Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.16/20(1200) Հոդ.217
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.08.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
28.08.2015
Дата вступления в силу
28.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0110/01/12

ԵԱՆԴ/0110/01/12

Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան

Դատավորներ՝

Գ. Ավետիսյան

Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

 

Հ. Ասատրյանի

 

Ե. ԴԱնիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

  

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

 

 

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ս.Պողոսյանի` 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17140011 քրեական գործը:

2012 թվականի մայիսի 22-ին քրեական գործով վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու պատճառաբանությամբ, իսկ 2012 թվականի հունիսի 8-ին այն վերսկսվել է, և կատարվել է նախաքննություն:

2012 թվականի հունիսի 14-ին Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2012 թվականի հունիսի 14-ին Գ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է Գ.Մանուկյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, իսկ 2012 թվականի հոկտեմբերի 23-ին այն կրկին վերսկսվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է:

2012 թվականի հոկտեմբերի 23-ին Գ.Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 2012 թվականի նոյեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Գ.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով: Գ.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով, Գ.Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Պաշտպան Վ.Արմենակյանի և մեղադրող Հ.Չախոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի մարտի 18-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ մեղադրողի բողոքը` մերժվել, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը բեկանվել է և պատժի մասով փոփոխվել: Գ.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի կանոններով` պատիժները մասնակի գումարելու միջոցով, Գ.Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Գ.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա 2011 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 4 շենքի 18 բնակարանում, գործով չպարզված հանգամանքներում, իր կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակահերթ է արձակել եղբոր` Գագիկ Մանուկյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Այսպես` Գրիգոր Մանուկյանը 2011 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Արտուշ Սմբատյանին պատկանող` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 4 շենքի 18 բնակարանում վերջինիս, Կարեն Թալանչյանի և գիշերը` ժամը 07:00-ին, նույն բնակարան այցելած իր եղբոր` Գագիկ Մանուկյանի հետ ալկոհոլային խմիչք օգտագործելիս են եղել: Նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, Գագիկ Մանուկյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ցանկացել է լքել բնակարանը, որի կապակցությամբ Գրիգոր Մանուկյանն իր անհամաձայնությունն է հայտնել և փորձել է արգելել Գագիկ Մանուկյանին հեռանալ բնակարանից: Այդ առիթով նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Գրիգոր Մանուկյանն իր հետ նախապես հիշյալ բնակարան բերած սպորտային պայուսակից հանել է ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգ և Գագիկ Մանուկյանին դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելու սպառնալիքներ տալուց անմիջապես հետո կրակահերթ է արձակել վերջինիս կենսական կարևորագույն օրգան հանդիսացող պարանոցի շրջանին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հիշյալ գործողությունը կատարելուց հետո դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Գագիկ Մանուկյանի կյանքը փրկվել է անհապաղ ցուցաբերած բժշկական օգնության շնորհիվ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 71):

6. Դատաբժշկական թիվ 14/հ եզրակացության համաձայն` «(...) Գ.Մանուկյանի մարմնական վնասվածքները ըստ բժշկական փաստաթղթերի և անձնական զննության տվյալների` պարանոցի ձախ կեսի և կրծքավանդակի համակցված հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է հեմիթորաքսով, 1-ին և 4-րդ կողերի, ձախ անրակի, կրծքային 5-րդ ողի փուշ ելունի տեղաշարժված կոտրվածքների, թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, հեմոպնեմոթորաքսով, ենթամաշկային էնֆիզեմայով, ստորին վերջույթների պարապլեգիայով, կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումով, (...) առաջացրել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 144):

7. Առաջին ատյանի դատարանը դատավճռում, ի թիվս այլ հանգամանքների, հաստատված է համարել նաև հետևյալը. «(...) Նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, Գագիկ Մանուկյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ցանկացել է լքել բնակարանը, որի կապակցությամբ Գրիգոր Մանուկյանը, սպորտային պայուսակից հանելով վերը նշված ինքնաձիգը, ոտքի կանգնելով (կրակոցներն արձակելուց առաջ Գրիգոր Մանուկյանը նստած է եղել մահճակալի վրա, իսկ Գագիկ Մանուկյանը նստած է եղել ննջասենյակի դռնից աջ գտնվող մյուս մահճակալի եզրին), դրա փողն ուղղելով տուժողի վրա, (փողի բարձրությունը գետնից 95 սմ բարձրության վրա) փորձելով արգելել նրան հեռանալ բնակարանից, իր անհամաձայնությունն է հայտնել, նշել է «գնաս` կկրակեմ», ինչին ի պատասխան տուժողն ասել է. «կրակում ես, կրակի» (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 174):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Այն պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ ու հաստատված է, որ մասնավորապես ամբաստանյալ Գրիգոր Մանուկյանն ու տուժող Գագիկ Մանուկյանը եղել են հարազատ եղբայրներ, դեպքի ժամանակ, դրանից առաջ և հետո ունեցել են բարեկամական, եղբայրական հարաբերություններ, թշնամական հարաբերություններ չեն ունեցել, տուժողը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ցանկացել է լքել բնակարանը, իսկ ամբաստանյալը, ևս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեմ է եղել դրան, որի կապակցությամբ էլ առաջացել է կոնֆլիկտը, ու մոտ 1-1.5մ հեռավորությունից արձակված երեք կրակոցները, բացառությամբ առաջինի, ուղղված չեն եղել են նրա մարմնի վրա, առավել ևս կենսական կարևոր օրգանների շրջանում կամ հնարավոր չէ նաև փաստել, որ այդ երկու կրակոցները տուժողին չեն դիպել տուժողի կողմից դրանցից խույս տալու, փախնելու արդյունքում կամ գնդակները չեն դիպել տուժողին ոչ դիպուկ կրակելու կամ կրակողին որևէ անձի կողմից խանգարելու արդյունքում, ծանր մարմնական վնասվածք ստացած տուժողին վնասելուց հետո նրա նկատմամբ որևէ այլ ոտնձգություն չի կատարել` ունենալով այդպիսի հնարավորություն, ձեռնամուխ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելու գործընթացին, անմիջապես տեղում զղջացել է կատարածի համար, ապա հնարավոր չէ տվյալ գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի ուղղակի դիտավորությամբ սպանության փորձ կատարելու մասին մեղավորությունը հիմնավորող ապացույցների համակցություն, որի բավարարության շեմը «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշից բարձր է, այսինքն` Գրիգոր Մանուկյանի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար, հիմքեր չկան:

(...)

Դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ Գրիգոր Մանուկյանը կրակահերթն արձակելուց հետո եղբորն ապօրինի կյանքից զրկելու ցանկություն կամ դիտավորություն ունենալու դեպքում կարող էր այն ավարտին հասցնել, և դրան խոչընդոտող որևէ հանգամանք չի եղել, ապա դա ինքնին վկայում է և չեզոքացնում է հիմնավոր դատողությունն առ այն, որ նա ունեցել է կամ գործել է տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն:

Այսինքն` պարանոցի շրջանում արձակված կրակահերթը տուժողին մահ պատճառելու դիտավորություն ունենալու մասին բացակայող այլ հանգամանքների պայմաններում, որը փաստացի վրա չի էլ հասել, չի կարող որակվել որպես սպանության փորձ. կրակելուց հետո Գրիգոր Մանուկյանը տեսել է, որ իր եղբայրը կենդանի է, սակայն նրան կյանքից զրկելուն ուղղված որևէ գործողություն չի նախաձեռնել, թեև ունեցել է դրա իրական հնարավորությունը: Դեռ ավելին ծանր մարմնական վնասվածք հասցնելուց անմիջապես հետո, զղջալով կատարածի համար, Արտուշ Սմբատյանին ուղարկել է եղբոր` Անուշավան Մանուկյանի մոտ նրան իրազեկելու ու նրա մեքենայով տուժողին հիվանդանոց տանելու համար:

(...)

Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ Գրիգոր Մանուկյանը նշված գործողություններով կրակելու պահին գիտակցել է իր արարքի տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է այդպիսի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքների վրա հասնելը, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք, այսինքն` ամբաստանյալը գործել է անուղղակի դիտավորությամբ: Այսինքն` տվյալ դեպքում ամբաստանյալի մոտ առկա է եղել չկոնկրետացված դիտավորության, որպիսի պայմաններում արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` հաշվի առնելով տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը:

(...)

Այսպիսով Դատարանը կրկին արձանագրում է, որ մեղադրական եզրակացությունում նշված կամ գործում առկա մյուս ապացույցներով չի հիմնավորվում Գրիգոր Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը. նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, (...) ուստի նրան առաջադրված մեղադրանքը ենթակա է փոփոխության և վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 178-179):

9. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Մանուկյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռում շարադրված պատճառաբանությունները հիմնավորված են գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազոտված (...) ապացույցներով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 255):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը, Գ.Մանուկյանին մեղսագրված արարքը վերաորակելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը քրեաիրավական որակման մասով օրինական ուժի մեջ թողնելով, ինչպես նաև նշանակված պատիժը փոփոխելով, թույլ են տվել դատական սխալ, ինչը դատական ակտերը բեկանելու հիմք է:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի փաստարկներն այն մասին, որ տուժողն ու ամբաստանյալը եղբայրներ են, թշնամական հարաբերություններ չեն ունեցել, նախաքննության ընթացքում հաշտվել են միմյանց հետ, հիմք չեն կարող հանդիսանալ ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը գնահատելու համար: Բացի այդ, գործում առկա ապացույցներով հաստատվել է, որ Գ.Մանուկյանը 1-1.5 մետր հեռավորությունից «ԱԿ» տեսակի ինքնաձիգով երեք կրակոց է արձակել տուժողի ուղղությամբ, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանն օբյեկտիվորեն չէր կարող եզրահանգել, որ արձակված երեք կրակոցները, բացառությամբ առաջինի, ուղղված չեն եղել տուժողի մարմնի, առավել ևս նրա կենսական կարևոր օրգանների շրջանին:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա այն եզրահանգմանը, որ ծանր մարմնական վնասվածք հասցնելուց հետո հանցավորի կողմից տուժողի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել` փաստացի ունենալով նման հնարավորություն, և հանցավորը ձեռնամուխ է եղել տուժողին հիվանդանոց տեղափոխելուն, ապա ըստ բողոքաբերի՝ այն չի համապատասխանում հանցափորձի վերաբերյալ քրեական իրավունքի տեսության մեջ ձևավորված մոտեցումներին, քանի որ տուժողին կյանքից զրկելուն ուղղված հետագա գործողություններից ձեռնպահ մնալը չի կարող գնահատվել որպես համապատասխան հետևանքների առաջացման ցանկության բացակայություն: Այսպես` 1-1,5 մետր հեռավորությունից «ԱԿ» տեսակի ինքնաձիգով տուժողի ուղղությամբ երեք կրակոց արձակելով` մեղադրյալը, ըստ էության, արել է իրենից կախված ամեն ինչ հանցագործությունն ավարտին հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել հանցավորի կամքից անկախ հանգամանքերով` կրակոցից ստացած վնասվածքից տուժողը փրկվել է միայն ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ կրակոցներից երկուսը տուժողին չեն դիպել:

11. Բողոքաբերը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ Գ.Մանուկյանը գործել է անուղղակի դիտավորությամբ, նրա մոտ առկա է եղել չկոնկրետացված դիտավորություն, փաստարկել է, որ հանցավորի` հանցագործությանը նախորդող վարքագիծը, հանցանքի կատարման եղանակը, օգտագործված հրազենի տեսակը, հասցված մարմնական վնասվածքների բնույթը և տեղակայումը վկայում են, որ նույնիսկ եթե հանցանքի կատարման պահին տուժողին կյանքից զրկելը Գ.Մանուկյանի վերջնական նպատակը կամ դրան հասնելու միջոց չի եղել, այնուամենայնիվ, վերջինս գիտակցել է և չէր կարող չգիտակցել նման հետևանքների առաջացման անխուսափելիությունը:

12. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտել է ամբաստանյալի կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալը: Մինչդեռ ամբաստանյալն ամբողջ դատաքննության ընթացքում չի ընդունել 1-1,5 մետր հեռավորությունից ինքնաձիգի փողը տուժողի կենսական կարևոր օրգանների ուղղությամբ պահելու և նրա վրա կրակահերթ արձակելու հանգամանքը, այլ պնդել է, որ տուժողը վնասվածք է ստացել պատահականության արդյունքում: Նման պայմաններում, ըստ բողոքաբերի, անհասկանալի է` ինչն է Վերաքննիչ դատարանը դիտել որպես խոստովանական ցուցմունք:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որպես մեղամացնող հանգամանք է գնահատել այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, սակայն անհասկանալի է` ինչի հիման վրա է դատարանը նման եզրահանգման եկել: Այսպես` հանցավորը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել դիտավորյալ հանցագործությունների համար (ներկայումս դատվածությունը մարված է), ոգելից խմիչք օգտագործելու նպատակով պարբերաբար այցելել է վկա Ա.Սմբատյանի բնակարան, ապօրինի ձեռք բերված ինքնաձիգով շրջել է քաղաքում: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ հանցավոր ոտնձգությունն ամբաստանյալը կատարել է եղբոր նկատմամբ` մերձավորին վնաս պատճառելը, ըստ էության, դիտելով որպես մեղմացնող հանգամանք:

13. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սպանության ավարտված հանցափորձի դեպքում հանցակազմի շրջանակներից դուրս գտնվող և հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհանցավոր դրական վարքագծի նշանակության, ինչպես նաև սպանության ավարտված հանցափորձից կամովին հրաժարվելու հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Գ.Մանուկյանի արարքում սպանության փորձի բացակայության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

 

I. Հանցափորձի իրավական վերլուծությունը.

 

16. ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ` արձանագրելով. «(...) Օբյեկտիվ կողմից հանցափորձը բնութագրվում է`

1. գործողությամբ (անգործությամբ), որն անմիջականորեն ուղղված է հանցանքի կատարմանը,

2. հանցագործությունն անձի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով:

Հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում, այլ կերպ` հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումն սկսվում է, սակայն չի ավարտվում: Նյութական հանցագործության դեպքում չի առաջանում օրենքով նախատեսված հետևանքը կամ հետևանքն առաջանում է, սակայն ոչ հանցավորի դիտավորությամբ նախատեսվածը (օրինակ` սպանության փորձի ժամանակ տուժողը ոչ թե մահանում է, այլ ստանում է ծանր մարմնական վնասվածք): Ուստի, այն դեպքերում, երբ հանցագործության փորձի ժամանակ առաջանում են այնպիսի հետևանքներ, որոնք ոչ թե հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված, այլ մեկ ուրիշ ավարտված հանցագործության հատկանիշներ են, ապա դրանք կլանվում են հանցավորի դիտավորությամբ ընդգրկված հանցագործության փորձի մեջ և ինքնուրույն չեն որակվում:

Հանցափորձը բնութագրող հաջորդ հատկանիշն այն է, որ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում: Սուբյեկտիվ կողմից հանցափորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ» (տե՛ս Ա.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 16-րդ կետը):

Վերահաստատելով և զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցափորձ են ձևավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը: «Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Այլ կերպ ասած՝ հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կա՛մ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքը (նյութական հանցակազմերի դեպքում):

Վերոշարադրյալից բխում է, որ նյութական հանցակազմերի դեպքում ավարտված հանցագործության և հանցափորձի տարանջատման հիմնական չափանիշն անձի դիտավորության ուղղվածությունն է: Մասնավորապես, եթե կատարվածի արդյունքում առաջանում են անձի դիտավորության մեջ չընդգրկված, սակայն ավարտված մեկ այլ հանցագործության հատկանիշներ, ապա արարքը պետք է որակել ոչ թե ըստ փաստացի վրա հասած հետևանքի, այլ ըստ անձի սուբյեկտիվ ընկալման` որպես իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձ: Այսինքն` արարքը փորձ կամ ավարտված հանցագործություն որակելու հարցում էական նշանակություն ունի անձի դիտավորության ուղղվածության բացահայտումը, ինչը հնարավոր է գործի փաստական հանգամանքների համադրման և ամբողջական վերլուծության արդյունքում:

Հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է ձևավորել առ այն, որ հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն (տե՛ս, mսtatis mսtaոdis, Ս.Հունիկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշումը):

16.1. Հանցափորձը, ըստ կատարվող գործողությունների բնույթի և հանցավոր մտադրության իրականացման աստիճանի, բաժանվում է երկու տեսակի` ավարտված և չավարտված: Հանցափորձի դասակարգումն ավարտվածի և չավարտվածի ունի տեսական ու գործնական կարևոր նշանակություն: Մասնավորապես, այն հաշվի է առնվում արարքի հանրային վտանգավորության աստիճանը որոշելիս, քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հարցերը լուծելիս, ինչպես նաև թույլ է տալիս ճիշտ որոշել հանցագործությունից կամովին հրաժարվելու հետ կապված խնդիրները: Հանցափորձի նշված տեսակներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Կ.Հովհաննիսյանի և մյուսների գործով որոշմամբ` նշելով. «(...) Հանցափորձն ավարտված համարելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը կատարի բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտին հասցնելու համար (օրինակ` տուժողի վրա հրազենով կրակում է սպանելու նպատակով, բայց մահը վրա չի հասնում բժշկական միջամտության շնորհիվ, կամ գողին բնակարանում բռնում են և այլն): Հանցափորձի այս տեսակի առկայությունը հավաստելու համար վճռորոշ է հանցավորի վստահությունն այն բանում, որ իր կողմից որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջվում, և որ արդեն իսկ կատարվածը բավարար է հանցավոր մտադրությունն իրականացնելու համար:

Մինչդեռ, չավարտված հանցափորձի դեպքում հանցավորը չի կատարում բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտելու համար (օրինակ` ուժը չի բավականացնում տուժողին խեղդելու համար, ցանկանում է կրակել տուժողին, բայց զենքն անսարք է լինում, և կրակոց տեղի չի ունենում և այլն): Հանցափորձի այս տեսակը բնորոշվում է գործողությունների անավարտությամբ, օբյեկտիվ կողմի մասնակի կատարմամբ: Ընդ որում, հանցավորը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտելու համար անհրաժեշտ է կատարել ևս ինչ-որ գործողություններ, որոնք կատարել նրան չի հաջողվում (…)» (տե՛ս Կ.Հովհաննիսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 27-րդ կետը):

 

II. Սպանության ավարտված հանցափորձի դեպքում հանցակազմի շրջանակներից դուրս գտնվող և հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհանցավոր դրական վարքագծի իրավական գնահատականը.

 

17. Ընդհանրացնելով սույն որոշման 16-16.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության ավարտված հանցափորձը բնութագրվում է հետևյալ օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով.

ա) անձը կատարում է անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը ավարտին հասցնելու համար,

բ) գիտակցում է, որ կատարվածն անհրաժեշտ և բավարար է հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, սակայն հանրորեն վտանգավոր հետևանքը` մահը, վրա չի հասնում հանցավորի կամքից անկախ հանգամանքներով:

Սուբյեկտիվ կողմից սպանության փորձը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատասխան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ: Մասնավորապես, կոնկրետ դեպքում հանցագործության գործիքը կամ միջոցը, եղանակը, հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև առկա այլ օբյեկտիվ հանգամանքները կարող են վկայել հանցավորի կողմից մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը նախատեսելու, հետևաբար, վերջինիս մոտ ուղղակի դիտավորության առկայության մասին:

17.1. Այսպիսով, կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին:

Հանցագործությունն ավարտին հասցնելուն ուղղված անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելուց հետո (ավարտված հանցափորձ) հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհանցավոր դրական վարքագիծը կարևոր նշանակություն ունի վերջինիս դիտավորության ուղղվածությունը ճիշտ որոշելու համար: Սակայն այն ինքնին, գործի մյուս փաստական հանգամանքներից անջատ, չի կարող արարքի որակման հարցում ունենալ որոշիչ նշանակություն և պետք է գնահատման ենթարկվի նախքան հանցագործությունը և դրա ընթացքում անձի դրսևորած վարքագծի շրջանակներում, որոնք, որպես կանոն, վկայում են հանցանքը կատարելու պահին անձի ունեցած իրական դիտավորության մասին:

Մասնավորապես, եթե գործի փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին հանցավորի դիտավորությունն ուղղված է եղել տուժողին կյանքից զրկելուն (օրինակ` դրա մասին կարող են վկայել հանցագործության գործիքները կամ միջոցները` հրազեն, սառը զենք, սուր ծակող-կտրող գործիքներ և այլն, հարվածների քանակն ու ուժգնությունը, պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), հանցագործության եղանակը, մեխանիզմը, նպատակը, շարժառիթը, իրադրությունը և այլ հանգամանքներ), ապա համապատասխան արարքն իրականացնելուց հետո անձի դրսևորած դրական վարքագիծը (օրինակ` հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը, տուժողին օգնություն ցույց տալը, շտապօգնություն կանչելը և այլն) դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից, վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղջալու մասին, ինչը դատարանի կողմից կարող է հաշվի առնվել պատիժ նշանակելիս: Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել արարքի քրեաիրավական որակումը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագիծը բնութագրող հանգամանքների համակցությունը վկայում է սպանության ուղղակի դիտավորության բացակայության և, համապատասխանաբար, անուղղակի կամ չկոնկրետացված դիտավորության առկայության մասին (օրինակ` տուժողին ձեռքերով հարվածներ հասցնելը, դրանց ուժգնությունը և տեղակայումը կամ նույնիսկ զենքով կրակելը, սակայն կենսական ոչ կարևոր օրգանների շրջանում և այլն), ապա համապատասխան հանրորեն վտանգավոր հետևանքը` մահը, չառաջանալու դեպքում արարքը չի կարող որակվել որպես սպանության փորձ և պետք է որակվի ըստ փաստացի առաջացած հետևանքի:

 

III. Սպանության ավարտված հանցափորձից կամովին հրաժարվելու հնարավորությունը.

 

18. ՀՀ քրեական օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը) դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:

2. Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում (...)»:

Մեջբերված նորմի վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունից կամովին հրաժարումն առկա է, եթե անձը հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը դադարեցնում է՝

ա) վերջնականապես, այլ ոչ թե ավելի նպաստավոր պայմաններում հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով,

բ) ժամանակին, այսինքն` մինչև հանցագործության ավարտման պահը,

գ) կամովին` իր ազատ կամաարտահայտության արդյունքում, այլ ոչ թե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով,

դ) գիտակցելով հանցագործությունը մինչև վերջ հասցնելու փաստացի հնարավորության առկայությունը:

Միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում կարող է խոսք լինել հանցագործությունից կամովին հրաժարվելու և անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, եթե, իհարկե, նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

Այսպիսով, կամովին հրաժարումը հնարավոր է, քանի դեռ հանցագործությունն ավարտին չի հասել, և հանցակազմի այս կամ այն տարրը կամ հատկանիշը բացակայում է:

18.1. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սպանության ավարտված հանցափորձի դեպքում կամովին հրաժարվելու հնարավորության հիմնախնդրին:

Այսպես` չավարտված հանցափորձի դեպքում հանցագործությունից կամովին հրաժարումը, որպես կանոն, խնդիրներ չի առաջացնում: Մասնավորապես, երբ անձը չի իրականացրել բոլոր գործողությունները (անգործությունը) հանցանքն ավարտելու համար ու գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շարունակել արարքի կատարումը կամ կատարել նոր արարք, սակայն իր կամքով դադարեցնում է համապատասխան գործողությունը կամ անգործությունը, ապա ենթակա չէ քրեական պատասխանատվության հանցագործությունից կամովին հրաժարվելու հիմքով, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

Մինչդեռ ավարտված հանցափորձի պարագայում, երբ անձը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները հանցագործությունը մինչև վերջ հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել իր կամքից անկախ հանգամանքներով, կամովին հրաժարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր հետևանքի` մահվան առաջացման համար պահանջվում է որոշակի ժամանակահատված, և անձն իր ակտիվ վարքագծով կանխում է այդ հետևանքը: Ընդ որում, անհրաժեշտ է, որ մահվան առաջանալը կամ չառաջանալը պայմանավորված լինի անձի կամքով, վերջինս պահպանի վերահսկողությունն արարքի և հետևանքի միջև պատճառական կապի զարգացման ողջ ընթացքի նկատմամբ, հնարավորություն ունենա ցանկացած պահի միջամտելու ու կանխելու մահվան վրա հասնելը (օրինակ` դանդաղ ներգործող թույն տալուց հետո տալիս է հակաթույն, սպանելու նպատակով տունը հրդեհելուց հետո մարում է հրդեհը` նախքան այն կհասցներ տարածվել ու փրկում է տուժողի կյանքը և այլն):

Հակառակ պարագայում, երբ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո համապատասխան վտանգավոր հետևանքների առաջանալը կամ չառաջանալը դուրս է հանցավորի վերահսկողության շրջանակներից, պայմանավորված է ոչ միայն նրա կամքով, այլև նրա կամքից անկախ բազմաթիվ այլ հանգամանքներով (օրինակ՝ ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ կյանքը փրկելու դեպքում), ապա կամովին հրաժարումը բացառվում է:

Վերոշարադրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության ավարտված և չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց հրաժարվելը, նույնիսկ եթե հանցավորն իրական հնարավորություն է ունեցել այն հասցնելու մինչև վերջ, չի կարող հանցագործությունից կամովին հրաժարում համարվել: Տվյալ դեպքում փաստացի կատարված արարքն իր մեջ արդեն իսկ պարունակում է ավարտված հանցափորձի բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, հետևաբար անձը չի կարող ազատվել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար քրեական պատասխանատվությունից: Չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց հրաժարվելը գործով առկա այլ հանգամանքների հետ միասին (օրինակ` օգնություն կանչել, հիվանդանոց տեղափոխել և այլն) կարող են գնահատվել որպես մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել դատարանի կողմից պատիժ նշանակելիս:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Գ.Մանուկյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, 2011 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 9:00-ի սահմաններում, ծագած վեճի արդյունքում իր հետ նախապես բերված սև սպորտային պայուսակից հանել է ապօրինի ձեռք բերված հրազենը և սպառնալիքներ տալուց հետո («գնաս կկրակեմ»), մոտ 1-1,5 մետր հեռավորությունից փողն ուղղելով տուժող Գ.Մանուկյանի վրա, կրակահերթ է արձակել նրա կենսական կարևոր օրգանի` պարանոցի շրջանին` առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: Տուժողի կյանքը հնարավոր է եղել փրկել անհապաղ ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ (տե՛ս սույն որոշման 5-րդ, 7-8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը Գ.Մանուկյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` նշելով, որ պարանոցի շրջանում արձակված կրակահերթը տուժողին մահ պատճառելու դիտավորություն ունենալու մասին բացակայող հանգամանքների պայմաններում չի կարող որակվել որպես սպանության փորձ: Այսպես` դատարանը փաստել է, որ հանցավորը և տուժողը եղել են հարազատ եղբայրներ, չեն ունեցել թշնամական հարաբերություններ, գործի նյութերով չի հաստատվել, որ բացի առաջին կրակոցից, արձակված մյուս երկու կրակոցներն ուղղված են եղել տուժողի կենսական կարևոր օրգաններին, ինչպես նաև հնարավոր չէ փաստել, թե ինչի արդյունքում նշված երկու կրակոցները չեն դիպել տուժողին: Բացի այդ, տեսնելով, որ եղբայրը կենդանի է` հանցավորը ձեռնպահ է մնացել նրա նկատմամբ որևէ գործողություն կատարելուց, ձեռնամուխ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելուն, մինչդեռ սպանության ցանկություն ունենալու դեպքում ոչինչ չէր խոչընդոտում մտադրվածն ավարտին հասցնելու համար. այդ հանգամանքն ինքնին չեզոքացնում է այն դատողությունը, որ հանցավորն ունեցել է տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալը գործել է անուղղակի դիտավորությամբ, նրա մոտ առկա է եղել չկոնկրետացված դիտավորություն, հետևաբար սպանության փորձի մասին խոսք լինել չի կարող (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա պատճառաբանություններին, արձանագրել է, որ դրանք հիմնավորված են գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարանները գտել են, որ պարանոցի շրջանում արձակված կրակահերթն ինքնին` առանց գործի մյուս հանգամանքների վերլուծության, դեռևս չի կարող հիմք լինել հանցավորի` սպանության դիտավորություն ունենալը հավաստելու համար: Ի հիմնավորումն վերոնշյալի` դատարանները, ի թիվս այլնի, նշել են, որ համապատասխան գործողություններն իրականացնելուց հետո հանցավորը ձեռնպահ է մնացել տուժողին կյանքից զրկելուն ուղղված որևէ այլ արարք կատարելուց, թեպետ ունեցել է դրա կատարման իրական հնարավորություն և ձեռնամուխ է եղել նրան օգնություն ցուցաբերելուն:

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալները, հանցանքը կատարելուց առաջ և հետո հանցավորի դրսևորած վարքագիծը և սխալ եզրահանգման են եկել անձի դիտավորության ուղղվածության, հետևաբար նաև արարքի քրեաիրավական որակման հարցում: Մասնավորապես, դատարանների կողմից անտեսվել է, որ հանցավորի` նախքան հանցանքը և դրա ընթացքում դրսևորած վարքագիծը վկայում է նրա մոտ տուժողին սպանելու պարզ կոնկրետացված դիտավորության առկայության մասին. այսպես` համապատասխան զգուշացում տալուց հետո ((«գնաս` կկրակեմ»), տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) ամբաստանյալը հրազենի փողն ուղղել է տուժողի կենսական կարևոր օրգանի` պարանոցի շրջանին և մոտ 1-1,5 մետր հեռավորությունից կրակահերթ է արձակել այդ ուղղությամբ: Այսինքն` տվյալ դեպքում առկա է սպանության ավարտված հանցափորձ, քանի որ հանցավորը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները հանցագործությունն ավարտին հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել նրա կամքից անկախ հանգամանքներով:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն փաստարկին, որ հանցավորը և տուժողը եղել են հարազատ եղբայրներ, չեն ունեցել թշնամական հարաբերություններ, գործի նյութերով չի հաստատվել, որ բացի առաջին կրակոցից, արձակված մյուս երկու կրակոցներն ուղղված են եղել տուժողի կենսական կարևոր օրգաններին, ինչպես նաև հնարավոր չէ փաստել, թե ինչի արդյունքում նշված երկու կրակոցները չեն դիպել տուժողին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անկախ ստորադաս դատարանների մատնանշած սույն փաստարկներից՝ միայն այն հանգամանքը, որ Գ.Մանուկյանը ինքնաձիգի փողն ուղղել է տուժողի վրա և զգուշացում տալուց հետո մոտ 1-1,5 մետր հեռավորությունից վերջինիս կենսական կարևոր օրգանի՝ պարանոցի շրջանին կրակահերթ է արձակել, արդեն իսկ ինքնին վկայում է հանցավորի մոտ տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորության մասին, քանի որ նույնիսկ եթե տուժողին կյանքից զրկելը հանցավորի համար վերջնական նպատակ կամ վերջնական նպատակին հասնելու միջոց չի եղել, այնուամենայնիվ, վերջինս նախատեսել է նման հետևանքի անխուսափելիությունը, ինչը միանշանակ վկայում է սպանության ուղղակի դիտավորության առկայության մասին:

Անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկին, որ Գ.Մանուկյանը, տեսնելով, որ եղբայրը կենդանի է, ձեռնպահ է մնացել նրա նկատմամբ որևէ գործողություն կատարելուց, ձեռնամուխ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելուն, մինչդեռ սպանության ցանկություն ունենալու դեպքում ոչինչ չէր խոչընդոտում մտադրվածն ավարտին հասցնելու համար՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդգծում է, որ վերոնշյալ հանգամանքները դուրս են գտնվում սպանության արդեն իսկ ավարտված հանցափորձի շրջանակներից, կարող են հաշվի առնվել միայն պատիժ նշանակելիս և չեն կարող ազդել արարքի քրեաիրավական որակման վրա և, համապատասխանաբար, հիմք հանդիսանալ որակումը փոխելու համար:

21. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Գ.Մանուկյանի արարքը սպանության փորձից վերաորակելով առողջությանը ծանր վնասի պատճառում, իսկ Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով կատարված վերաորակման հետ, պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա հանգամանքները, մասնավորապես՝ հանցանքի կատարման եղանակը, օգտագործված գործիքը, հասցված մարմնական վնասվածքների բնույթը և տեղակայումը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), հանցավորի՝ նախքան հանցանքը և դրա ընթացքում դրսևորած վարքագիծը և այլ տվյալներ, որոնք իրենց համակցության մեջ բացահայտում են հանցավորի դիտավորության տեսակը և ուղղվածությունը, մասնավորապես այն, որ վերջինս գործել է տուժողին սպանելու ուղղակի դիտավորությամբ, սակայն մահը վրա չի հասել նրա կամքից անկախ հանգամանքներով: Նման պայմաններում արարքը ենթակա է որակման որպես անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձ, այլ ոչ թե ըստ փաստացի առաջացած հետևանքի:

Հետևաբար Գ.Մանուկյանի արարքում սպանության փորձի բացակայության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

22. Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն, որ արարքի քրեաիրավական վերաորակման կապակցությամբ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն՝ Վճռաբեկ դատարանը առարկայազուրկ է համարում անդրադառնալ վերաորակված արարքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի կողմից որպես մեղմացնող գնահատված հանգամանքների վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

23. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Գ.Մանուկյանի արարքը սպանության փորձից վերաորակելով առողջությանը ծանր վնասի պատճառում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ, 112-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան