ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 դեկտեմբերի 2015 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 2» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված`«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» (Ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» (Ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
2. Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում Առդիր 1-ը՝ «Ծրագրի նկարագիրը», Առդիր 2-ը՝ «Մարման ժամանակացույցը», Առդիր 3-ը՝ «Վարկային միջոցների հատկացումը և մասհանումը», Առդիր 4-ը՝ «Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում» և Առդիր 5-ը՝ «Ծրագրի կատարումը, ֆինանսական հարցերը»:
3. Համաձայնագրին համապատասխան` Ասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Բանկ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 112.970.000 (հարյուր տասներկու միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար) ԱՄՆ դոլարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ)՝ քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները բարելավելու ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու նպատակով:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019թ. սեպտեմբերի 30-ին:
4. Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները՝ ապահովելով ավելի արդյունավետ, վստահելի, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:
Ծրագրի բաղադրիչներն են՝ «Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի բաղադրիչ», որն ունի երեք մաս՝ ա) Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցում, բ) Բաբաջանյան-Աշտարակ մայրուղու կառուցում, գ) Դավիթաշեն-Աշտարակ մայրուղու կառուցում, «Ինստիտուցիոնալ կարողությունների բաղադրիչ», «Ծրագրի իրականացման բաղադրիչ»:
5. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) Վարկի օգտագործված հիմնական գումարի դիմաց Բանկին վճարել Համաձայնագրով նախատեսված տոկոսներ,
բ) Վարկի գումարի վրա հաշվարկված տոկոսները և այլ վճարները կատարել տարեկան 2 անգամ, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին,
գ) յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել պարտավճար՝ տարեկան կտրվածքով 0.15%-ի չափով, որը հաշվարկվելու է Վարկի ամբողջական գումարի մասով (հանած ժամանակ առ ժամանակ մասհանվող գումարները),
դ) սկսած 2030 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2037 թվականի մայիսի 15-ը, կիսամյակային մուծումներով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վերադարձնել Վարկի հաշվից մասհանված Վարկի հիմնական գումարը,
ե) վարկային միջոցները հասանելի դարձնել Երևանի համար` Բանկին բավարարող պայմաններով, և ապահովել, որ այդ միջոցներն ուղղվեն Երևանի կողմից Ծրագրի ծախսերի ֆինանսավորմանը,
զ) եթե Բանկն այլ որոշում չի կայացրել, Համաձայնագրի Առդիր 4-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով Վարկի միջոցներով գնել կամ ապահովել, որպեսզի գնվեն նախատեսված պարագաները,
է) ապահովել, որպեսզի տեխնիկական աուդիտորական ծառայությունների համար Երևանը վարձի անհատ խորհրդատուներ, խորհրդատվական կարճաժամկետ ծառայություններ, հասարակության իրազեկման և կարողությունների զարգացման ծառայություններ,
ը) ապահովել, որպեսզի յուրաքանչյուր ենթածրագրի նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, շահագործումն ու շահագործումից հանելը կատարվեն ՀՀ շրջակա միջավայրի, առողջապահության ու անվտանգության հետ կապված բոլոր օրենքներին և պահանջներին համապատասխան,
թ) երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ենթածրագրի հետ կապված ոչ մի ֆիզիկական կամ տնտեսական տեղահանում չիրականացվի, մինչև որ վերաբնակեցման պլանին համապատասխան փոխհատուցումներ և օրենքով սահմանված այլ վճարներ չկատարվեն ազդեցության ենթարկվող մարդկանց,
ժ) երաշխավորել, որ Վարկի ոչ մի միջոց չկիրառվի արգելված ներդրումների ցանկում ներառված որևէ գործողություն ֆինանսավորելու համար,
ի) ապահովել, որպեսզի Ծրագրի շրջանակներում Բանկի ֆինանսավորմամբ բոլոր պայմանագրերում ներառված լինեն դրույթներ առ այն, որ Բանկն իրավունք ունի աուդիտի ենթարկել և ստուգել ցանկացած կապալառուի, մատակարարի, խորհրդատուի:
6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն վարկային համաձայնագրում առկա չէ պատշաճ հիմնավորում հատկապես «Ապրանքներ» բաղադրիչով /0,04 տոկոս կամ 40000 դոլար/ և «Խորհրդատվական ծառայություններ» բաղադրիչով /11,17 տոկոս կամ 12 մլն 620 հազար դոլար/ հատկացումների հարաբերակցության առնչությամբ։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված` «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» (Ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
25 դեկտեմբերի 2015 թ. ՍԴՈ-1250 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|