Գլխավոր տեղեկություն
Номер
N 1687-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1327
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.12.2006
Дата вступления в силу
01.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1687-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

ա) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն կարող հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք` շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ վերը նշված գույքը «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

բ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում պետական կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների կողմնորոշիչ գների ու սակագների սահմանումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հրապարակումն է.

գ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների կողմնորոշիչ գների ամենամսյա տեղեկագրերի հրապարակումը,

մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գնագոյացման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին,

միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում գնագոյացման ծրագրերի մշակումը և իրականացումը,

պետական պատվերի շրջանակներում գնագոյացման ծրագրերի իրականացումը:

(2-րդ կետը փոփ. 04.11.10 N 1474-Ն, 10.04.14 N 397-Ն, 24.12.15 N 1509-Ն)

3. Թույլատրել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 10.04.14 N 397-Ն)

բ) գրքերի հրատարակություն:

Սույն կետով նշված գործունեության տեսակների սահմաններում մատուցել նաև հետևյալ ծառայությունները`

գնագոյացման ոլորտում անհատական պատվերների իրականացում,

գնագոյացման ոլորտում խորհրդատվություն և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում,

պայմանագրային հիմունքներով շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների կողմնորոշիչ գների ամենամսյա տեղեկագրերի տարածում:

(3-րդ կետը փոփ. 04.11.10 N 1474-Ն, փոփ., խմբ. 10.04.14 N 397-Ն, փոփ. 24.12.15 N 1509-Ն)

4. «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 04.11.10 N 1474-Ն, 15.12.11 N 1768-Ն)

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելիս դրանում նախատեսել դրույթ` համաձայն որի «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան