ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2016 թվականի N 260-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Սույն կանոնակարգի 31-րդ և 37-րդ կետերով նախատեսված հիմքերով մեկ տարվա ընթացքում 3 անգամ մասնագիտական խորհրդի միջնորդությունը չհաստատելու դեպքում ԲՈՀ-ը կարող է վերակազմավորել խորհուրդը: Նման դեպքերում ԲՈՀ-ը դիմում է համապատասխան կազմակերպությանը՝ տվյալ աշխատանքների գիտական ղեկավարներին և ընդդիմախոսներին պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկելու հետագա նպատակահարմարությունը քննարկելու հարցով:».
2) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» է քվեարկել նիստին ներկա անդամների երեք քառորդը:».
3) 30-րդ կետից հանել «Հայցորդը խորհրդի բացասական որոշումը կարող է գանգատարկել ԲՈՀ` վերջինիս սահմանած կարգով:» նախադասությունը.
4) 5-րդ՝ «V. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԲՈՀ-ՈՒՄ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. ԲՈՀ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ:
32. Այն անձը, ում գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժվել է սույն կանոնակարգի 11-րդ կետի խախտման հիմքով, ատենախոսությունը կարող է ներկայացնել պաշտպանությունը մերժելու մասին որոշման ընդունումից մեկ տարի հետո: Սույն կանոնակարգի 10-րդ և 13-րդ կետերի հիմքով գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժելու դեպքում պաշտպանություն կարող է կազմակերպվել խախտումները վերացնելուց հետո:
33. Սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված խախտումներ չհայտնաբերելու դեպքում ԲՈՀ-ը սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով ատենախոսությունը տալիս է համապատասխան գիտության բնագավառից գիտական աստիճան ունեցող մասնագետի, ով վերջին հինգ տարում ունի հրապարակած առնվազն 5 գիտական աշխատանք` հրատարակված միջազգային նշանակություն ունեցող կամ ԲՈՀ-ի ցուցակում ընդգրկված գրախոսվող գիտական հրատարակություններում:
34. ԲՈՀ-ը մասնագետի հետ կնքում է պայմանագիր, որտեղ ամրագրվում են մասնագետի աշխատանքի կատարման պայմանները և ժամկետը: ԲՈՀ-ը կարող է մասնագետի մասին տեղեկություն հրապարակել միայն նրա գրավոր համաձայնության դեպքում:
35. Որակավորման գործի վերաբերյալ մասնագետը տալիս է՝
1) դրական եզրակացություն, եթե ատենախոսությունը համապատասխանում է սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին.
2) բացասական եզրակացություն` ատենախոսության սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, ինչպես նաև 11-րդ կետերի պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ պատճառաբանված հիմնավորմամբ:
36. Սույն կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում ԲՈՀ-ը հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն ԲՈՀ մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր:
37. ԲՈՀ-ը սույն կանոնակարգի 35-րդ կետով նախատեսված բացասական եզրակացությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է խորհուրդ` բացասական եզրակացության հիման վրա քննարկում կազմակերպելու և որոշում կայացնելու համար:
38. Խորհուրդը ատենախոսության հեղինակին առաջարկում է 6 ամիս ժամկետում ատենախոսությունը սույն կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնել և խորհուրդ ներկայացնել:
39. Ատենախոսության հեղինակը կարող է պատճառաբանված հիմնավորմամբ՝ առանց փոփոխությունների ատենախոսությունը վերադարձնել խորհուրդ սույն կանոնակարգի 38-րդ կետում սահմանված ժամկետում:
40. Սույն կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված ժամկետում խորհուրդ ներկայացված ատենախոսությունը խորհուրդը քննարկում և կայացնում է՝
1) գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշում, եթե ատենախոսությունը համապատասխանում է սույն կանոնակարգի պահանջներին.
2) գիտական աստիճան շնորհելու մասին բացասական որոշում, եթե ատենախոսությունը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին:
41. Խորհուրդը սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է ԲՈՀ, որի հիման վրա կայացվում է գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում:
42. Գիտական աստիճանի վկայագիրը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ԲՈՀ-ը ատենախոսությունն ուղարկում է Հայաստանի ազգային գրադարան:
43. Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումի հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ: ԲՈՀ-ը համապատասխանեցման մասին ընդունում է՝
1) դրական որոշում, եթե համակարգչային ծրագրերով ստուգելուց հետո ատենախոսության մեջ չեն հայտնաբերվել այլ աղբյուրներից առանց հղումների փոխառված նյութեր.
2) բացասական որոշում, եթե համակարգչային ծրագրերով ստուգելուց հետո ատենախոսության մեջ հայտնաբերվել են այլ աղբյուրներից առանց հղումների փոխառված նյութեր:
44. Խորհրդի և ԲՈՀ-ի որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:».
5) կանոնակարգը լրացնել NN 1 և 2 ձևերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
Երևան |
Հավելված |
Ձև N 1
Республика армения
Решением специализированного совета Высшей аттестационной комиссии РА _____________________________(ФИО) Присуждена ученая степень кандидата ____________________________ наук
By the Resolution of ___________________________________ (name) Has been awarded the Degree of Doctor of Philosophy (Ph. D) in___________________ |
Հայաստանի Հանրապետություն
_____________________________________
|
Ձև N 2
Республика армения
Решением специализированного совета Высшей аттестационной комиссии РА _____________________________(ФИО) Присуждена ученая степень доктора ____________________________ наук
By the Resolution of ___________________________________ (name) Has been awarded the Degree of Doctor of Sciences___________________ |
Հայաստանի Հանրապետություն
_____________________________________
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|