք են, դիմողները կարծիք են հայտնում, որ վիճարկվող իրավակարգավորումների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը բեկանելու ունակ դատական ակտի հիմքում ընկած դիմումի հեղինակը զրկված է արդեն բեկանված գործով ընդհանուր իրավասության դատարանում անձին ներկայացնելու և գործին մասնակցելու իրավունքից, կամ վարչական դատարանի կողմից գործն ըստ ընդդատության ընդհանուր իրավասության դատարանին վերահասցեագրելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանի կողմից կմերժվի հայցի վարույթ ընդունումը, քանի որ ներկայացուցիչը փաստաբան չէ:

Դիմողները խնդրին անդրադառնալով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված խմբագրությամբ)` 14.1-րդ և Կոնվենցիայի 14-րդ հոդվածներով ամրագրված՝ խտրականության արգելման սկզբունքի տեսանկյունից` արձանագրում են, որ իրավաբանը, ով փաստաբան չէ, իրավունք ունի ներկայացուցչություն իրականացնելու ՀՀ սահմանադրական դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՀՀ վարչական դատարանում, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում` քրեական գործերով որպես տուժողի ներկայացուցիչ, սակայն քաղաքացիական գործի շրջանակում չի կարող լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցիչը:

Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորման նպատակի իրավաչափությանը՝ դիմողները գտնում են, որ վիճարկվող իրավակարգավորումը չի հետապնդում իրավաչափ նպատակ, դրանով չի հիմնավորվում, թե ինչ սահմանադրական արժեք է պաշտպանվում կամ երաշխավորվում կամ ապահովվում կիրառված սահմանափակումներով:

Դիմողները հիմնավոր չեն համարում վիճարկվող իրավակարգավորման նպատակը դատարանում ներկայացուցչության բարձր որակ ապահովելու հանգամանքով պայմանավորելը, և այդ տեսակետը հիմնավորում են նրանով, որ վիճարկվող իրավակարգավորումը թույլատրելի է համարում դատարան ներկայացվող դատավարական փաստաթղթերը նույնիսկ իրավաբանական կամ բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ստորագրելը և ներկայացնելը, սակայն թույլատրելի չի համարում ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից դատական լսումներին մասնակցելը և անձի շահերը ներկայացնելն իրավաբանական գիտությունների դոկտորի (դատավարագետի, քաղաքացիական իրավունքի գիտակի) կամ իրավաբանական ֆակուլտետի դեկանի, կամ գործող կամ պաշտոնաթող դատավորի, կամ փաստաբանների դպրոցի դասախոսի կողմից միայն այն պատճառով, որ ներկայացուցչություն իրականացնող անձը «Փաստաբանների պալատի» անդամ չէ:

Ըստ դիմողների՝ թե՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և թե՛ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում բացակայում է որևէ բացատրություն, թե ի՞նչ նպատակով է, որ`

- փաստաբանները դատական ներկայացուցչություն իրականացնելու ազատություն, իրավունք ունեն, իսկ մյուս խումբ անձինք, այդ թվում` իրավաբանները և իրավապաշտպանները, զրկված են այդ ազատությունից, իրավունքից,

- փաստաբան չհանդիսացող մերձավոր ազգականները դատական ներկայացուցչություն իրականացնելու ազատություն, իրավունք ունեն, իսկ ազգական չհանդիսացող կամ ոչ մերձավոր ազգականները զրկված են այդ ազատությունից, իրավունքից,

- առանց փաստաբանի արտոնագրի ներկայացուցչություն կարելի է իրականացնել ոչ պարբերաբար, իսկ պարբերաբար՝ չի կարելի,

- առանց փաստաբանի արտոնագրի կարելի է ներկայացուցչություն իրականացնել անվճար, իսկ վճարովի՝ չի կարելի,

- փաստաբան չհանդիսացող անձը պետական մարմնի անունից դատական ներկայացուցչություն իրականացնելու ազատություն, իրավունք ունի, իսկ նույն գործով կողմ հանդիսացող ֆիզիկական անձի շահերը ներկայացնելու ազատությունից, իրավունքից զրկված է,

- պետական մարմինն ազատ է ընտրել իր ներկայացուցչին, իսկ նրա մրցակից ֆիզիկական անձի այդ ազատությունը, իրավունքը սահմանափակված է` ներկայացուցիչը պետք է լինի փաստաբան:

Որպես վիճարկվող իրավակարգավորումների հետևանքով դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ սահմանափակման փաստարկ դիմողները ներկայացնում են նաև փաստաբանների գործունեության ձեռնարկատիրական բնույթով պայմանավորված դատական ներկայացուցչություն իրականացնելուց հրաժարվելու` փաստաբանի ազատության իրավաչափությունը:

 

4. Պատասխանողը, առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված խմբագրությամբ) 18, 19 և 20-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` պատասխանողն արձանագրում է, որ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Ընդ որում, ըստ պատասխանողի՝ ի տարբերություն Կոնվենցիայի, օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք է նախատեսվել անկախ տվյալ անձանց ֆինանսական հնարավորություններից, ինչը գերազանցում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովելու անվճար իրավաբանական օգնության կոնվենցիոն չափանիշը:

Հարցին անդրադառնալով իր ընտրությամբ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի տեսանկյունից և արձանագրելով, որ ըստ Եվրոպական դատարանի՝ այն հանդիսանում է արդար դատաքննության բաղադրատարր, վկայակոչելով իր ընտրությամբ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի վերաբերյալ Եվրոպական դատարանի համապատասխան դիրքորոշումները՝ պատասխանողն արձանագրում է, որ ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիան սահմանել է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու՝ պետությունների պոզիտիվ պարտականությունը միայն այն անձանց համար, ովքեր ի վիճակի չեն վճարել այդպիսի օգնության համար և միայն այն դեպքում, երբ դա կպահանջեն արդարադատության շահերը, իսկ այլ դեպքերում, երբ անձը ցանկանում է ստանալ իրավաբանական օգնություն, պարտավոր է վճարել դրա դիմաց:

Ըստ պատասխանողի՝ իրավաբանական օգնությունը պրոֆեսիոնալ մատուցելու նպատակով պետությունը սահմանել է, որ պարբերաբար և վճարովի դատական ներկայացուցչությունը քաղաքացիական և քրեական գործերով կարող է իրականացվել համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների միջոցով, իսկ անձը լիովին ազատ է ընտրելու իր նախընտրած փաստաբանին: Այն, ըստ պատասխանողի, համապատասխանում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի պահանջներին:

Հարցին անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքի տեսանկյունից, վկայակոչելով նշված իրավունքի վերաբերյալ «Ուսուցիչների լեհական միությունն ընդդեմ Լեհաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2004 թվականի սեպտեմբերի 21-ի վճռի 29-րդ կետում արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, պատասխանողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումներն ամենևին չեն սահմանափակում անձի իրավունքն իր ընտրած ցանկացած անձի միջոցով իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը, այլ ուղղված են առանց համապատասխան արտոնագրի պարբերաբար և վճարովի հիմունքներով դատական ներկայացուցչություն իրականացնելն արգելելուն:

Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորումների՝ մի կողմից, և ՀՀ սահմանադրական դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՀՀ վարչական դատարանում՝ մյուս կողմից, դատական ներկայացուցչության վերաբերյալ իրավակարգավորումների տարբերությանը և, դրանով պայմանավորված` իրավական անորոշության և խտրականության արգելման սկզբունքի խախտման վերաբերյալ դիմողների դիրքորոշումներին, պատասխանողը գտնում է, որ նման տարբերակումը համապատասխան իրավական նորմերում ակնհայտ է, ձևակերպված է բավարար աստիճանի հստակությամբ և հետապնդում է իրավաչափ նպատակ:

Ըստ պատասխանողի՝ նպատակի իրավաչափությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ սահմանադրական դատարանում, ՀՀ վարչական դատարանում գործում է գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, որի դեպքում նշված դատարանները սահմանափակված չեն դատավարության մասնակիցների ներկայացրած միջնորդություններով, առաջարկություններով, ապացույցներով, իսկ քրեական և քաղաքացիական գործերով դատավարությունների դեպքում գործում է կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը, որի դեպքում դատարանը սահմանափակված է դատավարության մասնակիցների ներկայացրած միջնորդություններով, առաջարկություններով, ապացույցներով: Բացի դրանից, քրեական գործում տուժողը հանդես է գալիս պրոֆեսիոնալ իրավաբան դատախազի հետ մեկտեղ` մեղադրանքի կողմում, ինչն ապահովում է տուժողի իրավունքների պաշտպանության բարձր որակը:

 

5. Սույն գործով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս ելնել.

- հանրային իշխանության կողմից մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 3-րդ հոդված),

- ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասում և 64-րդ հոդվածում ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի, ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից։

Միաժամանակ, սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դիմումի մուտքագրման պահին գործել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը` 2005 թվականի փոփոխություններով, և դիմողները վիճարկվող իրավադրույթները վիճահարույց են համարել Սահմանադրության այդ խմբագրությամբ 1-ին, 8, 14.1, 18, 19, 20, 23, 27.1 և 31-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-3-րդ գլուխներն ուժի մեջ են մտել 2015 թվականի դեկտեմբերի 22-ից, սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը քննության առարկա է հանդիսանում Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին հոդվածի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 64-րդ հոդվածի համատեքստում:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթը սահմանում է դատական ներկայացուցչության իրականացման ընդհանուր կանոնը, այն է՝ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի: Օրենսդիրն այս ընդհանուր կանոնից բացառություն է նախատեսում` օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ ամրագրելով «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը և օրենքի 5-րդ հոդվածում շարադրելով դատական ներկայացուցչության իրականացման՝ ընդհանուր կանոնից տաբերվող դրույթները:

Վերը նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ ցանկացած գործունակ քաղաքացի, եթե առկա չէ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերից որևէ մեկը, կարող է իրականացնել դատական ներկայացուցչություն: Ինչ վերաբերում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերին, որոնք դատական ներկայացուցչության իրականացման բնագավառում հանդես են գալիս որպես բացառություններ, ամրագրված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը սահմանել է դատական ներկայացուցչության կամ դրա կազմակերպման երկու դեպք.

- դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, և

- դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը ոչ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն:

Ընդ որում, դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը` որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միայն փաստաբանի կողմից պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն մատուցելու օրենսդրական պահանջը բխում է փաստաբանական գործունեության ձեռնարկատիրական բնույթից, «ծառայություն» եզրույթի բովանդակությունից, որոնց համար հատկանշական են պարբերականությունը և վճարովիությունը, ինչպես նաև նման ծառայություն մատուցողի հանդեպ համարժեք պատասխանատվության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն ապահովում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլև երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն՝ դրանով իսկ երաշխավորելով իրավական պետությանը հարիր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում: Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ ի տարբերություն 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի, որի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթով սահմանված էր իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը, որը վերաբերում է դիտարկվող իրավունքին, պարունակում է 2-րդ մաս, որի 1-ին նախադասությամբ ամրագրված է հետևյալ դրույթը. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը»: Դրանով իսկ պետությունն ընդլայնել է որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իր պոզիտիվ պարտականության շրջանակները՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելով փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը: Այդ նպատակն է հետապնդում նաև օրենքով նախատեսված` փաստաբանական դպրոցի ստեղծումը, որը կազմակերպում և անցկացնում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը, կազմակերպում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը, կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը:

 

7. Ինչ վերաբերում է վճարովիության հիմունքներով պարբերաբար դատական ներկայացուցչության՝ միայն փաստաբանի միջոցով իրականացման օրենսդրական պահանջի և դատարանի մատչելիության իրավունքի միջև հարաբերակցությանը, ապա, հաշվի առնելով փաստաբանական գործունեության ձեռնարկատիրական բնույթը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հարաբերակցությունը կարող է պայմանավորված լինել բացառապես դատական ներկայացուցչություն հայցող անձի ֆինանսական հնարավորություններով:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ դատական ներկայացուցչություն հայցող, սակայն համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունեցող անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման համար: Մասնավորապես, օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի և օրենքի 5-րդ հոդվածի վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, նախ` դատական ներկայացուցչություն կարող է իրականացնել նաև փաստաբան չհանդիսացող գործունակ և համապատասխան լիազորագիր ունեցող անձը, եթե դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը չի կրում պարբերական բնույթ կամ վճարովի չէ:

Երկրորդ` անվճար, սակայն պարբերաբար դատական ներկայացուցչություն կարող է իրականացնել նաև փաստաբան չհանդիսացող գործունակ և համապատասխան լիազորագիր ունեցող անձը, եթե նա ներկայացուցչություն է իրականացնում մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար:

Երրորդ` վճարովի կամ պարբերաբար դատական ներկայացուցչություն կարող է իրականացնել նաև փաստաբան չհանդիսացող գործունակ և համապատասխան լիազորագիր ունեցող անձը, եթե նա ներկայացուցչություն է իրականացնում այն իրավաբանական անձի համար, որի կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանում են ներկայացուցչի մերձավոր ազգականին (ազգականներին):

Բացի դրանից, օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրը թվարկել է հասարակության խոցելի խմբերին պատկանող 16 կատեգորիայի անձանց, որոնց իրավաբանական օգնությունը տրամադրվում է անվճար՝ ուղղակիորեն չնախատեսելով տվյալ կատեգորիայի անձանց` համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունենալու հանգամանքը, և միայն մեկ դեպքում, որը սահմանված է օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներ), օրենսդիրն անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար ուղղակիորեն նախատեսել է տվյալ կատեգորիայի անձանց` համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունենալու հանգամանքը:

Միաժամանակ, դատարանի մատչելիության իրավունքի ապահովման նկատառումներից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթները պարտավորեցնում են դատարաններին յուրաքանչյուր կոնկրետ քաղաքացիական գործով ստուգելու հետևյալ հանգամանքների առկայությունը.

- ներկայացուցչի փաստաբան լինելը,

- ներկայացուցչի՝ փաստաբան չհանդիսանալու դեպքում՝ նրա կողմից դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով իրականացնելը,

- ներկայացուցչի՝ փաստաբան չհանդիսանալու դեպքում՝ նրա՝ վստահորդի մերձավոր ազգական հանդիսանալը և դատական ներկայացուցչությունն անվճար իրականացնելը,

- իրավաբանական անձի ներկայացուցչի՝ փաստաբան չհանդիսանալու դեպքում՝ նրա մերձավոր ազգական հանդիսանալն այն անձի կամ անձանց նկատմամբ, որոնց պատկանում են տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը:

 

8. Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում այն փաստարկները, որ վիճարկվող նորմերը հակասում են արդար դատաքննության, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքներին, անձնական կյանքի հարգման իրավունքին, դրա բաղադրատարր հանդիսացող՝ ինքնաարտահայտման իրավունքին, այլ անձանց շահերը պաշտպանելու նկատառումներով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմումներ ներկայացնելու և սեփականության իրավունքներին: Նախ` առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ վիճարկվող նորմերի և արդար դատաքննության, անձնական կյանքի հարգման և սեփականության իրավունքների միջև: Երկրորդ` ինքնաարտահայտման իրավունքը, որը դիմողների ընկալմամբ ներառում է նաև դատական ներկայացուցչությունը, և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը մնացած բոլոր իրավունքների նմանությամբ կարող են իրացվել միայն օրենքով նախատեսված կարգով, այլ ոչ թե սեփական հայեցողությամբ: Բացի դրանից, ինքնաարտահայտման իրավունքը, որը դիմողների ընկալմամբ ներառում է նաև դատական ներկայացուցչությունը, վերաբերելի է դատական ներկայացուցչություն իրականացնողին, մինչդեռ տվյալ դեպքում դիմողները դատարաններում հանդես են եկել որպես հայցվորներ, այլ ոչ թե ներկայացուցիչներ: Երրորդ` այլ անձանց շահերը պաշտպանելու նկատառումներով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմումներ ներկայացնելու իրավունքն ուղղակիորեն չի վերաբերում հայցադիմումին, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներին, դրանց պատասխաններին, քաղաքացիական գործով ներկայացվող գրավոր բացատրություններին և առարկություններին, գրավոր միջնորդություններին, հատուկ և հատուկ հայցային վարույթներով ներկայացվող դիմումներին:

Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում նաև այն փաստարկը, որ վիճարկվող նորմերը հակասում են խտրականության արգելման սկզբունքին, քանի որ տվյալ դեպքում տարբերակումը վերաբերում է տարբեր կատեգորիայի անձանց՝ փաստաբաններին, իրավաբաններին և այդպիսիք չհանդիսացող անձանց: Խտրականությունն առկա կլիներ այն դեպքում, երբ օրենսդրորեն տարբերակում նախատեսվեր այս երեք խմբերից որևէ մեկում: Դատավարական տարբեր գործընթացներում ներկայացուցչության ապահովումն ու վերջինիս իրավակարգավորումն իրականացվում է այդ գործընթացների առանձնահատկությունները հաշվի առնելով:

ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև ՍԴՈ-1135 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վեճի առարկա հիմնախնդրի առկա իրավակարգավորման հիմնական նպատակը քաղաքացիական արդարադատության ոլորտում մարդկանց վճարովի իրավաբանական ծառայություն մատուցելու ինստիտուտի հստակ կանոնակարգումն է` արգելելով անձանց պարբերաբար և վճարովի հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ դատարանում` չունենալով համապատասխան գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: Նման իրավակարգավորում առկա է բազմաթիվ երկրներում և բխում է իրավական պետությունում իրավունքի գերակայության երաշխավորման սահմանադրական սկզբունքի էությունից: Այլ խնդիր է, որ արդարադատական պրակտիկայում չպետք է այն աստիճան նեղացվի քաղաքացիական գործերով իրավաբանական օգնություն ցույց տալու շրջանակները, որ բացառվեն ոչ վճարովի հիմունքներով և ոչ պարբերաբար մատուցվող իրավական օգնության հնարավորությունները: Իր հերթին, դատական պրակտիկայում տարակերպ մեկնաբանություններից խուսափելու համար, հետագա օրենսդրական հստակեցումներն առավել որոշակի պետք է դարձնեն «պարբերաբար» և/կամ «վճարովի հիմունքներով» եզրույթները, ինչպես նաև երաշխավորեն դատավարական իրավակարգավորումների միասնականությունը։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

5 ապրիլի 2016 թ.

ՍԴՈ-1263

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան