Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.26
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.11.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
27.11.2015
Дата вступления в силу
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0898/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0898/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ն. Բարսեղյան

Դատավորներ`

Ի. Վարդանյան

Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարգարիտ Դալլաքյանի և Աշոտ Ղազարյանի ներկայացուցիչ Մկրտիչ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Ղազարյանի, Մարգարիտ Դալլաքյանի ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Պարանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` առուվաճառքի պայմանագրի գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` բնակարանի նկատմամբ Կադաստրի կողմից կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, գույքը վերադարձնելու և վնասի հատուցման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Ղազարյանը և Մարգարիտ Դալլաքյանը պահանջել են անվավեր ճանաչել Աշոտ Ղազարյանի և Մարինե Պարանյանի միջև Վանաձորի Աղյուսագործների փողոցի թիվ 29/1 տան նկատմամբ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի կողմից թիվ 2077 սեղանամատյանի համարի տակ արված 22.06.2010 թվականին առուվաճառքի պայմանագրի գրանցումը և որպես հետևանք` անվավեր ճանաչել Կադաստրի կողմից Մարինե Պարանյանի անվամբ 02.07.2010 թվականին միասնական թիվ 06-001-004-093 մատյանի 90 համարի տակ կատարած վերոնշյալ հասցեի տան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը ու նշված գույքը վերադարձնել Աշոտ Ղազարյանին, ինչպես նաև Մարինե Պարանյանից հօգուտ Մարգարիտ Դալլաքյանի բռնագանձել 1.600.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում:

 ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 30.04.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2014 թվականի որոշմամբ Աշոտ Ղազարյանի և Մարգարիտ Դալլաքյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Ղազարյանի և Մարգարիտ Դալլաքյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարինե Պարանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատում` անտեսելով, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի թիվ ԼԴ/0181/01/11 դատավճռով հաստատվել է Աշոտ Ղազարյանի և Մարինե Պարանյանի միջև Աշոտ Ղազարյանին պատկանող` Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի թիվ 29/1 հասցեի տնատիրության շուրջ կնքված առուվաճառքի պայմանագրի շինծու գործարք լինելու փաստը:

Վերոնշյալ դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի որոշմամբ հաստատվել է, որ Մարինե Պարանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի հատկանիշներով առկա հանցանշանի հիմքով տոկոսով գումար է տվել Մարգարիտ Դալլաքյանին և, որպես տրված գումարի դիմաց տոկոսների ստացման ու մայր գումարի վերադարձման երաշխիք, 22.06.2010 թվականին նոտարական գրասենյակում սեղանամատյանի 2077 համարի տակ գրանցվել է Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի թիվ 29/1 հասցեի տան առուվաճառքի պայմանագիրը, այսինքն` կողմերի միջև իրականում ծագել են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են եղել, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկացել են ներկայացնել երրորդ անձանց, որով և հաստատվում է գործարքի շինծու լինելը:

Բացի այդ, անկախ քրեական գործի կարճման հանգամանքից, վերը նշված դատական ակտերը սույն քաղաքացիական գործի համար ունեն նախադատելի նշանակություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.09.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործի պարագայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետում խոսք է գնում քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի մասին, մինչդեռ հայցվորները վկայակոչում են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի որոշումը, որով բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի դատավճիռը: Հետևաբար, քանի որ սույն գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հակառակը` առկա է բեկանված դատավճիռ, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմանը, ապա հարկ է նշել, որ թիվ ԼԴ/0181/01/11 քրեական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2014 թվականի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի որոշմամբ բեկանվել է և օրինական ուժ չի ստացել, հետևաբար բեկանված և քրեական գործով օրինական ուժի մեջ չմտած դատավճռի և դրանով հաստատված հանգամանքների մասին հետևություններ կատարելն առարկայազուրկ է: Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի որոշմամբ սույն գործով ապացուցման առարկայի մեջ մտնող ոչ մի փաստական հանգամանք ապացուցված չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Աշոտ Ղազարյանի (Վաճառող) և Մարինե Պարանյանի (Գնորդ) միջև 22.06.2010 թվականին կնքված նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Վաճառողը վաճառել է, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել քաղաք Վանաձոր, Աղյուսագործների փողոց, թիվ 29/1 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 107,36քմ ընդհանուր մակերեսով, և 0,077հա մակերեսով հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 79):

2) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի թիվ ԼԴ/0181/01/11 դատավճռով Մարինե Պարանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն): Համաձայն նշված դատավճռի` «Մարինե Պարանյանը Վանաձոր քաղաքում 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս, ընդհանուր 1.365.000 ՀՀ դրամին համարժեք 4.550 ԱՄՆ դոլար է տվել Մարգարիտ Դալլաքյանին և դրա համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 10 տոկոս դրույքի չափով տոկոսագումարներ է ստացել նրանից: 2009 թվականի մարտ և ապրիլ ամիսներին Մարգարիտ Դալլաքյանը վերցրած պարտքի ամսական տոկոսները և պարտքն այլևս չի կարողացել վճարել: Եկել են համաձայնության և, որպես պարտքի վերադարձման երաշխիք, Մարգարիտ Դալլաքյանի ամուսնու` Աշոտ Ղազարյանի և Մարինե Պարանյանի միջև կնքվել է Աշոտ Ղազարյանին պատկանող 8.270.000 ՀՀ դրամ արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոցի թիվ 29/1 հասցեի տնատիրության առուվաճառքի շինծու պայմանագիր: Պայմանավորվել են, որ հետագայում վարկ կձևակերպեն, տունը հետ կգնեն` վարկի գումարից վճարելով Մարինե Պարանյանի պարտքը: Սակայն հետագայում վարկի տրամադրումը չի ստացվել: Մինչ օրս բնակարանը մնում է գրանցված Մարինե Պարանյանի անվամբ` որպես վերջինիս սեփականություն: Մարգարիտ Դալլաքյանը Մարինե Պարանյանի պարտքի մայր գումարը մինչ օրս չի վերադարձրել ու իր ընտանիքով մինչ օրս ապրում է նշված բնակարանում» (հատոր 1-ին, գ.թ. 11-42):

3) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի թիվ ԼԴ 0181/01/11 որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի դատավճիռը բեկանվել է, գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի քննության և լուծման ընթացքում ամբաստանյալ Մարինե Յուրայի Պարանյանի փաստացի կատարած գործողություններին առաջին ատյանի դատարանի կողմից տրվել է քրեաիրավական ճիշտ որակում, և այդ առումով դատավճռում շարադրված հետևություններն օրինական են և հիմնավորված (հատոր 1-ին, գ.թ. 43-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

- բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման նախադատելիության հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

- Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի մասնակի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Վերաքննիչ քրեական դատարանի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթի կարճման որոշմամբ հաստատված հանգամանքները կարող են դիտվել որպես քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներ և նախադատելի լինել քաղաքացիական գործ քննելիս:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց՝ հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.

1. արդյո՞ք կատարվել են որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),

2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (հանցագործության սուբյեկտ) (տե՛ս, Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ նախադատելի նշանակություն ունեցող դատական ակտը դատավճիռն է, քանի որ քաղաքացիական դատավարության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները` անձը (հանցագործության սուբյեկտ) և գործողությունները (հանցագործության օբյեկտիվ կողմ), կարող են հաստատված համարվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումներում հաստատված՝ հանցավոր արարքի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների վերաբերյալ եզրահանգումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով չունեն նախադատելի նշանակություն:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումները դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի թիվ ԼԴ/0181/01/11 որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի դատավճիռը բեկանվել է, գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, հանգել է այն հետևության, որ պատասխանողի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ առկա չէ, ուստի թիվ ԼԴ/0181/01/11 քրեական գործով որևէ հաստատված հանգամանք՝ որպես նախադատելի սույն գործով ընդունվել չի կարող, ուստի և հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, համաձայնել է Դատարանի եզրահանգումներին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի դատավճռով հաստատվել է Մարինե Պարանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (վաշխառություն) կատարումը: Մասնավորապես` դատավճռում արձանագրվել է, որ Մարինե Պարանյանը Վանաձոր քաղաքում 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս, ընդհանուր 1.365.000 ՀՀ դրամին համարժեք 4.550 ԱՄՆ դոլար է տվել Մարգարիտ Դալլաքյանին և դրա համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 10 տոկոս դրույքաչափով տոկոսագումարներ է ստացել նրանից: Հետագայում եկել են համաձայնության, և որպես պարտքի վերադարձման երաշխիք, Մարգարիտ Դալլաքյանի ամուսնու` Աշոտ Ղազարյանի և Մարինե Պարանյանի միջև կնքվել է Աշոտ Ղազարյանին պատկանող, 8.270.000 ՀՀ դրամ արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Աղյուսագործների թիվ 29/1 հասցեի տնատիրության առուվաճառքի շինծու պայմանագիր:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 04.06.2013 թվականի որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի դատավճիռը բեկանվել, գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործի քննության և լուծման ընթացքում ամբաստանյալ Մարինե Յուրայի Պարանյանի փաստացի կատարած գործողություններին առաջին ատյանի դատարանի կողմից տրվել է քրեաիրավական ճիշտ որակում, և այդ առումով դատավճռում շարադրված հետևություններն օրինական են և հիմնավորված:

 Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի որոշմամբ` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013 թվականի դատավճիռն ամբողջությամբ բեկանվել է, և քրեական գործի վարույթն ամբողջովին կարճվել է, որպիսի պայմաններում սույն գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթի կարճման որոշումը և դրանով հաստատված հանգամանքները վերը շարադրված մեկնաբանությունների հիմքով չեն կարող ունենալ օրինական ուժ ստացած դատավճռի կարգավիճակ և նախադատելի լինել այլ քաղաքացիական գործ քննելիս:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի փաստարկը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2013 թվականի թիվ ԼԴ/0181/01/11 որոշման նախադատելիության վերաբերյալ, անհիմն է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթի կարճման որոշումը կարող է դիտվել որպես ինքնուրույն գրավոր ապացույց, որը կարող է պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ստորադաս դատարանները ճիշտ եզրահանգման են եկել վերոնշյալ որոշման՝ նախադատելի չլինելու վերաբերյալ, այդուհանդերձ, այն որպես ինքնուրույն գրավոր ապացույց չհետազոտելով և չգնահատելով, թույլ են տվել դատավարական նորմի խախտում: Հետևաբար բողոք բերած անձի փաստարկը՝ ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, հիմնավոր է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
   

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան