Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1262
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.30/24(1204) Հոդ.265
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.03.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.03.2016
Дата вступления в силу
22.03.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 մարտի 2016 թ.

 

«ԳՈԼԴԵՆ ՖԻԼԴ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Գ. Այվազյանի, Լ. Դավթյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 2-րդ կետի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի` 2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից: Հետագայում օրենսգրքում կատարվել են բազմաթիվ լրացումներ և փոփոխություններ:

Օրենսգիրքը 2004թ. փետրվարի 18-ին ընդունված ՀՕ-39-Ն օրենքով լրացվել է «Քաղաքացիական գործերով իրավական օգնությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» գլխով, որի` «Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու պայմանները» վերտառությամբ 2477-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.

«Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կայացրած որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. հունիսի 3-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:

Նշված օրենքի` «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը» վերտառությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են.

«1. Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ...»:

Ընդունման պահից ի վեր օրենքի 23-րդ հոդվածը փոփոխվել է 25.12.06թ. ՀՕ-69-Ն օրենքով, լրացվել է 17.06.08թ. ՀՕ-133-Ն, 24.03.11թ. ՀՕ-71-Ն օրենքներով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանը /այսուհետ` ՄԿԱԴ/ 11.02.2011թ. վճռել է «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ-ից հօգուտ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի բռնագանձել 1.991.330,20 ԱՄՆ դոլար և 20 ցենտ: Վճիռն օրինական ուժ է ստացել կայացման պահից:

07.09.2012թ. «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ն ՄԿԱԴ-ի նշված վճիռը ճանաչելու և ՀՀ տարածքում այդ վճռի կատարումը թույլատրելու պահանջով դիմել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը 07.03.2014թ. որոշմամբ միջնորդությունը բավարարել է: Դատարանը որոշել է ՀՀ-ում ճանաչել ՄԿԱԴ-ի 11.02.2011թ. վճիռը, այդ վճռի հիման վրա տրամադրել կատարողական թերթ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի ու ժամկետների պահպանմամբ թույլատրել դրա կատարումը ՀՀ տարածքում:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի 17.04.2014թ. որոշմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու մեկտարյա ժամկետը բաց թողնված լինելու հիմքով վերադարձվել է «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի ներկայացուցչին:

Կատարողական թերթը կրկին ներկայացվել է ԴԱՀԿ ծառայություն և նույն անձի 08.05.2014թ. որոշմամբ նույն պատճառաբանությամբ այն կրկին վերադարձվել է:

«Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ն առաջին ատյանի դատարանի ՄԿԱԴ-ի վճիռը ճանաչելու մասին 07.03.2014թ. որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան` խնդրելով որոշման եզրափակիչ մասում նշել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի սկիզբը, այն է` այդ որոշման ուժի մեջ մտնելու օրը:

Դատական ակտի բողոքարկմանը զուգահեռ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ն 16.06.2014թ. վարչական վերադասության կարգով բողոքարկել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության որոշումը:

ՀՀ արդարադատության նախարարի 29.07.2014թ. որոշմամբ կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողի 08.05.2014թ. որոշումը ճանաչվել է անվավեր: 06.08.2015թ. հարուցվել է կատարողական վարույթ:

ՀՀ արդարադատության նախարարի վարչական բողոքը բավարարելու մասին վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին դիմողը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որն ընդունվել է վարույթ (վարչական գործ թիվ ՎԴ/4861/05/14) և դատարանի 09.02.2016թ. որոշմամբ վարույթը կասեցվել է մինչև սահմանադրական դատարանում սույն գործի քննության ավարտը:

Քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ մերժել է «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի բողոքը և օրինական ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի 2014թ. մարտի 7-ի որոշումը:

30.04.2015թ. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված բողոքը բավարարվել է մասնակիորեն: Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նշված որոշումը և առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասից հանել «... ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի ու ժամկետների պահպանմամբ...» արտահայտությունը:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 2-րդ կետին և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին, փաստորեն, վերջնական դատական ակտով այդ իրավադրույթներն իր նկատմամբ կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, որպիսին հակասում է իրավական որոշակիության և խտրականության արգելման սահմանադրական սկզբունքներին:

 Ըստ դիմողի` վիճարկվող իրավադրույթները ձևակերպված են այնպես, որ դատական ակտով պարտապան հանդիսացող անձի համար հետագա իրավական հետևանքների առաջացման հնարավորությունը և ժամանակը կանխատեսելի չեն, և պարտապանն ըստ էության զրկված է պահանջատիրոջից որոշակի վարքագիծ ակնկալելու և իր վարքագիծն ըստ ժամանակի պլանավորելու ու դրսևորելու հնարավորությունից: Այդ դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը պատճառաբանում է, որ հնարավոր չէ որոշակիորեն ընկալել քննության առարկա օրենքներում գործածվող` «միջազգային արբիտրաժի որոշում», «դատական ակտ» և «արբիտրաժային տրիբունալի վճիռ» հասկացությունները: Ներպետական օրենսդրության և «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի 1958թ. կոնվենցիայի համապատասխան դրույթների սեփական մեկնաբանության արդյունքում դիմողը եզրակացնում է, որ իրավակիրառողը պետք է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում օգտագործվող «արբիտրաժային տրիբունալ» եզրույթի ներքո նկատի ունենար նաև օտարերկրյա և միջազգային արբիտրաժային տրիբունալները:

Դիմողի կարծիքով` վիճարկվող իրավակարգավորումները խնդրահարույց են նաև օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքի տեսանկյունից, քանի որ նախատեսում են խտրականություն ներպետական և օտարերկրյա արբիտրաժային տրիբունալի վճիռներով ինչպես պահանջատեր, այնպես էլ պարտապան հանդիսացող անձանց միջև: Դիմողն անհիմն է համարում ՀՀ վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` ներպետական արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման ներկայացման ժամկետի հաշվարկն սկսվում է այն կայացնելու օրվանից, իսկ օտարերկրյա արբիտրաժային տրիբունալի վճիռը` այն ճանաչող ներպետական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Բացի դրանից, դիմողը գտնում է, որ օտարերկրյա դատական ակտն առանց ժամկետային սահմանափակման կատարման ներկայացնելու մասին օրենսդրական կարգավորումը և իրավակիրառ պրակտիկան հակասում են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի տարր հանդիսացող` կողմերի իրավահավասարության սկզբունքին:

Դիմողը վիճարկվող իրավադրույթները խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության 2005թ. նոյեմբերի 27-ի խմբագրությամբ 1-ին, 3, 14.1, 18 և 19-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված փոփոխություններով մնացել է անփոփոխ, 3-րդ հոդվածն ամրագրում է նույն դրույթը` որոշակի խմբագրական փոփոխություններով, իսկ 14.1, 18 և 19-րդ հոդվածներում ամրագրված դրույթներն ամփոփված են 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 28, 29, 61 և 63-րդ հոդվածներում:

 

4. Սույն գործով քննարկվող սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ վերլուծելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը` պատասխանողը եկել է այն հետևությանը, որ օրենքը հստակ տարանջատում է «արբիտրաժային տրիբունալ» և «միջազգային արբիտրաժային տրիբունալ» հասկացությունները և ամբողջությամբ համապատասխանում է իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության պահանջին:

Պատասխանողը գտնում է, որ պետական առանձին մարմինների, քաղաքացիների, անգամ դատական մարմինների կողմից օրենքի որևէ դրույթի` միմյանց հակասող մեկնաբանությունների առկայությունն ինքնին չի կարող հակասել իրավական որոշակիության սկզբունքին, և իրավական դրույթների տարըմբռնումների նկատմամբ միասնական դիրքորոշումն ապահովում է ՀՀ վճռաբեկ դատարանը` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում:

Պատասխանողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ ոչ թե միջազգային արբիտրաժի վճիռն ինքնին, այլ այն ճանաչելու վերաբերյալ ՀՀ իրավասու դատարանի կայացրած որոշումն է կատարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մինչև Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումն այն որևէ իրավական հետևանք ՀՀ տարածքում առաջացնել չի կարող:

Պատասխանողը վերլուծելով «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի դրույթները` եզրահանգել է, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են վերը հիշատակված կոնվենցիայով, որով սահմանված են միջազգային արբիտրաժային տրիբունալների վճիռների ճանաչումը մերժելու սպառիչ հիմքեր, ինչը նշանակում է, որ կոնվենցիայի անդամ պետությունը կաշկանդված է այդ հիմքերով և չի կարող դրանց հակասող կամ դրանցից տարբերվող այլ հիմքեր սահմանել ներպետական օրենսդրությամբ, ինչն ազատ է անելու ներպետական արբիտրաժային տրիբունալի վճիռների ճանաչման հիմքերի սահմանման հարցում: Հետևաբար, ներպետական և միջազգային արբիտրաժային տրիբունալի վճիռների հարկադիր կատարման համար տարբերակված ժամկետային սահմանափակումները չեն կարող դիտվել որպես խտրականություն:

Պատասխանողը միաժամանակ նշում է, որ օտարերկրյա արբիտրաժային որոշման ներկայացման ժամկետի բացակայությունը չի նշանակում, որ անձը կարող է տասնյակ տարիներ անց արբիտրաժային վճիռը ներկայացնել ՀՀ իրավասու դատարանին և ստանալ այդ վճռի ճանաչում: ՀՀ դատարաններն օտարերկրյա արբիտրաժային տրիբունալի վճիռները ճանաչելիս պարտավոր են գնահատել արբիտրաժային տրիբունալի վճռի կայացման պահից այն ներկայացնելն ընկած ժամանակահատվածի ողջամիտ լինելը և դրա ազդեցությունն արդար դատական քննության իրավունքի ապահովման` ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրաիրավական պահանջի կատարման վրա:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դիմողը քննության առարկա գործի շրջանակներում բարձրացնում է միայն օտարերկրյա արբիտրաժային տրիբունալի վճռի կատարումը կարգավորող իրավադրույթների սահմանադրականության հարցը և ինչպես քաղաքացիական վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում չի բողոքարկել օտարերկրյա արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը, այնպես էլ սահմանադրական դատարանում չի բարձրացրել այդ վճռի ճանաչման իրավաչափության հարցը: Ավելին, դիմողն ընդունում է, որ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի 1958թ. կոնվենցիան չի նախատեսում օտարերկրյա արբիտրաժային դատարանի վճիռը ճանաչման ներկայացնելու որևէ ժամկետ: Հետևաբար, հաշվի առնելով հիշյալ հանգամանքը` սահմանադրական դատարանը գործը քննության է առնում բացառապես այդպիսի վճիռների կատարման հարցերի սահմանադրականության գնահատման տեսանկյունից:

 

6. Սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավադրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

- արդյոք վիճարկվող դրույթները համակարգային ամբողջականության մեջ ձևակերպված են այնքան որոշակի և հստակ, որ հնարավորություն տան իրավունքի սուբյեկտներին միանշանակ ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել այդ պահանջներին,

- օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքների ապահովվածությունը` հաշվի առնելով անձի թե ընդհանուր իրավական և թե դատավարական կարգավիճակի առանձնահատկությունները,

- ֆիզիկական կամ իրավաբանական անձանց արդար դատաքննության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունը:

 

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առևտրի, արդյունաբերության, ներդրումային գործունեության ոլորտում միջազգային կապերի զարգացումը, արտաքին առևտրի շրջանառության աճն անխուսափելիորեն հանգեցնում են տարբեր ազգային իրավական համակարգերի տնտեսվարող սուբյեկտների միջև վեճերի և տարաձայնությունների թվի մեծացմանը: Դրանք գրեթե միշտ ընդդատյա են արբիտրաժային մարմիններին, որոնց վճիռները, որպես կանոն, այլ պետության տարածքում իրավաբանական ուժ են ստանում միայն այն դեպքում, երբ տվյալ պետությունն այդ առթիվ տալիս է իր համաձայնությունը: Ճանաչման դեպքում այլ պետության տարածքում այդ վճիռները ձեռք են բերում որոշակի հատկանիշներ` դրանք են` անհերքելիությունը, բացառիկությունը, ինչպես նաև կատարելիությունը:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` ՀՀ ինքնիշխանության սկզբունքից բխում է, որ օտարերկրյա կամ միջազգային արբիտրաժների որոշումները, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների ուժով, Հայաստանի Հանրապետությունում օրինական ուժ կարող են ստանալ միայն ՀՀ դատական մարմինների ակտերով դրանց ճանաչման պարագայում: Նույնը բխում է նաև «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի 3-րդ հոդվածի ձևակերպումից, որից հետևում է, որ այլ երկրի կամ միջազգային արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումն է այն դարձնում պարտադիր, հետևաբար` նաև կատարման ենթակա: Նշված կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 29-ից (կոնվենցիայում ամրագրված դրույթները ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-67 որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ ոչ թե միջազգային կամ օտարերկրյա արբիտրաժային մարմնի վճիռն ինքնին, այլ այն ճանաչելու վերաբերյալ ՀՀ իրավասու դատարանի որոշումն է կատարվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում գործածվող «դատական ակտ» հասկացությունը ներառում է նաև օտարերկրյա և միջազգային արբիտրաժային մարմինների ակտերը ճանաչող ներպետական դատական ակտը, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում գործածվող «արբիտրաժային տրիբունալ» եզրույթը վերաբերելի է բացառապես ներպետական արբիտրաժային մարմիններին և, հետևաբար, կիրառելի է բացառապես վերջիններիս նկատմամբ:

Ինչ վերաբերում է քննության առարկա օրենքներում գործածվող «միջազգային արբիտրաժի որոշում», «դատական ակտ» և «արբիտրաժային տրիբունալի վճիռ» հասկացությունների առումով իրավական որոշակիության հարցին, ապա հարկ է նշել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սպառիչ թվարկված են հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը և համապատասխանաբար դրանք կայացնող մարմինները: Նշված հոդվածի 3-րդ կետով հստակ ձևակերպված են և տարանջատված են «արբիտրաժային տրիբունալ», 4-րդ կետով` «օտարերկրյա դատարան» և «արբիտրաժային տրիբունալ», 5-րդ կետով` «միջազգային դատարան» և «միջազգային արբիտրաժ» հասկացությունները և, հետևաբար, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ չեն կարող:

Այդ մասին վկայում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` իրավական ակտերը մեկնաբանվում են դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 13.05.2008թ. ՍԴՈ-753 որոշմամբ ամրագրել է, որ. «Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը»:

Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը հղում է կատարում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին, իսկ նշված օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նշվեց, չեն պարունակում իրավական անորոշություն: Այսինքն` բացակայում են տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունները, և իրավական անորոշության վերաբերյալ դիմողի փաստարկներն այս տեսանկյունից ևս հիմնավոր չեն:

 

8. Օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների խախտման վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր` 04.05.2010թ. ՍԴՈ-881 որոշման 5-րդ կետում ամրագրած իրավական այն դիրքորոշումը, համաձայն որի. «…օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ`… սահմանելուն»։

Խտրականության արգելքի խախտման վերաբերյալ դիմողի փաստարկները դիտարկելով վերը նշված իրավական դիրքորոշման լույսի ներքո` սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում համապատասխան արբիտրաժային տրիբունալի վճիռը կատարման ներկայացնելու ժամկետների առումով ներպետական արբիտրաժային տրիբունալին դիմած կողմերի և օտարերկրյա կամ միջազգային արբիտրաժային տրիբունալին դիմած կողմերի կարգավիճակները և դրանցից բխող իրավունքների և պարտականությունների ծավալը չեն կարող նույնական լինել:

Հիմնավորված չէ նաև դիմողի այն փաստարկը, որ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի 1958թ. կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների ուժով Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա են ինչպես օտարերկրյա և միջազգային, այնպես էլ ներպետական արբիտրաժային տրիբունալների որոշումները: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը նշված կոնվենցիային միացել է հայտարարությամբ` այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան կկիրառի միայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունված արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ:

 

9. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատված է, որ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը ներառում է նաև «վերջնական պարտադիր դատական ակտերի կատարման իրավունքը» /օրինակ` Ouzounis and others v. Greece (Application no. 49144/99)/:

Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը պարտավոր է իր իրավական համակարգի աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի դատական որոշումների կատարման համար պատասխանատու պետական իշխանության տարբեր մարմինների միջև ապահովի փոխհամագործակցություն և երաշխավորի ողջամիտ ժամկետում դատական որոշումների կատարումը /Glushakova v. Russian Federation (Application no. 23287/05)/։

Միևնույն ժամանակ, Raylyan v. Russia (Application no. 22000/03) գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ պարտադիր դատական ակտի կատարման չհիմնավորված երկարատև ձգձգումը հանգեցնում է Կոնվենցիայի խախտման։

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից ձևավորված իրավակիրառական պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` պատշաճ վարչարարության իրավունքի ապահովման պահանջներից, ինչը նպաստել է վճռի կատարման անհիմն ձգձգմանը:

ՀՀ ԴԱՀԿ ծառայության իրավասությունն է կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար միջոցներ ձեռնարկելը, այլ ոչ թե դատական ակտի և կիրառման ենթակա օրենքի մեկնաբանությունը: Դատական ակտի իրավաչափության քննությունն ու օրենքի միատեսակ կիրառության ապահովումը ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական իրավասության խնդիրն է:

Հարկ է նշել, որ անդրադառնալով կատարման ներկայացնելու ժամկետի հաշվարկի սկզբի հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 30.04.2015թ. թիվ ԵԿԴ/0024/16/12 որոշմամբ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու` իր սահմանադրաիրավական գործառույթին համապատասխան` վիճարկվող դրույթների կապակցությամբ իրավաչափորեն նշել է. «Այն դեպքում, երբ կատարման է ներկայացվում արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը, այն կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետը պետք է հաշվարկել սկսած այն օրվանից, երբ կայացվել է արբիտրաժային տրիբունալի վճիռը: Մինչդեռ այն դեպքում, երբ կատարման է ներկայացվում օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) վճիռները և որոշումները ճանաչելու վերաբերյալ դատական ակտը, ապա այն կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետը պետք է հաշվարկել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից»:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 2-րդ կետում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

22 մարտի 2016 թ.

ՍԴՈ-1262