Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.43
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.11.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
27.11.2015
Дата вступления в силу
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9439/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ/9439/05/13
2015թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մանուկ Նազարյանի (այսուհետ` Ձեռնարկատեր)` 369.364 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 369.364 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ՝ Դատարան) 28.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.04.2015 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը, 5-րդ հոդվածի 5-րդ կետը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 29-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ վարչական մարմինը մինչև Ձեռնարկատիրոջ նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորություն հաշվարկելը պետք է պարզեր` արդյոք վերջինս գործունեություն ծավալում է, թե ոչ, անհիմն է:

Ձեռնարկատիրոջ կողմից պետական գրանցման վկայականը հարկային տեսչություն չի հանձնվել, հետևաբար նրա նկատմամբ կիրառելի են մինչև 01.01.2013 թվականը գործող «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթները, և նա պարտավոր էր կատարել նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ պարբերության պահանջը, այն է`սահմանված ժամկետում վճարել ամսական նվազագույն սոցիալական վճարի 5.000-ական ՀՀ դրամները:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը Ձեռնարկատիրոջ կողմից 2007 թվականի վերջերին Տեսչությանը հանձնած լինելու փաստի ապացուցման բեռը կրել է Ձեռնարկատերը, սակայն վերջինս որևէ ապացույց Դատարանին չի ներկայացրել, հետևաբար այդ փաստը հաստատված չի կարող համարվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.04.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Մանուկ Նազարյանը` որպես անհատ ձեռնարկատեր, պետական գրանցում է ստացել 16.10.2006 թվականին և ստացել անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման թիվ 01 Ա 103234 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 79).

2. Ձեռնարկատերը 27.10.2006 թվականին հաշվառվել է որպես ապահովադիր (հատոր 1-ին, գ.թ. 6).

3. Տեսչության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով Մանուկ Նազարյանի պարտավորությունն առ 24.09.2013 թվականը կազմում է 369.364 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 5).

4. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Մանուկ Նազարյանը հաշվառումից հանվել է 31.10.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ապացույց ներկայացնելու պարտականության և ապացուցման բեռի հարաբերակցության վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

1. արդյո՞ք ապահովադիր հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունը հաշվարկելու համար հարկային մարմինը պարտավոր է պարզել ձեռնարկատիրոջ կողմից գործունեություն իրականացնելու հանգամանքը,

2. անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության նվազագույն վճարների գծով պարտավորության դիմաց գումար բռնագանձելու պահանջներով վարչական դատավարությունում ո՞վ պետք է կրի անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը հարկային մարմնին հանձնելու փաստի ապացուցման բեռը:

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է՝ 26.12.1997 թվականին, ուժի մեջ է մտել՝ 31.12.1997 թվականին, ուժը կորցրել է՝ 01.01.2013 թվականին) 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5.000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը։

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0,15 տոկոսի չափով:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովադիրները ձեռնարկությունների պետական ռեգիստրի մարմիններում գրանցվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են գրանցվել և հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը` ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից:

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում այդ մասին, համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, նշում է արվում պետական հաշվառման գրանցամատյանում:

Վերը շարադրված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պետությունը ճանաչում է անհատ ձեռնարկատիրոջ իրավունակությունն ու գործունակությունը վերջինիս ձեռնարկությունների պետական ռեգիստրի մարմիններում հաշվառման պահից մինչև նրա հաշվառումից հանելու մասին պետական հաշվառման գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահը, ուստի լիազորված մարմնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գրանցվելու և հաշվառվելու փաստով անհատ ձեռնարկատերը` որպես ապահովադիր, կրում է օրենքով սահմանված պարտադիր վճարներ կատարելու պարտականություն: Այսինքն` ձեռնարկությունների պետական ռեգիստրի մարմիններում հաշվառման և լիազորված մարմնում գրանցվելու պահից սկսած մինչև հաշվառումից հանելու պահն անհատ ձեռնարկատերը հանդիսանում է ապահովադիր և պարտավոր է կատարել ապահովադրի համար օրենքով սահմանված բոլոր, այդ թվում նաև պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելու պարտականությունը:

Ապահովադիր հանդիսանալու ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելու պարտականություն չկրելու միակ պայման օրենսդրի կողմից սահմանվել է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի մինչև 25.07.2012 թվականը գործող խմբագրությամբ 5-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ պարբերությամբ (ուժը կորցրել է 19.03.2012 թվականին ընդունված և 25.07.2012 թվականից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-152-Ն օրենքով), որի համաձայն` պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) նույն պարբերությամբ սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություն հաշվարկելու համար Ձեռնարկատիրոջ կողմից գործունեություն իրականացնելու հանգամանքը կարող է նշանակություն ունենալ միայն 25.07.2012 թվականին նախորդող ժամանակաշրջանին վերաբերող մասով, այն էլ այն դեպքում, երբ վերջինս պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնել է լիազորված մարմնին, իսկ 25.07.2012 թվականին հաջորդող ժամանակաշրջանի համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություն հաշվարկելու համար ապահովադրի կողմից գործունեություն իրականացնելու հանգամանքի պարզման անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է, քանի որ պետական ռեգիստրի մարմիններում Ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու վերաբերյալ գրառման բացակայության պայմաններում գործում է ապահովադրի կողմից գործունեություն իրականացնելու կանխավարկածը, որի պարագայում վերջինս պարտավոր է պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով կատարել իր պարտականությունները:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 01.01.2013 թվականից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» թիվ ՀՕ-179 ՀՀ օրենքը ճանաչվել է ուժը կորցրած: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած եկամտահարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները 01.01.2013 թվականից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:

Սույն գործի փաստերի համաձայն` Մանուկ Նազարյանը` որպես անհատ ձեռնարկատեր, պետական գրանցում է ստացել 16.10.2006 թվականին և որպես ապահովադիր 27.10.2006 թվականին հաշվառվել է Տեսչությունում: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Մանուկ Նազարյանը հաշվառումից հանվել է 31.10.2013 թվականին, ինչը նշանակում է, որ Մանուկ Նազարյանի` որպես անհատ ձեռնարկատիրոջ իրավունակությունը և գործունակությունը ծագել է 16.10.2006 թվականին և դադարել 31.10.2013 թվականին: Գործում առկա` Տեսչության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով Մանուկ Նազարյանի պարտավորությունն առ 24.09.2013 թվականը կազմում է 369.364 ՀՀ դրամ:

Դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, հաստատված չի համարել անհատ ձեռնարկատիրոջ վկայականը հարկային տեսչությանը հանձնած լինելու փաստը, միաժամանակ հիմնավոր համարելով սոցիալական ապահովության վճարների գծով 369.364 ՀՀ դրամի չափով Ձեռնարկատիրոջ պարտավորությունների առկայությունը, 28.10.2014 թվականի վճռով Տեսչության հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, որպես Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի 28.10.2014 թվականի վճիռը բեկանելու հիմնավորում, նշել է, որ «վարչական մարմինը մինչև Ա/Ձ Մանուկ Նազարյանի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություն հաշվարկելը, պետք է պարզեր՝ արդյոք վերջինս գործունեություն ծավալում է, թե ոչ»։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով Ձեռնարկատիրոջ պարտավորությունն ամբողջությամբ կազմված է ամսական նվազագույն գումարներից, որոնք Տեսչության կողմից հաշվարկվել են, քանի որ նշված վճարների գծով Ձեռնարկատիրոջ պարտավորություն չունենալը հաստատող որևէ իրավական հիմք առկա չի եղել այն պատճառով, որ Ձեռնարկատերը, հաշվառված լինելով պետական ռեգիստրի մարմիններում, հանդիսացել է ապահովադիր և պարտավոր է եղել վճարել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ: Ընդ որում, եթե 25.07.2012 թվականին նախորդող ժամանակաշրջանին վերաբերող մասով պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություն հաշվարկելու համար ապահովադրի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հանգամանքը կարող էր որոշիչ նշանակություն ունենալ, այն էլ այն պարագայում, եթե վերջինս պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնած լիներ լիազորված մարմնին, ապա 25.07.2012 թվականին հաջորդող ժամանակաշրջանի համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություն հաշվարկելու համար ապահովադրի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հանգամանքը, այդ պահին գործող իրավակարգավորման համաձայն, ընդհանրապես նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ պարբերությունն այլևս իրավական ուժ չուներ, իսկ պետական ռեգիստրի մարմիններում Ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու վերաբերյալ գրառման բացակայության պայմաններում գործում է ապահովադրի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կանխավարկածը, որի պարագայում վերջինս պարտավոր էր վճարել պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վարչական մարմինը մինչև Ձեռնարկատիրոջ նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություն հաշվարկելը պետք է պարզեր՝ արդյոք վերջինս գործունեություն ծավալում է, թե ոչ, անհիմն է:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, թե կոնկրետ հայցատեսակով (վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման) պայմանավորված` ով է կրում ապացուցման բեռը:

Փաստորեն, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոն: Միաժամանակ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասում, որպես ընդհանուր կանոն, նախատեսել է վարչական դատավարությունում գործի ելքը պայմանավորող որևէ փաստի չապացուցված մնալու իրավական հետևանքները՝ սահմանելով, որ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է նաև վարչական դատավարությունում գործող տարբեր հայցատեսակների հիման վրա հարուցված գործերի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերը նշված հատուկ կանոնները կիրառելի չեն, քանի որ Տեսչության ներկայացրած հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հայցատեսակներից չէ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բոլոր այն դեպքերում, երբ վարչական դատարանի վարույթում քննվող գործերով կիրառելի չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնները, ապա դատարանը պետք է ղեկավարվի ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնով, համաձայն որի՝ կողմերը պարտավոր են դատարանին ներկայացնել իրենց տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով հիմնավորում են իրենց պահանջները կամ առարկությունները, իսկ դրանք չապացուցելու դեպքում կրելու են բացասական հետևանքները:

Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացույց ներկայացնելու պարտականության և ապացուցման բեռի հարաբերակցությանը:

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոն, համաձայն որի` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համաձայն` վարչական մարմինը բոլոր դեպքերում, անկախ ապացուցման բեռը կրելու կամ չկրելու հանգամանքից, ունի իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած ապացույց ներկայացնելու պարտականություն, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդպիսիք ներկայացնելու անհնարինության դեպքում վարչական մարմինը պետք է կրի չապացուցված փաստով պայմանավորված բացասական իրավական հետևանքներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից ակնհայտ է, որ գործի ելքը պայմանավորող փաստի չապացուցված մնալու պարագայում դրա բացասական հետևանքները կրում է ոչ թե ապացույցներ ներկայացնելու պարտականություն ունեցող, այլ ապացույցներ ներկայացնելու պարտականություն ունեցող և այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, հետևաբար նշված փաստը չապացուցելու բացասական հետևանքները պետք է դրվեն այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի ելքը պայմանավորող փաստի ապացուցման բեռը ողջամտորեն կարող է կրել միայն այն կողմը, ում պնդմամբ վիճելի փաստը տեղի է ունեցել, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական հետևանքը կիրառելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել, թե դատավարության մասնակիցներից որ կողմն է կրում գործի ելքը պայմանավորող փաստի ապացուցման բեռը:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը և 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, եզրահանգել է, որ սույն գործի ելքը պայմանավորող փաստի, այն է՝ անհատ ձեռնարկատիրոջ վկայականը 2007 թվականի վերջին Տեսչությանը հանձնած լինելու ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, և գտնելով, որ տվյալ փաստական հանգամանքը վերջինիս կողմից չի ապացուցվում, ինչի հետևանքով վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, դրա բացասական հետևանքները դրել է Տեսչության վրա։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված է փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու վարչական մարմնի պարտականությունը, իսկ 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված է վարչական մարմնի ապացուցման պարտականությունը, որը վերջինս կրում է անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Միաժամանակ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտը սահմանելիս նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով, այդ թվում նաև՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների վրա:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի գործողությունը չի տարածվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների վրա, հետևաբար դրանցով սահմանված պարտականությունները վարչական մարմնի կողմից պահպանված չլինելու փաստը հաստատված համարելու պարագայում անգամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական հետևանքը չի կարող վրա հասնել:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հետևանքը կիրառելի է միայն այն դեպքում, երբ գործի ելքը պայմանավորող փաստի ապացուցման բեռը կրող կողմը չի կարողանում ապացուցել իր պահանջների կամ առարկությունների հիմքում դրված որևէ փաստ: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հետևանքը դատավարության մասնակիցների կողմից իրենց դատավարական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ուղղակի արդյունք է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու, ինչպես նաև անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում ապացուցման պարտականությունը կրելու վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված իրավակարգավորումները վարչական դատավարությունում կիրառելի չեն, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածներում սահմանված պարտականությունը վարչական մարմնի կողմից չկատարելը չի կարող առաջացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հետևանքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի ելքը պայմանավորող փաստ, առնվազն 25.07.2012 թվականին նախորդող ժամանակաշրջանի համար հաշվարկված պարտավորության մասով, հանդիսացել է անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը Ձեռնարկատիրոջ կողմից հանձնած լինելու փաստը, ուստի դրա ապացուցման բեռը պետք է կրի այն կողմը, ում պնդմամբ տվյալ փաստը տեղի է ունեցել, այսինքն՝ Ձեռնարկատերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։ Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Սույն գործով ապահովելով վերը նշված հոդվածի պահանջների կատարումը` Դատարանը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները (կատարել է հարցումներ, Ձեռնարկատիրոջից պահանջել է ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկանք` հարկային տեսչություն առաքանի ուղարկելու վերաբերյալ) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը Ձեռնարկատիրոջ կողմից 2007 թվականի վերջերին հարկային տեսչությանը հանձնած լինելու փաստը հաստատող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն այդպիսիք հնարավոր չի եղել ձեռք բերել, հետևաբար տվյալ փաստի չապացուցված մնալու բացասական հետևանքները պետք է դրվեին Ձեռնարկատիրոջ` որպես այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Դատարանը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կիրառելով վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման հետ որևէ առնչություն չունեցող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը և 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, վերը նշված փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքը դրել է Տեսչության վրա և, առանց պատճառաբանելու, թե հատկապես ինչու պետք է կիրառվեն հենց այդ նորմերը, անհիմն կերպով բեկանել է Դատարանի հիմնավոր դատական ակտն ու մերժել Տեսչության հայցը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի պահանջը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որպիսիք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ սույն գործով Տեսչությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 11.081 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Մանուկ Նազարյանի կողմից: Միաժամանակ Մանուկ Նազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 11.081 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.04.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 28.10.2014 թվականի վճռին:

2. Մանուկ Նազարյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության բռնագանձել 11.081 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Մանուկ Նազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 11.081 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան