Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.47
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.07.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
17.07.2015
Дата вступления в силу
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ2/0584/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ2/0584/05/13

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան  

Դատավորներ`

Ք. Մկոյան

 

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մայիս Հակոբյանի ներկայացուցիչ Արթուր Մելիքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ Մայիս Հակոբյանի հայցի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) և Ծառայության աշխատակազմի Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի (այսուհետ` Սոցապ բաժին)` տարիքային արտոնյալ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին 29.07.2013 թվականի մերժման գրությունն անվավեր ճանաչելու և մասնակի կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մայիս Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել տարիքային արտոնյալ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին Ծառայության 29.07.2013 թվականի մերժման գրությունը և պարտավորեցնել Սոցապ բաժնին նշանակելու մասնակի կենսաթոշակ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 28.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.06.2014 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.12.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայիս Հակոբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որը պետք կիրառեր, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճիռն ըստ էության հանդիսանում է հիմնավորված և օրինական դատական ակտ, որը վերացնում է Մայիս Հակոբյանի սեփականության, մասնավորապես` երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքի խախտումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման ժամանակ անտեսվել է, որ Մայիս Հակոբյանը Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցում 01.09.1984 թվականից աշխատել է որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ, ուստի վերջինիս մասնագիտական աշխատանքային ստաժի տևողությունը մինչև 31.08.2003 թվականը կազմում է 18 տարի` պահանջվող 12 տարվա փոխարեն: Հետևաբար ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման համաձայն` Մայիս Հակոբյանն ունի մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք:

Վերաքննիչ դատարանը մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության հարցը գնահատելիս սխալմամբ հիմք է ընդունել միայն Մայիս Հակոբյանի կողմից 14.03.1988 թվականից մինչև 18.01.2010 թվականը միջնակարգ դպրոցի տնօրենի արտադասարանական և արտադպրոցական դաստիարակության աշխատանքների գծով տեղակալ աշխատելու հանգամանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանն առանց որևէ հիմնավորման գտել է, որ միջնակարգ դպրոցի տնօրենի արտադասարանական և արտադպրոցական դաստիարակության աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը չի համարվում մանկավարժական ստաժ, և դրա համար մասնակի կենսաթոշակ չի նշանակվում:

Վերաքննիչ դատարանը լիարժեք կերպով չի տվել իր որոշման իրավական և փաստական հիմնավորումները, գնահատման առարկա չի դարձրել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` չի գնահատել Մայիս Հակոբյանի աշխատանքային գրքույկը, որով հիմնավորվում է վերջինիս կողմից մանկավարժական գործունեություն իրականացնելու փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.12.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու թիվ AH0486218 անձնագրի համաձայն` Մայիս Սերոբի Հակոբյանը ծնվել է 30.04.1958 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3):

2) Մայիս Հակոբյանի աշխատանքային գրքույկի գրառումների համաձայն` 01.09.1984 թվականին Մայիս Հակոբյանը նշանակվել է Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ, 14.03.1988 թվականին Մայիս Հակոբյանը նշանակվել է նույն դպրոցի «տնօրենի տեղակալ` արտադպրոցական և արտադասարանական դաստիարակության աշխատանքների գծով», 18.01.2010 թվականին Մայիս Հակոբյանի վրա դրվել է նույն դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը, 21.11.2011 թվականին Մայիս Հակոբյանը նշանակվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հատոր 1-ին, գ.թ. 4-6):

3) Ծառայության 29.07.2013 թվականի գրության համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակելու մասին Մայիս Հակոբյանի 16.07.2013 թվականի թիվ 14/14536 դիմումի կապակցությամբ Ծառայության պետի տեղակալը Մայիս Հակոբյանին հայտնել է, որ նրա կողմից 14.03.1988-18.01.2010 թվականներին զբաղեցված արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալի պաշտոնը նախատեսված չէ ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշմամբ, և այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը (14.03.1988-18.01.2010 թվականներ) մասնակի կենսաթոշակ նշանակելու համար մասնագիտական ստաժում չի հաշվարկվում, հետևաբար Մայիս Հակոբյանը չունի մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 9):

4) ՀՀ կրթության և գիտության նախարարության 27.06.2013 թվականի գրության համաձայն` ի պատասխան Մայիս Հակոբյանի դիմումի` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է, որ Մայիս Հակոբյանի աշխատանքային գրքույկում «դպրոցի տնօրենի տեղակալ` արտադպրոցական և արտադասարանական դաստիարակության աշխատանքների գծով» գրառումը չի համապատասխանում ՍՍՀՄ լուսավորության մինիստրության 10.05.1985 թվականի թիվ 94 հրամանով հաստատված պաշտոնային անվանմանը, այն է` «դպրոցի տնօրենի տեղակալ արտադրական ուսուցման գծով` երեխաների հետ արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչ» (հատոր 1-ին, գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունքի իրացման վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող վարչական մարմինն իրավասու է արդյո՞ք մերժել ֆիզիկական անձին մասնակի կենսաթոշակ նշանակելն այն պայմաններում, երբ տվյալ ֆիզիկական անձի աշխատանքային գրքույկում նշված պաշտոնն իր էությամբ համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկում նախատեսված պաշտոնի իրական անվանմանը:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության` այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), և նրան նշանակվել է կենսաթոշակ (...):

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի (...) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի 28-րդ կետի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակելիս` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկվում է միայն հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը: Համատեղությամբ (կամ ժամավճարով) աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ստաժում չի հաշվարկվում:

Նույն կարգի 29-րդ կետի համաձայն` եթե անձը նույն կազմակերպությունում համատեղել է երկու պաշտոն կամ մասնագիտություն և աշխատանքի ընդունելը ձևակերպվել է մեկ հրամանով, որի մեջ առաջինը գրառված մասնագիտությունը կամ պաշտոնը նշված է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկում, իսկ երկրորդը նշված չէ, ապա այս դեպքում տվյալ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը հաշվառվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում, իսկ 30-րդ կետի համաձայն` մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:

ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկում, ի թիվս այլ պաշտոնների, ներառված են նաև պետական հանրակրթական դպրոցում ուսուցչի (դասատուի), դասվարի, տնօրենի (դիրեկտորի, վարիչի), ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալների, ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական) մասի վարիչների պաշտոնները:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Սոցիալական պետության կարևորագույն բնութագրիչներից մեկը մարդկանց սոցիալական պաշտպանվածության արդյունավետ երաշխիքների ապահովումն է: ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի սոցիալական ապահովության իրավունքը, որը ենթադրում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը` օրենքով սահմանված ձևերով ու ծավալով:

ՀՀ սահմանադրական դատարանը 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է: Կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է նաև ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ): Միաժամանակ ՄԻԵԴ-ը տվել է Կոնվեցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, «Պրեսոս Կոմպանիա Նավիեռա ՍԱ»-ն և այլոք ընդդեմ Բելգիայի գործով ՄԻԵԴ 20.11.1995 թվականի վճիռը): Ըստ ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի վերոգրյալ իրավական դիրքորոշումները, իր նախկին որոշումներում արձանագրել է, որ կենսաթոշակի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային իրավունք է (տե՛ս, օրինակ` Թերեզա Գևորգյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ ՎԴ/5086/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական օրենսդրական ակտը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն է, որը սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու, նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը: Օրենսդիրը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ամրագրելով պետական կենսաթոշակների տեսակները, դրանց շարքում սահմանել է նաև մասնակի կենսաթոշակը, որը դասվում է աշխատանքային կենսաթոշակների շարքին («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ) և նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով ֆիզիկական անձանց կենսաթոշակ նշանակելը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կողմից կայացվող որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս անարգել օգտվելու իր` կենսաթոշակ ստանալու իրավունքից: Օրենսդիրը հստակ սահմանել է, որ մասնակի կենսաթոշակ նշանակելու դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար տվյալ ֆիզիկական անձի մասնակի կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները կարող են ձեռք բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք, եթե կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում դիմելու պահին լրացել է նրանց 55 տարին, ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ և մինչև 01.08.2003 թվականն ընկած ժամանակահատվածում առնվազն 12 օրացուցային տարի աշխատել են մասնակի կենսաթոշակի իրավունք տվող համապատասխան մասնագիտություններով կամ պաշտոններում: Ընդ որում, կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանված է ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրթության, մշակույթի աշխատողը կարող է ձեռք բերել մասնակի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու պահին լրացել է կրթության, մշակույթի բնագավառի տվյալ աշխատողի 55 տարին,

2) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու պահին կրթության, մշակույթի բնագավառի տվյալ աշխատողն ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ,

3) կրթության, մշակույթի բնագավառի տվյալ աշխատողի` ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 01.08.2003 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատած մասնագիտական աշխատանքային ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի:

Սույն գործով Դատարանը, 28.12.2013 թվականի վճռով բավարարելով Մայիս Հակոբյանի հայցը, անվավեր է ճանաչել տարիքային արտոնյալ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին Ծառայության 29.07.2013 թվականի գրությունը և պարտավորեցրել է Սոցապ բաժնին մասնակի կենսաթոշակ նշանակել Մայիս Հակոբյանին: Դատարանն իր վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի իմաստով Ծառայության 29.07.2013 թվականի գրությունը հանդիսանում է անվավեր վարչական ակտ. այդ գրությամբ մերժելով մասնակի կենսաթոշակ նշանակելու Մայիս Հակոբյանի դիմումը` «(...) Ծառայությունը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված ցանկի դրույթները, քանի որ այն չի համադրել 1988 թվականին ՀԽՍՀ-ում դեռևս գործող ՍՍՀՄ լուսավորության մինիստրության 16.05.1985 թվականի թիվ 94 հրամանով հաստատված հրահանգի թիվ 5 հավելվածի, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 14.10.2010 թվականի թիվ 1391-Ն որոշման համապատասխան դրույթների հետ (...)»:

Վերաքննիչ դատարանի 19.06.2014 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.12.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Մայիս Հակոբյանի հայցը մերժվել է: Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումը պատճառաբանել է այն փաստարկով, որ Մայիս Հակոբյանին մասնակի կենսաթոշակ նշանակելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերն առկա չեն, քանի որ վերջինս չի զբաղեցրել ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված ցանկում նշված որևէ պաշտոն:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական անձի` մասնակի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքն իրացվում է տվյալ ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից կայացվող որոշման հիման վրա: Այդ վարչական վարույթի ընթացքում կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար դիմում ներկայացրած ֆիզիկական անձի մոտ մասնակի կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված վերը նշված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայությունը, 29.07.2013 թվականի գրությամբ մերժելով Մայիս Հակոբյանին մասնակի կենսաթոշակ նշանակելը, իր այդ որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Մայիս Հակոբյանը 14.03.1988-18.01.2010 թվականներին զբաղեցրել է արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալի պաշտոնը, որը նախատեսված չէ ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշմամբ` որպես մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտություն կամ պաշտոն: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայությունը Մայիս Հակոբյանի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի ընթացքում չի կատարել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում, չի պարզել այդ վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր, այդ թվում` Մայիս Հակոբյանի օգտին առկա հանգամանքները:

Այսպես, սույն գործում առկա ՀՀ կրթության և գիտության նախարարության 27.06.2013 թվականի գրության համաձայն` Մայիս Հակոբյանի աշխատանքային գրքույկում «դպրոցի տնօրենի տեղակալ` արտադպրոցական և արտադասարանական դաստիարակության աշխատանքների գծով» գրառումը չի համապատասխանում ՍՍՀՄ լուսավորության մինիստրության 10.05.1985 թվականի թիվ 94 հրամանով հաստատված պաշտոնային անվանմանը, այն է` «դպրոցի տնօրենի տեղակալ արտադրական ուսուցման գծով` երեխաների հետ արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչ»: Փաստորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մայիս Հակոբյանի աշխատանքային գրքույկում վերը նշված պաշտոնի անվանումն արձանագրվել է ոչ լիարժեք և այդ պաշտոնն իր գործառույթներով, ըստ էության, համապատասխանել է ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշմամբ սահմանված «դպրոցի տնօրենի տեղակալ արտադրական ուսուցման գծով` երեխաների հետ արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչ» պաշտոնի անվանմանը և բովանդակությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկում, ի թիվս այլ պաշտոնների, ներառված է նաև պետական հանրակրթական դպրոցի տնօրենի (դիրեկտորի) արտադրական ուսուցման գծով տեղակալի պաշտոնը: Փաստորեն, ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման համաձայն` դպրոցի տնօրենի (դիրեկտորի) արտադրական ուսուցման գծով տեղակալի պաշտոնը համարվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոն:

Այսպիսով, Մայիս Հակոբյանի կողմից Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցում 14.03.1988-18.01.2010 թվականներին զբաղեցրած պաշտոնի իրական անվանումը համադրելով ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկում նշված պաշտոնի անվանումների հետ` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Մայիս Հակոբյանի կողմից Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցում 14.03.1988-18.01.2010 թվականներին զբաղեցրած պաշտոնը նախատեսված է այդ ցանկում, քանի որ ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկում, ի թիվս այլ պաշտոնների, ներառված է նաև պետական հանրակրթական դպրոցի տնօրենի (դիրեկտորի) արտադրական ուսուցման գծով տեղակալի պաշտոնը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով սահմանված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկում ընդգրկված` պետական հանրակրթական դպրոցի տնօրենի (դիրեկտորի) արտադրական ուսուցման գծով տեղակալի պաշտոնում Մայիս Հակոբյանի աշխատած ժամանակահատվածը մինչև 01.08.2003 թվականը կազմում է շուրջ 15 տարի: Հետևաբար ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված` պետական հանրակրթական դպրոցի տնօրենի (դիրեկտորի) արտադրական ուսուցման գծով տեղակալի պաշտոնում Մայիս Հակոբյանի մասնագիտական աշխատանքային ստաժը մինչև 01.08.2003 թվականն ընկած ժամանակահատվածում կազմում է ավելի քան 12 օրացուցային տարի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հիմնավորվում է, որ Մայիս Հակոբյանը մասնակի կենսաթոշակ ստանալու համար կենսաթոշակ նշանակող համապատասխան ստորաբաժանում, այն է` Սոցապ բաժին, դիմելու պահին` 16.07.2013 թվականին, ունեցել է ավելի, քան 25 տարվա աշխատանքային ստաժ, ինչը հաստատվում է Մայիս Հակոբյանի աշխատանքային գրքույկի գրառումներով: Բացի այդ, սույն գործի փաստերով հիմնավորվում է նաև, որ Մայիս Հակոբյանի կողմից մասնակի կենսաթոշակ ստանալու համար Սոցապ բաժին դիմելու պահին` 16.07.2013 թվականին, վերջինիս 55 տարին լրացած է եղել, քանի որ Մայիս Հակոբյանի անձնագրի համաձայն` վերջինս ծնվել է 30.04.1958 թվականին:

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստական հանգամանքների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մայիս Հակոբյանը` որպես կրթության բնագավառի աշխատող, ունի մասնակի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ`

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` Սոցապ բաժին, դիմելու պահին` 16.07.2013 թվականին, Մայիս Հակոբյանի 55 տարին լրացած է եղել,

2) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` Սոցապ բաժին, դիմելու պահին` 16.07.2013 թվականին, Մայիս Հակոբյանն ունեցել է առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ,

3) ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված` պետական հանրակրթական դպրոցի տնօրենի (դիրեկտորի) արտադրական ուսուցման գծով տեղակալի պաշտոնում մինչև 01.08.2003 թվականն ընկած ժամանակահատվածում Մայիս Հակոբյանի աշխատած մասնագիտական աշխատանքային ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի:

Հետևաբար Մայիս Հակոբյանը բավարարում է մասնակի կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմաններին ու պահանջներին, ինչը նշանակում է, որ կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող համապատասխան վարչական մարմինը պարտավոր էր որոշում կայացնել Մայիս Հակոբյանին մասնակի կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ, որն էլ վերջինիս հնարավորություն կտար անարգել օգտվելու իր` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված կենսաթոշակ ստանալու գույքային իրավունքից:

Մինչդեռ Ծառայությունը չի կատարել Մայիս Հակոբյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու պարտականությունը և չի պարզել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` Մայիս Հակոբյանին մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ բոլոր պայմանների ու պահանջների առկայության հանգամանքը: Փաստորեն, Ծառայությունն իր 29.07.2013 թվականի գրությամբ անհիմն կերպով մերժել է մասնակի կենսաթոշակ նշանակելու Մայիս Հակոբյանի դիմումը, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 29.07.2013 թվականի գրությունն ընդունվել է օրենքի, մասնավորապես` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 33-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի խախտմամբ: Հետևաբար Դատարանն իր վճռում իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Ծառայության 29.07.2013 թվականի գրությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է և իրավաչափորեն հայցը բավարարել է ամբողջությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Մայիս Հակոբյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մայիս Հակոբյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ծառայության կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 28.12.2013 թվականի վճռին:

2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից հօգուտ Մայիս Հակոբյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան