Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.02.2016-25.07.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.09.20/21(169) Հոդ.282
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
16.09.2004
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
16.09.2004
Дата вступления в силу
01.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2017

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

17 սեպտեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան 

N 111-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ (ՀԱՇԻՎՆԵՐԻՑ) ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.03.11 N 102-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը (հավելված):

(1-ին կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կնքված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման ու գրավի պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում:

3. Սահմանել, որ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ գրավի պայմանագիր չեն կնքում:

(3-րդ կետը փոփ. 14.11.12 N 452-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 89-Ն և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 36-Ն որոշումները:

5. Մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ն առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:

(6-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի
N 111-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ (ՀԱՇԻՎՆԵՐԻՑ) ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 23.03.11 N 102-Ն)

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի, արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում (բանկերում) բացում է հատուկ հաշիվ (հաշիվներ) և ներկայացնում է հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ՝ երաշխիք)` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց: Երաշխիքը 2004 թվականից սկսած կազմում է նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10%-ը: Հատուկ հաշիվը (հաշիվները) սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

(1-ին կետը փոփ. 23.03.11 N 102-Ն, 16.12.15 N 422-Ն)

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրերը և դրանցում, ինչպես նաև երաշխիքում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

(2-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն, լրաց., փոփ. 16.12.15 N 422-Ն)

3. Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցները կառավարվում են սույն կարգին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված լիցենզիայի պայմաններին և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն, 16.12.15 N 422-Ն)

4. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կողմից կատարվող կանխիկ դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերի հիման վրա: Համաձայն այդ պայմանագրերի՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվին (հաշիվներին), բացառությամբ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հավաքագրված գումարների, որոնք Երևան քաղաքում` մեկ, քաղաքային համայնքներում` մինչև երկու և գյուղական համայնքներում` մինչև հինգ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվին (հաշիվներին): Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները բացի սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվից (հաշիվներից) որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցվել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերում: Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը:

(4-րդ կետը խմբ. 09.06.10 N 281-Ն, փոփ. 23.03.11 N 102-Ն, լրաց. 15.02.12 N 35-Ն, փոփ. 16.12.15 N 422-Ն)

4.1. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բանկային փոխանցում իրականացնելու դեպքում սպառողները դրամական միջոցները փոխանցում են միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ներկայացված բանկային հաշվեհամարին, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներին ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում, որպես բանկային հաշվեհամար, ամրագրում է միայն հատուկ հաշիվներից (ենթահաշիվներից) որևէ մեկը: Հատուկ հաշիվների բոլոր ենթահաշիվները և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները և լրացումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը:

(4.1-ին կետը լրաց. 16.12.15 N 422-Ն)

5. Գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դրամային վճարումները կարող են իրականացվել միայն հատուկ հաշվի (հաշիվների) միջոցով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վճարման հանձնարարագրերի հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում (հաշիվներում) միջոցների անբավարար լինելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հատուկ հաշվին (հաշիվներին) փոխանցել պակասող գումարը:

(6-րդ կետը փոփ., խմբ. 23.03.11 N 102-Ն, խմբ. 16.12.15 N 422-Ն)

6.1. Պայմանագրերով սահմանված ժամկետում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումներ չիրականացնելու դեպքում արտադրողները և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են դիմել երաշխիք տված բանկին՝ երաշխիքի սահմաններում իրենց պահանջները բավարարելու համար: Երաշխիք տված բանկը արտադրողների և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ներկայացված դիմումները քննության է առնում և համապատասխան որոշում ընդունում 5 աշխատանքային օրվա ընթացքում: Երաշխիք տված բանկի կողմից դիմումները բավարարվելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում նոր երաշխիք:

(6.1-ին կետը լրաց. 16.12.15 N 422-Ն)

7. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 85 տոկոսը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո՝ հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարներն ամբողջությամբ, յուրաքանչյուր ամսվա 5-ից համարվում են գրավադրված 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որն ամրագրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում): Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Գրավադրման ընթացքում հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրված գումարները ելքագրվում են նաև առաքված էլեկտրաէներգիայի դիմաց մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրող ընկերություններին վճարումներ կատարելու համար: Գրավադրումը դադարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ գրավառուների նկատմամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Նշված գործառույթի իրականացումից հետո միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է տնօրինել հատուկ հաշվում (հաշիվներում) առկա գումարներն ու փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 15 տոկոսը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տնօրինում է իր հայեցողությամբ և կարող է փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին:

(7-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն, խմբ. 16.12.15 N 422-Ն)

7.1. Հատուկ հաշվին (հաշիվներին) կարող են մուտքագրվել միայն սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված կամ սույն կարգի 6-րդ կետի համաձայն բացառապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ հաշիվներից փոխանցված գումարները, իսկ հատուկ հաշվից (հաշիվներից) դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ սույն կարգի 7-րդ կետով սահմանված գրավադրման դադարման դեպքում՝ բացառապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ հաշիվներին, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետի վերջին նախադասությամբ սահմանված դեպքում:

(7.1-ին կետը լրաց. 16.12.15 N 422-Ն)

7.2. Սույն կարգի 7.1 կետում նշված դրույթներն ամրագրվում են հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրում (պայմանագրերում):

(7.2-րդ կետը լրաց. 16.12.15 N 422-Ն)

8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր ամիս, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, հատուկ հաշվի (հաշիվների) գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողով:

(8-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

(հավելվածը խմբ. 09.06.10 N 281-Ն, փոփ. 23.03.11 N 102-Ն, լրաց. 15.02.12 N 35-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.12.15 N 422-Ն)